Պետրոս վեմը, որի վրա Քրիստոսը հիմնեց Եկեղեցին – Գրադարան – Mashtoz.org

Պետրոս վեմը, որի վրա Քրիստոսը հիմնեց Եկեղեցին

Հովհաննես Ավետարանիչը, պատմելով Հիսուսի և Սիմոնի՝ Անդրեասի եղբոր, հանդիպման մասին, նշում է մի բացառիկ փաստ: Հիսուսը «նայելով նրան՝ ասաց. Սիմոն, Հովնանի որդի, դու պիտի կոչվես Կեփաս, որ նշանակում է վեմ (Պետրոս)» (Հվհ 1, 42)։ Հիսուսը հազվադեպ էր փոխում աշակերտների անունները: Բացառություն է կազմում «Որոտման որդիներ» անվանումը, որը Նա տվեց Զեբեդեոսի որդիներին՝ որոշակի հանգամանքներում (տե՛ս Մրկ 3, 17). այս մասին հիշատակվում է ընդամենը մեկ անգամ: Այլևս ոչ մի տեղ չենք տեսնում, որ Նա մյուս աշակերտներին նոր անուն տա. ոչ մեկին, բացի Սիմոնից, ում անվանեց Կեփաս, որն հետագայում հունարեն թարգմանվեց որպես «Petros», իսկ լատիներեն՝ «Petrus»: Այս անունը թարգմանվել է հենց այն պատճառով, որ դա ո՛չ թե պարզապես մի անուն է, այլ՝ «հանձնարարություն», որ Պետրոսը այդ անվան միջոցով ստացավ Տիրոջից: Այդ նոր՝ Պետրոս անունը բազմիցս հիշատակվելու էր Ավետարաններում և, ի վերջո, փոխարինելու էր նախնական Սիմոն անվանը:

Հաշվի առնելով փաստը, որ Հին Կտակարանում անվան փոփոխությունը, որպես կանոն, նշանակում էր ինչ-որ առաքելության տրվելը (տե՛ս, օրինակ, Ծնդ 17, 5; 32, 28; և այլն), այս իրադարձությունը հատուկ իմաստ է ստանում: Իսկապես, այն փաստին, որ Հիսուսը կամենում էր հատուկ ձևով կարևորել Պետրոսին՝ Առաքյալների խմբի ներսում, մատնացույց են անում բազմաթիվ պարագաներ. Կաֆառնաումում Վարդապետը կանգ է առնում Պետրոսի տանը (Մրկ 1, 29). երբ Գեննեսարեթի լճի ափին բազմությունը նեղում է Հիսուսին, այդտեղ կապված երկու նավակներից Հիսուսն ընտրում է Սիմոնի նավակը (Ղկս 5, 3). հատուկ դեպքերում, երբ Հիսուսը թույլ է տալիս, որ Իրեն ուղեկցեն միայն երեք աշակերտները, Պետրոսը միշտ հիշատակվում է առաջինը. այդպես էր և՛ Հայրոսի դստեր վերակենդանացման դեպքում (Մրկ 5, 37; Ղկս 8, 51), և՛ Պայծառակերպության ժամանակ (Մրկ 9, 2; Մտթ 17, 1; Ղկս 9, 28), և՛, ի վերջո, Գեթսեմանիի այգում Հիսուսի տառապալի աղոթքի ժամանակ (Մրկ 14, 33; Մտթ 16, 37): Հենց Պետրոսին են դիմում Տաճարի տուրքը հավաքողները, և Վարդապետը վճարում է միայն Իր և Պետրոսի համար (Մտթ 17, 24-27): Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ Նա լվանում է նախ Պետրոսի ոտքերը, իսկ հետո՝ մյուսներինը (Հվհ 13, 6), և միայն Պետրոսի համար է աղոթում Հիսուսը, որպեսզի նրա հավատքը չթուլանա, և նա կարողանա հաստատել իր եղբայրներին (Ղկս 22, 31-32):

Ինքը՝ Պետրոսը, գիտակցում է իր բացառիկ տեղը. նա հաճախ ուրիշների անունից ջանում է բացատրել ինչ որ մի բարդ առակ (Մտթ 15, 15), այս կամ այն պատվիրանի հստակ իմաստը (Մտթ 18, 21) և պարգևի մասին խոստումը (Մտթ 19, 27): Հենց նա է օգնում հաղթահարել շփոթմունքը՝ խոսելով բոլորի անունից: Այսպես, երբ Հիսուսը, տխրելով, որ բազմությունը չի հասկանում «Կյանքի Հացի» մասին Իր խոսքերը, հարցնում է. «Արդյոք դո՞ւք էլ եք ուզում հեռանալ», Պետրոսն անվարան պատասխանում է. «Տե՜ր, ո՞ւմ մոտ գնանք. միայն Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հվհ 6, 66-69): Նույնքան վճռական է նաև հավատքի դավանությունը, որ հնչեց նրա շուրթերից՝ բոլորի անունից, Ֆիլիպպյան Կեսարիայում: Երբ Հիսուսը հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ ես», Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 15-16): Ի պատասխան, Հիսուսը մեկընդմիշտ հանդիսավոր բացատրություն տվեց Եկեղեցու ներսում ունեցած Պետրոսի դերի մասին. «Ասում եմ քեզ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա եմ ես շինելու իմ Եկեղեցին։ [...] Քեզ եմ տալու Երկնքի Արքայության բանալիները, և ի՛նչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ի՛նչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մտթ 16, 18-19): Հիսուսը գործածում է ինքնըստինքյան մեծապես ակնհայտ երեք փոխաբերություններ. Պետրոսը կլինի քարե հիմք, որի վրա կկառուցվի Եկեղեցու շինությունը, նա կստանա Երկնքի Արքայության բանալիները, որպեսզի փակի և, հակառակը, բացի նրա առաջ, ում կհամարի արդար, և վերջապես, նա կկարողանա կապել և արձակել, այսինքն՝ կարող է արգելել կամ հաստատել այն, ինչ անհրաժեշտ կգտնի Եկեղեցու կյանքի համար, որը է՛ և մնում է Քրիստոսի՛ Եկեղեցին: Այո՛, Եկեղեցին միշտ մնալու է որպես Քրիստոսի՛ Եկեղեցին, ո՛չ թե՝ Պետրոսինը: Այսպես, պերճախոս պատկերների միջոցով մեզ է փոխանցվում մի երևույթ, որն հետագայում ստանալու է «իրավասության առաջնություն» անվանումը:

Պետրոսին Հիսուսի կողմից տրված առավելությունը՝ որպես Նրա կամքի ակնհայտ դրսևորում, տեսնում ենք նաև Հիսուսի Հարությունից հետո. Հիսուսը յուղաբեր կանանց ասում է, որ Իր Հարության մասին հայտնեն նախ Պետրոսին, ապա՝ մյուս Առաքյալներին (Մրկ 16, 7): Մագդաղենացին շտապում է Պետրոսի և Հովհաննեսի մոտ՝ հայտնելու լուրը, որ գերեզմանի դռնից քարը մի կողմ է տարված (Հվհ 20, 2), իսկ երբ աշակերտները երկուսով վազում են դատարկ գերեզմանի մոտ, Հովհաննեսը թույլ է տալիս, որ Պետրոսն առաջինը մտնի (Հվհ 20, 4-6). Պետրոսը Առաքյալներից առաջինն էր, որ դարձավ Հարուցյալ Հիսուսի երևման վկան (Ղկս 23, 34; 1Կր 15, 5): Նրա դերը հետագայում էլ հստակ կերպով ընդգծվում է (Հվհ 20, 3-10), ինչը նշանակում է Պետրոսի առավելության շարունակականությունը՝ Առաքյալների մեջ և այն համայնքում, որը ծնվեց զատկական իրադարձությունների շնորհիվ, ինչպես ընդգծվում է Գործք Առաքելոցում (1, 15-26; 2, 14-40; 3, 12-26; 4, 8-12; 5, 1-11.29; 8, 14-17; և այլն): Նրա քայլերը համարվում են այնքա՜ն նշանակալից, որ նրան միշտ հետևում են և նույնիսկ քննադատում (հմմտ. Գրծ 11, 1-18; Գղտ 2, 1-10): Պետրոսն էր ղեկավարում Երուսաղեմի ժողովի ընթացքը (հմմտ. Գրծ 15 և Գղտ 2, 1-10), ինքը՝ Պողոսը, ճանաչում է Պետրոսի առաջնությունը՝ հենց ճշմարիտ հավատքի մասին նրա վկայության շնորհիվ (հմմտ. 1Կր 15, 5; Գղտ 1, 18): Ի հավելումն ասենք. այն փաստը, որ շատ առանցքային հատվածներ, որոնք վերաբերվում են Պետրոսին, կարելի է ներառել Խորհրդավոր Ընթրիքի համատեքստում, որտեղ Քրիստոսը Պետրոսին հանձնարարում է եղբայրներին հավատքի մեջ հաստատելու ծառայությունը (հմմտ. Ղկս 22, 31), ցույց է տալիս, որ Եկեղեցու համար, որը ծնվում է Զատկի և Սուրբ Հաղորդության հիշողությունից, Պետրոսին վստահված ծառայությունը դառնում է Եկեղեցու կարևոր բաղկացուցիչ տարրերից մեկը:

Խորհրդավոր Ընթրիքի համատեքստում՝ Ամենասուրբ Հաղորդության հաստատման պահին, Պետրոսի առաջնությունը ևս մատնացույց է անում այդ առաջնության գլխավոր իմաստը. Պետրոսը բոլոր ժամանակներում պետք է մնա Քրիստոսի հետ միության պահապանը, պետք է առաջնորդի դեպի Քրիստոսի հետ հաղորդություն, պետք է հոգ տանի այն մասին, որ ուռկանը չպատռվի, և տիեզերական միությունը չկորսվի: Միայն միասին կարող ենք լինել Քրիստոսի հետ, Ով բոլորի՛ Տերն է: Այդ պատճառով Պետրոսի պարտականությունն է՝ Քրիստոսի ողորմությամբ ապահովել Քրիստոսի հետ միությունը՝ առաջնորդելով այդ ողորմության իրականացմանը՝ առօրյա կյանքում: Եկե՜ք աղոթենք այն դիտավորությամբ, որ Պետրոսի առաջնայնությունը՝ վստահված տկար մարդկանց, մշտապես իրականացվի համաձայն նախնական աստվածահաճո դիտավորության, և որպեսզի մեր եղբայրները, որոնք դեռևս մեր հետ ամբողջական հաղորդության մեջ չեն, ճանաչեն դրա ճշմարիտ իմաստը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 7 Հուլիսի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։