Անդրեաս Նախականչված – Գրադարան – Mashtoz.org

Անդրեաս Նախականչված

Կրոնագիտական վերջին երկու զրույցները նվիրել էինք Սուրբ Պետրոսի անձին: Իսկ հիմա կփորձենք ավելի մոտից, ինչքան թույլ են տալիս աղբյուրները, ծանոթանալ մյուս տասնմեկ Առաքյալների հետ: Եվ այսօր կխոսենք Սիմոնի եղբոր՝ Սուրբ Անդրեասի մասին:

Առաջին բանը, որ ուշադրություն է գրավում Անդրեասի պարագայում, նրա անունն է, որ հրեական չէ, ինչպես կարելի էր ակնկալել, այլ՝ հունական, ինչը որ պարզ նշան է այն իրողության, որ նրանց ընտանիքը բաց էր մշակութային արժեքների առջև: Եվ այսպես, մենք ձեր հետ միասին Գալիլեայում ենք, որտեղ կարելի է հաճախ լսել հունարեն լեզուն և հանդիպել հունական մշակույթի դրսևորումների: Տասներկուսի անվանացանկերում Անդրեասը հիշատակվում է կա՛մ երկրորդը (Մտթ 10, 1-4; Ղկս 6, 12-16), կա՛մ չորրորդը (Մրկ 3, 13-19; Գրծ 1, 13-14): Ամեն դեպքում, քրիստոնեական առաջին համայնքներում Անդրեասը վիթխարի հեղինակություն էր վայելում:

Ավետարանները վկայում են Պետրոսի և Անդրեասի արյունակցական կապի մասին, ինչպես նաև՝ Հիսուսի կողմից երկու եղբայրներին ուղղված կոչման մասին: Սուրբ Գրքում կարդում ենք. «Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին: Հիսուսը նրանց ասաց. ''Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ''» (Մտթ 4, 18-19; Մրկ 1, 16-17):

Չորրորդ Ավետարանում հանդիպում ենք կարևոր դիտողության. Անդրեասը Հովհաննես Մկրտչի աշակերտներից էր: Սա ցույց է տալիս, որ Անդրեասը կրոնական փնտրտուքի մեջ գտնվող մարդ էր և կիսում էր Իսրայելի սպասումները, փափագում էր առավել լավ հասկանալ Աստծո Խոսքը, Աստծո ներկայության իրականությունը: Նա իսկապես հավատքի և հույսի մարդ էր: Մի անգամ լսելով Հովհաննես Մկրտչի մարգարեությունը (Հվհ 1, 36), նա ցնցվեց ու ևս մեկ աշակերտի հետ միասին, ում անունն անհայտ է, հետևեց Հիսուսին՝ Նրան, Ում Մկրտիչն անվանեց «Աստծո Գառը»: Ավետարանիչը հայտնում է. «Նրանք գնացին և տեսան, թե որտեղ է Նա ապրում, և այդ օրը Նրա մոտ անցկացրեցին» (Հվհ 1, 39): Անդրեասը վայելում էր Հիսուսի հետ հաղորդակցության թանկարժեք րոպեները: Պատումը շարունակվում է մի կարևոր պարզաբանումով. «Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսին և գնացին Հիսուսի հետևից: Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. ''Գտանք Մեսսիային'', որ թարգմանվում է Քրիստոս: Սա նրան տարավ Հիսուսի մոտ» (Հվհ 1, 40-42), այդպիսով դրսևորելով արտակարգ առաքելական ոգի: Այդպես, Անդրեասը Առաքյալներից առաջինը եղավ, ում կանչեց Հիսուսը: Հենց դրա համար է, որ Բյուզանդական Եկեղեցու ծեսը նրան շնորհել է «Պրոտո՛կլետոս»՝ «Առաջինը կանչված, Նախականչված» տիտղոսը: Անկասկած, հենց Պետրոսի և Անդրեասի եղբայրական կապի շնորհիվ է, որ Հռոմի ու Կոստանդնուպոլսի Եկեղեցիները յուրահատուկ ձևով միմյանց ընդունում են որպես քույր Եկեղեցիներ: Այդ կապն ընդգծելու համար իմ նախորդ Պողոս Վեցերորդ Պապը 1964թ.ին Սուրբ Անդրեասի անգին մասունքները, որ ամփոփված էին Վատիկանի տաճարում, վերադարձրեց Հունաստան՝ Պատրասի օրթոդոքս մետրոպոլիտին, այն քաղաքի, որտեղ, ըստ ավանդության, խաչվել է Անդրեաս Առաքյալը:

Ավետարանական ավանդությունները Անդրեասին հատուկ ձևով հիշատակում են երեք դեպքերում, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ այդ մարդուն: Առաջին դեպքը հացի բազմացման հրաշքն է Գալիլեայում: Հենց Անդրեասն էր, որ հայտնեց Հիսուսին այն տղայի մասին, ով ուներ հինգ գարեհաց և երկու ձուկ. շատ քիչ է՝ այսքան մարդ կերակրելու համար, պատասխանում է Հիսուսը (տե՛ս Հվհ 6, 8-9): Հարկավոր է ի նկատի առնել Անդրեասի իրատեսությունը. նա նկատում է տղային և անմիջապես մտածում է. «Բայց ի՞նչ է սա՝ այդքան բազմության համար» (տե՛ս նույն տեղում), և հասկանում է, թե որքա՜ն խղճուկ են իրենց հնարավորությունները: Բայց Հիսուսը կարողանում է այնպես անել, որ այդ քիչը բավականացնի բոլորին, ովքեր եկել էին լսելու Իրեն:

Երկրորդ դեպքը տեղի է ունենում Երուսաղեմում: Քաղաքից դուրս գալիս՝ աշակերտներից մեկը Հիսուսի ուշադրությունը հրավիրում է Տաճարը շրջապատող վեհ պատերի ու կառույցների վրա: Վարդապետը հանելուկային կերպով է պատասխանում այդ խոսքերին. քարը քարին չի՛ մնա այդ շինություններից: Այդ ժամանակ Անդրեասը՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ միասին, հարցնում է Նրան. «Ասա՛ մեզ՝ ե՞րբ կլինի այդ, և ի՞նչը կլինի նշանը, երբ կատարվելու լինեն այդ բոլորը» (տե՛ս Մրկ 13, 1-4): Ի պատասխան, Հիսուսը կանխասացություն է անում Երուսաղեմի ավերման և աշխարհի վախճանի մասին՝ աշակերտներին կոչ անելով ուշադրությամբ զանազանել ժամանակի նշանները և մշտարթուն լինել: Սրանից կարելի է եզրակացնել հետևյալը. մենք չպետք է վախենանք Հիսուսին հարցեր տալուց, բայց նաև պետք է պատրաստ լինենք ընդունելու Նրա խրատները, նույնիսկ ամենադժվար ընկալելիներն ու ամենատարօրինակները:

Վերջապես, Ավետարանները հայտնում են Անդրեասի երրորդ նախաձեռնության մասին: Իրադարձությունները վերստին զարգանում են Երուսաղեմում, այս անգամ՝ Տիրոջ չարչարանքներից ո՛չ շատ առաջ: Հովհաննեսը պատմում է, որ Զատկի տոնին Երուսաղեմ էին եկել մի քանի հելլեններ, թերևս նորադարձներ կամ աստվածավախ մարդիկ, որպեսզի երկրպագեին Իսրայելի Աստծուն: Անդրեասն ու Փիլիպպոսը, ովքեր հելլենական անուններ ունեին, միջնորդներ էին հելլենների ո՛չ մեծաթիվ խմբի ու Հիսուսի միջև, և թարգմանում էին խոսակցությունը: Ինչպես հաճախ պատահում է Ավետարաններում, Հիսուսի պատասխանը եկվորներին թվում է առեղծվածային, բայց հենց այդ պատճառով էլ՝ իմաստով այդքա՜ն հարուստ: Հիսուսը երկու աշակերտներին, և նրանց միջոցով՝ ողջ հելլենական աշխարհին, ասում է. «Հասել է ժամը, որպեսզի Մարդու Որդին փառավորվի: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կմնա, իսկ եթե մեռնի բազում արդյունք կտա» (Հվհ 12, 23-24): Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը՝ նման պայմաններում: Հիսուսն ասում է. Իմ հանդիպումը հելլենների հետ տեղի կունենա, բայց դա չի լինի պարզապես մի կարճ զրույց՝ որոշ մարդկանց հետ, ովքեր մղված են հետաքրքրասիրությունից: Մահվան հետ միասին, որ կարելի է համեմատել հողի մեջ ընկած ցորենի հատիկի հետ, կգա փառավորման ժամը: Իմ մահը՝ Խաչի վրա, շատ պտուղ կբերի. «մեռած ցորենի հատիկը» Խաչելության խորհրդանիշն է, որը Հարության մեջ աշխարհի համար կդառնա կյանքի հաց, լույս՝ բոլոր ժողովուրդների և մշակույթների համար: Այո՛, հելլենական հոգու հետ, հելլենական աշխարհի հետ հանդիպումը տեղի կունենա խորհրդավոր կերպով, դրա ակնարկությունը ցորենի հատիկն է, որ դեպի իրեն է գրավում երկրի ու երկնքի ուժերը և վերածվում է հացի: Ա՛յլ կերպ ասած՝ Հիսուսը մարգարեանում է հելլենների, հեթանոսների Եկեղեցու մասին, Տիեզերական Եկեղեցու մասին՝ որպես իր Զատկի պտղի մասին:

Հնագույն ավանդությունները հելլեններին այդ խոսքերը փոխանցող Անդրեասի մեջ տեսնում են ո՛չ միայն մի թարգմանչի, ով օգնում է մի քանի անձանց՝ Հիսուսի հետ հանդիպման ժամանակ, այլ՝ հելլենների Առաքյալին: Հոգեգալստից հետո նա մի քանի տարի քարոզել է Հունաստանում՝ կյանքի վերջին տարիներին դառնալով Հիսուսի ավետարանիչն ու «թարգմանիչը» հելլենական աշխարհում: Նրա եղբայր Պետրոսը Երուսաղեմից Անտիոքի վրայով ուղևորվեց դեպի Հռոմ, որպեսզի այնտեղ իրականացներ իր վրա դրված առաքելությունը, իսկ Անդրեասը դարձավ հելլենների լուսավորիչը: Եվ այսպես, կյանքում և մահվան ժամին նրանք հանդես են գալիս որպես իսկական եղբայրներ, և այդ եղբայրությունը խորհրդանշաբար մարմնավորվում է այն հատուկ կապի մեջ, որն ագուցում է Հռոմի և Կոստանդնուպոլսի Աթոռները՝ իսկական քույր Եկեղեցիները:

Համաձայն ավանդության, Անդրեասը, ինչպես արդեն ասացինք, վախճանվեց Պատրասում, որտեղ մահապատժի դատապարտվեց խաչելության միջոցով: Այդ վսեմ պահին, Անդրեասը, իր եղբայր Պետրոսի նման, խնդրեց, որ իրեն խաչեն ո՛չ Հիսուսի պես: Այս դեպքում խոսքը գնում է թեքված խաչի մասին, որ կոչվում է «Անդրեասյան խաչ»: Ըստ 6-րդ դարի մի պարականոն գրության, որ կոչվում է «Սուրբ և փառավորյալ Անդրեաս Նախականչված Առաքյալի նահատակությունը», Առաքյալը մահապատժի ժամանակ ասել է.

«Ողջո՜ւյն քեզ, ո՜վ Խաչ, Քրիստոսի Մարմնով փառավորված և Նրա անդամներով՝ ինչպես զարդերով զարդարված: Մինչև Տիրոջ բարձրանալը քո վրա, դու սարսափ էիր ազդում: Իսկ հիմա, երկնային սիրով լցված, դու դարձել ես մի պարգև: Հավատացյալները գիտեն, թե ինչպիսի՛ բերկրանքով ես դու լցված, թե որքա՜ն պարգևներ ես դու նրանց համար պատրաստել: Այդ իսկ պատճառով, վստահությամբ և ուրախությամբ լի, ես գալիս եմ քո մոտ, որպեսզի դու ինձ էլ փառավորես՝ որպես աշակերտը Նրա, Ով քո վրա գամվեց։ [...] Ո՜վ գերերանելի Խաչ, որ քո վրա ընդունեցիր Տիրոջ անդամների մեծությունն ու գեղեցկությունը, [...] ընդունի՜ր ինձ, հեռացրո՜ւ մարդկանցից և վերադարձրո՜ւ իմ Վարդապետի մոտ, որպեսզի քո միջոցով ինձ ընդունի Նա, Ով ինձ փրկագնեց քո միջոցով: Թող որ հավիտյան փառավորվի Խաչը»:

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քրիստոնեական խորագույն հոգևոր փորձառության հետ, որը Խաչի մեջ տեսնում է ո՛չ թե դահճի գործիք, այլ՝ Փրկագնողին, հողի մեջ ընկած Ցորենի Հատիկին նմանվելու անհամեմատելի միջոց: Այս ամենից մենք պետք է քաղենք մի շատ կարևոր դաս. մեր «խաչերը» արժեք են ստանում, եթե ընդունում ենք դրանք որպես Քրիստոսի Խաչի մասնիկներ, եթե դրանց նայում ենք Նրա շողշողացող լույսի ներքո: Միայն շնորհիվ Նրա Խաչի՝ մեր տառապանքները դառնում են որակապես լավը և ստանում են ճշմարիտ իմաստ:

Եվ այսպես, Անդրեաս Առաքյալը մեզ սովորեցնում է պատրաստակամությամբ հետևել Հիսուսին (տե՛ս Մտթ 4, 20; Մրկ 1, 18), ներշնչված կերպով խոսել Նրա մասին, Ում հանդիպել ենք, իսկ ամենակարևորը՝ ամրացնել Նրա հետ իսկապես մտերիմ հարաբերություններ, հիշելով, որ միայն Նրա մեջ են մեր կյանքն ու մահը ձեռքբերում իրենց վերջնական իմաստը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 17 Հուլիսի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։