Ծառայել միությանը – Գրադարան – Mashtoz.org

Ծառայել միությանը

Քրիստոնեական ուսմունքի վերաբերյալ զրույցների այս նոր շրջափուլում, որ սկսեցինք մի քանի շաբաթ առաջ՝ հասկանալու համար Հիսուսի սկզբնական մտադրությունը և Եկեղեցու էությունը, որ ենթակա չէ ժամանակի հոսքին, մենք դիմեցինք Եկեղեցու ակունքներին: Այդպիսով մենք ուզում ենք հասկանալ Եկեղեցու մեջ մեր գոյության իմաստը և թե ինչպե՛ս պետք է ջանանք ապրել այն՝ քրիստոնեական նոր հազարամյակի սկզբում: Նորածին Եկեղեցու ուսումնասիրության միջոցով մենք կարող ենք բացահայտել երկու կողմ. առաջին կողմի վրա լույս են սփռում Երկրորդ դարի նահատակ և մեծ աստվածաբան, աստվածաբանական առաջին համակարգը մշակող Սբ. Իրենեուս Լուգդունացու հետևյալ վճռական խոսքերը. «Այնտեղ, ուր Եկեղեցին է, այնտեղ է և Աստծո Հոգին, և այնտեղ, ուր Աստծո Հոգին է, այնտեղ է նաև Եկեղեցին և ամեն շնորհ. իսկ Հոգին ճշմարտությունն է»[1]: Եվ այսպես, գոյություն ունի մի սերտ կապ՝ Սուրբ Հոգու և Եկեղեցու միջև: Սուրբ Հոգին ստեղծում է Եկեղեցին և նրան պարգևում է ճշմարտությունը, հավատացյալների սրտերի մեջ է հեղում սերը, ինչպես ասում է Սուրբ Պողոսը (տե՛ս Հռմ 5, 5):

Բայց կա և երկրորդ կողմը. Հոգու հետ այդ սերտ կապը չի վերացնում մեր մարդկային տկարությունը, այդ պատճառով էլ՝ աշակերտների համայնքը իր սկզբնավորման պահից ևեթ ճանաչել է ո՛չ միայն Սուրբ Հոգու բերկրանքը, ճշմարտության և սիրո շնորհը, այլ նաև՝ փորձություններ, նախևառաջ՝ հավատքի ճշմարտությունների շուրջ տարաձայնությունները, որոնք հաճախ հանգեցնում էին հաղորդության խզմանը: Սիրո միությունը գոյություն ունի հենց սկզբից և կմնա մինչև ժամանակների վախճանը (հմմտ. 1Հվհ 1, 1-4), բայց, դժբախտաբար, հենց սկզբից ի հայտ եկավ նաև բաժանումը: Զարմանալի չէ, որ այն գոյություն ունի նաև այսօր. «Մեր միջից ելան նրանք», գրված է Հովհաննեսի Առաջին Նամակում, «բայց մեզնից չէին, որովհետև եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային: Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լինի, որ նրանք ամենքը մեզնից չեն» (2, 19): Այսպիսով, աշխարհի շրջադարձերի մեջ միշտ վտանգ կա, որ Եկեղեցու տկարությունների պատճառով կարող են կորսվել հավատքը, սերը և եղբայրությունը: Ուստի, յուրաքանչյուր ոք, ով հավատում է սիրո Եկեղեցուն և ցանկանում է մնալ Եկեղեցում, պարտավոր է հիշել այդ վտանգի մասին և հասկանալ, որ չի կարող լինել միություն՝ փրկության վարդապետությունից հեռացողների հետ (հմմտ. 2Հվհ 2, 9-11):

Նորածին Եկեղեցին քաջ գիտակցում էր միության փորձառության ընթացքում ի հայտ եկող հնարավոր հակասությունները, ինչի մասին պերճախոս կերպով վկայում է Հովհաննեսի Առաջին նամակը. Նոր Կտակարանի գրքերի հեղինակներից ոչ մեկն այդքան ընդգծված կերպով չի բարձրացնում իր ձայնը՝ ցույց տալու համար քրիստոնյաների միջև եղբայրական սիրո իրականությունը և այն պահպանելու պարտականությունը, բայց այդ նույն ձայնը կտրուկ և խստորեն նախատում է ուրացողներին, որոնք նախկինում եղել են համայնքի անդամներ, իսկ հետո լքել են այն: Սիրո Եկեղեցին նաև ճշմարտության Եկեղեցի է, որը, նախևառաջ, ընկալվում է որպես հավատարմություն Ավետարանին, որը Տեր Հիսուսի կողմից վստահվել է Իր աշակերտներին: Քրիստոնեական եղբայրությունը ծնվում է մեկ Հոր զավակները լինելու փաստից. զավակներ, որ որդեգրվել են Հորը՝ ճշմարտության Հոգով. «Ովքեր առաջնորդվում են Աստծո Հոգով, նրա՛նք են Աստծո զավակները» (Հռմ 8, 14): Բայց Աստծո որդիների ընտանիքը միության և խաղաղության մեջ ապրելու համար կարիքն ունի նրանց, ովքեր այդ ընտանիքը պահում են ճշմարտության մեջ և առաջնորդում են իմաստուն և հեղինակավոր ճանաչողությամբ. հենց սրան է կանչված առաքելական ծառայությունը: Այստեղ մոտենում ենք մի կարևոր կետի: Ամբողջ Եկեղեցին Հոգուց է, բայց Եկեղեցին ունի մի կառուցվածք՝ Առաքելական Հաջորդությունը, որի վրա դրված է պատասխանատվությունը՝ ապահովելու Եկեղեցու կեցությունը ճշմարտության մեջ, որն ընծայված է Քրիստոսի կողմից, որովհետև ճշմարտությունից է բխում նաև սիրելու ունակությունը:

Սուրբ Առաքյալների Գործերի գրքի առաջին դիտարկումը շատ համոզիչ կերպով արտահայտում է նորածին Եկեղեցում այդ արժեքների միությունը. «Եվ նրանք հարատևում էին Առաքյալների ուսուցման, հաղորդության (koinonia), հացի բեկման և աղոթքների մեջ» (Գրծ 2, 42): Միությունը բխում է հավատքից, որ ծնվում է առաքելական քարոզներով, սնվում է հացի բեկմամբ և աղոթքով, մարմնանում է եղբայրական սիրո և ծառայության մեջ: Նորածին Եկեղեցու համայնքի նկարագրությունը տեսնում ենք նրա ներքին գործընթացների և տեսանելի արտահայտությունների հարստության մեջ. միության պարգևը պահպանվում և զարգանում է գլխավորապես առաքելական ծառայությամբ, որն, իր հերթին, պարգև է՝ ամբողջ համայնքին:

Այդ պատճառով, Առաքյալներն ու նրանց հաջորդները Եկեղեցուն վստահված ճշմարտության գրավականի պահապաններն ու հեղինակավոր վկաներն են, ողորմության ծառաներն են. այս կողմերը փոխլրացնում են միմյանց: Նրանք պետք է միշտ մտածեն իրենց կրկնակի ծառայության անբաժանելիության մասին, որն իրականում մեկ ամբողջություն է՝ ճշմարտություն և սեր, հայտնված և ընծայված՝ Տեր Հիսուսի կողմից: Այս իմաստով, նրանց ծառայությունը կարելի է նախևառաջ անվանել սիրո ծառայություն. ողորմությունը, որով նրանք պետք է ապրեն և որը պետք է ամրապնդեն, անբաժան է ճշմարտությունից, որը նրանք պահպանում և փոխանցում են ուրիշներին: Ճշմարտությունը և սերը Աստծո միևնույն պարգևի երկու կողմերն են, որն, առաքելական ծառայության շնորհիվ, պահպանվել է Եկեղեցում՝ մինչև մեր օրերը և փոխանցվել է մեզ: Առաքյալների և նրանց հաջորդների ծառայության միջոցով Երրորդության մեջ Մեկ Աստծո սերը հասնում է մեզ և հաղորդում է ազատարար ճշմարտությունը (հմմտ. Հվհ 8, 32): Այն ամենը, որ տեսնում ենք նորածին Եկեղեցում, դրդում է մեզ աղոթել Առաքյալների հաջորդների համար, բոլոր եպիսկոպոսների և Սուրբ Պետրոսի բոլոր հաջորդների համար, որպեսզի նրանք իսկապես լինեն ճշմարտության և սիրո պահապաններ, որպեսզի այդպիսով լինեն Քրիստոսի իսկական Առաքյալներ, և Նրա լույսը՝ ճշմարտության և սիրո լույսը, երբեք չմարի Եկեղեցու մեջ և աշխարհում:

 

Ընդհանուր ունկնդրություն, 5 Ապրիլ 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

[1] Ընդդեմ հերետիկոսությունների, III, 24, 1 (PG 7, 966).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։