Առաքելական Ավանդությունը – Գրադարան – Mashtoz.org

Առաքելական Ավանդությունը

Այս քրիստոնեական ուսուցման զրույցներում մենք ջանում ենք հասկանալ, թե ի՛նչ է Եկեղեցին: Նախորդ անգամ խորհրդածում էինք Առաքելական Ավանդության թեմայի շուրջ: Մենք տեսանք, որ Ավանդությունը իրադարձությունների, բառերի հավաքածու չէ, անհոգի իրերի տուփ չէ. Ավանդությունը նոր կյանքի գետ է, որն իր սկիզբն առնում է ակունքներից՝ Քրիստոսից, և հոսում է դեպի մեզ՝ ներգրավելով մեզ Աստծո և մարդկության հարաբերությունների պատմության մեջ: Ավանդության թեման այնքա՜ն կարևոր է, որ ես այսօր էլ կուզենայի կանգ առնել դրա վրա. այն իրոք շատ մեծ նշանակություն ունի Եկեղեցու կյանքի համար: Վատիկանյան Երկրորդ Ժողովն այս առումով ընդգծել է, որ Ավանդությունը առաքելական է՝ նախևառաջ իր ակունքներով. «Իր մեծ բարությամբ Աստված որոշեց, որ բոլոր ժողովուրդների փրկության համար Իր կողմից շնորհված Հայտնությունը պետք է դարեդար պահպանվի իր ամբողջությամբ և փոխանցվի բոլոր սերունդներին: Ուստի Քրիստոս Տերը, Ում մեջ ավարտուն դարձավ Ամենաբարձրյալ Աստծո ամբողջ Հայտնությունը (հմմտ. 2Կր 1, 20 և 3, 16 - 4, 6), ավանդեց Առաքյալներին, որպեսզի Ավետարանը՝ նախապես խոստացված Մարգարեների միջոցով և Իր կողմից ի կատար ածված և Իր շուրթերով հռչակված՝ որպես յուրաքանչյուր փրկարար ճշմարտության և բոլոր բարոյական կանոնների աղբյուր, Առաքյալները քարոզեն բոլորին՝ հաղորդելով նրանց աստվածային պարգևներ»[1]: Ապա Ժողովը մանրամասնել է, որ այդ պարտականությունը հավատարմորեն կատարվել է «Առաքյալների կողմից, ովքեր բանավոր քարոզությամբ, օրինակներով և կանոնադրություններով փոխանցեցին այն, ինչը որ ընդունեցին Քրիստոսի շուրթերից, խոսքերից և գործերից, կամ իմացան Սուրբ Հոգու ներշնչմամբ»[2]: Ժողովը վկայել է, որ Առաքյալների հետ համագործակցում էին նաև «Առաքելական Հայրերը, որոնք Սուրբ Հոգու ներշնչանքով գրի առան փրկարար լուրը»[3]:

Առաքյալները՝ վախճանաբանական Իսրայելի առաջնորդները (նրանք տասներկուսն են, ինչպես և ընտրյալ ժողովրդի ցեղերը), շարունակում են Տիրոջ սկսած «հունձքը» և կատարում են դա՝ նախևառաջ ճշգրիտ կերպով փոխանցելով իրենց ընդունած պարգևը՝ Արքայության մասին բարի լուրը, որը մարդկանց մոտ եկավ հանձինս Հիսուս Քրիստոսի: Նրանց թիվն արտահայտում է ո՛չ միայն սուրբ արմատի՝ Իսրայելի տասներկու ցեղերի հետ նրանց հաջորդականությունը, այլ նաև՝ նրանց ծառայության համընդհանուր նշանակությունը, որ փրկություն է բերում մինչև աշխարհի ծայրերը: Դա կարելի է հասկանալ այն խորհրդանշական իմաստից, որն ունեին թվերը սեմական աշխարհում. տասներկուսը արդյունքն է՝ կատարյալ երեք թվի բազմապատկման՝ չորսով, այսինքն՝ մի թվով, որ խորհրդանշում է աշխարհի չորս կողմերը՝ ամբողջ աշխարհը:

Ավետարանական լուրից ծնված համայնքը գիտակցում է, որ հավաքված է շնորհիվ նրանց խոսքի, ովքեր առաջինն են ձեռքբերել Տիրոջ հետ հաղորդության փորձառությունը և Նրա կողմից ուղարկվել են առաքելության: Այդ համայնքը գիտի, որ կարող է վստահել Տասներկուսի առաջնորդությանը, հավասարապես՝ նաև նրանց, ովքեր աստիճանաբար միանում են Տասներկուսին՝ դառնալով հետնորդներ՝ Խոսքին ծառայելու և միության բարիքին ծառայելու գործում: Հետևաբար, համայնքը գիտակցում է պարտականությունը՝ ուրիշներին փոխանցելու «բերկրալի լուրը»՝ Տիրոջ և Սուրբ Հոգով գործող Նրա Զատկական Խորհրդի իրական ներկայության մասին: Սա լավ երևում է Պողոսի նամակագրական ժառանգության որոշ հատվածներում. «Ես ավանդեցի ձեզ հատկապես այն, ինչ ինքս ընդունեցի» (1Կր 15, 3): Եվ սա կարևոր է: Սուրբ Պողոսը, ինչպես հայտնի է, ի սկզբանե անձամբ Հիսուսի կողմից կանչված լինելով, ճշմարիտ Առաքյալ է, և այդուամենայնիվ՝ նրա համար էլ նախևառաջ արժեքավոր է հավատարիմ լինել այն ամենին, ինչ ինքն ընդունել է: Նա չէր ուզում «հնարել» մի նոր բան՝ «Պողոսի» քրիստոնեություն, և դրա համար էլ պնդում է. «Ես ավանդեցի ձեզ այն, ինչ ինքս ընդունեցի»: Նա փոխանցեց Տիրոջ սկզբնական պարգևը՝ փրկարար ճշմարտությունը: Ավելի ուշ՝ իր կյանքի վերջում, Պողոսը գրում է Տիմոթեոսին. «Պահի՛ր բարի ավանդը՝ Սուրբ Հոգով, որ բնակվում է մեր մեջ» (2Տմ 1, 14): Այս մասին համոզիչ կերպով վկայում է նաև քրիստոնեության մասին Տերտուղիանոսին պատկանող մի հնագույն հիշատակություն (մոտ 200թ.). «Առաքյալները նախևառաջ վկայեցին հավատքի մասին և հիմնեցին եկեղեցիներ Հուդեայում, իսկ հետո ցրվեցին աշխարհով մեկ՝ տարբեր ժողովուրդներին հռչակելով նույն հավատքի նույն ուսմունքը։ Ինչպես նաև, նրանք յուրաքանչյուր քաղաքում հիմնադրում էին եկեղեցիներ, որոնցից ա՛յլ եկեղեցիներ ստանում էին հավատքի ճյուղեր և վարդապետության սերմեր, և որոնք մշտապես ստանում են նոր եկեղեցիները. այդ պատճառով դրանք էլ համարվում են առաքելական՝ որպես առաքելահիմն եկեղեցիների պտուղներ»[4]:

Վատիկանյան Երկրորդ Ժողովը պարզաբանում է. «Առաքյալների կողմից ավանդվածն ընդգրկում է այն ամենը, ինչը որ Աստծո զարմին օգնում է ապրել սուրբ կյանքով և բազմապատկել հավատքը, և այդպիսով Եկեղեցին իր վարդապետությամբ, կյանքով և ծիսական պաշտամունքով անդադար պահպանում և բոլոր սերունդներին փոխանցում է այն ամենն, ինչ ինքն է, և այն ամենն, ինչին ինքը հավատում է»[5]: Եկեղեցին ավանդում է այն ամենն, ինչ ինքն է, և այն ամենն, ինչին հավատում է՝ պաշտամունքի, կյանքի և վարդապետության մեջ: Հետևաբար, Ավանդությունը կենդանի Ավետարանն է, հռչակված՝ Առաքյալների կողմից իր ամբողջության մեջ, հիմնված լինելով նրանց յուրահատուկ և անկրկնելի փորձառության վրա. նրանց ջանքերով՝ հավատքը փոխանցվում է ուրիշներին, մեզ, և այդպես կլինի մինչև աշխարհի վախճանը: Ուստի Ավանդությունը Սուրբ Հոգու պատմությունն է, Ով գործում է Եկեղեցու պատմության մեջ՝ Առաքյալների և նրանց հաջորդների միջոցով, սկզբնական փորձառության հավատարիմ շարունակության մեջ: Ինչպես բացատրել է Սրբազան Պապ Կղեմես Հռոմեացին Առաջին դարավերջին. «Առաքյալները Ավետարանը մեզ քարոզելու ուղարկվեցին Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, Հիսուս Քրիստոսն ուղարկվեց Աստծուց: Քրիստոսն ուղարկվեց Աստծուց, իսկ Առաքյալները՝ Քրիստոսից. երկուսն էլ Աստծո կամքին համաձայն կարգով եղան։ [...] Եվ մեր Առաքյալները մեր Տեր Հիսուսի Քրիստոսի միջոցով գիտեին, որ երկպառակություն է լինելու՝ եպիսկոպոսական արժանիքների շուրջ: Հենց այդ պատճառով, Առաքյալները, ստանալով կատարյալ կանխատեսություն, նշանակեցին վերոհիշյալ սպասավորներին, և հետո հաստատեցին մի օրենք, որպեսզի երբ նրանք վախճանվեին, ուրիշ փորձված այրեր ստանձնեին նրանց ծառայությունը»[6]:

Այդ ծառայության շղթան մինչ օրս չի ընդհատվել և չի ընդհատվելու մինչև աշխարհի վախճանը: Հիսուսի կողմից Առաքյալներին վստահված լիազորությունները նրանք փոխանցեցին իրենց հաջորդներին: Դուրս գալով Քրիստոսի հետ հաղորդության անձնական փորձառության շրջանակներից, որը եզակի ու անկրկնելի փորձառություն էր, Առաքյալներն իրենց հաջորդներին փոխանցեցին աշխարհով մեկ գնալու հայտնի հանձնարարությունը, որը ստացան Վարդապետից: Առաքյալ բառը ճշգրտորեն կազմավորվել է հունարեն «apostellein» բայից, որ նշանակում է «ուղարկել»: Առաքյալների ուղարկումը – ինչպես երևում է Մտթ 28, 19 տողից – ենթադրում է հովվական («ուսուցանեցե՛ք բոլոր ժողովուրդներին»), ծիսական («մկրտեցե՛ք նրանց») և մարգարեական («ուսուցանեցե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ») ծառայություն, որը հաստատվում է Տիրոջ մոտիկությամբ՝ մինչև ժամանակների վախճանը («ահա՛, ես ձեր հետ եմ բոլոր օրերին՝ մինչև ժամանակների վախճանը»): Այդպես նաև մենք, բայց Առաքյալներից տարբեր ձևով, ձեռքբերեցինք Հարուցյալ Տիրոջ ներկայության իսկական անձնական փորձառությունը: Հենց առաքելական ծառայության միջոցով է Ինքը՝ Քրիստոսը գալիս այն անձի մոտ, ով կանչված է հավատալու: Ժամանակային անդունդը հաղթահարված է, և Հարուցյալն այսօր ապրում և գործում է՝ Ինքն Իրեն տալով մեզ՝ Եկեղեցու մեջ և աշխարհում: Սրանում է կայանում մեր մեծագույն ուրախությունը: Ավանդության կենդանի գետի մեջ Քրիստոսը մեզնից բաժանված չէ երկու հազարամյակներով, այլ՝ իսկապես ներկա է մեր մեջ և մեզ պարգևում է ճշմարտությունը, պարգևում է լույս, որն օգնում է ապրել և գտնել ապագայի ճանապարհը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 3 Մայիս 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

[1] Վարդապետական Սահմանադրություն Dei Verbum (Աստծո Խոսքը), 7.
[2] Նույն.
[3] Նույն.
[4] Հերետիկոսությունների դեմ հրահանգների մասին, 20 (PL 2, 32).
[5] Վարդապետական Սահմանադրություն Dei Verbum (Աստծո Խոսքը), 8.
[6] Կորթնացիներին ուղղված Առաջին Նամակ, 42.44 (PG 1, 292.296).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։