Դասախոսի ունայնամտությունը – Գրադարան – Mashtoz.org

Դասախոսի ունայնամտությունը

Գոռոզության և մանիքեական սնոտիապաշտության իննը տարիները

1. 1. Իննը տարիների այս շրջանը, տասնիններորդից սկսած մինչև քսանութերորդը, անցկացրեցինք ծուղակների մեջ ընկնելով և ծուղակների մեջ նետելով, կեղծիքներ կրելով ու գործելով, զանազան կրքերի որսը դարձած, բացահայտ դասավանդելով այսպես կոչված ազատական առարկաները[1], ծածուկ հետևելով մի ստապատիր կրոնի, առաջինի մեջ՝ գոռոզ, երկրորդի մեջ՝ սնոտիապաշտ, երկուսի մեջ էլ՝ ունայնամիտ: Առաջինի միջոցով հետապնդելով ժողովրդական դատարկ համբավը՝ մինչև թատերական ծափահարությունները, մինչև բանաստեղծական մրցումները՝ ծղոտե պսակների համար[2], մինչև պարապ բեմադրություններն ու անկարգ ցանկությունները: Երկրորդի միջոցով ջանալով մաքրվել այս անմաքրություններից՝ շնորհիվ այն կերակուրների, որ տանում էինք ընտրյալներին ու սրբերին, ինչպես որ կոչում էին նրանց, որպեսզի իրենց որովայնի աշխատանոցում ազատարար հրեշտակներ ու աստվածություններ արտադրեին մեր համար[3]: Ես հետևում էի այդ ծիսակարգերին, դրանք կատարում էի ընկերներիս հետ միասին, խաբելով նրանց և նրանց հետ խաբելով ինքս ինձ: Կրելու եմ մեծամիտների ծաղրանքը, նրանց, որոնց տակավին գետնատարած չես արել ու չես տրորել իրենց իսկ բարիքի համար, Աստվա՜ծ իմ, բայց ես հավասարապես խոստովանելու եմ խայտառակություններս՝ Քո գովքի համար[4]: Թույլատրի՜ր, աղաչո՜ւմ եմ Քեզ, շնորհի՜ր ներկա հիշողությամբ վերստին ընթանալ սխալներիս անցյալ ճանապարհներով և ընծայել Քեզ մի զոհ բերկրանքի[5]: Ի՞նչ եմ ես ինքս իմ համար, առանց Քեզ, եթե ո՛չ միայն՝ առաջնորդ դեպի գահավիժման խորխորատի եզրը։ Եվ նաև երբ ինձ լավ եմ զգում, ո՞վ եմ ես, եթե ո՛չ՝ մեկը, ով ծծում է Քո կաթը[6] և սնվում է Քեզնով, սնո՜ւնդ անապական[7]։ Եվ ո՞վ է մարդը, մարդկանցից որևիցէ մեկը, որպես մարդ: Թող որ ծաղրեն մեզ հզորներն ու իշխանավորները. մենք՝ տկարներս ու կարիքավորներս[8], դավանելու ենք Քեզ:

 

Օգոստինոսի հրապարակային և անձնական կյանքը այդ տարիներին

2. 2. Այդ տարիներին հռետորություն էի դասավանդում. հաղթված, այսինքն, իմ կողմից կրքոտության աստիճան սիրված նյութից, վաճառում էի ճոռոմաբանություններ, որոնց օգնությամբ հնարավոր է հաղթել խոսակիցներին: Դրանով հանդերձ, նախընտրում էի – Տե՜ր, Դու գիտես[9] – ունենալ բառիս բուն իմաստով խելացի աշակերտներ, և նրանց առանց խաբեության դասավանդում էի խաբեություններ, օգտակար՝ ո՛չ թե դատապարտելու անմեղին[10], այլ՝ երբեմն փրկելու հանցապարտին։ Եվ Դու, Աստվա՜ծ, հեռվից տեսար, թե ինչպե՛ս էր անկեղծ հավատքս սահում լպրծուն հարթակների վրա և խիտ ծխի միջից արձակում լույսի մի քանի տկար շողեր[11]: Ես, դասավանդմանս միջոցով, դրանք հրամցնում էի անձանց, ովքեր սիրում էին ունայնությունը և փնտրում էին ստությունը[12], առանց ես ինքս էլ նրանցից տարբեր լինելու: Այդ տարիներին արդեն ապրում էի մի կնոջ հետ, որին միացած չէի – ինչպես ասվում է – օրինավոր ամուսնությամբ, այլ՝ որին գտել էի խենթ ու խելառ կրքերիս թափառումների ժամանակ: Միայն մեկ կին, համենայն դեպս, որին, ի միջի այլոց, կապված էի ամուսնական հավատարմությամբ: Եվ սակայն, այս միության մեջ անձամբ փորձառությունն ունեցա, թե ինչպիսի՜ վիթխարի տարբերություն գոյություն ունի որդեծնության հեռանկարով կնքված ամուսնական դաշինքի կարգավորման և տռփալի սիրուց դրդված համաձայնության միջև, որի դեպքում նույնպես զավակներ ծնվում են, բայց ծնողների ցանկությանը հակառակ, թեև այդ զավակը, ծնվելուց հետո, ստիպում է սիրել իրեն:

 

Արհամարհանքը ընդերահմա քրմերի հանդեպ

- 3. Հիշում եմ նաև, որ կամենալով թատերական բանաստեղծության մի մրցույթի մասնակցել, մի խավարամիտ ընդերահմա[13] քուրմ ինձ հարցրեց, թե ի՞նչ վարձատրություն էի տրամադիր տալու իրեն, եթե հաղթանակ ապահովեր ինձ: Պատասխանեցի, որ խորշում ու գարշում էի իր աղտեղի արարողություններից, և նույնիսկ եթե հաղթական պսակն անկործանելի ոսկուց լիներ, միևնույնն է՝ չէի թույլատրի, որ մի ճանճ անգամ զոհաբերվեր իմ հաղթանակի համար: Ակնհայտ էր, իրոք, որ պատրաստվում էր որոշ կենդանիներ մորթել իր զոհաբերությունների ժամանակ, այդպիսի ընծաների միջոցով իմ վրա հրավիրելու համար դևերի հաճությունը[14]: Հրաժարվեցի, ուստի, նմանատիպ չարագործությունից, բայց կրկին՝ ո՛չ հանուն Քո անբծության, Աստվա՜ծ իմ սրտի[15], քանի որ ընդունակ չեի սիրելու Քեզ, չկարողանալով մտածել, որ կարող է գոյություն ունենալ մի անմարմին փառք: Իսկ այն հոգին, որ բաղձալի վազում է այդպիսի երևակայությունների ետևից, մի՞թե չի դավում գաղտնի, Քեզնից հեռու[16], մի՞թե չի հենվում կեղծիքի վրա, մի՞թե չի սնուցում քամիներին[17]: Անշուշտ չէի ուզում, որ իմ համար կենդանիներ զոհաբերվեին դևերին. ես ինքս, սակայն, անձս զոհաբերում էի նրանց՝ իմ սնոտիապաշտության միջոցով։ Եվ ուրիշ ի՞նչ է «քամիներ սնուցել»ը, եթե ո՛չ՝ դևերին կերակրելը, այսինքն՝ սեփական սխալի միջոցով վայելքի ու ծաղրանքի պատճառներ նրանց մատուցելը:

 

Աստղագուշակության հանդեպ համառ հետաքրքրությունը

3. 4. Այս իսկ պատճառով, այն մյուս թափառականների դեպքում, որ կոչվում են մաթեմատիկոսներ[18], չէի խուսափում նրանց հետ խաղաղ խոսակցելուց, խորհելով, որ չէին կատարում ոչ մի զոհաբերություն և չէին աղոթում ոչ մի ոգու՝ ապագան գուշակելու նպատակով: Քրիստոնեական հոգեկանությունը, ճշմարիտը, հետևողական կերպով մերժում ու դատապարտում է, սակայն, այս տեսակի բոլոր արարքները: Լավ է Քեզ դավանելը, Տե՜ր[19], և ասելը Քեզ. «Ողորմի՜ր ինձ, բժշկի՜ր իմ հոգին, որովհետև մեղանչել եմ Քո դեմ»[20]։ Եվ լավ է չչարաշահել ներողամտությունդ՝ մեղանչելու արտոնություն տալով ինքներս մեզ, հիշելով աստվածային խոսքերը. «Ահա՛ բժշկվեցիր, այլևս չմեղանչես, եթե չես ուզում, որ ավելի վատ բան պատահի քեզ»[21]: Այդ մարդիկ[22] ջանք են գործադրում՝ ամբողջովին կործանելու փրկության պարգևը, ասելով. «Երկնքից է քեզ գալիս մեղքի անխուսափելի պատճառը», և. «Արուսյակի գործն է», կամ Երևակինը, կամ Հրատինը: Ակնհայտորեն, ուզում են այդպիսով անմեղապարտ դարձնել մարդուն, որ միս է ու արյուն[23] և գոռոզ նեխվածություն, և հանցապարտ՝ երկնքի ու աստղերի Արարչին ու կարգավորողին: Բայց ո՞վ է այդ Արարիչը, եթե ո՛չ՝ Դու, Աստվա՜ծ մեր, քաղցրությո՜ւն և աղբյո՜ւր արդարության, որ յուրաքանչյուրին հատուցելու ես ըստ իր գործերի[24], չարհամարհելով զղջացած ու խոնարհված սրտերը[25]:

 

Աստղագուշակության երկու հակառակորդները. Վինդիցիանուսը և Նեբրիդիուսը

- 5. Ապրում էր այդ ժամանակ մի խելացի անձնավորություն, բժշկության ասպարեզում մեծապես հմուտ և շա՜տ հռչակավոր[26], ով, որպես նահանգապետ, իր ձեռքերով իմ անառողջ գլխին էր դրել բանաստեղծական մրցույթների ժամանակ հաղթածս պսակը, բայց ո՛չ որպես բժիշկ, որովհետև այդ տեսակ հիվանդությունների դարմանողը Դու ես, որ հակառակվում ես հպարտներին, մինչ շնորհում ես բարեհաճությունդ խոնարհներին[27]: Բայց արդյո՞ք չկամեցար կամ դադարեցիր բժշկել հոգիս նաև այդ ծերունու միջոցով: Մտնելով, ուստի, նրա հետ որոշ ընտանի մտերմության մեջ, ջանասիրությամբ և ուշադրությամբ լսում էի նրա ճառերը, որոնք հաճելի էին և զուսպ, ընտիր եզրերի տեսանկյունից դիտված՝ աղքատ, բայց կենսալի մտքերով հարուստ: Երբ մեր զրույցներից մեկի ժամանակ տեղեկացավ աստղագուշակության գրքերի հանդեպ ունեցածս հետաքրքրությանը, հայրական սիրալիությամբ խորհուրդ տվեց դեն նետել դրանք և դատարկ բաների մեջ ապարդյուն գործի չդնել ուշադրությունս ու ջանքերս, որոնք անհրաժեշտ են օգտակար բաների համար: Ինքն էլ, ասաց ինձ, ուսումնասիրել էր այդ նյութը, այն աստիճան, որ երիտասարդ հասակում կամեցել էր դարձնել այն իր մասնագիտությունը, որի միջոցով կարող էր ապրուստի միջոցներ հայթայթել: Եթե հասկացել էր Հիպոկրատին, կարող էր շա՜տ լավ հասկանալ նաև այդ գրությունները: Սակայն, ավելի ուշ լքել էր դրանք՝ նվիրվելու համար բժշկությանը, միայն այն պատճառով, որ բացահայտել էր դրանց ամբողջական ստությունը, և չէր կամեցել, լինելով լուրջ անձ, – ինչպիսին որ իրոք էր, – մերձավորին խաբելով ու խարդախելով վաստակել իր հացը: «Դու», հավելեց, «տիրապետում ես մի արվեստի՝ հռետորությանը, որն հասարակական հաստատուն դիրք է ապահովում քո համար, և այդ խարդախությանը հետևում ես ազատ հետաքրքրությունից մղված, ո՛չ թե՝ տնտեսական կարիքների պատճառով: Սա մի առավել վավերական պատճառ է, որպեսզի վստահես ինձ այս նյութի վերաբերյալ, որը ես կամեցա սովորել ամբողջությամբ, այնպես, որ այն կարողանայի դարձնել գոյապահպանմանս միակ միջոցը»: Այդ ժամանակ նրան հարցրեցի, թե ուրեմն ինչպե՞ս է պատահում, որ շատ գուշակություններ իրականանում են: Պատասխանեց՝ ինչպես կարողացավ, այսինքն, որ դա արդյունքն է բնության մեջ ամենուր սերմանված պատահականության: Երբ, – բացատրում էր, – պատահաբար բացում ես բանաստեղծներից որևէ մեկի գրության էջերը, որտեղ նա ամբողջովին ա՛յլ բաներ է մտածում ու երգում, հաճախ դուրս է ցայտում մի տող, որ զարմանալի կերպով համապատասխանում է քո իրականությանը: Տարօրինակ չէ, ուստի, որ ինչ որ մի խորհրդավոր ազդեցությամբ ի վերուստ, մարդկային հոգին, անգիտանալով հանդերձ այն, ինչ կատարվում է իր ներսում, ո՛չ թե հմտությամբ, այլ՝ դիպվածական կերպով, արտասանում է որոշ խոսքեր, որոնք ներդաշնակվում են հարցնողի իրավիճակին և գործերի ընթացքին:

- 6. Այս ուսուցումը Դու ինձ ստանալ տվեցիր այդ մարդու կողմից կամ այդ մարդու միջոցով, հիշողությանս մեջ ուրվագծելով ուղենիշներն այն փնտրտուքի, որն հետագայում առաջ էի տանելու մենակ, իմ իսկ ջանքերով: Բայց այդ պահին ո՛չ նա, ո՛չ էլ իմ շատ սիրելի Նեբրիդիուսը՝ այդ մեծապես բարի ու կորովամիտ երիտասարդը, որևէ տեսակի գուշակությունների նկատմամբ իր ծաղրանքներով, չկարողացան համոզել ինձ՝ հրաժարվել դրանցից: Հոգուս վրա առավել մեծ ազդեցություն ուներ իմ հեղինակների հեղինակությունը, ո՛չ էլ տակավին կարողացել էի գտնել մի ապահով փաստ, ինչպիսին փնտրում էի, որն առանց երկդիմության ցույց կտար, թե ինչպե՛ս էին հարցադիմված աստղագուշակների կանխասացություններն արտաբերում ճշմարիտը պատահաբար կամ բախտի բերմամբ, այլ ո՛չ թե՝ աստղերը քննելու հմտությամբ:

[1] «Ազատական արվեստներ» արտահայտությամբ այդ ժամանակներում հասկացվում էին երկրորդ աստիճանի ուսումների համար նախատեսված առարկաներն ու մասնագիտությունները, որոնցով զբաղվում էին ազատ մարդիկ, ի հակադրություն «ծառայական արվեստների», որոնք բնորոշ էին ռամիկներին ու ստրուկներին։ Ազատական ուսումները բաժանվում էին Եռյակ և Քառյակ առարկաների։ Եռյակին մաս էին կազմում Ճառախոսական արվեստները («Artes Sermonicales»). Տրամախոսություն («Dialettica»), Քերականություն («Grammatica»), Պերճախոսություն («Retorica»)։ Քառյակին մաս էին կազմում Իրական, այսինքն՝ գործնական արվեստները («Artes Reales»). Թվաբանություն («Aritmetica»), Աստղաբանություն («Astronomia»), Երկրաչափություն («Geometria»), Երաժշտություն («Musica»)։ Օգոստինոսն ինքն էլ, տարիների ընթացքում, հեղինակել է յոթ մենագրություն, որոնց նպատակն էր ազատական ուսումների ճիշտ ներկայացումը. «De grammatica» - «Քերականության մասին», «De dialectica» - «Տրամախոսության մասին», «De rhetorica» - «Պերճախոսության մասին», «De geometria» - «Երկրաչափության մասին», «De arithmetica» - «Թվաբանության մասին», «De philosophia» - «Փիլիսոփայության մասին», «De musica» - «Երաժշտության մասին»։ Իր մի ա՛յլ կարևորագույն աշխատության մեջ – «De doctrina christiana» - «Քրիստոնեական վարդապետության մասին» (II, 17-18) – հայտարարում է, որ դասական ուսումների բոլոր առարկաներն օգտակար ու անհրաժեշտ են Աստվածաշնչի բոլոր իմաստների ըմբռնման և քրիստոնյա հեղինակների ճանաչման համար։
[2] Բանաստեղծական մրցումների հաղթական մասնակիցներին տրվում էին ոսկյա, կաղնու կամ ձիթենու պսակներ: Այդ մրցումները հաճախակի էին Հռոմեական Կայսրությունում, որոնք Օգոստինոսն այժմ արհամարհում է, որովհետև անցողիկ են ու անարժեք:
[3] Հմմտ. Գ 10. 18. և համապատասխան ծանոթագրությունը:
[4] Սղմ 105, 47
[5] Սղմ 26, 6
[6] Հմմտ. 2Օր 33, 19; Ես 60, 16
[7] Հմմտ. Հվհ 6, 27
[8] Հմմտ. Սղմ 73, 21
[9] Տբթ 8, 9; Հվհ 21, 15...
[10] Մարկուս Թուլլիուս Կիկերոն, Պարտականությունների մասին, 214. 51.
[11] Հմմտ. Ես 42, 3 (= Մտթ 12, 20)
[12] Սղմ 4, 3
[13] Խոսքը վերաբերվում է այն քրմերին, որոնք գուշակություններ էին անում զոհաբերված կենդանու ընդերքը՝ փորոտիքը զննելով։
[14] Օգոստինոսի հակառակությունը կենդանիների զոհաբերմանը՝ այդ տարիներին արդյունքն էր իր տակավին մանիքեական մտաուղղվածության, որի համաձայն՝ կենդանիները նույնպես մասնակցում էին աստվածային գոյացությանը: Այդ իսկ պատճառով, մանիքեականները, թեև բազում հակասություններով ու սահմափակումներով, խուսափում էին կենդանիներ սպանելուց: Հմմտ. Գ 10. 18.
[15] Հմմտ. Սղմ 73, 26
[16] Հմմտ. Սղմ 73, 27
[17] Առկ 10, 4
[18] Ի նկատի ունի հունա-հռոմեական աշխարհում «մաթեմատիկոսներ» կոչվող փիլիսոփայական հոսանքին։
[19] Սղմ 91, 2
[20] Սղմ 40, 5
[21] Հվհ 5, 14
[22] Աստղագուշակները։
[23] Մտթ 16, 17; 1Կր 15, 50
[24] Սղմ 61, 13; Մտթ 16, 27; Հռմ 2, 6
[25] Սղմ 50, 19
[26] Խոսքը վերաբերվում է Վինդիցիանուսին, ինչպես հայտնի է դառնում Է 6. 8. հատվածից: Ավիանուս Վինդիցիանուսը եղել է աֆրիկյան ծագմամբ հռոմեացի բժիշկ, գրող և քաղաքական գործիչ, ով բժշկագիտական աշխատություններ է հեղինակել Չորրորդ դարի վերջին տասնամյակների ընթացքում (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են)։ Եղել է ուսուցիչը Չորրորդ դարում հայտնի մի ա՛յլ բժշկի՝ Թեոդորուս Պրիսկիանուսի, ով հեղինակել է «Բժշկագիտություն Չորս Հատորով» («Rerum Medicarum Libri Quatuor») աշխատությունը և, ամենայն հավանականությամբ, եղել է Կոստանդնուպոլսի արքունիքի գլխավոր բժիշկը։ Վինդիցիանուսը, որպես քաղաքական գործիչ, հասել էր մեծ հաջողությունների, զբաղեցրել էր Հռոմեական Կայսրության հարավային Իտալիայում գտնվող Կամպանիա նահանգի սենատորի և նահանգապետի պաշտոնը։ Օգոստինոսին ծանոթացել և մտերմացել է այն տարիներին, երբ գտնվում էր Կարթագինեսում և զբաղեցնում էր Աֆրիկա նահանգի (Կարթագինեսի մարզի) նահանգապետի (պրոկոնսուլի) պաշտոնը՝ 379-382 թվականներին։
[27] Հկբ 4, 6; 1Պտ 5, 5
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։