Գլուխ Բ. - Մարդկային զարգացումը մեր ժամանակներում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Մարդկային զարգացումը մեր ժամանակներում

21. Պողոս Վեցերորդը զարգացման վերաբերյալ բազմամասնյա տեսություն ուներ: «Զարգացում» եզրով նա կամենում էր մատնանշել ժողովուրդները նախևառաջ սովից, հետին չքավորությունից, տվյալ տարածքներում ներկա հիվանդություններից և անգրագիտությունից դուրս բերելու նպատակը: Տնտեսական տեսանկյունից դիտված, դա նշանակում էր նրանց համար գործուն մասնակցություն ապահովել համաշխարհային տնտեսական գործընթացում, հավասա՛ր պայմաններով. սոցիալական տեսանկյունից դիտված, նրանց հեղաշրջումը դեպի կիրթ ու համերաշխ հասարակության. քաղաքական տեսանկյունից դիտված, ժողովրդավար վարչաձևերի ամրապնդումը, որոնք ի վիճակի կարող են լինել ապահովելու ազատությունն ու խաղաղությունը: Բազմաթիվ տարիներ անց, մինչ մտահոգությամբ դիտում ենք աճն ու հեռանկարներն այն ճգնաժամերի, որոնք այս ժամանակներում հերթով հաջորդում են մեկը մյուսին, ինքներս մեզ հարցնում ենք, թե Պողոս Վեցերորդի սպասումները որքանո՞վ են գոհացում գտել զարգացման այն ծրագրի պայմաններում, որը որդեգրվել ու կիրառվել է վերջին տասնամյակներում: Ճանաչենք և ընդունենք, ուստի, որ հիմնավոր էին Եկեղեցու մտահոգություններն այն մասին, որ միայն գիտարուեստի ուղղությամբ զարգացած մարդն անկարող է ո՛չ երազատես նպատակներ հաստատելու իր առաջ և անընդունակ է միշտ պատշաճ կերպով գործածելու իր տրամադրության տակ գտնվող գործիքները: Շահն օգտակար է, եթե որպես միջոց՝ ուղղված է մի նպատակի. այդ նպատակն է նրան իմաստ տալիս, և՛ այն առումով՝ թե այդ շահն ինչպես պետք է ապահովվի, և՛ այն առումով՝ թե ինչպես պետք է գործածվի: Բացառապես շահը որպես նպատակ ունենալը, եթե այն վատ եղանակով է ապահովված և առանց հասարակաց բարիքը որպես վերջին նպատակ ունենալու, լի է եղած հարստությունը քայքայելու և աղքատություն ստեղծելու վտանգով: Տնտեսական զարգացումը, որ մաղթում էր Պողոս Վեցերորդը, պետք է այնպիսին լիներ, որ ապահովեր իրական աճ, տարածելի՝ բոլորի վրա և գործնականորեն տոկուն: Ճիշտ է, զարգացում եղել է և այն շարունակում է որպես դրական գործոն հանդիսանալ, որի շնորհիվ միլիարդավոր մարդիկ դուրս եկան թշվառությունից, իսկ վերջում՝ բազմաթիվ Պետությունների հնարավորություն ընձեռնվեց ազդու դերակատարներ դառնալու միջազգային քաղաքականության ասպարեզում: Հարկավոր է սակայն խոստովանել, որ այդ միևնույն տնտեսական զարգացումը եղել և շարունակում է ծանրաբեռնված լինել շեղումներով և եղերական խնդիրներով, որոնք է՛լ ավելի ցայտուն են դարձել ճգնաժամի ներկա պայմաններում: Այն անհետաձգելի կերպով կանգնեցնում է մեզ ընտրությունների դիմաց, որոնք միշտ ավելի են վերաբերվում մարդկության ապագային իսկ, մինչ մարդկությունը չի կարող հաշվի չառնել իր բնությունն ու էությունը: Տեխնիկական գործող ուժերը, համաշխարհային փոխհարաբերությունները, սխալ եղանակով և առավելապես շահադիտական նպատակներով կիրառվող ֆինանսական գործունեության վնասակար հետևանքներն իրական տնտեսության վրա, գաղթականների հսկայական չափերի հասնող հոսքը, որն հաճախ միայն դրդված է ու պատճառված, բայց հետո ո՛չ համապատասխան կերպով ուղղորդված, երկրագնդի բնական պաշարների անկանոն շահագործումը մեզ այսօր հարկադրաբար ստիպում են մտորելու այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ են լուծում տալու համար ո՛չ միայն այն խնդիրներին, որոնք Պողոս Վեցերորդ Քահանայապետի կողմից քննարկվածների համեմատ ավելի նոր են, այլ նաև, և հատկապե՛ս, այն խնդիրներին, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մարդկության ներկա ու ապագա բարիքի հարցում: Ճգնաժամի և նրա հաղթահարման տարբեր տեսանկյունները, ինչպես նաև այն ամենն՝ ինչ կապված է ապագա նոր հնարավոր զարգացմանը, միշտ ավելի փոխկապակցված են միմյանց, փոխադարձաբար ազդում են մեկը մյուսի վրա, պահանջում են միասնական, ամբողջական ըմբռնման նոր ջանքեր և հումանիզմի գաղափարական մի նոր համադրություն: Տնտեսության այժմեական վիճակի բարդությունն ու ծանրությունը մեզ իրավացիորեն մտահոգում է, բայց պարտավոր ենք իրատեսությամբ, վստահությամբ և հույսով ստանձնել նոր պատասխանատվությունները. սրան է մեզ հրավիրում տեսարանը մի աշխարհի, որը կարիքն ունի մշակութային խորը բարենորոգումի և հիմքի արժեքները վերաբացահայտելու, որոնց վրա կարող է կերտել լավագույն մի ապագա: Ճգնաժամը մեզ պարտադրում է վերածրագրավորել մեր ուղին, մեր առջև նոր կանոններ դնել և գործի լծվելու նոր կերպեր գտնել, մեր ուշադրությունը կենտրոնացնել դրական փորձառությունների վրա և մերժել բացասականները: Այսպիսով, ճգնաժամը կարող է դառնալ դատողության և նոր ծրագրավորման առիթ: Այս դիրքորոշմամբ, որն ավելի շուտ վստահասիրտ է, քան թե՝ համակերպված, հարկավոր է դիմագրավել ներկա պահի դժվարությունները:

 

22. Զարգացման համայնապատկերն այսօր բազմակենտրոն է: Բազմաթիվ են և՛ թերի զարգացման, և՛ զարգացման գործոններն ու պատճառները, բազմատեսակ են հանցանքներն ու արժանիքները: Այս փաստը պետք է որ մղեր ձերբազատվելու գաղափարախոսություններից, որոնք հաճախ արհեստականորեն պարզեցնում են իրականությունը, և առաջնորդեր առարկայականորեն քննելու խնդիրների մարդկային տարողությունը: Հարուստ և աղքատ Պետությունների սահմանագիծն այլևս այնքան հստակ չէ, որքան «Populorum progressio»ի ժամանակներում, ինչպես արդեն նշել է Հովհաննես Պողոս Երկրորդը[1]: Բացարձակ չափանիշներով աճում է համաշխարհային հարստությունը, բայց բազմապատկվում են անհավասարությունները: Հարուստ Պետություններում, սոցիալական նոր խավեր աղքատանում են և ծնվում են նոր աղքատություններ: Ավելի աղքատ տարածքներում, որոշ խմբեր վայելում են վատնող ու մսխող սպառողական գերհարուստ վիճակ, որն անընդունելի կերպով հակադրվում է շրջապատի անմարդկային չքավորության տևական վիճակներին: Շարունակվում է «ցնցող անհավասարությունների գայթակղությունը»[2]: Կաշառակերությունն ու ապօրինի գործելակերպը ցավոք ներկա են և՛ հին ու նոր հարուստ Պետությունների, և՛ հենց աղքատ Պետությունների տնտեսական ու քաղաքական գործող մարմինների վարքում: Աշխատավորների մարդկային իրավունքները երբեմն էլ ոտնահարվում են միջազգային մեծ ընկերությունների, ինչպես նաև արտադրության տեղական խմբերի կողմից: Միջազգային օգնություններն ապօրինի կերպով հաճախ հեռացվում են իրենց բուն նպատակներից, անպատասխանատու զանցառումների պատճառով, որոնք գրանցվում են և՛ նվիրատուների, և՛ հասցեատերերի շղթայում: Զարգացման և թերի զարգացման աննյութական կամ մշակութային պատճառների շրջանակում ևս կարող ենք գտնել պատասխանատվությունների միևնույն հոդավորումը: Գոյություն ունեն գիտելիքների պաշտպանության չափազանցված կերպեր հարուստ Պետություններում, հեղինակային սեփականության իրավունքի չափազանց կարծր կիրառումով, հատկապես առողջապահական ոլորտում: Միաժամանակ, որոշ աղքատ Պետություններում համառորեն շարունակում են վավերական մնալ մշակութային այնպիսի կաղապարումներ և կենցաղի ու վարքի սոցիալական այնպիսի կանոններ, որոնք դանդաղեցնում են զարգացման գործընթացը:

 

23. Երկրագնդի բազմաթիվ տարածաշրջաններ այսօր առաջադիմել են, թեև խնդիրներով լի ու անհամաչափ եղանակով, մտնելով հզոր Պետությունների թվի մեջ, որոնք սահմանված են կարևոր դերակատարություն ունենալու ապագայում: Այդուամենայնիվ, հարկավոր է ընդգծել, որ բավական չէ առաջադիմել միայն տնտեսական և գիտարվեստական ասպարեզում: Հարկավոր է, որ զարգացումը նախևառաջ ճշմարիտ լինի և ամբողջական: Տնտեսական հետամնացությունից դուրս գալը, որն ինքնին դրական է, չի լուծում մարդու զարգացման բարդ ու բազմակողմանի խնդիրը, ո՛չ այն Պետություններում, որոնք նման առաջադիմությունների դերակատարներն են, ո՛չ այն Պետություններում, որոնք տնտեսապես արդեն զարգացած են, ո՛չ էլ այն Պետություններում, որոնք տակավին աղքատ են և կարող են տառապագին կերպով ենթարկվել, շահագործման հին կերպերից բացի, նաև բացասական այն հետևանքներին, որոնք սերում են խեղաթյուրումների և անհավասարությունների ստվերն իր վրա կրող աճից:

Արևելյան Եվրոպայի համայնավար Պետությունների տնտեսական և քաղաքական համակարգերի փլուզումից և այսպես կոչված «հակադիր դաշնակցությունների» վախճանից հետո հարկավոր էր ամբողջովին վերածրագրավորել զարգացման գործընթացը: Դա ժամանակին առաջարկել էր Հովհաննես Պողոս Երկրորդը, որը 1987 թվականին այդ «հակադիր դաշնակցությունների» գոյությունը մատնանշել էր որպես թերի զարգացման գլխավոր պատճառներից մեկը[3], քանի որ քաղաքականությունը միջոցներ էր խլում տնտեսությունից և մշակույթից, իսկ գաղափարախոսությունը արգելափակում էր ազատությունը: 1991 թվականին, 1989ի իրադարձություններից հետո, նա նաև պահանջեց, որ «հակադիր դաշնակցությունների» վախճանին համապատասխանի զարգացման համաշխարհային մի նոր վերածրագրավորում, ո՛չ միայն այդ Պետություններում, այլ նաև Արևմուտքում և աշխարհի այն տարածաշրջաններում, որոնք զարգացման ճանապարհին են[4]: Դա իրականացավ մասամբ միայն և շարունակում է որպես իրական պարտականություն հանդիսանալ, որին հարկավոր է գոհացում տալ, նաև բաց չթողնելով մեր օրերին ներկայացած առիթը, մինչ հարկավոր է ընտրություններ կատարել, որոնք անհրաժեշտ են տնտեսական այժմեական խնդիրների հաղթահարման համար:

 

24. Աշխարհը, որն իր առջև տեսնում էր Պողոս Վեցերորդը, թեև սոցիալականացման գործընթացն արդեն առաջ էր գնացել, այնքան՝ որ նա արդեն իսկ կարողանում էր խոսել համաշխարհային դարձած սոցիալական հարցի մասին, տակավին շատ ավելի նվազ համաձուլված էր ու փոխշաղկապված, քան այսօրվանը: Տնտեսական գործունեությունն ու քաղաքական պաշտոնավարությունը մեծ մասամբ կատարվում էին պետական միևնույն տարածքի ներսում և կարող էին, հետևաբար, փոխադարձ վստահությամբ կռթնել մեկը մյուսի վրա: Արտադրողական գործունեությունը մեծ մասամբ տեղի էր ունենում ազգային սահմաններից ներս և ֆինանսական ներդրումները շատ ավելի սահմանափակ շրջանառություն ունեին արտասահմանում, այնպես՝ որ բազմաթիվ Պետությունների քաղաքականությունը դեռևս կարող էր որոշել և սահմանել սեփական տնտեսության առաջնահերթությունները, ինչպես նաև ինչ-որ կերպ ղեկավարել այդ տնտեսության բռնած ընթացքը այն միջոցներով, որոնք տակավին իր տնօրինության ներքո էին: Այս պատճառով է, որ «Populorum progressio»ն առանցքային – թեև ո՛չ բացառիկ – կարևորություն է տալիս «հանրային իշխանություններին»[5]:

Մեր դարաշրջանում, Պետությունը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ հարկադրված է դիմակայելու այն սահմանափակումներին, որոնք իր ազգային ինքնիշխանության առաջ դրվում են համաշխարհային առևտրա-տնտեսական և ֆինանսական նոր բանակարգի կողմից, որի բնորոշ հատկանիշներից է նաև ֆինանսական կապիտալների և արտադրության նյութական ու աննյութական միջոցների աճող շարժականությունը: Այս նոր բանակարգը փոխել է Պետությունների քաղաքական իշխանության կարողությունները:

Այսօր, նաև դաս առնելով տնտեսական ներկա ճգնաժամից, մինչ Պետության հանրային իշխանություններն ուղղակիորեն գործի են լծվել սխալներն ու անկանոնություններն ուղղելու նպատակով, առավել իրատեսական է թվում վերանորոգ արժևորումը նրանց դերի և իշխանության, որոնք հարկավոր է ամենայն իմաստությամբ վերաքննել և վերարժևորել այնպես, որ ի վիճակի լինեն, իրենց իշխանության կիրարկման նոր ձևաչափերի միջոցով ևս, դիմագրավելու այսօրվա աշխարհի մարտահրավերներին: Հանրային իշխանությունների դերի լավագույն չափորոշումով և որակավորումով, նախատեսելի է, որ կուժեղանան ազգային և միջազգային քաղաքականությանը մասնակցելու այն նոր կերպերը, որոնք իրականանում են քաղաքացիական հասարակության ներսում գործող Կազմակերպությունների աշխատանքի միջոցով: Այս ուղղությամբ մաղթելի է, որ քաղաքացիների կողմից աճեն առավել սրտացավ ուշադրությունն ու մասնակցությունը հանրային գույքի ու կյանքի, այսինքն՝ հանրա-պետության նկատմամբ:

 

25. Սոցիալական տեսանկյունից դիտված, պաշտպանության և սոցիալական ապահովության համակարգերը, որոնք Պողոս Վեցերորդի ժամանակ արդեն իսկ գոյություն ունեին բազմաթիվ Պետություններում, դժվարությամբ են իրականացնում և ապագայում, խորապես փոխված ուժերի շրջանակում, կարող են է՛լ ավելի դժվարությամբ իրականացնել սոցիալական ճշմարիտ արդարության իրենց վստահված նպատակները: Համաշխարհային դարձած շուկան նախևառաջ խթանել է, հարուստ Պետությունների կողմից, որոնումը այնպիսի տարածաշրջանների, ուր կարող են տեղափոխել իրենց արտադրությունները, դրանք ցածր գներով իրականացնելով, որպես նպատակ ունենալով իջեցնել բազմաթիվ ապրանքների գները, մեծացնել գնողունակությունը և, հետևաբար, արագացնել տոկոսային ցուցանիշը զարգացման, որ կենտրոնացած է սեփական ներքին շուկայի համար նախատեսված մեծագույն սպառումների վրա: Սրան որպես հետևանք, շուկան Պետությունների միջև մրցակցության նոր ձևեր խթանեց, որպես նպատակ ունենալով հրապուրել արտասահմանյան ձեռնարկությունների արտադրական կենտրոններին, գործի դնելով բազմապիսի միջոցներ, որոնց թվում են հարկային նպաստավոր միջավայրը և աշխատանքային ասպարեզի ապականոնավորումը: Այս գործընթացները հանգեցրին սոցիալական ապահովության ցանցերի նվազմանը, որի փոխարեն տվյալ Պետությունները նախընտրեցին մրցունակության մեծամեծ շահեր որոնել համաշխարհային շուկայում, ծանր վտանգի ենթարկելով աշխատավորների իրավունքները, մարդու հիմնական իրավունքները և սոցիալական Պետության ավանդական եղանակներով գործադրվող համերաշխությունը: Սոցիալական ապահովության համակարգերը կարող են կորցնել իրենց պարտավորությունները կատարելու կարողությունը թե՛ զարգացման որոշակի փուլում գտնվող Պետություններում, թե՛ հնուց զարգացած Պետություններում, և թե՛ աղքատ Պետություններում: Այս վերջինների մոտ, պետական ֆինանսների տարեկան հաշվեկշռի վերաբերյալ գործադրվող քաղաքականությունը, սոցիալական ծախսի կրճատումներով, որոնք հաճախ խրախուսվում են միջազգային ֆինանսական Հաստատությունների կողմից, կարող է քաղաքացիներին անօգնական վիճակում թողնել հին ու նոր վտանգների առաջ: Նման անօգնական վիճակը կարող է ավելի ծանրանալ աշխատավորական ընկերակցությունների կողմից արդյունավետ պաշտպանության բացակայության դեպքում: Սոցիալական և տնտեսական փոփոխությունների ամբողջությունն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ արհեստակցական միությունները մեծ դժվարությունների առջև են հայտնվում աշխատավորների շահերը ներկայացնելու իրենց պարտականությունների կատարման գործում, նաև այն պատճառով, որ Կառավարությունները, տնտեսական շահի մտադրությամբ, հաճախ սահմանափակում են արհմիութենական ազատությունները կամ ինքնին արհմիությունների բանակցային կարողությունները: Համերաշխության ավանդական ցանցերն, այսպիսով, իրենց առաջ հաղթահարելիք նորանոր և հարաճուն խոչընդոտներ են գտնում: Եկեղեցու սոցիալական ուսմունքի կողմից ուղղված հորդորը, սկսելով «Rerum novarum» Կոնդակից[6], կյանքի կոչելու աշխատավորական ընկերակցություններ՝ սեփական իրավունքների պաշտպանության համար, հարկավոր է ուստի մեծարելով գործադրել, այսօր ավելի՝ քան երեկ, նախևառաջ պատրաստակամ, հստակ ու հեռատես պատասխան տալով անհետաձգելի անհրաժեշտությանը՝ հիմնելու և հաստատելու նոր ուժակցություններ ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մակարդակով:

Աշխատանքային շարժականությունը, ընդհանրացած ապականոնավորման հետ միասին, դարձել է կարևոր մի երևույթ, որ զուրկ չէ դրական կետերից, քանի որ կարող է որպես գրգիռ հանդիսանալ՝ նոր հարստություն արտադրելու և տարբեր մշակույթների միջև փոխադարձ շփումների ու փոխանակումների համար: Այնուամենայնիվ, երբ աշխատանքի պայմանների, հետևաբար՝ շարժականության և ապականոնավորման վերաբերյալ անորոշությունը դառնում է մի տեսակ տարածաշրջանային հիվանդություն, ստեղծվում են հոգեբանական անկայունության վիճակներ, դժվարություններ՝ կյանքում կերտելու սեփական հետևողական ուղիներ, ներառյալ նաև դեպի ամուսնությունն ուղղված ճանապարհը: Այս ամենի հետևանքով, սոցիալական վատնումից բացի, ձևավորվում են մարդկային փլուզման իրավիճակներ: Անցյալի արդյունաբերական հասարակությունում տեղի ունեցող դեպքերի համեմատ, այսօր անգործությունը պատճառում է տնտեսական անկարևորության նոր երևույթներ և ներկա ճգնաժամը կարող է միայն վատթարացնել իրավիճակը: Երկար ժամանակով աշխատանքից զուրկ մնալը կամ երկարաժամկետ կախվածությունը պետական կամ ո՛չ պետական նպաստներից, վտանգի են ենթարկում անձի ազատությունն ու ստեղծագործական ունակությունները, նրա ընտանեկան ու հասարակական հարաբերությունները, հոգեբանական և հոգևոր ներաշխարհի ուժգին տառապանքներով հանդերձ: Կկամենայի հիշեցնել բոլորին, հատկապես պետական ղեկավարներին, որոնք պարտավորությունն ունեն վերանորոգ կերպարանք ու դիմագիծ տալ աշխարհի տնտեսական ու սոցիալական կարգին, որ պահպանելիք ու պաշտպանելիք և արժևորելիք առաջին կապիտալը դա մարդն է, անձը, իր ամբողջությամբ. «Արդարև, մարդն է սոցիալ-տնտեսական ամբողջ կյանքի հեղինակը, կենտրոնն ու նպատակակետը»[7]:

 

26. Մշակութային հարթության վրա, Պողոս Վեցերորդի ժամանակաշրջանի համեմատ, տարբերությունն է՛լ ավելի ցայտուն է: Այն ժամանակ, մշակույթները շատ ավելի հստակ էին սահմանված և ավելի մեծ հնարավորություններ ունեին պաշտպանվելու մշակութային համաձուլման փորձերից: Այսօր, մշակույթների միջև փոխազդեցության հնարավորությունները նկատելիորեն աճել են, հող պատրաստելով միջմշակութային երկխոսության նոր հեռանկարների համար. մի երկխոսություն, որն արդյունավետ լինելու համար պետք է որպես մեկնակետ ունենա լիակատար գիտակցությունը և խորը ճանաչողությունը երկխոսող տարբեր կողմերի ինքնության յուրահատկությունների վերաբերյալ: Այդուամենայնիվ, չպետք է անտեսել այն փաստը, որ մշակութային փոխհարստացման ահագնացած ապրանքականացումն այսօր նպաստում է երկու վտանգների առաջացմանը: Նկատվում է, առաջին հերթին, մշակութային մի տեսակ էկլետիզմ, որն հաճախ ընդունվում է առանց քննադատական մոտեցման. մշակույթները պարզապես դրվում են կողք կողքի և համարվում են իբրև էապես համարժեք և միմյանց միջև փոխանակելի: Սա նպաստում է հարաբերապաշտության առաջխաղացմանը, որն ոչնչով չի օգնում միջմշակութային ճշմարիտ երկխոսությանը: Սոցիալական հարթության վրա, մշակութային հարաբերապաշտության հետևանքն այն է, որ մշակութային խմբերը ֆիզիկապես մոտենում կամ համատեղ ապրում են, բայց իրարից բաժան-բաժան, առանց ճշմարիտ երկխոսության և, հետևաբար, առանց միմյանց կյանքին իրական մասնակցության: Երկրորդ հերթին, գոյություն ունի հակադիր վտանգը, որ կայանում է մշակութային իմաստազրկման ու անտարբերության և վարվելակերպերի ու կենսաոճերի համանման միակերպության մեջ: Այսպիսով կորսվում է տարբեր Ազգերի մշակույթների, տարբեր ժողովուրդների ավանդույթների խորը նշանակությունը. մշակույթներ և ավանդույթներ, որոնց սահմաններում է անձը դիմագրավում գոյության հիմնական հարցադրումները[8]: Մշակութային էկլետիզմն ու իմաստազրկումը զուգամերձ են ու համակարծիք և ձգտում են միևնույն նպատակին. բաժանել մշակույթը մարդկային բնությունից: Այսպիսով, մշակույթներն այլևս չեն կարողանում գտնել իրենց չափանիշները բնության մեջ, որն իրենցից վերանցական է[9], և վերջում մարդուն վերածում են սոսկ մշակութային տվյալի: Երբ սա տեղի է ունենում, մարդկությունը ենթարկվում է ստրկացման և խարդախ ու խաբեական շահագործման նոր վտանգների:

 

27. Բազմաթիվ աղքատ Պետություններում շարունակում է տևականորեն մնալ և է՛լ ավելի ծանրանալու վտանգի տակ է կյանքի ծայրահեղ անապահովությունը, որ հետևանքն է սննդի պակասի. սովը տակավին բազմաթիվ զոհեր է հնձում այն բազմաթիվ Ղազարոսների թվում, որոնց թույլատրված չէ նստել հարուստ որկրամոլի սեղանին, ինչպես մատնանշում էր Պողոս Վեցերորդը[10]: Քաղցածներին կերակրելը (հմմտ. Մտթ 25, 35.37.42) Ընդհանրական Եկեղեցու համար էթիկական թելադրանքներից մեկն է, որ համապատասխանում է իր Հիմնադրի՝ Տեր Հիսուսի կողմից համերաշխության ու եղբայրակցության մասին ուսուցումներին: Ինչպես նաև, սովի վերացումն աշխարհում դարձել է, համաշխարհային այս ընդհանրականացման դարաշրջանում, այն նպատակակետերից մեկը, որոնց հասնելն անհրաժեշտ է նկատվում մոլորակի խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Սովի առկայությունն այնքան կախումնավոր չէ նյութական միջոցների, որքան՝ սոցիալական պաշարների պակասից, որոնցից ամենակարևորը իստիտուցիոնալ բնույթ ունի: Այսինքն, բացակայում է տնտեսական հաստատությունների մի համակարգ, որն ի վիճակի լինի թե՛ ապահովելու սնունդն ու ջուրը սննդառության տեսանկյունից դիտված կանոնավոր ու պատշաճ չափով ու եղանակով, թե՛ դիմագրավելու այն կարոտություններին, որոնք կապված են առաջնակարգ կարիքներին և սննդի իրական ճգնաժամերից առաջացող անհետաձգելի իրավիճակներին, որոնց պատճառ են հանդիսանում բնական աղետները կամ էլ ազգային ու միջազգային քաղաքականության անպատասխանատու մոտեցումները: Սննդի անապահովության խնդիրը հարկավոր է դիմագրավել երկարաժամկետ հեռանկարով, վերացնելով կառուցվածքային պատճառները, որոնց հետևանքն է այն հանդիսանում, և խթանելով ամենաաղքատ Պետությունների գյուղատնտեսական զարգացումը՝ ներդրումներ կատարելով գյուղական ենթակառուցվածքներում, ոռոգման համակարգերում, փոխադրամիջոցների ցանցում, շուկաների կազմակերպման գործում, գյուղատնտեսական մասնագիտական հարմար ու նպաստավոր գործելաոճի դաստիարակման և այդ կրթության տարածման համար, այսինքն՝ մասնագիտական այնպիսի հմտությունների, որոնք ընդունակ են լավագույնս գործածելու մարդկային, բնական և սոցիալ-տնտեսական այն պաշարները, որոնք հեշտորեն հասանելի են տեղական մակարդակով, այնպես՝ որ երաշխավորվի դրանց կայունությունը նաև երկար ժամանակով: Այս ամենը հարկավոր է իրականացնել տեղական հասարակությունը ևս ներգրավելով մշակելի հողի օգտագործման վերաբերյալ կատարվելիք ընտրությունների և կայացվելիք որոշումների մեջ: Այդ հեռանկարում կարող է օգտակար լինել այն նոր հորիզոններն ի նկատի առնելը և ուշադրությամբ քննելը, որոնք բացվում են գյուղատնտեսական արտադրության ավանդական և նորագյուտ մեթոդների ճիշտ կիրարկմամբ, անշուշտ ենթադրելով, որ դրանք պետք է նախապես պատշաճ կերպով փորձված լինեն և ճանաչված որպես հարմար ու նպաստավոր, շրջակա միջավայրը հարգող և բնակչության ամենաանապահով զանգվածների նկատմամբ ուշադիր: Միաժամանակ, չպետք է անտեսվի զարգացման ճանապարհին գտնվող Պետություններում գյուղատնտեսական արդար բարենորոգում կատարելու հարցը: Սննդի իրավունքը, այնպես՝ ինչպես ջրինը, կարևոր դեր են ստանձնում մյուս իրավունքների ձեռքբերման համար, սկսելով, նախևառաջ, կյանքի առաջնակարգ իրավունքից: Ուստի անհրաժեշտ է, որ հասունանա համերաշխության մի գիտակցություն, որը սնունդ և ջուր ունենալը նկատի որպես մարդկային բոլոր էակների համաշխարհային իրավունք, առանց տարբերակումների և առանց խտրականության[11]: Կարևոր է նաև ընդգծել, որ աղքատ Պետությունների զարգացմանը որպես նեցուկ հանդիսացող համերաշխության ճանապարհը կարող է համաշխարհային ներկա ճգնաժամի հաղթահարման ուղին դառնալ, ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ և միջազգային Կառույցների պատասխանատուներ վերջին ժամանակներում արդեն իսկ սկսել են զգալ ու նշմարել: Տնտեսապես աղքատ Պետությունների նկատմամբ համերաշխության ոգուց ներշնչված ֆինանսավորման ծրագրերի միջոցով նրանց օգնելով, որպեսզի իրենք հոգան գոհացում տալու սպառողական ապրանքների իրենց պահանջարկին և իրենց սեփական քաղաքացիների զարգացման հայցերին, ո՛չ միայն հնարավոր կլինի տնտեսական իրական աճ արձանագրել, այլ հնարավոր կլինի նաև նպաստել զորավիգ կանգնելու հարուստ Պետությունների արտադրողական կարողություններին, որոնք ճգնաժամի պատճառով վտանգվել են:

 

28. Մերօրյա զարգացման ամենաակնհայտ երևույթներից մեկը կյանքի հանդեպ հարգանքի թեմայի կարևորությունն է, որը ո՛չ մի կերպ չի կարող առանձնացվել ժողովուրդների զարգացմանն առընչվող հարցերից: Խոսքը վերաբերվում է մի երևույթի, որը վերջին ժամանակներում միշտ ավելի մեծ կարևորություն է ստանում, հարկադրելով մեզ ընդլայնել աղքատության և թերի զարգացածության հասկացողությունները[12] և դրանց մեջ ներառել կյանքի ընդունման հետ կապ ունեցող հարցերը, հատկապես այնտեղ՝ ուր այն ամենատարբեր եղանակներով խոչընդոտվում է:

Միայն աղքատության վիճակը չէ, որ բազմաթիվ տարածաշրջաններում մանուկների մահվան բարձր ցուցանիշների պատճառն է հանդիսանում տակավին, այլ նաև՝ աշխարհի բազմաթիվ մասերում շարունակում են տևել ժողովրդագրական հսկողության ձևեր, որ կիրառվում են ուղղակի կառավարությունների կողմից, որոնք հաճախ տարածում են հակաբեղմնավորման գաղափարն ու միջոցները և հասնում են մինչև իսկ պարտադրելու հղիության արհեստական ընդհատումը: Տնտեսապես ավելի զարգացած Պետություններում, կյանքին ընդդիմացող օրենքները մեծապես տարածված են և հասել են այլևս պայմանավորելու բարքերն ու գործնական վարքը, նպաստելով տարածելու որդեծնությանը հակառակվող մի մտածելակերպ, որն էլ հաճախ փորձում են փոխանցել նաև ա՛յլ Պետությունների, կարծես մշակութային առաջադիմության երևույթ լիներ:

Ո՛չ կառավարական որոշ Կազմակերպություններ, ապա, տենդագին աշխատում են տարածելու համար հղիության արհեստական ընդհատումը, երբեմն աղքատ Պետություններում խրախուսելով արհեստական ամլացման գործադրումը, նույնիսկ առանց հարցնելու տվյալ կանանց կարծիքը կամ լսելու նրանց կամքը: Ինչպես նաև ներկա է հիմնավորված կասկածը, որ երբեմն, զարգացմանն ուղղված օգնություններն իսկ շաղկապվում են բժշկական հստակ սահմանված քաղաքականությունների, որոնք իրենց մեջ փաստացի կերպով ներառում են որդեծնության խիստ հսկողության պարտադրանքը: Նույնքան մտահոգիչ են և՛ այն օրենսդրությունները, որոնք թույլատրում են հեշտամահությունը, և՛ ազգային ու միջազգային խմբերի ճնշումները, որոնք պահանջում են նրա իրավական ճանաչումը:

Կյանքին տրամադիր լինելը ճշմարիտ զարգացման կենտրոնում է: Երբ մի հասարակություն բռնում է կյանքի մերժման ու սպանության ուղին, վերջում հանգում է այն բանին, որ հարկավոր դրդապատճառներ և ուժեր չի գտնում այլևս՝ մարդու ճշմարիտ բարիքին ի նպաստ գործի լծվելու համար: Եթե կորսվում է նոր կյանքի ընդունման հանդեպ անձնական և հասարակական զգացմունքը, հասարակական կյանքին օգտակար ընդունելության մյուս ձևերը ևս ցամաքում են ու նվաղում[13]: Կյանքի ընդունումն ամրապնդում է բարոյական ուժերը և մարդկանց ընդունակ է դարձնում փոխադարձ օգնության: Կյանքի հանդեպ բաց տրամադրելիություն մշակելով, հարուստ ժողովուրդները կարող են ավելի լավ ըմբռնել աղքատ ժողովուրդների կարիքները, կարող են խուսափել իրենց քաղաքացիների եսապաշտական ցանկությունների բավարարման համար տնտեսական և մտավորական ահագին պաշարներ գործածելուց, և փոխարենը կարող են զարկ տալ առաքինի գործերի, որպես հեռանկար ունենալով բարոյապես առողջ ու համերաշխ արտադրությունը, հարգելով յուրաքանչյուր ժողովրդի և յուրաքանչյուր անձի հիմնական իրավունքը կյանքին:

 

29. Մերօրյա կյանքի մի ուրիշ երևույթ էլ կա, որ շատ սերտորեն կապված է զարգացմանը. կրոնական ազատության իրավունքի մերժումը: Խոսքս այն պայքարների ու բախումների մասին չէ միայն, որոնք աշխարհում տակավին առաջ են տարվում կրոնական դրդապատճառների համար, թեև երբեմն «կրոնական» անունը գործածվում է սոսկ որպես դիմակ, թաքցնելու համար ամբողջովին ա՛յլ բնույթի դրդապատճառները, ինչպիսիք են իշխանության և հարստության ծարավը: Փաստ է, որ այսօր հաճախ սպանություններ են գործվում Աստծո Սուրբ Անունով, ինչպես բազմիցս հրապարակայնորեն նշվել ու պախարակվել է իմ նախորդի՝ Հովհաննես Պողոս Երկրորդի և անձամբ իմ կողմից[14]: Բռնությունները կասեցնում են ճշմարիտ զարգացումը և խոչընդոտում են ժողովուրդների հեղաշրջմանը դեպի սոցիալ-տնտեսական և հոգևոր առավել բարեկեցիկ վիճակի: Այս ամենը հատուկ կերպով վերագրվում է արմատական հիմք ունեցող ահաբեկչությանը[15], որ ծնում է վիշտ ու ցավ, ավերածություններ ու մահ, խափանում է երկխոսությունը Ազգերի միջև և մեծամեծ պաշարներ է խլում նրանց խաղաղ և քաղաքացիական գործածումից: Հարկավոր է սակայն ավելացնել, որ կրոնական մոլեռանդությունից բացի, որն որոշակի պարագաների համատեքստում խոչընդոտում է կրոնի ազատության իրավունքի կիրառումը, բազմաթիվ Պետությունների կողմից կրոնական անտարբերության կամ գործնական անաստվածության ծրագրավորված կերպով տարածումն ու խրախուսումը ևս հակասում է ժողովուրդների զարգացման անհրաժեշտությանը, քանի որ նրանցից խլում է հոգևոր և մարդկային կենսաուժի պաշարները: Աստված մարդկային ճշմարիտ զարգացման երաշխավորն է, քանի որ մարդուն Իր պատկերով ստեղծած լինելով, հանդիսանում է նաև նրա վերանցական արժանապատվության հիմնաքարը և նրա հոգում սնուցում է «ավելին լինելու» գոյութենական բաղձանքը: Մարդը պատահականությունից առաջացած մի տիեզերքում մոլորված հյուլեներից մեկը չէ[16], այլ Աստծո արարածն է, որին Նա կամեցել է պարգևել անմահ հոգի և որին Նա ի հավիտենից սիրել է: Եթե մարդը կա՛մ պատահականության, կա՛մ էլ ինչ-որ անհրաժեշտության արդյունքը լիներ, և կամ՝ եթե իր ձգտումները պարտավոր լիներ սահմանափակելու այն իրավիճակների նեղ հորիզոնի ներսում, որոնց մեջ ինքն ապրում է, եթե ամեն ինչ սոսկ պատմություն և մշակույթ լիներ և մարդը չունենար մի բնություն, որ սահմանված է ինքն իրեն գերազանցնելու և վերանցելու մի գերբնական կյանքի մեջ, այդ դեպքում հնարավոր կլիներ խոսել աճի կամ հեղաշրջման մասին, բայց ո՛չ՝ զարգացման: Երբ Պետությունը խրախուսում, ուսուցանում կամ մինչև իսկ պարտադրում է գործնական անաստվածության կերպեր, իր քաղաքացիներից խլում է բարոյական և հոգևոր այն ուժը, որն անհրաժեշտ է մարդկային ամբողջական զարգացմանն ի նպաստ գործի լծվելու համար, և արգելակում ու չի թույլատրում նրանց՝ վերանորոգ եռանդով առաջադիմել Աստվածային Սիրույն մարդկային մի առավել վեհանձն պատասխան տալու իրենց հանձնառության մեջ [17]: Պատահում է նաև, որ տնտեսապես զարգացած կամ միջին զարգացածության Պետությունները, աղքատ Պետությունների հետ ունեցած իրենց մշակութային, առևտրական և քաղաքական հարաբերությունների ենթատեքստում արտահանում են մարդու և նրա վախճանի վերաբերյալ այս նվազական տեսությունը: Սրանում է կայանում այն վնասը, որ «գերզարգացածությունը»[18] պատճառում է իրական զարգացմանը, երբ նրան ընկերանում է «բարոյական թերզարգացածությունը»[19]:

 

30. Այս ուղղությամբ, մարդու ամբողջական զարգացման թեման ստանում է մի է՛լ ավելի բաղադրյալ տարողություն. նրա բազմաթիվ տարրերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունը պահանջում է գործի լծվել՝ մարդկային իմացականության և գիտելիքի տարբեր մակարդակները փոխազդեցության ու համագործակցության մեջ դնելու համար, որպես նպատակակետ ունենալով ժողովուրդների ճշմարիտ զարգացման խթանումը: Հաճախ կարծվում է, որ զարգացման կամ նրան առընչվող սոցիալ-տնտեսական միջոցառումների միակ պահանջն այն է, որ դրանք իրականացվեն որպես ընդհանուր գործակցության արդյունք: Այդ ընդհանուր գործակցությունը, սակայն, ուղղորդվելու և կողմնորոշում ստանալու կարիքն ունի, քանի որ «սոցիալական յուրաքանչյուր գործողություն ենթադրում է մի ուսմունք»[20]: Հաշվի առնելով խնդիրների բաղադրյալ ու բազմամասն լինելը, ակնհայտ է, որ տարբեր գիտությունները պետք է համագործակցեն գիտելիքների համակարգված փոխանակման միջոցով: Սերը չի բացառում կամ մերժում գիտելիքը, մանավանդ թե՝ պահանջում է այն, խրախուսում և այն կենագործում է ներքուստ: Գիտելիքը երբեք միմիայն մտքի գործը չէ: Անշուշտ, կարող է վերածվել հաշվարկների ու փորձարկումների, բայց եթե կամենում է հանդես գալ որպես իմաստություն, որն ընդունակ է կողմնորոշելու մարդուն առաջին սկզբունքների և վերջին նպատակների լույսի ներքո, այն պետք է ''համեմվի'' սիրո «աղով»: Գործունեությունը կույր է առանց գիտելիքի, իսկ գիտելիքն ամուլ է առանց սիրո: Իրոք, «ով իր կենսական ուժերը ստանում է ճշմարիտ սիրուց, հնարամիտ է թշվառության պատճառները բացահայտելու, դրանց դեմ պայքարելու միջոցները գտնելու և վճռակամորեն հաղթելու գործում»[21]: Մեր առջև ծառացած երևույթների դիմաց, սերը ճշմարտության մեջ նախևառաջ պահանջում է ճանաչել և հասկանալ, գիտակցելով և հարգելով գիտության յուրաքանչյուր մակարդակի ու հարթության ինքնահատուկ ձեռնհասություններն ու իրավասությունները: Սերը հետագա հավելում չէ, գրեթե մի կցորդ՝ գիտության տարբեր ճյուղերի կողմից արդեն ավարտին հասցված աշխատանքին, այլ ավելի՝ նրանց հետ երկխոսում է սկզբից ևեթ: Սիրո պահանջները չեն հակասում բանականության պահանջներին: Մարդկային գիտելիքներն անբավարար են և գիտությունների կողմից կատարված եզրակացությունները միայնակ չեն կարող մատնանշել դեպի մարդու ամբողջական զարգացումն ուղղված ճանապարհը: Միշտ էլ հարկավոր է մղվել ավելի անդին. դա է պահանջում սերը ճշմարտության մեջ[22]: Գնալ անդին, սակայն, երբեք չի նշանակում հաշվի չառնել բանականության եզրակացությունները, ո՛չ էլ նշանակում է հակասել նրա արդյունքներին: Չկա՛ նախ բանականությունը, ապա՝ սերը. կա բանականությամբ հարուստ սերը և սիրով լի բանականությունը:

 

31. Սա նշանակում է, որ բարոյական արժևորումները և գիտական պրպտումները պետք է միասին զարգանան, իսկ սերը պետք է կենագործի դրանք գիտելիքների փոխանակման մի ներդաշնակ ամբողջության միջավայրում. ամբողջություն, որ բաղկացած է միությունից և տարբերակումից: Եկեղեցու սոցիալական ուսմունքը, որն ունի «տարբեր գիտությունների միջև փոխգործակցության կարևոր տարողություն»[23], այս հեռանկարում կարող է արտասովոր արդյունավետության դերակատարում ունենալ: Այն հնարավորություն է տալիս հավատքին, աստվածաբանությանը, մետաֆիզիկային և գիտություններին գտնել իրենց տեղը մարդու ծառայությանն ուղղված համագործակցության ներսում: Հատկապես այստեղ է, որ Եկեղեցու սոցիալական ուսմունքը գործի է դնում իր իմաստասիրական տարողությունը: Պողոս Վեցերորդը պարզորոշ տեսել էր, որ թերի զարգացածության պատճառներից մեկը դա իմաստության, խորհրդածության, կողմնորոշիչ համադրություն կատարելու ընդունակ մտքի պակասն է[24], որի համար պահանջվում է «տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր բոլոր երևույթների շուրջ հստակ տեսություն»[25]: Գիտելիքների չափազանց մասնատվածությունները[26], մարդկային գիտությունների փակվածությունը մետաֆիզիկայի դիմաց[27], գիտությունների և աստվածաբանության միջև երկխոսության դժվարությունները վնասում են ո՛չ միայն գիտության զարգացմանը, այլ նաև ժողովուրդների զարգացմանը, որովհետև, երբ ստեղծվում է նման իրավիճակ, խոչընդոտվում է մարդու ամբողջական բարիքի տեսությունն այն տարբեր տարողություններով, որոնցով այն բնորոշվում է: «Բանականության և նրա գործածման մեր գաղափարի ընդլայնումը»[28] անհրաժեշտ է զարգացման հարցի և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բոլոր եզրերը պատշաճ կերպով կշռելու գործում հաջողություն գտնելու համար:

 

32. Մեծ նորությունները, որոնք այսօր ներկայանում են ժողովուրդների զարգացման շրջանակում, բազմաթիվ դեպքերում մեր առջև դնում են նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: Դրանք հարկավոր է փնտրել յուրաքանչյուր իրականությանը բնորոշ օրենքների հանդեպ հարգանքով և, միաժամանակ, մարդու վերաբերյալ ամբողջական տեսության լույսի ներքո, որն արտացոլի մարդկային անձի շուրջ տարբեր տեսակետները, դիտված՝ սիրո զորությամբ մաքրագործված հայացքով: Այդպիսի դեպքում միայն կբացահայտվեն եզակի զուգամերձություններ և լուծման կոնկրետ հնարավորություններ, առանց մարդկային կյանքի հիմնական բաղադրամասերից որևէ մեկից հրաժարվելու:

Մարդու արժանապատվությունը և արդարության հրամայականները պահանջում են, որ, հատկապես այսօր, տնտեսական որոշումները չափազանց և բարոյապես անընդունելի կերպով չավելացնեն հարստության տարբերությունները[29], և որ շարունակվի որպես առաջնակարգ նպատակակետ հետապնդվել աշխատանքով ապահովումը կամ արդեն ունեցած աշխատանքի պահպանումը, բոլորի՛ համար: Ցայտուն կերպով ակնհայտ է, որ սա է պահանջում նաև «տնտեսական մտածելակերպը»: Միևնույն Պետության ներսում ապրող սոցիալական տարբեր խմբերի միջև և տարբեր Պետությունների ժողովուրդների միջև համակարգված կերպով ավելացող անհավասարությունները, այսինքն՝ համեմատական կարգով աղքատության զանգվածային աճը, ո՛չ միայն ձգտում է քայքայելու հասարակական կապերի ամրությունը, այսպիսով վտանգի ենթարկելով նաև ժողովրդավարությունը, այլ՝ տնտեսական հարթության վրա ևս ունի բացասական հետևանքներ, «սոցիալական կապիտալի» աստիճանական քայքայման միջոցով, այսինքն՝ վստահության, վստահելիության, կանոնների հանդեպ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների այն ամբողջության, որոնք անհրաժեշտ են քաղաքակիրթ որևէ համատեղ կենցաղավարության համար:

Տնտեսական գիտությունն է կրկին ասում մեզ, որ անապահովության կառուցվածքային իրավիճակը ծնում է հակաարտադրողական և մարդկային ներուժի վատնման դիրքորոշումներ, քանի որ աշխատողը ձգտում է կրավորական կեցվածքով հարմարվելու ինքնաշխատ մեքենայականությանը, փոխանակ ազատ արձակելու իր ստեղծագործ կարողությունները: Այս կետում ևս զուգամերձություն գոյություն ունի տնտեսական գիտության և բարոյական գնահատման միջև: Մարդկային գինը միշտ նաև տնտեսական գին է, իսկ տնտեսական գործունեության անկանոնությունները միշտ նաև մարդկային գին են վճարել տալիս:

Հարկավոր է, ապա, հիշեցնել, որ մշակույթների իմաստազրկումը և դրանց համապատասխանեցումը սոսկ տեխնոլոգիական բնագավառին, եթե կարճ ժամանակամիջոցում կարող է նպաստել շահ ստանալու գործառույթներին, երկար ժամանակամիջոցում խոչընդոտում է փոխադարձ հարստացմանը և ուժերի ուղղվածությանը դեպի համագործակցություն: Կարևոր է միմյանցից տարբերել տնտեսական կամ հասարակագիտական կարճաժամկետ և երկարաժամկետ գնահատումները: Պետության համար միջազգային առավել մրցողունակության վարկանիշ ձեռքբերելու նպատակով աշխատավորների իրավունքների պաշտպանության մակարդակի իջեցումը կամ հասույթի վերաբաշխման մեխանիզմներից հրաժարվելը խոչընդոտում են երկարաժամկետ զարգացման հիմնավորմանը: Հարկավոր է, ուստի, ուշադրությամբ գնահատել այն բոլոր հետևանքները, որոնք անձանց վրա ունեն կամ ունենալու են ներկայիս ձգտումները դեպի կարճաժամկետ, երբեմն նաև չափազանց կարճաժամկետ տնտեսությունը: Այս ամենը պահանջում է մի նոր և խորացված խորհրդածություն կատարել տնտեսության և նրա նպատակների իմաստի ու նշանակության շուրջ[30], ինչպես նաև՝ խորը և հեռատես վերանայման ենթարկել զարգացման ներկա նախագիծը, գոյություն ունեցող անկանոնություններն ու շեղումները սրբագրելու համար: Սա պահանջում է, իրականում, երկրագնդի էկոլոգիական առողջության վիճակը. իսկ ամեն ինչից ավելի, սա պահանջն է մարդու մշակութային և բարոյական ճգնաժամի, որի ախտանշանները երկար ժամանակ է արդեն, որ ակնհայտ են աշխարհի ամեն անկյունում:

 

33. «Populorum progressio»ի հրապարակումից ավելի քան քառասուն տարի անց, նրա հիմնական թեման հանդիսացող զարգացումը տակավին շարունակում է մնալ որպես բաց խնդիր, որն առավել սուր ու ստիպողական է դարձել ներկայիս տնտեսական-ֆինանսական ճգնաժամի պատճառով: Եթե երկրագնդի որոշ տարածաշրջաններ, որոնք մի ժամանակ կքված էին աղքատության ծանր լծի ներքո, տնտեսական աճի և համաշխարհային արտադրությանը մասնակցելու առումով նկատելի փոփոխություններ են գրանցել, ա՛յլ տարածաշրջաններ դեռևս ապրում են Պողոս Վեցերորդի ժամանակ գոյություն ունեցող թշվառ չքավորությանը համեմատելի վիճակում, մանավանդ թե՝ որոշ դեպքերում կարելի է խոսել նույնիսկ վատթարացման մասին: Հատկանշական է, որ այս իրավիճակի պատճառներից ոմանք ճշգրիտ կերպով արդեն մատնանշվել էին «Populorum progressio»ի էջերում, ինչպես, օրինակի համար, տնտեսապես զարգացած Պետությունների կողմից սահմանված մաքսային բարձր տուրքերը, որոնք մինչև օրս էլ արգելք են հանդիսանում աղքատ Պետություններում արտադրվող ապրանքների ներմուծմանը հարուստ Պետությունների շուկա: Ուրիշ պատճառներ, մինչդեռ, որոնց ինքնությունը Կոնդակում միայն ուրվագծվել էր, հետագայում ի հայտ եկան առավել տեսանելի կերպով: Սա գաղութատիրության ավարտին առընչվող գործընթացի գնահատման պարագան է, որն այն ժամանակ առաջ էր գնում իր ողջ թափով: Պողոս Վեցերորդը մաղթում էր գործի դնել ինքնուրույն մի գործընթաց, որը պետք է կատարվեր ազատության և խաղաղության ընկերակցությամբ: Ավելի քան քառասուն տարի անց, պետք է ընդունենք, թե որքա՜ն դժվարին եղավ այս գործընթացը, լինի՛ գաղութատիրության նոր ձևերի և գերիշխող հին ու նոր Պետություններից կախվածության, լինի՛ այդ նույն նորանկախ Պետությունների ներսում ի հայտ եկած ծանր անպատասխանատվությունների պատճառով:

Գլխավոր նորությունը եղել է համաշխարհային փոխկախվածության բուռն առաջխաղացումը, որն այժմ սովորաբար այլևս հայտնի է իր «globalization» անվամբ: Պողոս Վեցերորդն այն մասամբ արդեն նախատեսել էր, բայց սահմաններն ու սաստիկ ուժգնությունը, որոնցով այն հեղաշրջվեց, իրոք զարմանալի են: Տնտեսապես զարգացած Պետությունների ներսում ծնվելով, այս գործընթացն իր էությամբ իսկ պատճառեց բոլոր տնտեսությունների ներքաշումը իր գործընթացի մեջ: Այն հանդիսացավ որպես ամբողջ տարածաշրջաններ թերի զարգացածությունից դուրս բերելու գլխավոր շարժիչ ուժը և ինքնըստինքյան ներկայանում է որպես մի մեծ պատեհություն: Այնուամենայնիվ, առանց Ճշմարտության մեջ Սիրո առաջնորդության, այս համաշխարհային հոսանքը կարող է նպաստել ստեղծելու մինչև այժմ անծանոթ վնասների վտանգներ և նոր բաժանումներ մարդկային ընտանիքի ներսում: Այս իսկ պատճառով, Սերը և Ճշմարտությունը մեզ դնում են լիովին նոր ու ստեղծագործ հանձնառության դիմաց, որն անշուշտ շատ ընդարձակ է ու բազմամասն: Խոսքը վերաբերվում է բանականությունն ընդարձակելուն և այն կարող դարձնելուն՝ ճանաչելու և կողմնորոշելու այս մեծղի նոր ուժերը, ոգևորելով դրանք այն «սիրո քաղաքակրթության» հեռանկարով, որի սերմն Աստված ցանել է յուրաքանչյուր ժողովրդի, յուրաքանչյուր մշակույթի մեջ:

[1] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 28: AAS 80 (1988), 548-550.
[2] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 9: AAS 59 (1967), 261-262.
[3] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 20: AAS 80 (1988), 536-537.
[4] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 22-29: AAS 73 (1981), 819-830.
[5] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 23.33: AAS 59 (1967), 268-269.273-274.
[6] Հմմտ. Լևոն ԺԳ, Կոնդակ «Rerum novarum»: Leonis XIII P.M. Acta, XI, Romae 1892, 135.
[7] Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 63.
[8] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 24: AAS 73 (1981), 821-822.
[9] Հմմտ. Նույն, Կոնդակ «Veritatis splendor», 33.46.51: AAS 85 (1993), 1160.1169-1171.1174-1175; Նույն, «Ճառ Միացյալ Ազգերի Կազմակերպության Ընդհանուր Համաժողովին, ՄԱԿ-ի հիմնման հիսնամյակի կապակցությամբ» (5 Հոկտեմբեր 1995), 3: Insegnamenti XVIII, 2 (1995), 732-733.
[10] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 47: AAS 59 (1967), 280-281; Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 42: AAS 80 (1988), 572-574.
[11] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2007 թվականի Սննդի Միջազգային Օրվա կապակցությամբ»: AAS 99 (2007), 933-935.
[12] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Evangelium vitae», 18.59.63-64: AAS 87 (1995), 419-421.467-468.472-475.
[13] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2007 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 5: Insegnamenti II, 2 (2007), 778.
[14] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 2002 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 4-7.12-15: AAS 94 (2002), 134-136.138-140; Նույն, «Պատգամ 2004թ. Խ.Մ.Օ. կապակցությամբ», 8: AAS 96 (2004), 119; Նույն, «Պատգամ 2005թ. Խ.Մ.Օ. կապակցությամբ», 4: AAS 97 (2005), 177-178; Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2006թ. Խ.Մ.Օ. կապակցությամբ», 9-10: AAS 98 (2006), 60-61; Նույն, «Պատգամ 2007թ. Խ.Մ.Օ. կապակցությամբ», 5.14: Insegnamenti II, 2 (2007), 778.782-783.
[15] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 2002թ. Խ.Մ.Օ. կապակցությամբ», 6: AAS 94 (2002), 135; Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2006թ. Խ.Մ.Օ. կապակցությամբ», 9-10: AAS 98 (2006), 60-61.
[16] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Քարոզ Ռեգենսբուրգի ''Իզլինգեր Ֆելդ''ում ծիսակատարված Սուրբ Պատարագի ընթացքում» (12 Սեպտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 252-256.
[17] Հմմտ. Նույն, Կոնդակ «Deus caritas est», 1: AAS 98 (2006), 217-218.
[18] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 28: AAS 80 (1988), 548-550.
[19] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 19: AAS 59 (1967), 266-267.
[20] Նույն, թիվ 39: AAS 59 (1967), 276-277.
[21] Նույն, թիվ 75: AAS 59 (1967), 293-294.
[22] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Deus caritas est», 28: AAS 98 (2006), 238-240.
[23] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 59: AAS 73 (1981), 864.
[24] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 40.85: AAS 59 (1967), 277.298-299.
[25] Նույն, թիվ 13: AAS 59 (1967), 263-264.
[26] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Fides et ratio», 85: AAS 91 (1999), 72-73.
[27] Հմմտ. Նույն, թիվ 83: AAS 91 (1999), 70-71.
[28] Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Ռեգենսբուրգի Համալսարանում» (12 Սեպտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 265.
[29] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 33: AAS 59 (1967), 273-274.
[30] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 2000 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 15: AAS 92 (2000), 366.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։