Պատանեկությունը – Գրադարան – Mashtoz.org

Պատանեկությունը

Խոսքի ձեռքբերումը

8. 13. Մանկությունից հետո, հառաջանալով դեպի այն տարիքը, որում գտնվում եմ այժմ, անցա ուրեմն պատանեկությանը. կամ ավելի ճիշտը՝ պատանեկությունն ինքը եղավ, որ հասավ ինձ՝ հաջորդելով մանկությանս: Այս վերջինը չհեռացավ, անշուշտ. ո՞ւր անհետացավ։ Եվ սակայն, այլևս չկար: Ես այլևս մի անխոս մանուկ չէի, այլ՝ մի լեզվանի պատանյակ, շատ լավ եմ հիշում: Խոսել սովորելու կերպին անդրադարձա ավելի ուշ: Չկրթեցին ինձ տարեցները՝ համակարգված ուսուցմամբ թելադրելով ինձ բառեր, ինչպիսին որ եղավ քիչ անց՝ պարագան գրելու և ընթերցանության, այլ՝ ես ինքս եղա իմ ուսուցիչը, Քեզնից ստացածս մտքի գործածությամբ, Աստվա՜ծ իմ, երբ հեծեծանքներով ու բազմահնչյուն աղաղակներով և ոտքերի ու ձեռքերի բազում նշաններով կամենում էի արտահայտել սրտիս խռովքները, որպեսզի հնազանդվեին կամքիս: Բայց չէի կարողանում արտահայտել բոլոր փափագներս և բոլոր նրանց, որոնց կամենում էի: Ըմբռնում էի հիշողությամբ. երբ մոտակայքումս գտնվողները որոշ անուններով կոչում էին որոշ առարկաներ և մոտենում էին անվանված իրին, ես զննում էի նրանց և մտքումս դրոշմում էի փաստը, որ կամենալով հասկացնել այդ առարկան՝ հասկացնում էին տվյալ հնչյունով: Որ այդ էր նրանց մտադրությունը՝ եզրակացնում էի նրանց մարմինների շարժումից, խոսքից, որն, այսպես ասած, բնությամբ ընդհանուր է բոլոր ազգերին, դեմքի ու աչքերի արտահայտություններից, ոտքերի ու ձեռքերի շարժումներից և այն ձայնարձակումներից, որոնք արտահայտում են ընչաքաղց, գոհունակ, հակառակասեր կամ ներհակ հոգեվիճակները: Այսպիսով, բառերը, որ միշտ կրկնվում էին մի որոշ տեղում՝ արտահայտությունների զանազանության մեջ, և որոնք լսում էի հաճախ, կարողանում էի աստիճան առ աստիճան հասկանալ, թե ո՛ր առարկաներն էին դրանցով իմաստավորվում, մինչև որ ես նույնպես սկսեցի օգտագործել դրանք, բերանս դրանց հնչմանը վարժեցնելուց հետո, արտահայտելու համար փափագներս: Այսպիսով, հասա փոխանակելու անձերի հետ, որոնց հետ ապրում էի, նշաններ, որոնք արտահայտում էին փափագներս, և մարդկային կյանքի փոթորկալից ընկերակցության մեջ հառաջացա մինչև խորքերը, կախումնավոր դառնալով ծնողների հեղինակությունից և չափահասների ակնարկներից:

 

Դպրոցում. ճիպոտի հարվածներ և չափահասների կողմից ծաղրանքներ

9. 14. Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ պատրանքների պատճառով տառապեցի այն ժամանակ, երբ դեռ պատանի, որպես ուղղաշավիղ կյանքի կանոն մատնանշվեց ինձ հնազանդությունը նրան, ով կամենում էր ինձ բարեկեցիկ դարձնել աշխարհում, և նշանավոր՝ պերճախոսական արվեստների մեջ, որոնք մարդկանց մեջ հայթայթիչներ են կեղծ պատիվների ու հարստության: Առաջնորդվեցի դպրոց՝ սովորելու համար գրերը, որոնց օգտակարությունն անգիտանում էի, թշվառս ու ողորմելիս: Կային նաև հարվածներ, եթե ծուլանում էի ուսման մեջ: Մեծահասակներից պատվիրված համակարգ էր և բազում պատանիներ մեզնից առաջ, վարելով այդ կյանքը, բացել էին այդ տառապալի արահետները, որոնցով այժմ հարկադրված էինք անցնել մենք, բազմապատկելով Ադամի որդիների հոգնությունն ու տառապանքը[1]: Ի միջի այլոց, գտնվում էին նաև այնտեղ, Տե՜ր, որոշ անձեր, որ աղոթում էին, և նրանցից տեղեկացա, այն սակավ քանակով, որ կարող էի հասկանալ, Քո գոյությանը, որպես մի մեծ էակ, որ կարող է ունկնդրել մեզ և օգնել՝ նաև առանց հայտնվելու մեր զգայարաններին: Այսպիսով, դեռ պատանի, սկսեցի աղոթել Քեզ, օգնությո՜ւն իմ և ապաստան[2]: Քեզ աղերսելու համար էի արձակում լեզվիս կապերը, աղոթում էի Քեզ, ես՝ փոքրիկս, բայց ո՛չ փոքրիկ գորովով, որպեսզի հեռացնեիր ինձնից վարժապետիս ճիպոտի հարվածները: Իսկ երբ չէիր կատարում խնդրանքս, ո՛չ անշուշտ իմ վերաբերյալ անիմաստ նպատակով[3], չափահասները և մինչև իսկ ծնողներս, որոնք չէին կամենում, որ ինչ որ մի չարիք պատահի ինձ, ծիծաղում էին ստացածս հարվածների պատճառով. հարվածներ, որոնք այն ժամանակ իմ համար ծանր ու վիթխարի տառապանքներ էին:

- 15. Գոյություն ունի՞, Տե՜ր, արտակարգ սիրով Քեզ միացած մի այնքա՜ն մեծ սիրտ, գոյություն ունի՞, հարցնում եմ, մի մարդ, որովհետև այդքանի հնարավոր է հասնել նաև մի տեսակ խենթությամբ, գոյություն ունի՞, հետևաբար, ինչ որ մեկը, որ Քեզ բարեպաշտությամբ միացած լինելու հետևանքում զգա այնքա՜ն սաստիկ հուզում, որ չնչին իրողություններ սեպի պրկոցներն ու մագիլները և տանջանքի նմանօրինակ գործիքները, որոնց վերաբերյալ, աշխարհի բոլոր անկյուններում, մարդիկ սարսափահար աղաչում եմ Քեզ՝ խուսափել կարողանալ։ Եվ կամ էլ մեկը, որ սեր տածի նրանց հանդեպ, ովքեր զարհուրում են այդ իրողություններից: Ա՛յլ կերպ չէ, որ մեր ծնողները ծիծաղում էին մեր՝ պատանիներիս վրա, վարժապետներից ստացած պատիժների համար: Մենք, արդարև, պատիժներից խուսափում էինք ո՛չ սակավ, քան տանջանքներից, և ո՛չ էլ սակավ եռանդով էինք պաղատում Քեզնից՝ դրանք հեռու պահել մեզնից։ Եվ սակայն, թերանում էինք կա՛մ գրելու մեջ, կա՛մ ընթերցելու, և կա՛մ էլ սովորում էինք մեզնից պահանջված չափից նվազ, ո՛չ որովհետև, Տե՜ր, թերի էին հիշողությունս ու միտքս. Դու կամեցար օժտել ինձ դրանցով այդ տարիքիս համար բավարար չափով: Այլ որովհետև հաճելի էր ինձ խաղը և սրա համար էի պատժվում նրանից, ով ինձնից պակաս չէր խաղում: Միայն թե մեծահասակների խաղերը կոչվում են գործեր, մինչդեռ պատանիներինը, որքան էլ որ նման են իրենցիններին, պատժվում են չափահասների կողմից։ Եվ վերջում գթություն չկա պատանիների, կամ մյուսների, կամ երկուսի համար էլ: Ուղղամիտ դատավորները կարող էին արդարացնել ինձ տրվող ճիպոտի հարվածները, որովհետև եթե պատանեկությանս ժամանակ խաղում էի գնդակով, խաղը խանգարում էր ինձ շուտով ըմբռնելու գրերը, որոնց շնորհիվ, երբ չափահաս դառնայի, հետևելու էի ավելի տխուր խաղերի: Բայց հենց նա, ով պատժում էր ինձ, վարվում էր ա՞յլ կերպ: Եթե իր գործընկեր վարժապետներից մեկը գերազանցում էր իրեն ինչ որ մի նվաստ վիճաբանության մեջ, զայրույթից, դառնությունից ու նախանձից հալվում մաշվում էր ինձնից ավելի, երբ ես խաղընկերոջիցս պարտության էի մատնվում գնդակի խաղում:

 

Աշակերտի անհնազանդությունը ի սեր խաղի

10. 16. Այնուամենայնիվ, ես մեղանչում էի, Տեր Աստված իմ, որ բնության մեջ գոյություն ունեցող ամեն ինչի ստեղծիչն ես ու կանոնադիրը, ես, որ կանոնադիր եմ մեղքերի միայն: Տեր Աստված իմ, մեղանչում էի հակառակվելով ծնողներիս և այն ժամանակվա ուսուցիչներիս, որովհետև ավելի ուշ կկարողանայի իրական բարիքի վերածել գրական կրթությունը, որին իմոնք կամենում էին, – ի՛նչ նպատակից էլ որ դրդված լինեին իրենք, – որ հետևեմ: Անհնազանդ չէի գտնվում, որովհետև ընտրում էի ինչ որ մի լավագույն բան, այլ՝ խաղի սիրուց տարված, սիրելով մրցույթներում ցնծալի հաղթանակները և անիրական հեքիաթների առատանալը ականջներիս մեջ, ուր այդ առասպելներն ավելի ուժեղ քոր էին առաջացնում: Նույն ինքն հետաքրքրասիրությունը օրըստօրե ավելի էր շողում աչքերիս առաջ և առաջնորդում էր ինձ թատերական բեմադրությունների, չափահասների այդ խաղերին, որոնք այնքա՜ն հիացում ու վայելք են պատճառում իրենց կազմակերպողներին, որ վերջիններս սովորաբար մաղթում են դրանք նաև իրենց որդիներին, առանց այդ պատճառով տխրելու այն պատիժների համար, որ վրա են հասնում, եթե նույն թատրոնների պատճառով որդիները թերանում են դասերի մեջ, որոնց շնորհիվ մի օր կարողանալու էին իրենք էլ թատրոններ կազմակերպել: Ողորմությա՜մբ հայիր, Տե՜ր, այս անհետևողական հակասություններին և ազատի՜ր դրանցից մեզ, որ այժմ աղոթում ենք Քեզ. ազատի՜ր դրանցից նաև նրանց, ովքեր Քեզ տակավին չեն աղոթում. այո՛, որպեսզի կարողանան աղոթել Քեզ և դրանցից ազատվել:

 

Մի ծանր հիվանդություն

11. 17. Վաղ պատանեկությունիցս ի վեր լսել էի որոշ խոսակցություններ հավիտենական կյանքի մասին, որը մեզ խոստացվեց մինչև մեր հպարտությունը իջած մեր Տեր Աստծո խոնարհության շնորհիվ, և արդեն իսկ նշանադրված էի Իր Խաչի նշանով, արդեն իսկ համեմված էի Իր աղով առաջին օրից ի վեր, ինչ դուրս էի եկել Քեզ շա՜տ հուսացող մորս արգանդից: Դու, Տե՜ր, տեսար, դեռևս պատանեկությանս ընթացքում, այն օրը, երբ աղիքային մի հիվանդության պատճառով ջերմությունս հանկարծակի այնքան բարձրացավ, որ ուր որ է մերձ էի մեռնելու. տեսար, Աստվա՜ծ իմ, որ այն օրերում արդեն պաշտպանս էիր[4], թե սրտի ինչպիսի՜ մղմամբ և որքա՜ն հավատքով իմ և մեր բոլորիս Մոր՝ Քո Եկեղեցու գթությունից խնդրեցի մկրտությունը Քրիստոսիդ, իմ Տիրոջ և Աստծո։ Եվ մարմնիս մայրը, ամբողջովին այլայլված, ավելի մտահոգվելով հավատքիդ մեջ կույս իր սրտից ծնելու հավիտենական փրկությունս, հոգում էր արագացնել մերձեցումս փրկության խորհուրդներին, որոնցով կսրբվեի՝ դավանելով Քեզ, Տե՜ր Հիսուս, մեղքերի թողության համար, երբ անսպասելիորեն առողջացա: Այդպիսով, մաքրագործումս հետաձգվեց, թերևս որովհետև գրեթե անխուսափելի էր հետագայում կյանքի աղտոտություններով տակավին մրոտվելը[5], և վստահաբար՝ այն մտքով, որ մեղանչումների մեջ հանցանքս ավելի մեծ ու ավելի վտանգավոր կլիներ մկրտության լվացումից հետո: Ուրեմն, ես այն ժամանակ հավատում էի, ինչպես մայրս և ամբողջ ընտանիքը, հորս բացառությամբ միայն: Վերջինս, սակայն, սրտիս մեջ չգերազանցեց մայրական սիրո իրավունքներին, այն աստիճան, որ կարող լիներ խլելու ինձնից Քրիստոսի հանդեպ հավատքը. մի հավատք, որն ինքը դեռ չուներ: Մայրս աշխատում էր, Աստվա՜ծ իմ, Քեզ ներկայացնել ինձ որպես իմ հայր՝ նրա փոխարեն, և Դու օգնում էիր նրան՝ գերակշռել ամուսնու վրա, որին ծառայում էր, թեև ավելի լավն էր, քան նա, որովհետև նաև դրանով ծառայում էր Քեզ, որ որևէ դեպքում ծառայություն ես պատվիրում կնոջը:

 

Մկրտության հետաձգումը

- 18. Աստվա՜ծ իմ, աղաչո՜ւմ եմ Քեզ, կկամենայի իմանալ, – անշուշտ եթե Դու նույնպես կամենում ես դա, – թե ինչի՞ համար այնժամ հետաձգվեց մկրտությունս: Բարի՞ք եղավ իմ համար, որ թուլացվեցին, այսպես ասելու համար, ինձ մեղքից հեռու պահող սանձերը, թե՞ բարիք կլիներ հակառակը: Այս մտքով է, ուրեմն, որ այսօր իսկ լսվում են նմանօրինակ խոսքեր մեկի կամ մյուսի վերաբերյալ. «Թողեք, որ անի, դեռ մկրտված չէ»։ Եվ սակայն, մարմնական առողջության համար չենք ասում. «Թողեք, որ ուրիշ վերքեր էլ ստանա, դեռ բժշկված չէ»: Ուստի, շա՜տ ավելի լավ կլիներ իմ համար իսկույն բժշկվելը, որովհետև իմ վերաբերյալ որքան ես, այնքան էլ ազգականներս ամեն ջանք ներդրել էինք՝ հոգուս փրկությունը վերստանալու և պաշտպանությանդ ներքո պատսպարվելու համար, ինչը որ չէիր մերժի մեզ: Իրոք, շա՜տ ավելի լավ կլիներ: Սակայն, ճանաչելով փորձությունների հորձանքները, որ արդեն իսկ մեծ քանակով ու սաստկությամբ սպառնալից հեռանկարվում էին պատանեկական շրջանում, մայրս – և ա՜յդ մայրը – նախընտրեց դրանց մեջ վտանգի մատնել հողը, որն հետագայում կստանար կերպարանք ու ձև, քան անմիջապես՝ ամբողջացած պատկերը[6]:

 

Հակակրանքը ուսման հանդեպ

12. 19. Եվ սակայն, հենց պատանեկական շրջանումս, որն արթնացնում էր իմ շուրջ երիտասարդությունիցս նվազ վախեր, չէի սիրում ուսումը և ատում էի ուսանելու հարկադրանքը: Բայց ստիպված էի, և ի՛մ բարիքի համար։ Սակայն ես բարի չէի գործում, որովհետև չէի ուսանի առանց հարկադրանքի, և ով գործում է չկամությամբ, չի գործում բարին, որքան էլ որ բարի լինի այն, ինչ գործում է։ Եվ ո՛չ էլ ինձ ստիպողներն էին բարի գործում, այլ՝ բարին ինձ գալիս էր Քեզնից, Աստվա՜ծ իմ: Նրանք ա՛յլ նպատակ չէին տեսնում, դեպի որը կարող կլինեին ուղղելու այն, ինչը որ հարկադրում էին ինձ ուսանել, եթե ո՛չ միայն՝ բավարարումը անբավարարելի տենչերի, մի թշվառության, որ թվում է հարստություն, և մի անարգանքի, որ թվում է փառք: Բայց Դու, որ ճանաչում ես թիվը մեր մազերի[7], իմ համար բարիքի էիր վերածում սխալը բոլոր նրանց, ովքեր պնդում էին ուսմանս վրա, ինչպես որ բարիքի էիր վերածում նաև իմ սխալը, որ չէի կամենում ուսանել, դատավճռելու համար մի պատիժ, որին անարժան չէր այդ այդքա՜ն փոքրիկ պատանին և այդքա՜ն մեծ մեղավորը: Այսպիսով, իմ համար բարիք էիր հայթայթում ո՛չ նրանից, ով գործում էր բարի, և իմ մեղքի փոխարեն հատուցում էիր հավասար չափով[8]: Սահմանել ես, արդարև, – և կատարվում է, – որ յուրաքանչյուր մեղսասեր հոգի պատիժ լինի ինքն իսկ իր համար:

 

Հունարեն և լատիներեն

13. 20. Բայց թե ո՛րն էր պատճառը, որից մղված՝ ատում էի հունարենը, որ դասավանդվում էր ինձ պատանեկությունիցս սկսած, հստակ կերպով չգիտեմ և ո՛չ իսկ այժմ: Ընդհակառակը, սիրահարված էի լատիներենին, բայց ո՛չ թե այն մեկին, որն ավանդվում է առաջին դասընթացքների ուսուցիչների կողմից, այլ՝ մյուսներին, այսպես կոչված քերականության վարժապետներին: Առաջին գիտելիքները, որոնցով սովորեցվում էր ընթերցել, գրել և հաշվել, ձանձրացնում էին ինձ և հոգնեցնում ո՛չ պակաս, որքան որ տաղտկացնում էր ինձ, իր բոլոր մասերում, հունարենը: Բայց սա նույնպես մեղքի ու կյանքի ունայնության հետևանքներից մեկը չէ՞ր, որովհետև մարմին էի ու անցողիկ քամի, որ ետ չի վերադառնում[9]: Այն առաջին գիտելիքները, որ կամաց կամաց ինձ ի վիճակի էին դարձնում – ինչպես որ իրոք ի վիճակի դարձրեցին և մինչև օրս ի վիճակի են դարձնում – ընթերցելու, եթե գտնում եմ մի գրություն, և ես ինքս գրելու, եթե կամենում եմ գրել, ավելի լավն էին, որովհետև առավել ապահով էին մյուսներից, որոնց ժամանակ պարտավոր էի անգիր սովորել ոմն Էնեասի սխալները, մոռանալով իմ անձնական սխալները, և ողբալ Դիդեի[10] վրա, ով ինքնասպան է լինում սիրո համար, մինչ ես՝ թշվառս նույնպես չոր աչքերով ինքնասպան էի լինում այդ հեքիաթների մեջ առանց Քեզ, Աստվա՜ծ, կյա՜նք իմ:

- 21. Իրականում ավելի թշվառ մեկը կա՞ այն թշվառից, ով չկարեկցելով ինքն իրեն, ողբում է Դիդեի մահվան վրա, որ տեղի է ունեցել Էնեասի[11] հանդեպ սիրո պատճառով, մինչ չի ողբում իր իսկ մահը, որ տեղի է ունենում Քեզ չսիրելու պատճառով, Աստվա՜ծ և լո՜ւյս իմ սրտի, սնո՜ւնդ հոգևոր ներաշխարհիս, բանականությունս պտղավորող զորությո՜ւն, մտքիս ծննդավա՜յր: Ես չէի սիրում Քեզ, սիրաբանում էի Քեզնից հեռու[12] և իմ սիրաբանումները ծափահարություններ էին ընդունում ամեն կողմից. «Կեցցե՜ս, կեցցե՜ս»: Այս աշխարհի հետ մտերմությունս իրոք մի սիրաբանություն էր Քեզնից հեռու, որին ծափահարում էին. «Կեցցե՜ս, կեցցե՜ս», այնպես՝ որ ամոթալի է լինում ուրիշների նման չլինելը։ Եվ սակայն, ես չէի արտասվում սրա համար և արտասվում էի Դիդեի համար, որ մեռել էր՝ սրով հասցնելով իր վերջին օրը[13]: Ես նույնպես փնտրում էի արարչությանդ վերջին իրողությունները, Քեզ լքելուցս հետո, ես՝ հողս, որ խոնարհվում էի դեպի հողը: Իսկ եթե ինչ որ մեկն արգելում էր ինձ այդօրինակ ընթերցումները, վշտանում էի՝ ինձ վշտացնող պատմություններն ընթերցել չկարողանալուս համար: Նման ցնդաբանությունները գնահատվում են որպես առավել վեհ ու արդյունավետ ուսումներ, քան նրանք, որ սովորեցնում են գրել ու կարդալ:

 

Բանաստեղծների ընթերցումը

- 22. Բայց արդ, թող որ հոգուս խորքում ձայն բարձրացնի իմ Աստվածը, ճշմարտությունդ թող ինձ ասի, որ այդպես չէ, այդպես չէ: Անկասկած ավելի լավն է մյուս ուսումը, առաջինը: Իրոք, ահա՛ ես այժմ տրամադիր եմ մոռանալու Էնեասի սխալները և նմանօրինակ բոլոր պատմությունները, ավելի՝ քան գրելու և կարդալու կերպը: Քերականության դպրոցների մուտքին կախում են որոշ վահանակներ[14]: Դրանք ո՛չ այնքան խորհրդանշում են ներսում կատարվող խորհուրդների հանդիսավորությունը, որքան քողարկում են գործվող սխալները։ Եվ թող որ չմռնչան իմ դեմ, որովհետև իրենցից այլևս չեմ վախենում, մինչ խոստովանում եմ Քեզ իղձերը հոգուս, Աստվա՜ծ իմ, և խաղաղություն եմ գտնում՝ դատապարտելով իմ շեղ ճանապարհները[15], սիրելու համար Քո ուղիները. թող որ իմ դեմ չմռթմռթան քերականություն վաճառողներն ու գնողները: Որովհետև, եթե ես հարցնեմ իրենց. «Իրականում Էնեասը երբևէ եկե՞լ է Կարթագինես, ինչպես պատմում է բանաստեղծը», տգետները կպատասխանեն, որ չգիտեն, իսկ ամենագիտունները ուղղակի կհաստատեն, որ անշուշտ թե ո՛չ: Իսկ եթե հարցնեմ, թե ո՞ր տառերով է գրվում Էնեաս անունը, բոլոր նրանք, ովքեր սովորել են այբուբենը, կպատասխանեն ճշգրիտ կերպով, ըստ այն կանոնների, որոնցով մարդիկ համաձայնվել են պատկերել նշանագրերը: Կամ եթե հարցնեմ, թե այս երկու ճանաչողություններից ո՞ր մեկի մոռացումն է ավելի վնասակար կյանքի համար, գրելն ու կարդա՞լը, թե՞ վերոհիշյալ բանաստեղծի հորինվածքները, ո՞վ չգիտի, թե ինչպիսի՛ն կլինի պատասխանը որևէ մեկի, ով լիովին չի կորցրել խելքը: Պատանի ժամանակ ես մեղանչում էի, ուրեմն, գերադասելով բանաստեղծների դատարկաբանությունները օգտակար ուսումներից ավելի, կամ ավելի ճիշտ՝ վճռականորեն ատելով երկրորդները և սիրելով առաջինները: «Մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, երկուսին գումարած երկու հավասար է չորսի» ձանձրացուցիչ միապաղաղությունն ատելի էր ինձ, մինչ քաղցր տեսարան էր – թեև ունայն – զինվորներով լի փայտե հսկա ձին, Տրոյայի հրդեհումը[16] և ստվերը նրա՝ Քրեուսայի[17]:

 

Դժվարություններ հունարենի ուսման մեջ

14. 23. Բայց ինչպե՞ս է, ուրեմն, որ խորշում էի հունական գրականությունից, ուր նույնպես երգվում են նման նյութեր: Հոմերոսն, օրինակի համար, հմուտ հյուսող է նման հեքիաթների, և քաղցր է՝ իր ունայնության մեջ։ Եվ սակայն, իմ համար դառն էր: Կարծում եմ, թե նույնն է տեղի ունենում Վերգիլիուսի հանդեպ հույն պատանիների սրտում, երբ հարկադրվում են սովորել նրա գործերը, ինչպես ես՝ իրենց բանաստեղծինը: Այսինքն՝ ներկա էր դժվարությունը, հենց դժվարությունը օտար մի լեզու սովորելու և, այսպես ասած, լեղիով խառնելու հունական այն բոլոր անուշությունները, որ բովանդակված էին այդ առասպելաբան տողերում: Չէի հասկանում բառերից ո՛չ մեկը, և անգութ պատիժներով ու սպառնալիքներով ինձ դաժանորեն չարչարում էին՝ դրանք սովորել ստիպելու համար: Նախապես, մանկությանս օրերում, լատիներենից նույնպես ոչ մի խոսք չէի հասկանում, բայց մի քիչ ուշադրությամբ սովորեցի բոլորն առանց սարսափների ու տանջանքների, այլ ընդհակառակն՝ ընդմեջ դայակներիս քնքշանքի, ժպիտների տոնախմբության ու խաղերի ուրախության: Ուստի, սովորեցի լատիներենն առանց կրելու պատիժների ու աճապարանքների ծանրությունը, որովհետև իմ սիրտն արդեն շտապեցնում էր ինձ արտահայտել իմ մտածումները: Բայց չէր ունենա արտահայտվելու ճանապարհ, եթե չսովորեի որոշ հնչյուններ, ո՛չ թե դպրոցում, ուսուցիչներից, այլ՝ նրանց ձայնից, ովքեր խոսում էին, որոնց ականջներին ի լուր ես իմ հերթին հնչեցնում էի իմ զգացումները: Ինչից հետևում է բավական հստակ կերպով, որ նման գիտելիքները սովորելու համար առավել արժեքավոր է կամավոր հետաքրքրությունը, քան թե ծայրահեղորեն ու անմտորեն բծախնդիր հարկադրանքը: Բայց առաջինի հոսքը սահմանափակված է երկրորդի կողմից ըստ Քո օրենքների, ո՜վ Աստված, Քո օրենքների: Վարժապետների ճիպոտներից մինչև մարտիրոսների կրած կտտանքները՝ Քո օրենքները կարողանում են բաղադրել առողջարար դառնություններ, որոնք վերակոչում են մեզ դեպի Քեզ, ժանտային քաղցրություններից հետո, որոնք մեզ Քեզնից հեռացրել էին:

 

Ամեն բան Աստծո ծառայությանը

15. 24. Ո՜ւնկն դիր, Տե՜ր, աղերսանքներիս[18], թող որ չնվաղի հոգիս[19] կրթությանդ ներքո, թող որ չնվաղեմ ես՝ խոստովանելով կարեկցանքիդ գործերը[20], որոնցով հեռացրեցիր ինձ վատթար ճանապարհներիցս[21]: Թող որ Դու ավելի քաղցր լինես ինձ, քան այն հրապույրները, որոնց ետևից վազում էի: Թող որ սիրեմ Քեզ ուժգնագույնորեն և ամբողջ ներքին էությամբս սեղմեմ ձեռքդ: Ազատի՜ր ինձ բոլոր փորձություններից[22] մինչև վերջ[23]: Ահա՛, մի՞թե Դու չես, Տե՜ր, թագավորն իմ և իմ Աստվածը[24]: Թող որ ծառայությանդ ուղղվեն այն բոլոր օգտակար գիտելիքները, որ սովորեցի պատանեկությանս օրերին. թող որ ծառայությանդ ուղղվեն խոսելու, գրելու, ընթերցելու և հաշվելու կարողություններս: Մինչ ես սովորում էի ունայնություններ, Դու կրթում էիր ինձ, իսկ մեղանչական դյութանքները, որ գտա այդ ունայնությունների մեջ, Դու ներեցիր ինձ[25]: Այո՛, թեև սովորեցի դրանց միջոցով շա՜տ օգտակար բառեր, հնարավոր է, այնուամենայնիվ, սովորել դրանք նաև նվազ ունայն նյութերի միջոցով, և այս վերջինն է ապահով ճանապարհը, որով պետք է քայլեն պատանիները:

 

Ապականված և ապականող բանաստեղծությունը

16. 25. Բայց վա՜յ քեզ, մարդկային բարքերի հորձանք: Ո՞վ կարող է դիմադրել քեզ: Ե՞րբ ես չորանալու, մինչև ե՞րբ ես թավալելով քշել տանելու Եվայի որդիներին ընդարձակ ու սահմռկեցուցիչ ծովի մեջ, որն հազիվ հազ կարողանում են կտրել անցնել նրանք, ովքեր կառչել են փայտից[26]: Չկարդացի՞ ալիքներիդ մեջ ոմն Արամազդի մասին, ով որոտաձայն էր ու պոռնկացող. երկու գործեր, որոնք, իսկապես, չէր կարող գործել միաժամանակ, և սակայն նրան գործել տվեցին դրանք, որպեսզի իրական շնության օրինակը վարկ ստանար կեղծ որոտման հրապույրով[27]: Փքուն վարժապետներից ո՞րն է, սակայն, առանց այլայլվելու լսում այն մարդուն, որն իր իսկ մրցարանից հռչակում է բարձր ձայնով. «Դրանք Հոմերոսի հորինվածքներն են, ով մարդկային հատկությունները փոխանցում էր աստվածներին: Ես կնախընտրեի, որ աստվածային հատկությունները փոխանցեր մեզ»[28]: Ավելի ճշգրտորեն կարելի էր, սակայն, ասել. Հոմերոսը, երևակայելով այդ արարքները, աստվածային որակներ էր վերագրում մոլի մարդկանց, ստանալու համար, որ մոլությունները չհամարվեին այլևս մոլություններ, և ով որ տրվեր դրանց, թվար ո՛չ թե հետևորդ մարդկային ապականության, այլ՝ աստվածային երկնայնության:

- 26. Այնուամենայնիվ, մարդկանց որդիները նետված են կոհակներիդ մեջ, ո՜վ տարտարոսային հորձանք, և վճարվում է՝ ստանալու համար այս գիտելիքները։ Եվ սրանց շուրջ խոսվում է իբրև լուրջ իրողությունների մասին, եթե կատարվում է պաշտոնապես, քաղաքի գլխավոր հրապարակում, օրենքների աչքի տակ, որոնք անհատական վճարումներից բացի, վարժապետներին հատկացնում են պետական հավելյալ թոշակ: Հարվածներ ընդունելով ժայռերիդ վրա, թվում է, թե ասում ես շառաչյունովդ. «Այստեղ ուսուցանվում են խոսքեր, որոնցով հնարավոր է հասնել պերճախոսությանը, որը բացարձակապես անհրաժեշտ է համոզելու և սեփական միտքը բացատրելու համար»: Իհարկե՜, մենք չէինք ճանաչի «ոսկյա անձրև», «արգանդ», «ծպտում», «երկնային տաճարներ» և ուրիշ խոսքեր, որ գտնվում են Տերենցիուսի հետևյալ հատվածում, եթե բանաստեղծը բեմահարթակ չբարձրացներ մի անբարո երիտասարդ, ով իր պոռնկության համար որպես օրինակ է ներկայացնում Արամազդի արարքը, մինչ զննում էր մի պատկեր, ուր նկարված էր հետևյալ տեսարանը. Արամազդը, որ, ինչպես պատմվում է, ոսկյա անձրև է իջեցնում Դանաեի արգանդի մեջ, որ ծպտված էր կնոջ կերպարանքով[29]: Տե՜ս, թե ինչպե՛ս է հետո, երկնային ուսուցմանը հետևելով, ասենք, գրգռվում հաճույք վայելելու.

«Եվ ինչպիսի՜ Աստված, – ասում է, – նա, որ երկնային տաճարները
վիթխարի շառաչմամբ խորտակում է։ Եվ ես՝
խեղճ մահկանացուս, նույնը չէի՞ անի:
Բայց ես դա արել եմ, և մեծ հոժարությամբ»[30]:
 
Ճիշտ չէ՛, ճիշտ չէ՛, որ նմանօրինակ անպարկեշտությունները դյուրացնում են բառերի ըմբռնումը. ավելի ճիշտ՝ բառերի շնորհիվ առավել դյուրությամբ են գործադրվում անպարկեշտությունները: Ես չեմ դատապարտում բառերը, որոնք կանվանեի ընտրյալ ու թանկարժեք անոթներ[31], այլ՝ մեղքի գինին, որ դրանցով հրամցվում էր մեզ, արբած վարժապետների կողմից, և որը պարտավոր էինք խմել, ապա թե ո՛չ՝ պատիժ, առանց հնարավորությունն ունենալու՝ բողոքել ինչ որ մի գիտակից դատավորի։ Եվ սակայն ես, Աստվա՜ծ իմ, որ այժմ այլևս հանդարտորեն մտաբերում եմ այս հիշատակները, այն ժամանակ հոժարությամբ էի սովորում այդ գիտելիքները: Դրանք իմ՝ թշվառիս համար ախորժալի վայելքներ էին, և այդ իսկ պատճառով գնահատվում էի որպես գեղեցիկ հույսեր ներշնչող պատանի:

 

Բացառիկ խելացիության ունայն գործածություն

17. 27. Թո՜ւյլ տուր ինձ, Աստվա՜ծ իմ, մի քանի խոսք էլ շռայլել խելքիս՝ Քո պարգևի մասին: Թո՜ւյլ տուր ինձ ասել, թե ինչպիսի՛ զառանցանքների մեջ էր մաշվում: Հանձնարարվում էր ինձ՝ կրկնել Հերայի խոսքերը, ով զայրացած ու վշտացած էր, որովհետև չէր կարողանում Իտալիայից հեռացնել տրոյացիների թագավորին[32], խոսքեր, որոնց արտասանվելը Հերայի բերանից ես ինքս չէի լսել երբեք: Այս հանձնարարությունները վրդովում էին հոգիս՝ գովասանքների հրապույրի և նվաստացումների ու ճիպոտահարումների վախի պատճառով։ Եվ սակայն, ստիպված էինք մոլորվել այդ բանաստեղծական հորինվածքների հետքերով, արձակ կրկնելով այն, ինչը որ բանաստեղծը շարադրել էր հանգերով։ Եվ արտասանության մեջ մեծագույն գովասանքները տրվում էին նրան, ով բարկության ու խռովքի զգացումներն արտահայտում էր ներկայացված անձնավորությանն առավել հարմար եղանակով, մտապատկերներն առավել պատշաճ խոսքերով զգեստավորելով: Ինչո՞վ էին նպաստում ինձ, ո՜վ իրական կյանք[33], Աստվա՜ծ իմ, արտասանությանս մատուցված ծափահարությունները, որոնք ավելի ինձ էին ուղղվում, քան տարեկիցներիս ու դասընկերներիս: Մի՞թե, ահա՛, ամեն ինչ ծուխ չէր ու քամի: Գոյություն չունե՞ր ուրիշ որևիցէ մի գիտություն, դրա ասպարեզում գործածելու համար խելքս ու լեզուս: Քո գովասանքները, Տե՜ր, Քո գովասանքները, որ սերմանված են Քո Գրություններում[34], կկարողանային նեցուկ կանգնել սրտիս մատղաշ տունկին: Այդպիսով չէր գահավիժի թեթևամտությունների դատարկության մեջ, ո՛չ էլ կփչացվեր գիշատիչ թռչունների կողմից: Բազում ձևերով ենք զոհաբերվում ապստամբ հրեշտակներին[35]:

 

Մարդկանց ունայնությունը

18. 28. Բայց այնքան էլ զարմանալի չէ հրապուրվելս ունայնություններով և թափառելս Քեզնից հեռու, Աստվա՜ծ իմ, երբ ինձ որպես օրինակ ներկայացվում էին որոշ անձինք, որոնք երբ հանդիմանվում էին ընկած լինելու համար, բացահայտելով իրենց որոշ ո՛չ չար արարքները, ինչ որ մի անքաղաքավարության կամ քերականական սխալի պատճառով խռովվում էին. մինչ երբ գովվում էին՝ իրենց անառակությունները ճոխ արտահայտություններով ու գեղագիտորեն պատմելու համար[36], գործածելով ընտիր բառեր և պատշաճեցնելով դրանք միմյանց, պարծենում էին: Դու տեսնում ես այս բաները, Տե՜ր, և համբերատար, ամենողորմած ու ճշմարիտ լինելով՝ լռում ես. բայց մի՞շտ ես լռելու[37]: Արդ, այս սարսափելի անդնդից դո՜ւրս հանիր հոգին նրա, ով փնտրում է Քեզ, ծարավի Քո երանությանը[38], այն սիրտը, որ ասում է Քեզ. «Քո երեսը փնտրեցի. երեսդ, Տե՜ր, փնտրելու եմ միշտ»[39], որովհետև լինել Քո երեսից հեռու՝ նշանակում է խարխափել կրքերի խավարի մեջ: Հեռանում ենք Քեզնից և դեպի Քեզ վերադառնում ենք առանց ոտքերը շարժելու, առանց կտրել անցնելու զանազան վայրերի տարածքը։ Կամ էլ՝ հարկավոր է ընդունել, որ երկրորդածին որդիդ, որի մասին խոսում է առակը[40], իսկապես գործածեց մի նժույգ, մի կառք, մի նավ, կամ սավառնեց տեսանելի թևերով, կամ ճանապարհներ կտրեց անցավ ոտքերի շարժումով, անառակությամբ մսխել կարողանալու համար, ապրելով հեռավոր երկրում, այն, ինչը որ տվել էիր իրեն մեկնելու պահին, հայր սիրելի՛՝ պարգևներիդ համար, առավե՛լ սիրելի՝ իր վերադարձին: Ո՛չ, նրա համար բավական եղավ կրքերի անկարգության մեջ ապրելը, որովհետև այդպիսի կյանքն իսկապես խավար է, մի կյանք է՝ Քո երեսից հեռու[41]:

- 29. Հայի՜ր, Տե՜ր Աստված, և համբերությամբ, ինչպես որ սովոր ես, տե՜ս խստությունն ու ճշգրտությունը, որով մարդկանց որդիները մի կողմից պահպանում են տառերի ու վանկերի օրենքները, որ ստացել են նրանցից, ովքեր իրենցից առաջ գործածել են բառերը, և անհոգությունը, որ մյուս կողմից ցուցաբերում են հավերժական փրկության հավիտենական օրենքների հանդեպ, որ ստացել են Քեզնից: Այսպիսով, եթե մեկը, որին ճանաչում են և ուսուցանում են հնչյունների հնագույն ավանդույթները, «homo» բառն արտասանում է առանց հնչեցնելու առաջին բաղաձայնը, քերականական օրենքներին հակառակ[42], մարդիկ ավելի են զայրանում, քան երբ ոմանք ատում են միմյանց, Քո պատվիրաններին հակառակ: Գրեթե այնպես, որ կարծես թե վատագույն թշնամին կարող է վնասել իրեն ավելի, քան ատելությունը, որ իրեն գրգռում է նրա դեմ, կամ թե հնարավոր է հետապնդելով վնաս հասցնել օտար մեկին ավելի, քան որքան վնասում է իր իսկ սիրտը՝ կարծրացնելով այն: Անշուշտ, տառերի գիտությունը մեր մեջ դրոշմված չէ ավելի խորը, քան մեր խղճի մեջ գրվածը[43], այսինքն՝ որ ուրիշների հանդեպ վարվում ենք այնպես, ինչպես չէինք կամենա, որ վարվեին մեր հետ[44]: Քանի՜ցս ծածուկ ես Դու, որ լուռ ու մունջ բնակվում ես ամենաբարձր երկինքներում[45], Աստված միա՜կ մեծ, որ անխոնջ օրենքով՝ պատժող խավար ես տարածում անօրեն մոլությունների վրա, մինչ մի մարդ, փառք փնտրելով պերճախոսության մեջ, իբրև դատավոր զգեստավորված մի ա՛յլ մարդու առաջ և իրեն շրջապատող մարդկանց բազմության կենտրոնում, անասնական ատելությամբ մոլեգնում է իր թշնամիներից մեկի դեմ, և բացարձակ զգուշությամբ խուսափում է արտասանական ինչ որ մի սխալի մեջ ընկնելուց՝ ասելով «inter omines»[46], բայց չի խուսափում մարդկային ընկերակցությունից արտաքսելու մի անձ, սեփական մտքի կատաղության պատճառով:

 

Պատանեկության մեղքերը

19. 30. Նմանատիպ մի դպրոցի սեմին էի ես՝ խեղճ պատանիս, գետնին տարածված, և այդպիսի մրցահրապարակում էր ընթանում մարզումս, ուր ավելի վախենում էի լեզվի ինչ որ մի անկանոնության մեջ ընկնելուց, քան թե զգուշանում էի, ընկնելիս, նախանձից նրանց հանդեպ, ովքեր չէին ընկնում: Հայտնում եմ սա, Աստվա՜ծ իմ, և խոստովանում եմ, թե ինչի՛ համար էին գովում ինձ մարդիկ, որոնց ծափահարությունների մեջ էր կայանում իմ համար, այն ժամանակ, կյանքի պատիվը: Չէի տեսնում խայտառակության անդունդը, որի մեջ նետվել էի՝ հեռո՜ւ Քո աչքերից[47]: Նրանց հայացքի մեջ ինձնից ավելի տձև ոչինչ չպետք է որ լիներ այլևս, որովհետև հասա տհաճ լինելու նաև այդ անձանց, այն անթիվ ստախոսությունների պատճառով, որ գործի էի դնում՝ խաբելու համար վարժապետներիս, ուսուցիչներիս ու ծնողներիս, այնքա՜ն որ մեծ էր սերս խաղի, կիրքս՝ թատերական դատարկ ներկայացումների հանդեպ, և տենչս՝ նմանվելու դերասաններին: Կատարեցի նույնիսկ մի քանի գողություն ծնողներիս շտեմարանից և սեղանից, երբեմն որկրամոլ ագահությունից մղված, երբեմն էլ՝ ուրիշ պատանիների բաժանելիք ինչ որ մի բան ունենալու համար, ովքեր վաճառում էին ինձ իրենց խաղերը, թեև իմ հաճույքին համահավասար գոհունակություն էին գտնում դրանց մեջ: Խաղի մեջ իսկ, գերազանցելու ունայն ցանկությունից տարված, հաճախ հաղթանակը շահում էի կամավոր խարդախություններով։ Եվ սակայն, ոչնչի հանդեպ այնքան անհաշտ չէի, և ոչինչ չէի հանդիմանում ուրիշների մեջ այնքան խստորեն, որքան այն, ինչ անում էի ես ինքս. մինչդեռ երբ ես էի բացահայտվում ու հանդիմանվում, նախընտրում էի զայրանալ, քան զիջել։ Եվ սա՞ է մանկական անմեղությունը: Ո՛չ, Տե՜ր, սա չէ: Ասա՛ ինձ Դու, Աստվա՜ծ իմ: Միշտ նույն բանն է, երբ դառնում են վարժապետներ և ուսուցիչներ, ընկույզներից ու փամփուշտներից ու ճնճղուկներից փոխվում են կառավարիչների ու թագավորների, ոսկու, իշխանության, ստրուկների. բացարձակապես նույն բանն է, պարզապես տարիքին համեմատ ավելի ծանր, ինչպես որ ճիպոտներին հաջորդում են ավելի ծանր տվայտանքները: Այս իսկ պատճառով, Դու՝ մեր Թագավոր, պատանիների հասակի մեջ խոնարհության խորհրդապատկերը վավերացրեցիր միայն, երբ ասացիր. «Ով նմանվում է այս փոքրիկներին, նրանն է Երկնքի Արքայությունը»[48]:

 

Երախտագիտություն Աստծուն Իր բոլոր պարգևների համար

20. 31. Եվ այնուամենայնիվ, Տե՜ր, Քեզ՝ Ամենաբարձրյալիդ, տիեզերքի իմաստուն Արարչիդ ու Պահպանողիդ, Քեզ՝ մեր Աստծուն, հայտնում եմ շնորհակալություն, եթե նույնիսկ ինձ պատանի միայն կամենայիր: Որովհետև այն ժամանակ ևս գոյություն ունեի, ապրում էի, զգում, սրտիս մոտ ունեի այն խորհրդավոր միության պատկերը լինելուս պահպանումը, որից էի հառաջ եկել: Ներքին բնազդով հսկում էի զգայարաններիս ամբողջության վրա, և մինչև իսկ այն փոքրիկ մտածումների մեջ, փոքրիկ իրողությունների շուրջ, վայելում էի ճշմարտությունը: Չէի կամենում սխալվել կամ խաբվել, ունեի վառ հիշողություն, օժտված էի խոսելու կարողությամբ, հուզվում էի մտերիմ ընկերության զգացումներով, խուսափում էի վշտից, արհամարհանքից, տգիտությունից: Ի՞նչ կար այդպիսի էակի մեջ, որ հիանալի չէր ու արժեքավոր։ Եվ բոլորն էլ պարգևներն են իմ Աստծո. ես ինքս չտվեցի դրանք ինձ: Բարիքներ են, և բոլորը միասին՝ ես եմ: Հետևաբար, բարի է Նա, Ով ստեղծել է ինձ, ավելին՝ Նա Ինքն է իմ բարիքը, և ես Իր փառքի համար ցնծում եմ[49] այն բոլոր բարիքների պատճառով, որոնցով նաև պատանեկությանս ժամանակ հյուսված էր իմ գոյությունը: Մեղքս այն բանի մեջ էր կայանում, որ ո՛չ թե Իր, այլ՝ Իր արարածների մեջ, այսինքն՝ իմ և ուրիշների մեջ էի փնտրում վայելքները, առաջնությունները, ճշմարտությունները, այդպիսով գահավիժելով վշտերի, նվաստացումների, սխալների մեջ: Քե՜զ երախտագիտություն, քաղցրությո՜ւն իմ և պատի՜վ իմ և վստահությո՜ւն, իմ Աստվա՜ծ, Քե՜զ երախտագիտություն պարգևներիդ համար: Դու, սակայն, պահպանի՜ր դրանք ինձնում. այդպիսով պահպանած կլինես նաև ինձ, և այն ամենը, որ պարգևել ես ինձ, կաճի ու կկատարելագործվի, և ես ինքս էլ գոյություն կունենամ Քո հետ, որովհետև Դու գոյություն տվեցիր ինձ:

[1] Հմմտ. Ծնդ 3, 16; Սրք 40, 1
[2] Սղմ 17, 3
[3] Սղմ 21, 3
[4] Հմմտ. Հոբ 7, 20; Ծնդ 28, 15
[5] Հմմտ. Հյտ 22, 11
[6] Հողը՝ մարմնով միայն ապրող մարդն է, որ կերպարանք է ստանում շնորհից (հմմտ. Գրծ 13, 12-13): Չափահասին տրված Մկրտությունը ջնջում է ո՛չ միայն ադամական սկզբնական մեղքը, այլ նաև՝ փոթորկալից երիտասարդության ընթացքում գործված անձնական մեղքերը:
[7] Մտթ 10, 30
[8] Հմմտ. Սղմ 141, 8
[9] Սղմ 77, 39
[10] Կամ՝ Դիդոնե, կամ՝ Էլիսսա, դասական առասպելաբանության կերպարներից, Կարթագինեսի հիմնադրուհին ու առաջին թագուհին։
[11] Դասական առասպելաբանության կենտրոնական կերպարներից, մահկանացու Անխիսի ու գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի (կամ՝ Վեներայի) որդին։ Եղել է Դարդանների իշխանը, մասնակցել է Տրոյական պատերազմին։
[12] Սղմ 72, 27
[13] Պուբլիուս Վերգիլիուս Մառո, Էնեական, 6. 457.
[14] Հեթանոսները կարծում էին, թե դրանց միջոցով պաշտպանություն և օգնություն էին ստանում Դելֆյան Ապոլլոնից։
[15] Հմմտ. Սղմ 118, 101; Երմ 18, 11; 26, 3
[16] Պուբլիուս Վերգիլիուս Մառո, Էնեական, 2. 772.
[17] Դասական առասպելաբանության կերպարներից, Պրիամոսի ու Հեքաբեի դուստրը, Էնեասի առաջին կինը, Ասքանիոսի մայրը։
[18] Սղմ 60, 2
[19] Հմմտ. Սղմ 83, 3; 118, 81
[20] Հմմտ. Սղմ 16, 8.15.21.31
[21] Հմմտ. 2Թգ 17, 13; 2Մն 7, 14
[22] Հմմտ. Սղմ 17, 30
[23] Սղմ 15, 11; 37, 7; 1Կր 1, 8
[24] Սղմ 5, 3; 43, 5
[25] Մտթ 9, 5; Մրկ 2, 5. 9; Ղկս 5, 23
[26] Այսինքն՝ Խաչին, որը Քրիստոսի հավատացյալներին հասցնում է փրկության նավահանգիստ: Խաչ-փայտ-նավ նյութի շուրջ Օգոստինոսն ընդարձակ բացատրություններ ունի Հովհաննեսի Ավետարանի իր մեկնության մեջ:
[27] Օգոստինոսն ակնարկում է մի թատերգական բեմադրության, որից մեջբերում է քիչ հետո (ճշգրտորեն՝ Տերենցիուսի «Ներքինին» թատերգության երրորդ մասի հինգերորդ գործողությունը), ուր մի սիրահար՝ Քեռեասը, պատմում է, թե ինչպես է գրգռվել՝ վայելելու իր գեղեցկուհուն, դիտելով Արամազդի (Զևս, Յուպիտեր) պատկերներից մեկը, ուր ներկայացված է, թե ինչպես էր Արամազդը հասնում Դանաեին ոսկյա անձրևի կերպարանքով:
[28] Մարկուս Թուլլիուս Կիկերոն, Տուսկուլանյան զրույցներ, 1. 26. 65.
[29] Պուբլիուս Տերենցիուս Աֆեռ, Ներքինին, 584..., 589.
[30] Պուբլիուս Տերենցիուս Աֆեռ, Ներքինին, 590...
[31] Հմմտ. Գրծ 9, 15; Առկ 20, 15; 1Պտ 2, 6
[32] Պուբլիուս Վերգիլիուս Մառո, Էնեական, 1. 38.
[33] Հմմտ. Հվհ 11, 25; 14, 6
[34] Այսինքն՝ Աստվածաշնչում:
[35] Այսինքն՝ սատանաներին, դևերին:
[36] Մարկուս Թուլլիուս Կիկերոն, Տուսկուլանյան զրույցներ, 1. 4. 7.
[37] Հմմտ. Ես 42, 14
[38] Հմմտ. Սղմ 85, 13; 62, 2; 41, 3; 15, 11
[39] Սղմ 26, 8
[40] Հմմտ. Ղկս 15, 11-32
[41] Օգոստինոսն այս հատվածում շաղախում է Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում պատմված անառակ որդու առակը, որ շա՜տ հոգեհարազատ է իրեն և ներկա է իր գրեթե բոլոր գործերում, նորպլատոնական Պլոտինի մի հայտնի հատվածի հետ, ուր նկարագրված է ներքին հոգևոր հայեցողության մեջ հառաջադիմությունը (հմմտ. Խոստովանություններ Ը 8. 19; Ժ 26. 37; ԺԲ 7. 7; ԺԳ 2. 2; 7. 8):
[42] Լատիներենում բառերի սկզբում հանդիպող «h»ն չարտասանելը նշան էր անգրագիտության («homo» = «մարդ»):
[43] Հմմտ. Հռմ 2, 15
[44] Հմմտ. Տբթ 4, 16; Մտթ 7, 12; Ղկս 6, 31
[45] Հմմտ. Ես 33, 5
[46] Ճիշտ ձևը կլիներ «inter homines», որ նշանակում է «մարդկանց մեջ»։
[47] Սղմ 30, 23
[48] Մտթ 19, 14
[49] Հմմտ. Սղմ 2, 11
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։