Ծնունդը և մանկությունը – Գրադարան – Mashtoz.org

Ծնունդը և մանկությունը

Մեր ծագման խորհուրդը

6. 7. Այնուամենայնիվ, թույլատրիր ինձ խոսել ողորմությանդ առաջ: Հող եմ ու մոխիր[1], բայց թույլ տուր խոսել: Տե՛ս, ողորմությանդ եմ խոսում, և ո՛չ թե ինչ որ մի մարդու, որ կծաղրեր ինձ: Թերևս Դու նույնպես ծաղրում ես ինձ[2], բայց Դու դեպի ինձ կդառնաս և կողորմես ինձ[3]: Ուրիշ բան չեմ կամենում ասել, եթե ո՛չ միայն սա. որ անգիտանում եմ, թե որտեղից եկա այստեղ, այս – ինչպե՞ս անվանել – մահկանացու կյանքին կամ կենդանի մահվանը: Անգիտանում եմ, բայց ընդունեցին ինձ սփոփանքները Քո ողորմության[4], որքան որ տեղյակ եմ մարմնիս ծնողներից, որոնցից մեկից դուրս քաշեցիր և մյուսի ներսում կերպարանք տվեցիր ինձ ժամանակի մեջ: Ես չեմ հիշում: Ընդունեցին ինձ, ուրեմն, սփոփանքները մարդկային կաթի, բայց իմ մայրն ու իմ ստնտուները չէին, որ իրենք իրենց ստինքները լցնում էին կաթով, այլ՝ Դու, որ նրանց միջոցով սնում էիր իմ մանկությունը, ըստ չափանիշի, որով բաշխել ես հարստություններդ տիեզերքով մեկ: Դու, նաև, տալիս էիր ինձ չցանկանալ ավելի, քան որքան տալիս էիր, և ինձ սնողին՝ տալ ինձ այնքան, որքան իրեն տալիս էիր: Մի շատ բնական զգացման հետևանքում, կանայք փափագում էին տալ ինձ այն, ինչով որ լի էին Քո շնորհիվ, և բարիքը, որ ստանում էի նրանցից, բարիք էր նաև իրենց համար, որովհետև բխում էր ո՛չ թե իրենցից, այլ՝ իրենց միջոցով: Բոլոր բարիքները Քեզնից են, Աստվա՜ծ, իմ Աստծուց է ամբողջ փրկությունս[5]: Սա հասկացա ավելի ուշ, երբ ձայնդ այդ ճշմարտությունն աղաղակեց ճիշտ ընդմեջ այն պարգևների, որ առատաձեռնում ես մեր մարմնին ու մեր հոգուն: Մինչդեռ այն ժամանակ կաթ ծծել միայն գիտեի, մարմնիս ուրախություններով բերկրալ և նեղությունների պատճառով լալ. ուրիշ ոչինչ:

 

Մանուկների բնությունը

- 8. Հետո սկսեցի նաև ժպտալ, նախ քնած, ապա արթուն ժամանակ: Գեթ այսպես ներկայացրեցին ինձ եղելությունը և ես հավատացի, որովհետև տեսա ուրիշ շատ մանուկներ, որ վարվում էին այդպես: Իրոք, ոչինչ չեմ հիշում իմ այդ օրերից։ Եվ ահա՛, կամաց կամաց սկսեցի գիտակից լինել այն վայրին, ուր գտնվում էի. կամենում էի ցանկություններս հայտնել անձերին, որոնք կարող էին բավարարել դրանք, բայց առանց հաջողության, որովհետև առաջինները գտնվում էին իմ ներաշխարհում, երկրորդները՝ դրսում, և այդ անձերից ոչ մեկը իր զգայարաններից ոչ մեկով չէր կարողանում ներթափանցել հոգուցս ներս: Այդ իսկ պատճառով, գալարվում էի ու ճչում, այդպես՝ համանմանությամբ արտահայտելով ցանկություններս, որքան քիչ որ կարողանում էի և ինչպես որ կարողանում էի, իրոք անհասկանալի ձևով։ Եվ սակայն, եթե չէի գոհացվում, կա՛մ որովհետև չէի հասկացվում, կա՛մ որովհետև ցանկացածս բանը վնասակար էր, զայրանում էի և վրեժս լուծում էի ինձնից մեծահասակ անձանց դեմ ճչալով, որոնք չէին խոնարհվում կամքիս առաջ, անձեր ազատ, որ չէին ստրկանում ինձ: Այսպիսին է մանուկների բնությունը: Սա բացահայտեցի ավելի ուշ, նրանց ճանաչելով։ Եվ որ իմ բնությունս նույնպես եղել է այդպիսին, նրանք անգիտակցորեն ավելի լավ հասկացրեցին ինձ, քան գիտակից դաստիարակներս:

 

Աստծո հավիտենությունը

- 9. Այժմ, մանկությունս ահա՛ վաղուց ի վեր մեռած է, իսկ ես՝ կենդանի: Դու մինչդեռ, Տե՜ր, միշտ կենդանի ես և Քեզնից ոչինչ չի մեռնում, որովհետև դարերի սկզբից առաջ իսկ և այն բոլոր բաներից առաջ, որոնց կարող է տրվել «առաջ» անունը, Դու կաս և Աստված ես և Տեր բոլոր գոյությունների, որոնք Քո արարածներն են: Քո մեջ են հաստատուն կերպով պահպանվում անհաստատ իրողությունների պատճառները, բոլոր փոփոխելի գոյությունների անփոփոխ սկզբունքները, բոլոր անբանական ու ժամանակավոր բաների հավերժական իմաստները: Ասա՜ ինձ, ուրեմն, աղաչո՜ւմ եմ Քեզ, Աստված իմ, որ ողորմած ես այս թշվառ արարածիդ հանդեպ, ասա՜ ինձ. մանկությունս հաջորդեց իմ այնժամ արդեն մեռած մեկ ա՛յլ տարիքի՞: Թերևս այն մեկին, որն անցկացրեցի մորս որովայնո՞ւմ: Այդ շրջանի շուրջ տրվել էին ինձ որոշ բացատրություններ և ես ինքս էլ տեսել եմ հղի կանայք: Բայց դրանից էլ առաջ, ո՜վ քաղցրություն իմ, իմ Աստված: Գոյություն ունեցա՞ ուրիշ ինչ որ մի տեղ, եղա՞ ուրիշ ինչ որ մեկը: Ո՞վ կարող է պատասխանել ինձ: Չունեմ ոչ ոք. ո՛չ հայրս, ո՛չ մայրս կարողացան պատասխանել ինձ, ո՛չ այլոց փորձառությունները և ո՛չ էլ իմ հիշողությունը: Կամ թերևս Դու ծաղրում ես ինձ[6], որովհետև նմանօրինակ հարցեր եմ ներկայացնում, և պատվիրում ես փառաբանել Քեզ ավելի այն բաների համար և դավանել ավելի այն բաները, որոնք գիտեմ:

 

Կյանքի առաջին կերպերը

- 10. Դավանում եմ Քեզ, Տեր երկնքի ու երկրի[7], փառավորելով Քեզ կյանքիս սկզբնավորության ու մանկությանս համար, որոնք չեմ հիշում: Դու, սակայն, մարդուն շնորհել ես սեփական անցյալը վերակազմելու կարողություն, մեկնելով այլոց վարվելակերպից, և սեփական անձի վերաբերյալ հավատալու շատ բաների, հիմնվելով որոշ կանանց անգամ հաստատումների վրա: Ես, հետևաբար, արդեն կենդանի էի այդ ժամանակ, և մանկությանս վերջավորությանը սկսեցի փնտրել որոշ նշաններ՝ զգացումներս այլոց հաղորդելու համար: Այդպես կազմակերպված կենդանի էակը ումի՞ց կարող էր առաջացած լինել, եթե ո՛չ միայն՝ Քեզնից, Տե՜ր: Կարո՞ղ էր ինչ որ մեկը իր իսկ անձի արարման հեղինակը լինել: Կամ առվակներից մեկը, որոնցով մեզ հասնում են գոյությունն ու կյանքը, առաջացել է արարչությունիցդ տարբե՞ր աղբյուրից, Տե՜ր[8]: Քո համար՝ գոյություն ունենալն ու ապրելը երկու տարբեր իրողություններ չեն, որովհետև գերագույն գոյությունն ու գերագույն կյանքը միևնույն բանն են: Դու՝ գերագույն Էակդ, չես փոխվում[9], ներկա օրը չի սպառվում Քո մեջ, թեև Քո մեջ է գտնում իր լրումը, որովհետև այս աշխարհի բոլոր իրողությունները նույնպես Քո մեջ են[10]. ընթանալիք ճանապարհներ չէին ունենա[11], եթե Դու չպարունակեիր դրանք։ Եվ որովհետև Քո տարիները չեն վերջանում, Քո տարիներն այսօրն են: Որքան էլ որ մեծաքանակ եղան, օրերը մեր հայրերի, բոլորն էլ Քո այսօրվա մեջ անցան և այնտեղից ստացան իրենց չափն ու գոյության կերպը: Դեռ ուրիշ շատեր կանցնեն նրանով, և բոլորն էլ այնտեղից է, որ կստանան գոյության իրենց կերպերը: Դու, սակայն, միշտ նույնն ես[12], և բոլոր գործերը վաղվա և դե՛ռ ավելի ապագա, բոլոր գործերը երեկվա և դե՛ռ ավելի անցյալ, դրանք բոլորը կատարելու ես այսօր, կատարեցիր դրանք այսօր: Ի՞նչ կարող եմ անել ես, եթե ուրիշ որևիցէ մեկը չի հասկանում: Նա նույնպես թող ուրախանա ասելով. «Ի՞նչ է սա»[13]: Թող որ այսպես ևս ուրախանա և վայելի՝ Քեզ չգտնելով, մինչ գտնում է, քան թե գտնի Քեզ, մինչ չի գտնում[14]:

 

Մանկության մեղքերը

7. 11. Ունկն դիր, Աստվա՜ծ. անիծյա՛լ են մարդկանց մեղքերը[15]: Սա ասում է ինձ մի մարդ, որի հանդեպ ողորմած ես, որովհետև ստեղծեցիր նրան՝ առանց նրա մեջ մեղքը ստեղծելու: Ո՞վ է պատմում ինձ մանկությանս մեղքերը, եթե ոչ ոք Քո առաջ զերծ չէ մեղքից, և ո՛չ իսկ մանուկը, որ միայն մեկ օրվա կյանք ունի երկրի վրա[16]: Ո՞վ է պատմում ինձ դրանք, եթե ո՛չ՝ մի մանուկ, որի մեջ այժմ տեսնում եմ այն, ինչը որ չեմ հիշում իմ վերաբերյալ: Ո՞րն էր, ուրեմն, իմ այն ժամանակվա մեղքը: Թերևս ագահությո՞ւնը, որից մղված՝ լալով փնտրում էի ստինքները: Եթե այժմ վարվեի նույն կերպ, ագահությամբ փնտրելով ո՛չ թե ստինքները, հասկանալի է, այլ՝ տարիքիս պատշաճ սնունդը, կծաղրվեի ու կհանդիմանվեի իրավացիորեն: Այսինքն, մանուկ տարիքիս կատարում էի հանդիմանելի արարքներ, բայց որովհետև չէի կարող հասկանալ հանդիմանությունները, բանական կերպով վարվելով՝ խուսափում էին ինձ հանդիմանելուց: Այո՛, ճիշտ է, աճելով՝ այդ թերությունները մենք արմատախիլ ենք անում ու ջնջում մեզնից, և երբեք չեմ տեսել մեկին, որ կամովին մի կողմ նետի բարին, մինչ կամենում է արմատախիլ անել չարը: Կամ թերևս այդ արարքներս նույնպես բարի էին՝ տարիքս ի նկատի ունենալով. աղաչանքներն, այսինքն, որոնցով, լալով, խնդրում էի մինչև իսկ վնասակար բաներ. խայթիչ քմահաճույքներս՝ ինձնից մեծահասակ և ազատ անձանց դեմ, անձեր, որ չէին ենթարկվում կամքիս. ճիգերս՝ բոլոր ուժերովս հարվածելու ինձ կյանք տվողին և ինձնից առավել խոհեմ ուրիշ շատ անձերի, որոնք չէին հնազանդվում նշաններիս, հարվածելով նրանց, որովհետև չէին կատարում որոշ հրամաններ, որոնք կատարելու դեպքում կվնասեին ինձ: Հետևաբար, մանուկների անմեղությունը կայանում է ո՛չ թե հոգու, այլ՝ մարմնի տկարության մեջ: Ես տեսել և երկար ժամանակ զննել եմ նախանձով բռնված մի մանուկ. դեռ չէր խոսում, բայց արդեն իսկ գունատ ու դժնի հայացքով էր նայում կաթի իր ընկերոջը: Տարածված իրողություն է սա, և մայրերն ու ստնտուները հավակնում են սրբագրել կարողանալ այդ թերությունները չգիտեմ թե ի՛նչ միջոցներով: Բայց չի կարելի անմեղ հռչակել նրան, ով չի կամենում մայրական ակունքից առատորեն ու բերրիորեն բխող կաթը կիսել ուրիշի հետ, ով նույնպես օգնության նույնքան կարիք ունի և ով այդ կերակուրով է միայն ապրում: Այնուամենայնիվ, սույն արարքները հանդուրժվում են ներողամտությամբ, որովհետև սահմանված են տարիքի հետ անցնելու: Սրա ապացույցն այն փաստն է, որ միևնույն արարքները, երբ նկատվում են հասուն անձանց մոտ, չեն հանդուրժվում այլևս անտարբերությամբ:

- 12. Այս իսկ պատճառով, Տեր Աստված իմ, որ կյանքի հետ տվեցիր մանկանը մարմին, որն, ինչպես երևում է, օժտեցիր զգայարաններով և միմյանց սերտորեն կապված զանազան անդամների միությամբ, շնորհալի տեսքով և սեփական կազմվածքի անվնասությունը պահպանելու համար կենդանի էակի հնարավորության սահմաններում գտնվող բոլոր ջանքերը գործադրելու բնազդով, Դու պատվիրում ես ինձ փառավորել Քեզ այս պարգևների համար, դավանել Քեզ և օրհներգել Անունդ, Բարձրյա՜լ[17]: Դու Աստված ես, ամենակարող ու բարի, եթե նույնիսկ միայն այս բաները ստեղծած լինեիր, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող կատարել, Քեզնից բացի. միակդ ես, որից բխում է յուրաքանչյուր կանոն. կանոնդ գերագույն, որ ստեղծում ես ամեն բան և ամեն բան ըստ իր սեփական կանոնի կանոնավորում: Լա՜վ, ուրեմն, Տե՜ր, այս տարիքս, որն ապրած լինելս չեմ հիշում, որի վերաբերյալ հավատում եմ այն ամենին, ինչ պատմում են ինձ ուրիշները, և որը ենթադրում եմ, թե ապրել եմ, պարզապես որովհետև այն տեսնում եմ ուրիշ մանուկների պարագային. մի ենթադրությամբ, ուրեմն, թեև բավական հիմնավոր, դժկամությամբ դասում եմ այս աշխարհում ապրածս կյանքի տարիքների շարքում: Խավարով ու մոռացումով չի զիջում այն տարիքին, որն անցկացրեցի մորս որովայնում: Բայց եթե անօրենության մեջ հղացվեցի և մայրս իր որովայնում կրեց ինձ ընդմեջ մեղքերի[18], որտե՞ղ ուրեմն, ասա՜ ինձ, Աստվա՜ծ իմ, որտե՞ղ, Տե՜ր, ես՝ Քո ծառան, որտե՞ղ և ե՞րբ եղա անմեղ: Բայց ահա՛ մի կողմ եմ թողնում այդ օրերը: Ի՞նչ ունեմ այսօր դրանց հետ կիսելու, եթե դրանցից չեմ գտնում և ո՛չ իսկ մեկ հետք:

[1] Հոբ 42, 6
[2] Հմմտ. Սղմ 2, 4; 36, 13; Իմս 4, 18
[3] Հմմտ. Երմ 12, 15
[4] Սղմ 93, 19
[5] Հմմտ. 2Սմ 23, 5
[6] Հմմտ. Սղմ 2, 4; 36, 13; Իմս 4, 18
[7] Մտթ 11, 25
[8] Հմմտ. Սղմ 99, 3
[9] Հմմտ. Մղք 3, 6
[10] Հմմտ. Հռմ 11, 36
[11] Հմմտ. Ողբ 1, 12
[12] Սղմ 101, 28 (= Եբր 1, 12)
[13] Ելց 13, 14; 16, 15; Սրք 39, 26
[14] Այսինքն. հնարավոր է հանդիպել Աստծուն սրտով՝ առանց գտնելու Նրան մտքով. հավատալ Նրան և սիրել՝ առանց խորհուրդը հասկանալու: Մինչդեռ անօգուտ է Նրան մտքով գտնելը՝ առանց Նրան սրտով հանդիպելու:
[15] Հմմտ. Ես 1, 4
[16] Հոբ 14, 4...
[17] Սղմ 91, 2
[18] Սղմ 50, 7
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։