Խռովահույզ երիտասարդությունը – Գրադարան – Mashtoz.org

Խռովահույզ երիտասարդությունը

Մի անախորժ հիշատակի նպատակը

1. 1. Կամենում եմ մտաբերել աղտեղի անցյալս և մարմնիս պատճառով հոգուս ամայացումը, ո՛չ թե՝ որովհետև սիրում եմ դրանք, այլ՝ սիրելու համար Քեզ, Աստվա՜ծ իմ: Սիրույդ սիրո համար եմ ձեռնարկում այս գործը. կրկին անցնել ծանր հանցանքներիս ճանապարհներով: Խորհրդածություններիս դառնության մեջ կկամենայի զգալ Քո քաղցրությունը, ո՜վ անխաբ քաղցրություն, քաղցրություն երանելի ու ապահով, որ վերակազմավորում ես ինձ քայքայումիցս հետո, ուր ինքս ինձ հոշոտեցի պատառ առ պատառ: Քեզնից՝ միությունից հեռանալով անհետացա բազմաքանակության մեջ, երբ երիտասարդությանս սեմին բռնվեցի ամենաստորին իրողություններով հագենալու տենչով և չզգուշացա զանազան խավարային սերերի ներսում անասնանալուց: Գեղեցիկ կերպարանքս աղավաղվեց և նեխած ապականություն[1] դարձա աչքերիդ առջև, մինչ հաճելի էի ինքս ինձ և ցանկանում էի հաճելի լինել մարդկանց հայացքներին[2]:

 

Խավար խմորումներ

2. 2. Այն ժամանակ միայն մի բան էր վայելք պատճառում ինձ, այն է՝ սիրել և ինձ նույնպես զգալ սիրված: Բայց ինձ չէի պահպանում ինչ որ մի հոգու հանդեպ մեկ ուրիշ հոգու նվիրվածության սահմաններում, սահմաններում ջինջ մտերմության: Ընդհակառակը, արտաշնչում էի մարմնիս ճահճային ցանկասիրությունից և արբունքիս ակունքներից մի ծուխ, որը մշուշով էր պատում ու խավարեցնում էր սիրտս: Ընկերային մտերմության երկնագույնն այլևս չէր զանազանվում տռփանքի մառախուղից: Մեկը և մյուսը միմյանց խառնված եռում էին ներաշխարհումս և դյուրաբեկ տարիքս քաշքշվում էր կրքերի անդնդային զառիվայրների եզերքին, մոլությունների հորձանքից ներս ընկղմված: Զայրույթդ ծանրացել էր վրաս, բայց ես չէի անդրադառնում: Մահկանացու էությանս շղթաների ճռնչյունից խլացած, ինչը որ պատիժն էր հոգուս հպարտության, միշտ ավելի էի հեռանում Քեզնից, դեպի այնտեղ, ուր թողնում էիր, որ գնայի, և խռովվում էի, մոլորվում, թափառում, սաստիկ ծարավում էի պոռնկություններիս մեջ: Իսկ Դու լռում էիր[3]: Ո՜վ իմ ուշացած բերկրանք, այն ժամանակ լռում էիր, մինչ տակավին ավելի ու ավելի էի հեռանում Քեզնից, բազմապատկելով տառապանքներիս ամուլ սերմերը, գոռոզ՝ անարգությանս և դժգոհ՝ ուժասպառությանս մեջ:

- 3. Ո՞վ կարող էր չափավորել տառապանքներս, իմ համար բարիքի վերածել վաղանցուկ գեղեցկություններն ամենաստորին իրողությունների, ինչ որ մի լավ նպատակի ուղղել հաճույքները, որ ստանում էի, այնպես՝ որ տարիքիս ալիքները չխախտեին սահմաններն ամուսնության ծովեզերքի, բովանդակվելով, եթե չէին կարողանում խաղաղվել, որդեծնության սահմանների մեջ՝ ըստ օրենքիդ պատվիրանի[4]: Դու, Տե՜ր, կանոնավորում ես ճյուղերը նաև մեր մահվան և աջդ թեթևացնում ես դրախտիցդ աքսորված փշերի վրա[5], հղկելու համար դրանց խայթոցները: Ամենակարողությունդ հեռու չէ մեզնից, նույնիսկ երբ մենք հեռու ենք Քեզնից: Ա՜հ, երանի՜ թե գեթ ավելի արթուն լինեի՝ լսելու համար որոտումները Քո ամպերի[6]. «Այդ վիճակում այնուամենայնիվ կրելու են մարմնի նեղություններ, որոնցից կկամենայի ազատել ձեզ»[7], և. «Այր մարդու համար լավ է չմոտենալ կնոջ»[8], և. «Ով կին չունի, Աստծո մասին է մտածում, թե ինչպե՛ս հաճելի լինի Աստծուն: Մինչդեռ ով ամուսնացած է, աշխարհի մասին է մտածում, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը»[9]: Եթե ավելի արթուն լինեի՝ լսելու համար այս ձայները, և ներքինիանայի ի սեր Երկնքի Արքայության[10], առավել մեծ բերկրանքով կսպասեի Քո գրկախառնումներին:

- 4. Բայց ընդհակառակը, սանձազերծվեցի, թշվա՜ռս, թողլքելով անձս հորձանքիս սաստկության մեջ և բաժանվելով Քեզնից: Խախտեցի օրենքներիդ բոլոր սահմանները, առանց փախչել կարողանալու, բնականաբար, պատիժներիցդ. և ո՞ր մահկանացուն կկարողանար: Դու անդադար ներկա էիր Քո գթառատ տանջումներով, ամենազզվելի դառնություններ խառնելով իմ բոլոր ապօրինի վայելքներին, առաջնորդելու համար ինձ՝ փնտրելու այն վայելքը, որ չի զզվեցնում: Ո՛ւր որ այն գտնեի, ա՛յլ բան գտած չէի լինի, եթե ո՛չ՝ Քեզ, Տե՜ր, Քեզ, որ որպես դաստիարակ տալիս ես մեզ վիշտը[11], և հարվածում ես՝ դարմանելու նպատակով, և սպանում ես մեզ՝ չթողնելու համար մեզ մեռնել առանց Քեզ[12]: Ո՞ւր էի, տանդ քաղցրություններից հեռու[13] ո՞ր աքսորում անցկացրեցի մարմնիս տարիքի այդ տասնվեցերորդ տարին, երբ իշխեց վրաս, և ես անձնատուր եղա դրան ամբողջովին, խենթությունը տռփանքի, որ թույլատրված է մարդկանց այլասերված պատվարժանության, բայց ո՛չ երբեք՝ օրենքներիդ կողմից: Ծնողներս չէին մտահոգվում այդ հեղեղի դիմացն առնել ամուսնությամբ. մտահոգվում էին միայն, որ սովորեի լավագույն ճառեր շարադրել և գեղեցիկ խոսքերով համոզել:

 

Ուսումների ընդհատումը

3. 5. Այդ տարի, սակայն, ուսումներս ընդհատվել էին: Մադուրասից վերադառնալով, որը մոտակա քաղաքներից մեկն էր, ուր նախապես բնակություն էի հաստատել՝ սովորելու համար գրականություն և պերճախոսություն, այժմ հավաքվում էր մի անհրաժեշտ դրամագլուխ, որպեսզի կարողանայի մեկնել մի ավելի հեռավոր քաղաք՝ Կարթագինես, հորս ավելի պարծենկոտության, քան թե հնարավորությունների համաձայն, ով Թագաստի[14] համեստ ունեցվածքի տեր քաղաքացիներից էր, քաղաքապետարանի անդամ: Բայց ո՞ւմ եմ պատմում այս դեպքերը: Անշուշտ ո՛չ Քեզ, Աստվա՜ծ իմ: Խոսելով Քո հետ՝ սրանք պատմում եմ իմ նմաններին, ամբողջ մարդկությանը, բոլոր նրանց, ովքեր կընթերցեն իմ այս գրությունը։ Եվ ի՞նչ նպատակով: Որպեսզի ես և յուրաքանչյուր ընթերցող կշռենք, թե ինչպիսի խոր անդունդներից պետք է մեր աղաղակը բարձրացնենք դեպի Քեզ[15]։ Եվ սակայն, կա՞ արդյոք ականջներիդ առավել մոտիկ մի իրողություն, քան այն սիրտը, որ խոստովանվում է, և այն կյանքը, որի էությունը հավատքն է[16]: Ո՞վ այն օրերում բարձր գովասանքներ չէր ուղղում մի մարդու՝ հորս, ով մի հեռավոր քաղաքում իր որդուն ուսման նպատակով պահելու համար ծախսում էր ավելի, քան իրեն թույլատրում էր ընտանեկան ժառանգությունը: Նրանից շա՜տ ավելի հարուստ ուրիշ քաղաքացիներ իրենց որդիների համար հանձն չէին առնում նման զոհողություններ: Բայց այնուամենայնիվ, այդ նույն հայրը չէր մտահոգվում իմանալու, թե որքան էի աճում Քո աչքերի առաջ, կամ թե որքան սուրբ էի մարմնիս մեջ, կամ ավելի ճիշտը՝ թե որքան զուրկ ու կարոտ էր սիրտս Քո գիտությանը, ո՜վ Աստված, այգիներիդ միակ ճշմարիտ ու բարի տեր[17]: Նրա միակ մտահոգությունն այն էր, որ խոսելիս վայելուչ լինեի:

 

Պարապության մեջ

- 6. Երբ, սակայն, այդ տասնվեցերորդ տարվա ընթացքում վերադարձա ծնողներիս մոտ և ընտանիքիս չքավորության պատճառով մատնվեցի պարապության, առանց դպրոցական որևէ հրահանգման, կրքերի տատասկներն աճեցին բարձրացան գլխիցս է՛լ ավելի, և չկար մի ձեռք՝ դրանք արմատախիլ անելու համար: Ավելին. այդ նույն իմ հայրը մի օր, բաղնիքների ժամանակ տեսնելով ինձ կազմավորված և անհանգիստ չափահասության նշաններով արդեն ծածկված, մի բուռն ու անհամբեր ուրախությամբ բռնվեց, այն թոռնիկների հեռանկարով, որ կարող էին ծնվել իր համար, և այդ իրողությունը զվարթությամբ հաղորդեց նաև մորս. զվարթությամբ, ասում եմ, այն արբեցության հետևանքում, որի մեջ աշխարհը խեղդել է Քո հիշատակը, Քո՝ իր Արարչի, Քո փոխարեն արարծներիդ սիրելու համար[18], դեպի ստորին իրողություններն ապականությամբ հակված իր կամքի գաղտնի գինու արբեցության մեջ: Բայց մորս սրտում արդեն իսկ սկսել էիր տաճարիդ կառուցումը և դրել էիր հիմքերը Քո սուրբ տան[19], մինչ հայրս մկրտության թեկնածու էր տակավին, և ավելին՝ այդ էլ չէր իրականում: Մայրս, ուրեմն, բռնվեց բարեպաշտ տագնապով ու մտատանջությամբ, վախենալով իմ համար, թեև դեռ մկրտված չէի, որովհետև կարող էի քայլել այն շեղ արահետներով, որոնցով ընթանում են նրանք, ովքեր դեպի Քեզ են դարձնում իրենց թիկունքը և ո՛չ թե երեսը[20]:

 

Մոր հորդորներն ու թախանձանքները

- 7. Ա՜հ, ինչպե՞ս եմ համարձակվում ասել, թե Դու, Աստվա՜ծ իմ, լռում էիր, երբ հեռանում էի Քեզնից: Իսկապես լռո՞ւմ էիր այդ պահերին: Ո՞ւմն էին, ուրեմն, եթե ո՛չ Քոնը, այն խոսքերը, որ հնչեցնում էիր ականջներիս մեջ Քո հավատարմուհու՝ մորս բերանով: Բայց դրանցից ոչ մեկն ականջներիցս չիջավ սրտիս խորքերը՝ գործադրվելու համար: Նա խնդրում էր ինձնից – քանի՜ցս լավ եմ հիշում ներսումս՝ իր հորդորների հալածող հոգատարությունը – հեռու մնալ գռեհիկ սիրաբանումներից, և հատկապես՝ որևիցէ կնոջ հետ պոռնկանալուց: Ես դրանք համարում էի կանացի խրատներ, որոնց կամաչեի հնազանդվել: Սակայն գալիս էին Քեզնից. ես՝ տգետս կարծում էի, թե Դու լռում էիր, իսկ նա՝ խոսում, մինչդեռ Դու չէիր լռում իմ համար իր ձայնով, թեև իր անձի մեջ արհամարհում էի Քեզ, ես, ե՜ս, իր՝ աղախնուդ որդին, և Քո ծառան[21]: Տգիտությանս մեջ, գլուխս դեպի վար, առաջանում էի դեպի անդունդը, այնքա՜ն կույր, որ հասակակիցներիս մեջ ամաչում էի իրենց չափ պագշոտ չլինելուս համար: Իրենցից իսկ լսելով իրենց անառակությունների գովքը, և թե ինչպե՛ս էին այնքան ավելի պարծենում, որքան ավելի անարժան էին գործերը, աշխատում էի նո՛ւյնպես վարվել, ո՛չ թե արարքի հաճույքի համար ինքն իր մեջ, այլ՝ այն գովքի, որ ստանում էի: Մոլությունից բացի ուրիշ ի՞նչ կա՝ պախարակվելու արժանի: Իսկ ես, պախարակումից խուսափելու համար, ընկղմվում էի մոլության մեջ: Երբ թերանում էի հանցանքների մեջ, որոնցով կկարողանայի հավասարվել չարագործներին, հորինում էի արարքներ, որոնք չէի կատարել, վախենալով, որ կարող էի այնքան ավելի անարգ թվալ, որքան ավելի անմեղ էի, և կամ՝ այնքան ավելի արհամարհելի համարվել, որքան ավելի ողջախոհ էի:

- 8. Նման ընկերակցությամբ էի ճանապարհս անցնում Բաբելոնի հրապարակների միջով, թավալվելով նրա ցեխերի մեջ այնպես, կարծես թե դարսենի լիներ կամ թանկարժեք օծանելիք[22]։ Եվ այդ ցեխի մեջ ինձ է՛լ ավելի մխրճելու համար՝ անտեսանելի թշնամին խթանում էր ինձ[23], մոլորեցնելով ինձ, որովհետև թույլատրում էի հեշտությամբ մոլորեցնել ինձ: Կինը, որ արդեն փախել էր Բաբելոնի կենտրոնից[24], բայց տակավին հապաղում էր արվարձաններում, մարմնիս մայրը, այո՛ պատվիրեց ինձ պարկեշտությունը, բայց չհոգաց ամուսնական սիրո սահմաններում ամփոփել – եթե անհնարին էր արմատախիլ չորացնել – անառակությունս, որի մասին իր ամուսինը պատմել էր իրեն, և որն այն ժամանակ արդեն չարագուշակ, ապագայում դառնալու էր վտանգավոր: Չհոգաց այսպես վարվել՝ վախենալով, որ ամուսնությունը կխոչընդոտեր առաջադիմությանս, ո՛չ թե դեպի գալիք կյանք առաջադիմությանս, որի հույսն ուներ մայրս, այլ՝ առաջադիմությանս ուսման մեջ, որի վերաբերյալ ծնողներս չափազանց մտահոգ էին, մեկը՝ որովհետև Քո մասին չէր մտածում գրեթե ոչինչ և իմ մասին մտածում էր ունայնություններ, մյուսը՝ որովհետև համոզված էր, որ մշակութային կրթությունս ո՛չ միայն չէր վնասի, այլ ավելին՝ կնպաստեր ինձ դեպի Քեզ առաջնորդելու: Առնվազն այս եզրակացություններին եմ հանգում այսօր, կարողություններիս չափով մտաբերելով ծնողներիս բնավորությունները: Նրանք նաև թուլացնում էին զվարճություններիս սանձն ավելի, քան պահանջում է իմաստուն խստության չափը, հագուրդ տալով զանազան կրքերիս: Այսպիսով, շուրջբոլորս տարածվում էր մի խիտ մառախուղ, որ հեռացնում էր ինձնից, Աստվա՜ծ իմ, ճշմարտությանդ հստակ տեսությունը։ Եվ ինչպես ճարպային պարարտությունից՝ բխում էր իմ անօրենությունը[25]:

[1] Հմմտ. Դն 10, 8
[2] Հմմտ. Սղմ 78, 10
[3] Հմմտ. Ես 42, 14
[4] Հմմտ. Ծնդ 1, 28; 1Կր 7, 2
[5] Հմմտ. Ծնդ 3, 18
[6] «Ի՞նչ են ամպերը: Աստծո խոսքը քարոզողները», բացատրում է Օգոստինոսն ինքը իր մի ա՛յլ աշխատության մեջ (Սաղմոսների մեկնություն, 35. 8): «Ամպեր ասելով՝ հասկանում ենք ճշմարտությունը քարոզողներին, այն մարդկանց, ովքեր կրում են որոշ առումով միգամած այս մարմինը, որից Աստված փայլում է պատվիրանների միջոցով» (Սաղմոսների մեկնություն, 56. 17):
[7] 1Կր 7, 28
[8] 1Կր 7, 1
[9] 1Կր 7, 32...
[10] Մտթ 19, 12
[11] Սղմ 93, 20
[12] 2Օր 32, 39; Ովս 6, 2
[13] Հմմտ. Միք 2, 9; Ղկս 15, 13. 17
[14] Այժմ Սուք-Ահրաս, հյուսիս-արևելյան Ալժիրում։ Գտնվում էր այժմյան Աննաբայից (հնում Հիպպոնա, ուր Օգոստինոսն հետագայում ծառայելու էր որպես եպիսկոպոս) 70 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք։ Պատմության մեջ հայտնի է հատկապես Օգոստինոսի ծննդավայրը լինելու համար։ Օգոստինոսի ժամանակներում, և մինչև Յոթերորդ դար, եղել է Նումիդիա նահանգի եպիսկոպոսական նստավայրը։
[15] Հմմտ. Սղմ 129, 1
[16] Հմմտ. Ամբ 2, 4; Հռմ 1, 17; Գղտ 3, 11; Եբր 10, 38
[17] Հմմտ. Մտթ 13, 24-30
[18] Հմմտ. Հռմ 1, 25
[19] Հմմտ. 1Կր 3, 16...; 6, 19; 2Կր 6, 16; Սրք 24, 14
[20] Երմ 2, 27
[21] Սղմ 115, 16
[22] Հմմտ. Երգ 4, 14
[23] Հմմտ. Սղմ 55, 3
[24] Երմ 51, 6
[25] Սղմ 72, 7
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։