Գլուխ Դ. - Ժողովուրդների զարգացում, իրավունքներ և պարտականություններ, շրջակա միջավայր – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Դ. - Ժողովուրդների զարգացում, իրավունքներ և պարտականություններ, շրջակա միջավայր

43. «Միջազգային համերաշխությունը, որ եղելություն է և մեր համար՝ բարիք ու բարերար երախտիք, նաև պարտականություն է»[1]: Բազմաթիվ անձինք այսօր ձգտում են մշակել այն անհեթեթ ու հավակնոտ պահանջը, թե իբր ոչինչ պարտական չեն ոչ ոքի, բացի իրենք իրենցից: Համարում են, թե իբր սեփականատերն են միայն իրավունքների և հաճախ մեծ դժվարությունների են հանդիպում՝ իրենց սեփական և ուրիշների ամբողջական զարգացման համար պատասխանատվության զգացում հասունացնելու գործում: Այս իսկ պատճառով, կարևոր է հետամուտ լինել կատարելու մի նոր խորհրդածություն այն հարցի շուրջ, թե ինչպես իրավունքները ենթադրում են նաև պարտականություններ, առանց որոնց վերածվում են քմահաճ կամքի[2]: Այսօր ականատես ենք լինում մի ծանր հակասության: Մինչ, մի կողմից, պահանջվում են կամայական և հեշտասիրական բնույթի ենթադրյալ իրավունքներ, հավակնելով դրանք ճանաչել և խրախուսել տալ հանրային կառույցների կողմից, մյուս կողմից՝ կան տարրական և հիմնական իրավունքներ, որոնք չճանաչված և ոտնահարված են մարդկության մի ահագին մասի նկատմամբ[3]: Հաճախ նկատվել է, որ ուղիղ հարաբերություն գոյություն ունի մի կողմից մեծահարուստ հասարակություններում ավելորդի կամ մինչև իսկ օրինազանցության և ախտերի ու մոլությունների նկատմամբ իրավունք պահանջելու, իսկ մյուս կողմից՝ աշխարհի թերի զարգացած որոշ տարածաշրջաններում և նաև մեծ քաղաքների արվարձաններում սննդի, խմելու ջրի, հիմնական կրթության կամ առողջապահական տարրական խնամքների պակասի միջև: Հարաբերությունը կայանում է նրանում, որ անհատի իրավունքները, դուրս գալով պարտականությունների շրջանակից, որոնց ներսում ստանում են ամբողջական իմաստ, խենթանում են և սնուցում են գործնականում անսահմանափակ և դատանիշներից զուրկ պահանջների մի շղթա: Իրավունքների չափազանցվածությունը հանգում է պարտականությունների մոռացության: Պարտականությունները գծում են իրավունքների սահմանները, քանի որ հղում են մարդաբանական և էթիկական այն շրջանակին, որի ճշմարտության ներսում իրավունքները նույնպես գտնում են իրենց տեղը և, այդպիսով, չեն վերածվում քմահաճ կամայականության: Այս իսկ պատճառով, պարտականություններն ամրապնդում են իրավունքները և նրանց պաշտպանությունն ու խթանումը առաջադրում են որպես մի հանձնառություն, որը պետք է ստանձնվի բարուն ի ծառայություն: Մինչդեռ եթե մարդու իրավունքներն իրենք հիմքը գտնում են քաղաքացիների մի հավաքի կողմից կայացված վճիռների ու որոշումների մեջ, դրանք կարող են փոխվել ցանկացած պահի և, հետևաբար, դրանք հարգելու և դրանց հետևելու պարտականությունը թուլանում է հասարակաց գիտակցության մեջ: Կառավարություններն ու միջազգային Կազմակերպություններն այնժամ կարող են մոռանալ իրավունքների առարկայականությունն ու «անտրամադրելիություն»ը: Երբ դա տեղի է ունենում, վտանգի տակ է դրվում ժողովուրդների ճշմարիտ զարգացումը[4]: Նման վարվելակերպերը վնաս են հասցնում միջազգային Կազմակերպությունների հեղինակությանը, հատկապես այն Պետությունների աչքին, որոնք առավել մեծ կարիքն ունեն զարգացման: Նրանք, հիրավի, պահանջում են, որ միջազգային հանրությունը որպես պարտականություն հանձն առնի իրենց օգնելու գործը, որպեսզի իրենք լինեն «իրենց ճակատագիրը կերտողները»[5], այսինքն՝ որպեսզի իրենք էլ իրենց հերթին հանձն առնեն պարտականություններ: Փոխադարձ պարտականությունների բաժնեկցությունը շատ ավելի է գործի ու շարժման մեջ դնում, քան միայն իրավունքների պահանջը:

 

44. Զարգացման գործընթացում իրավունքների և պարտականությունների գաղափարը պետք է հաշվի առնի նաև այն խնդիրները, որոնք կապված են ժողովրդագրական աճին: Խոսքը ճշմարիտ զարգացման շատ կարևոր հարցերից մեկի մասին է, քանի որ վերաբերվում է կյանքի և ընտանիքի անհրաժեշտ արժեքներին[6]: Բնակչության թվի աճը նկատել որպես թերի զարգացածության առաջին պատճառ՝ սխալ է, նաև տնտեսական տեսանկյունից դիտված. բավական է մտածել, մի կողմից, մանուկների մահվան թվի կարևոր նվազման և կյանքի միջին տևողության աճի մասին, որ գրանցվում է տնտեսապես զարգացած Պետություններում, իսկ մյուս կողմից՝ ճգնաժամի նշանների մասին, որոնք ակնհայտ են հասարակություններում, ուր գրանցվում է ծնունդների մտահոգիչ նվազում: Պարզորեն և տրամաբանականորեն պարտավորիչ է մնում հարկ եղած ուշադրությունն ընծայել գիտակից որդեծնության հարցին, որն, իմիջիայլոց, հանդիսանում է որպես մարդկային ամբողջական զարգացման գործնական արդյունավետ նպաստներից մեկը: Եկեղեցին, որի սրտին մոտ է մարդու ճշմարիտ զարգացումը, նույն ինքն մարդուն հորդորում և հանձնարարում է լիակատար հարգանք տածել մարդկային արժեքների նկատմամբ նաև սեռականության գործածման հարցում. ճիշտ չէ վերածել այն սոսկ հաճոյապաշտական և խաղային իրողության, այնպես՝ ինչպես որ ճիշտ չէ սեռային դաստիարակությունը վերածել սոսկ տեխնիկական ուսուցման, որպես միակ մտահոգություն ունենալով կողմերին պաշտպանել հնարավոր վարակներից կամ որդեծնության «վտանգ»ից: Դա հավասարազոր կլիներ սեռականության խորին իմաստն ու նշանակությունը աղքատացնելու և անուշադրության մատնելու, որոնք, ընդհակառակն, պետք է ճանաչվեն և գիտակից պատասխանատվության զգացումով հանձն առնվեն ինչպես անհատի, այնպես էլ հասարակության կողմից: Գիտակից պատասխանատվության զգացումն, հիրավի, չի թույլատրում ո՛չ նկատել սեռականությունը պարզապես իբրև հաճույքի աղբյուր, ո՛չ էլ այն կանոնավորել ծնունդների բռնի պարտադրված ծրագրավորման քաղաքականությամբ: Երկու դեպքում էլ գտնվում ենք նյութապաշտական մոտեցումների ու քաղաքականությունների դիմաց, որոնցում անձինք վաղ թե ուշ ենթարկվում են բռնության տարբեր տեսակների: Այս ամենին հարկավոր է հակադրել այս մարզում ընտանիքների առաջնակարգ իրավասությունն[7] ընդդեմ Պետության և նրա կաշկանդող քաղաքականությունների, ինչպես նաև՝ ծնողների հարմար ու նպաստավոր կրթությունն ու իրազեկումը:

Կյանքի հանդեպ բարոյապես գիտակից և պատասխանատու տրամադրվածությունը սոցիալական և տնտեսական հարստություն է: Մեծ Ազգերը կարողացան դուրս գալ չքավորությունից նաև իրենց բնակիչների մեծ թվի և կարողությունների շնորհիվ: Ընդհակառակն, երբեմնի բարգավաճ Ազգերն այսօր անորոշության, իսկ որոշակի դեպքերում ուղղակի անկման փուլ են ապրում հենց ծնունդների սակավության պատճառով, որն արդեն ճակատագրական խնդրի է վերածվել առավել բարեկեցիկ հասարակությունների համար: Ծնունդների նվազումը, որոնց թիվն երբեմն ավելի ցածր է, քան այսպես կոչված «փոխարինման ցուցանիշ»ը, ճգնաժամի մեջ է դնում նաև սոցիալական օժանդակության համակարգերը, ավելացնում է դրա հետ կապված ծախսերը, կասեցնում է խնայողությունների կուտակումը և հետևաբար՝ ներդրումներ կատարելու համար հարկավոր ֆինանսական պաշարների ձևավորումը, նվազեցնում է որակավոր աշխատավորների քանակը, սեղմում և սահմանափակում է «ուղեղների» ավազանը, որից օգտակարություն է քաղվում Ազգի կարիքների համար: Ինչպես նաև, սակավանդամ, իսկ երբեմն՝ չափազանց սակավանդամ ընտանիքները ենթակա են հասարակական հարաբերություններն աղքատացնելու և համերաշխության արդյունավետ կերպեր չերաշխավորելու վտանգին: Սրանք իրավիճակներ են, որ ներկայացնում են ապագայի նկատմամբ սակավ վստահության, ինչպես նաև՝ բարոյական հոգնածության ախտանիշներ: Այսպիսով, հասարակական և մինչև իսկ տնտեսական անհրաժեշտություն է դառնում նոր սերունդներին կրկին անգամ ներկայացնել ընտանիքի և ամուսնության գեղեցկությունը, դրանց համապատասխանությունը սրտի ամենախոր պահանջներին և անձի արժանապատվությանը: Այս առումով, Պետությունների պարտավորությունն է որդեգրել և առաջ տանել այնպիսի քաղաքականություն, որը շեշտը կդնի ընտանիքի կենտրոնականության ու անաղարտության վրա, ընտանիք՝ որն հիմնված է այր ու կնոջ միջև ամուսնության վրա և հանդիսանում է հասարակության առաջին և կենսական բջիջը[8], հոգատարություն դրսևորելով նաև ընտանիքների տնտեսական և հարկային խնդիրների նկատմամբ, հարգելով նրա բնույթն ու էությունը, որ հիմնված է մարդկային հարաբերությունների վրա:

 

45. Անձի բարոյական ամենախորին պահանջներին համապատասխանելը կարևոր և բարերար հետևանքներ է ունենում նաև տնտեսական ոլորտի վրա: Տնտեսությունն, իրոք, կանոնավոր աշխատելու համար էթիկայի կարիքն ունի. ո՛չ թե մի որևէ էթիկայի, այլ մի էթիկայի, որն անձի նկատմամբ բարյացակամ տրամադրված լինի: Այսօր շատ է խոսվում էթիկայի մասին տնտեսական, ֆինանսական, գործարանային ասպարեզներում և աշխատանքի զանազան ա՛յլ միջավայրերում: Ծնվում են «business ethics»ի ուսումնասիրման Կենտրոններ և ուսումնական ծրագրեր. ավելի առաջադեմ աշխարհում տարածում է գտնում էթիկական վկայագրումի համակարգը, հետևելով գաղափարների շարժման այն ուղուն, որն առաջ եկավ ձեռնարկության սոցիալական պատասխանատվության զգացումի շուրջ: Դրամատներն առաջարկում են այսպես կոչված «էթիկական» հաշվեհամարներ և ներդրումներ: Զարգանում է մի «էթիկական ֆինանս», հատկապես միկրոկրեդիտի և, ավելի ընդհանուր առմամբ, միկրոֆինանսի միջոցով: Այս գործընթացները գնահատանք են հարուցում և արժանի են լիովին պաշտպանվելու: Նրանց դրական արդյունքները զգալի են նաև աշխարհի նվազ զարգացած շրջաններում: Այսուամենայնիվ, լավ կլիներ մշակել նաև դատողության վավերական մի չափանիշ, քանի որ նկատվում են «էթիկական» ածականի չարաշահման դեպքեր, երբ վերացական ու անորոշ ձևով գործածվելով՝ այն հարմարեցվում է իմաստավորելու միմյանցից նաև շատ տարբեր բովանդակություններ, այն աստիճան, որ իր հովանու ներքո անցկացվել են տրվում որոշումներ և ընտրություններ, որոնք դեմ են արդարությանն ու մարդու իրական բարիքին:

Իրոք, շատ բան կախում ունի բարոյական այն համակարգից, որին տվյալ հասարակությունը կամ անհատները հետևում են: Այս հարցի վերաբերյալ, Եկեղեցու սոցիալական ուսմունքն իր յուրահատուկ նպաստն ունի տալիք, որն հիմնվում է «Աստծո պատկերով» մարդու արարման վրա (Ծնդ 1, 27), մի տվյալ, որից բխում է մարդկային անձի անձեռնմխելի արժանապատվությունը, ինչպես նաև՝ բնական բարոյական կանոնների վերանցական արժեքը: Տնտեսական մի էթիկա, որն ի նկատի չի առնի այս երկու հենասյուները, անխուսափելիորեն կենթարկվի սեփական իմաստի ու նշանակության իրեն բնորոշ նրբերանգները կորցնելու վտանգին և հարմար միջոց կդառնա չարաշահումների ու նենգ գործածության համար. առավել ճշգրիտ կերպով, կենթարկվի գոյություն ունեցող տնտեսական-ֆինանսական համակարգերին ծառայող գործիք դառնալու վտանգին, փոխանակ դառնալու նրանց անկանոնություններն ուղղող գործիք: Ինչպես նաև, ի վերջո կհասնի արդարացնելու ֆինանսավորումը նաև այնպիսի ծրագրերի, որոնք էթիկական չեն ընդհանրապես: Հարկավոր է, ապա, «էթիկական» բառին չդիմել գաղափարախոսական գետնի վրա խտրականություն բանեցնող եղանակով, հասկացնելով, թե իբր էթիկական չեն այն նախաձեռնությունները, որոնք պաշտոնական կերպով չեն կրում այդ որակավորումը: Հարկավոր է բոլոր միջոցները գործածել – դիտողությունն այստեղ էակա՛ն է – ո՛չ միայն որպեսզի ծնվեն տնտեսության կամ ֆինանսների «էթիկական» մասնաճյուղեր կամ հատվածներ, այլ՝ որպեսզի ո՛ղջ տնտեսությունը և ո՛ղջ ֆինանսները լինեն էթիկական, և այդպիսին լինեն ո՛չ թե դրսից պիտակավորվելով, այլ իրենց իսկ բնույթի ու էության ներքին պահանջները հարգելով: Այս հարցի վերաբերյալ պարզորոշ է արտահայտվում Եկեղեցու սոցիալական ուսմունքը, որն հիշեցնում է, որ տնտեսությունը, իր բոլո՛ր մասնաճյուղերով, մարդկային գործունեության բնագավառներից մեկն է[9]:

 

46. Ի նկատի առնելով նյութերը, որոնք վերաբերվում են ձեռնարկության և էթիկայի միջև հարաբերությանը, ինչպես նաև՝ հեղաշրջումը, որի հոլովույթում է գտնվում արտադրական համակարգը, թվում է, թե «շահ հետապնդող» ձեռնարկությունների (profit) և «շահ չհետապնդող» կազմակերպությունների (non profit) միջև մինչև այժմ գործածված բաժանումն այլևս ի զորու չէ ներկայացնելու իրականության ամբողջական պատկերը, ո՛չ էլ՝ արդյունավետ կերպով կողմնորոշելու ապագան: Վերջին տասնամյակներում հայտնվել և միշտ ավելի տեսանելի է դարձել միջանկյալ մի ընդարձակ գոտի ձեռնարկությունների այս երկու տեսակների միջև: Այդ գոտուն մաս են կազմում առաջին հերթին այնպիսի ձեռնարկություններ, որոնք ավանդական նկարագիր ունեն, սակայն կնքում են կարիքավոր Պետություններին օգնելու դաշինք. երկրորդ հերթին, մաս են կազմում այն հիմնադրամները և դրանք տնօրինող հիմնարկները, որոնք առանձին ձեռնարկությունների բարեգործական կամքի արտահայտությունն են. երրորդ, մի քանի ձեռնարկություններից կազմված խմբերը, որոնք հետապնդում են հասարակական-սոցիալական օգտակարության նպատակներ. չորրորդ, այսպես կոչված քաղաքակիրթ և հաղորդության տնտեսության ենթակաների բազմազան աշխարհը: Խոսքը չի վերաբերվում պարզապես մի «երրորդ հատված»ի, այլ մի նոր, ընդարձակ և բաղադրյալ իրականության, որն ընդգրկում է սեփականն ու հանրայինը և որը չի բացառում շահը, այլ՝ այն նկատում է որպես գործիք և միջոց՝ իրականացնելու համար մարդկային և սոցիալական նպատակներ: Հարցը, թե այս ձեռնարկություններն իրենց եկամուտներն իրականում բաշխում են թե ո՛չ, և կամ թե ստանձնում են իրավական կանոնների կողմից նախատեսված ձևակերպումներից այս մեկը կամ այն մյուսը, այս ամենը դառնում է երկրորդական՝ նկատմամբ իրենց պատրաստակամության՝ շահն ընկալելու որպես գործիք և միջոց՝ հասնելու համար շուկայի և հասարակության մարդկայնացման նպատակներին: Մաղթելի է, որ ձեռնարկության այս նոր տեսակները բոլոր Պետություններում գտնեն նաև համապատասխան իրավական և հարկային ձևակերպում: Ոչինչ չխլելով ձեռնարկության ավանդական ձևերի տնտեսական և սոցիալական կարևորությունից ու օգտակարությունից, նրանք հեղաշրջում են համակարգը դեպի պարտականությունների ավելի հստակ ու ամբողջական ստանձնում տնտեսական ենթակաների կողմից: Ո՛չ միայն: Ձեռնարկության իստիտուցիոնալ կերպերի հոգնակիությունն է ինքնին, որ ծնում է մի շուկա, որն ավելի քաղաքակիրթ է և միաժամանակ՝ ավելի մրցակցական:

 

47. Ձեռնարկության տարբեր տեսակների հզորացումը, հատկապես այնպիսիների, որոնք ընդունակ են ընկալելու շահը որպես միջոց և գործիք՝ հասնելու համար շուկայի և հասարակության մարդկայնացման նպատակներին, պետք է հետապնդվի նաև այն Պետություններում, որոնք ցավալիորեն ենթակա են համաշխարհային տնտեսության շրջանակներից բացառման կամ անտեսման, որտեղ շատ կարևոր է գործել համապատասխան կերպով մտահղացված և տնօրինված օժանդակության ծրագրերով, որոնք հետամուտ լինեն ամրապնդելու իրավունքները, միշտ նախատեսելով, սակայն, նաև համապատասխան պատասխանատվությունների հանձնառումը: Զարգացման համար կատարվող ձեռնարկներում պետք է պաշտպանված լինի մարդկային անձի կենտրոնականության սկզբունքը, քանի որ մարդն է այն ենթական, որն առաջնակարգ կերպով պետք է ստանձնի զարգացման պարտականությունը: Գլխավոր հետաքրքրությունը հստակ որոշված տարածաշրջանի կոնկրետ անձանց կյանքի պայմանների բարելավումն է, որպեսզի կարողանան կատարել այն պարտականությունները, որոնք ներկայումս նրանց թույլ չի տալիս կատարել չքավորությունը: Խնամքն ու հոգատարությունը երբեք չեն կարող վերացական դիրքորոշում լինել: Զարգացման ծրագրերը, որպեսզի կարողանան հարմարեցվել առանձին իրավիճակների, պետք է ճկուն լինեն. իսկ այդ նախագծերով օժանդակվող և նպաստավորվող անձինք պետք է ուղղակիորեն ներգրավվեն դրանց ծրագրավորման մեջ և դարձվեն դրանց իրագործման դերակատարները: Անհրաժեշտ է նաև կիրառել առաջադիմության և հովանավորության դատանիշները – ներառյալ արդյունքների վերահսկումը ստուգայցների միջոցով – , քանի որ գոյություն չունեն համընդհանուր կերպով վավերական լուծումներ: Շատ բան կախված է ձեռնարկների կոնկրետ տնօրինումից: «Իրենց սեփական զարգացման արարողները հանդիսանալով, ժողովուրդներն իրենք են այդ զարգացման առաջին պատասխանատուները: Բայց դա չեն կարող իրագործել կղզիացման պայմաններում»[10]: Այսօր, մարդկության աստիճանական փոխկապակցման գործընթացի ամրապնդմամբ, Պողոս Վեցերորդի կողմից տրված այս հորդորն է՛լ ավելի վավերական է: Ներգրավման տրամաբանությունը մեքենայական ոչինչ չունի: Լուծումները պետք է համապատասխանեցվեն կոնկրետ ժողովուրդների ու անհատների կյանքին, յուրաքանչյուր իրավիճակի խոհեմ գնահատումի հիմքի վրա: Մեծ ծրագրերի կողքին կարևոր են նաև փոքր ծրագրերը և, հատկապես, հարկավոր է քաղաքացիական հասարակության բոլոր ենթակաների՝ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց գործուն ներգրավումը:

Միջազգային համագործակցությունը կարիքն ունի անձանց, ովքեր ներկայության, ընկերակցումի, կրթության և հարգանքի միջոցով արտահայտվող համերաշխությամբ կիսում են տնտեսական և մարդկային զարգացման գործընթացի նպատակները: Այս տեսանկյունից դիտված, միջազգային Կազմակերպություններն իսկ պետք է իրենք իրենց հարց ուղղեն իրենց բյուրոկրատական և վարչարարական կառույցների իրական արդյունավետության վերաբերյալ, որոնք հաճախ շատ թանկ են: Երբեմն պատահում է, որ նա՝ ում ուղղված է օգնությունը, բանեցվում է նրա համար՝ ով կազմակերպում է օգնությունների հավաքումը, և որ աղքատները ծառայում են կենդանի պահելու համար բյուրոկրատական ծախսատար կազմակերպություններ, որոնք իրենց գոյության պահպանման համար չափազանց բարձր տոկոսներ են վերցնում որպես օգնություն հավաքված այն պաշարներից, որոնք պետք է որ հատկացվեին զարգացմանը: Այս առումով մաղթելի կլիներ, որ բոլոր միջազգային Կառույցները և ոչ-կառավարական Կազմակերպությունները հանձն առնեին աշխատել լիակատար թափանցիկությամբ, նվիրատուներին և հանրային կարծիքին տեղյակ պահելով այն տոկոսների մասին, որոնք պահում են հավաքված այն գումարներից, որոնք սահմանված են համագործակցության ծրագրերին. տեղյակ պահելով նաև այդ ծրագրերի իրական բովանդակության և, ի վերջո, հենց իրենց իսկ Կառույցի կամ Կազմակերպության ծախսերի իսկության մասին:

 

48. Զարգացման հարցն այսօր սերտորեն կապված է նաև պարտականություններին, որոնք ծնվում են բնական միջավայրի հետ ունեցած մարդու հարաբերությունից: Բնությունն Աստծո կողմից պարգևվել է բոլորին և նրա գործածումը մեր համար մի պատասխանատվություն է հանդեպ աղքատների, ապագա սերունդների և համայն մարդկության: Եթե բնությունը և առաջին հերթին մարդկային էակը համարվում են որպես պատահականության կամ հեղաշրջական սահմանվածության արդյունք, պատասխանատվության զգացումը թուլանում է մարդկանց գիտակցության մեջ: Հավատացյալը բնության մեջ ճանաչում է Աստծո արարիչ գործողության սքանչելի արդյունքը, որը մարդը կարող է պատասխանատվության զգացումով գործածել՝ բավարարելու համար իր օրինավոր կարիքները – լինեն դրանք նյութական կամ աննյութական բնույթի – հարգելով ինքնին բնության ներքին հավասարակշռությունները: Եթե պակասում է այս տեսությունը, մարդն ի վերջո կա՛մ նկատում է բնությունը որպես անձեռնմխելի իրականություն, որին արգելված է հպվել, կամ էլ ընդհակառակն՝ սկսում է անսանձ կերպով չարաչար օգտագործել այն: Երկու այս դիրքորոշումներն էլ չեն համապատասխանում բնության քրիստոնեական տեսությանը, բնության՝ որն Աստծո արարչագործության պտուղն է:

Բնությունը սիրո և ճշմարտության ծրագրի արտահայտություն է: Այն կանխում է մեզ և մեզ Աստծո կողմից պարգևվել է որպես կյանքի միջավայր: Մեզ այն խոսում է Արարչի (հմմտ. Հռմ 1, 20) և մարդկության հանդեպ տածած Նրա սիրո մասին: Սահմանված է ժամանակների վերջում «բովանդակ վերամիավորվելու» ի Քրիստոս (հմմտ. Եփ 1, 9-10; Կղ 1, 19-20): Այն նույնպես, հետևաբար, մի «կոչում» է[11]: Բնությունը մեր տրամադրության տակ չէ որպես «պատահականորեն ցրված աղբերի մի կույտ»[12], այլ ավելի՝ որպես Արարչի կողմից նվիրված պարգև. Արարչի, որը սահմանել է նրա ներքին կանոններն ու օրենքները, որպեսզի մարդն այդ կարգավորությունից քաղի հարկավոր կողմնորոշումները այն «պահպանելու և մշակելու» համար (Ծնդ 2, 15): Բայց հարկավոր է նաև ընդգծել, որ ճշմարիտ զարգացմանը հակառակ է բնությունը համարել մարդկային անձից իսկ ավելի կարևոր: Նման տեսակետները հանգեցնում են նոր-հեթանոսական կամ նոր-համաստվածական դիրքորոշումների. միմիայն բնությունից – սոսկ բնապաշտական իմաստով հասկացված – չի կարող բխել փրկությունը մարդու համար: Մյուս կողմից, հարկավոր է մերժել նաև հակադիր տեսակետը, որն որպես նպատակակետ ունի բնության ամբողջական տեխնիկականացումը. հարկավոր է մերժել այս տեսակետը, քանի որ բնական միջավայրը միայն նյութ չէ, որը կարող ենք տնօրինել ըստ մեր քմահաճույքի, այլ՝ Արարչի սքանչելի գործն է, որն իրենում կրում է մի «քերականություն», որը ցույց է տալիս նպատակներ ու դատանիշներ նրա իմաստուն և ո՛չ թե գործիքային ու կամայական գործածման համար: Ներկայումս, զարգացմանը հասցված վնասներից շատերն առաջ են գալիս հենց այս խեղաթյուրված գաղափարներից: Նկատել բնությունը որպես սոսկ գոյություն ունեցող պարզ տվյալների մի համախմբում, ի վերջո դառնում է բռնության աղբյուր մեզ շրջապատող բնական միջավայրի նկատմամբ և մինչև իսկ պատճառ է հանդիսանում ինքնին մարդու բնության նկատմամբ անհարգալից գործողությունների համար: Վերջինս, կազմված լինելով ո՛չ միայն նյութից, այլ նաև՝ հոգուց, և որպես այդպիսին՝ հարուստ լինելով վերանցական իմաստներով ու նպատակակետերով, որոնց պետք է հասնի, կանոնակարգող նկարագիր ունի նաև մշակույթի համար: Մարդը բնական միջավայրը մեկնաբանում և կերպարանավորում է մշակույթի միջոցով, որն իր հերթին կողմնորոշում և ուղղություն է ստանում պատասխանատու ազատության կողմից, որն ուշադիր է բարոյական օրենքի թելադրանքներին: Մարդկային ամբողջական զարգացմանն ուղղված ծրագրերն, ուստի, չեն կարող անգիտանալ և անուշադրության մատնել գալիք սերունդներին, այլ պետք է իրենց վրա կրեն միջ-սերնդային համերաշխության ու արդարության կնիքը, հաշվի առնելով բազմապիսի բնագավառներ. բնապահպանական, իրավական, տնտեսական, քաղաքական, մշակութային[13]:

 

49. Շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությանն ու պաշտպանությանը կապված հարցերն այսօր պետք է պարտուպատշաճ ուշադրություն դարձնեն էներգետիկ խնդիրներին: Որոշ Պետությունների, հզոր խմբավորումների և ձեռնարկությունների կողմից էներգետիկ չվերանորոգվող պաշարների մենատիրական գրավումն, իրոք, ծանր խոչընդոտ է հանդիսանում աղքատ Պետությունների զարգացմանը: Վերջիններս տնտեսական միջոցներ չունեն ո՛չ հայթայթելու համար արդեն գոյություն ունեցող էներգետիկ չվերանորոգվող պաշարներից, ո՛չ էլ ֆինանսավորելու համար էներգետիկ նոր և այլընտրանքային աղբյուրների գիտական որոնումները: Բնական պաշարների համագրավումը, որոնք շատ դեպքերում գտնվում են հենց աղքատ Պետությունների տարածքում, ծնում է շահագործում և հաճախակի ընդհարումներ Պետությունների միջև կամ միևնույն Պետության ներսում: Նման ընդհարումներ հաճախակիորեն տեղի են ունենում հենց այդ Պետությունների տարածքում, ծանր ցուցանիշներ գրանցելով մահվան, ավերածությունների և բնակչության սոցիալական վիճակի հավելյալ վատթարացման իմաստով: Միջազգային հասարակությունն անհետաձգելի պարտականությունն ունի գտնելու իստիտուցիոնալ ուղիներ՝ կանոնակարգելու համար չվերանորոգվող պաշարների շահագործումը, նաև աղքատ Պետությունների մասնակցությամբ, այնպես՝ որ բոլորը միասին ծրագրեն ապագան:

Այս ճակատում ևս ներկա է մի վերանորոգ համերաշխության բարոյական անհապաղ անհրաժեշտությունը, հատկապես զարգացող Պետությունների և արդյունաբերական բարձր զարգացում ունեցող Պետությունների միջև հարաբերություններում[14]: Տեխնոլոգիական ոլորտում զարգացած հասարակությունները կարող են և պարտավոր են նվազեցնել իրենց էներգետիկ կարիքները, և՛ այն պատճառով, որ նրանց մոտ բարելավվում են գործարանային գործունեությունները, և՛ այն պատճառով, որ իրենց քաղաքացիների մոտ տարածվում և ընդունելություն է գտնում բնապահպանական մի առավել հասուն գիտակցություն: Հարկավոր է նաև ավելացնել, որ էներգետիկ արդյունավորության բարելավումը ներկայումս իրագործելի է և, միևնույն ժամանակ, հնարավոր է զարգացնել այլընտրանքային էներգիայի որոնումները: Սակայն անհրաժեշտ է նաև, որ էներգետիկ պաշարները վերաբաշխվեն ամբողջ երկրագնդով մեկ, այնպես՝ որ դրանցից զուրկ Պետություններն էլ կարողանան օգտվել այդ աղբյուրներից: Նրանց ճակատագիրը չի կարող թողնվել առաջինը հասնողի քմահաճույքին կամ ավելի ուժեղի տրամաբանությանը: Խոսքը վերաբերվում է ծանրակշիռ խնդիրների, որոնք համապատասխան քննարկումներ և պատշաճ լուծումներ գտնելու համար՝ բոլորի կողմից պահանջում են պատասխանատվության զգացումով գիտակցել այն հետևանքները, որոնք ծառանալու են նոր սերունդների դիմաց, հատկապես՝ աղքատ ժողովուրդների գրկում ապրող բազմաթիվ երիտասարդների, որոնք «պահանջում են ունենալ այն գործուն մասնակցությունը, որն իրենց իրավունքն է մի ավելի լավ աշխարհի կերտման գործում»[15]:

 

50. Այս պատասխանատվությունը համամարդկային է, որովհետև չի վերաբերվում միայն էներգիային, այլ՝ ողջ երկրագնդին ու արարչությանը, որը չպետք է գալիք սերունդներին թողնենք իր բնական պաշարներից հույժ աղքատացած: Մարդն իրավասու է պատասխանատու իշխանություն կիրառելու բնության նկատմամբ, այն պահպանելու, օգտագործելու և մշակելու համար նաև նոր մեթոդներով ու զարգացած տեխնոլոգիաներով, այնպես՝ որ այն կարողանա արժանավայել կերպով հյուրընկալել և սնուցել իր գրկում ապրող բնակչությանը: Բոլորի համար էլ տեղ կա մեր այս երկրագնդի վրա. նրա վրա մարդկային ամբողջ ընտանիքը պետք է հարկավոր պաշարները գտնի արժանավայել կյանքով ապրելու համար, ինքնին բնության իսկ օգնությամբ, որն Աստծո պարգևն է՝ Իր որդիներին տրված, և սեփական աշխատանքի ու սեփական հանճարի ջանքերով: Սակայն պետք է որպես մեր ծանր պարտականությունը զգանք այն, որ երկրագունդը գալիք սերունդներին պետք է հանձնենք մի այնպիսի վիճակում, որ նրանք նույնպես կարողանան արժանավայել կերպով բնակվել նրա վրա և մշակել այն իրենց հերթին: Այս ամենն իր հետ բերում է նաև միասին որոշումներ կայացնելու հանձնառությունը, «անցնելիք ճանապարհը պատասխանատվության զգացումով քննելուց հետո, որպես նպատակ ունենալով ամրապնդել մարդկային էակի և բնական միջավայրի միջև այն դաշինքը, որը պետք է հայելին լինի Աստծո արարչագործ սիրո, որից ենք մենք սերում և դեպի որն ենք մենք քայլում»[16]: Մաղթելի է, որ միջազգային հասարակությունն ու առանձին Կառավարությունները կարողանան արդյունավետ կերպով հակադրվել բնական միջավայրի օգտագործման այն կերպերին, որոնք վնասում են նրան: Ինչպես նաև պարտավորեցնող հանգամանք է այն, որ իրավասու հեղինակությունների կողմից գործի դրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնական ընդհանուր պաշարների գործածումից առաջացող տնտեսական և սոցիալական արժեքներն ու ծախսերը ճանաչվեն ու ընդունվեն թափանցիկ եղանակով և ամբողջությամբ վճարվեն նրանց կողմից՝ ովքեր գործածում են դրանք, և ո՛չ թե՝ ուրիշ ժողովուրդների կամ գալիք սերունդների կողմից. բնական միջավայրի, պաշարների և կլիմայի պահպանումը պահանջում է, որ միջազգային բոլոր պատասխանատուները գործեն միասին և պատրաստակամություն ցուցաբերեն գործելու հավատարմությամբ, օրենքների և երկրագնդի ամենախոցելի տարածաշրջանների նկատմամբ համերաշխության հանդեպ հարգանքով[17]: Տնտեսության մեծագույն պարտականություններից մեկը հենց պաշարների արդյունավետ գործածումն է և ո՛չ թե չարաշահումը, միշտ հիշելով, որ արդյունավետության գաղափարն ինքնըստինքյան չեզոք չէ:

 

51. Կերպերը, որոնցով մարդը վերաբերվում է բնական միջավայրի հետ, ազդում են կերպերի վրա, որոնցով նա վերաբերվում է ինքն իր հետ, և ընդհակառակն: Ինչը որ ժամանակակից հասարակությանը հորդորում է լրջորեն վերանայելու իր ապրելաոճը, որն աշխարհի բազմաթիվ մասերում հակված է դեպի հաճոյապաշտությունն ու անսանձ սպառողականությունը, անտարբեր մնալով դրանցից բխող վնասներին[18]: Հարկավոր է մտածելակերպի մի արմատական փոփոխություն իրականացնել, որը կառաջնորդի մեզ որդեգրելու նոր ապրելաոճեր, «որոնց մեջ ճշմարիտի, գեղեցիկի և բարու որոնումը և մյուս մարդկանց հետ հաղորդությունը՝ ընդհանուր զարգացման համար, կլինեն այն տարրերը, որոնց համաձայն կկայացվեն սպառումների, խնայումների և ներդրումների վերաբերյալ որոշումները»[19]: Քաղաքացիական համերաշխությանն ու ընկերությանը հասցված յուրաքանչյուր վերք վնասներ է հասցնում բնական միջավայրին, այնպես՝ ինչպես բնական միջավայրի ապականումն, իր հերթին, դժգոհություն է առաջ բերում հասարակական հարաբերություններում: Բնությունը, հատկապես մեր դարաշրջանում, այնքան ընդգրկված է սոցիալական և մշակութային հարցերում, որ գրեթե չի հանդիսանում այլևս որպես անկախ մեծություն: Գյուղատնտեսական որոշ տարածքների անապատացումն ու արտադրողական աղքատացումը արդյունքն են նաև այդ տարածաշրջանում ապրող բնակչության աղքատացման և նրանց հետամնացության: Այդ ժողովուրդների տնտեսական և մշակութային զարգացումը խթանելով պաշտպանվում է նաև բնությունը: Այս ամենից բացի, բնական որքա՜ն պաշարներ են ավերվում պատերազմների պատճառով: Ժողովուրդների ներքին խաղաղությունը և ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավորություն կստեղծեր լավագույնս պահպանելու բնությունը: Բնական պաշարների համագրավումը, հատկապես՝ ջրինը, կարող է ծանր ընդհարումներ ծնել հարցի մեջ ներգրավված ժողովուրդների միջև: Բնական պաշարների գործածման շուրջ խաղաղ համաձայնությունը կարող է պահպանել բնությունը և, միաժամանակ, ներգրավված հասարակությունների բարօրությունը:

Եկեղեցին պատասխանատու է արարչության համար և այդ պատասխանատվությունը պետք է գործի դնի նաև հրապարակային կերպով: Եվ դա կատարելով՝ պետք է պաշտպանի ո՛չ միայն հողը, ջուրը և օդը որպես արարչության պարգևներ, որ պատկանում են բոլորին, այլ ամեն ինչից ավելի՝ պետք է պաշտպանի մարդուն՝ սեփական անձի կործանումից: Հարկավոր է, որ գոյություն ունենա «մարդու էկոլոգիայի» պես ինչ-որ մի բան, ճիշտ իմաստով հասկացված: Բնության ապականումն ու փճացումն, իրոք, սերտորեն կապված են մշակույթին, որը կաղապարում և կերպարանավորում է մարդկային համատեղ կյանքը. երբ «մարդկային էկոլոգիա»ն[20] հարգվում է հասարակության ներսում, բնական միջավայրի պահպանումը նույնպես (միջավայրի էկոլոգիան) օգուտ է քաղում դրանից: Ինչպես մարդու ուժերն ու կարողություններն են միմյանց փոխկապակցված, այնքան, որ նրանցից մեկի տկարացումը վտանգի է ենթարկում նաև մյուսներին, նմանապես էկոլոգիական համակարգը հենվում է հարգանքի վրա, հանդեպ մի ծրագրի, որ վերաբերվում է թե՛ հասարակության ներսում առողջ կենակցությանը, թե՛ բնության հետ բարյացակամ հարաբերությանը:

Բնությունը պահպանելու համար բավական չէ միջամտել տնտեսական խթաններով կամ արգելակներով, ինչպես նաև բավական չէ մտավոր համապատասխան կրթությունը: Սրանք, անշուշտ, կարևոր միջոցներ են, բայց որոշիչ խնդիրը հասարակության բարոյական համապարփակ պահվածքն է: Եթե չի հարգվում կյանքի և բնական մահվան իրավունքը, եթե արհեստականացվում են մարդու բեղմնավորումը, հղիության ընթացքն ու ծնունդը, եթե մարդկային սաղմեր են զոհաբերվում գիտական որոնումներին, հանրային գիտակցությունն ի վերջո կորցնում է մարդկային էկոլոգիայի և, նրա հետ միասին, բնական միջավայրի էկոլոգիայի գաղափարը: Հակասություն է երիտասարդ սերունդներից հարգանք պահանջել բնական միջավայրի նկատմամբ, քանի դեռ կրթությունն ու օրենքները նրանց չեն օգնում հարգելու իրենք իրենց: Բնության գիրքը մեկն է և անբաժանելի, ինչպես բնական միջավայրի, այնպես էլ մարդու կյանքի, սեռականության, ամուսնության, ընտանիքի, հասարակական և սոցիալական հարաբերությունների, մի խոսքով՝ մարդկային ամբողջական զարգացման հարցում: Պարտավորությունները, որ ունենք բնական միջավայրի հանդեպ, շաղկապված են պարտավորություններին, որ ունենք մարդկային անձի հանդեպ, մարդկային անձն ի նկատի առնելով և՛ որպես ուրույն միավոր, և՛ ուրիշների հետ հարաբերության մեջ: Հնարավոր չէ միակողմանիորեն պահանջել այս պարտավորություններից մեկը և ոտնակոխ անել մյուսը: Սա ժամանակակից մտածելակերպի և գործելակերպի ծանր հակասություններից մեկն է, որ բարոյալքում է մարդուն, այլայլում ու ապականում է բնական միջավայրը և վնաս է հասցնում հասարակությանը:

 

52. Ճշմարտությունը և սերը, որ ճշմարտության կողմից բացահայտվում է, չեն կարող արտադրվել, կարող են միմիայն ընդունվել: Նրանց սկզբնաղբյուրը մարդը չէ և չի էլ կարող լինել, այլ՝ Աստված Ինքն է, այսինքն Նա՝ ով Ճշմարտություն է և Սեր: Այս սկզբունքը բավականին կարևոր է հասարակության և զարգացման համար, քանի որ ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը չեն կարող սոսկ մարդկային արտադրանք լինել. անձանց և ժողովուրդների զարգացման միևնույն կոչումը հաստատված չէ մարդկային մի պարզ որոշման հիմքի վրա, այլ արձանագրված է մի ծրագրում, որը մեզնից առաջ է և որը մեր բոլորիս համար հանդիսանում է մի պարտականություն, որը պետք է ազատորեն ընդունվի մեր կողմից: Այն, ինչը մեզնից առաջ է և որ հանդիսանում է մեր հիմքն ու սահմանումը – գոյութենական կայուն ու անփոփոխ Սերը և Ճշմարտությունը – մեզ ցույց է տալիս՝ թե ո՛րն է բարին և թե ինչո՛ւմ է կայանում մեր երջանկությունը: Մեզ ցույց է տալիս, ուստի, դեպի ճշմարիտ զարգացումն առաջնորդող ճանապարհը:

[1] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 17: AAS 59 (1967), 265-266.
[2] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 2003 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 5: AAS 95 (2003), 343.
[3] Հմմտ. Նույն:
[4] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2007թ. Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 13: Insegnamenti II, 2 (2007), 781-782.
[5] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 65: AAS 59 (1967), 289.
[6] Հմմտ. Նույն, թիվ 36-37: AAS 59 (1967), 275-276.
[7] Հմմտ. Նույն, թիվ 37: AAS 59 (1967), 275-276.
[8] Հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Վճռ. «Apostolicam actuositatem», 11.
[9] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 14: AAS 59 (1967), 264; Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 32: AAS 73 (1981), 832-833.
[10] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 77: AAS 59 (1967), 295.
[11] Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 1990 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 6: AAS 82 (1990), 150.
[12] Հերակղիտոս Եփեսացի (մոտ 535-475թթ. Ք.ա.), Ձեռագրի պատառիկ թիվ 22B124 (H. Diels-W. Kranz, Die Fragmente der Vorsokratiker, Weidmann, Berlin 19526).
[13] Հմմտ. Արդարության և Խաղաղության Քահանայապետական Հանձնաժողով, «Եկեղեցու սոցիալական Ուսմունքի համառոտ ամփոփում», թիվ 451- 487.
[14] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 1990 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 10: AAS 82 (1990), 152-153.
[15] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 65: AAS 59 (1967), 289.
[16] Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2008թ. Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 7: AAS 100 (2008), 41.
[17] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ ՄԱԿ-ի Ընդհանուր Համագումարի մասնակիցներին» (18 Ապրիլ 2008): Insegnamenti IV, 1 (2008), 618-626.
[18] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 1990 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 13: AAS 82 (1990), 154-155.
[19] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 36: AAS 73 (1981), 838-840.
[20] Նույն, թիվ 38: AAS 73 (1981), 840-841; Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Պատգամ 2007թ. Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 8: Insegnamenti II, 2 (2007), 779.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։