Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

1. Ճշմարտության մեջ գործադրված Սերը, որին Հիսուս Քրիստոսը վկայեց Իր երկրային կյանքով և հատկապես՝ Իր մահվամբ և հարությամբ, յուրաքանչյուր անձի և ամբողջ մարդկության ճշմարիտ զարգացման գլխավոր մղիչ ուժն է: Սերը – իր հոգևոր ընդարձակ իմաստով – դա մի բացառիկ ուժ է, որ մարդկանց մղում է քաջությամբ ու վեհանձնորեն գործի լծվելու արդարության և խաղաղության ասպարեզում: Մի ուժ է, որ բխում է Աստծուց, որ հավիտենական Սերն է և բացարձակ Ճշմարտությունը: Յուրաքանչյուր ոք իր բարիքը գտնում է ընդունելով իր վերաբերյալ Աստծո ծրագիրը, այն ամբողջությամբ իրագործելու համար: Աստծո ծրագրում, արդարև, մարդկային անձը գտնում է իր ճշմարտությունը և այդ ճշմարտությանը հարելով է, որ նա դառնում է ազատ (Հվհ 8, 22): Ճշմարտությունը պաշտպանելը, խոնարհությամբ ու համոզումով առաջադրելը և կյանքում նրան վկայելն, ուստի, սիրո գործադրման հարկավոր և անփոխարինելի կերպերից են: Սերն, արդարև, «ճշմարտության մեջ է գտնում իր բերկրանքը» (1Կր 13, 6): Յուրաքանչյուր մարդ իր հոգու և սրտի խորքում զգում է ճշմարտապես սիրելու ազդակը: Սերն ու ճշմարտությունը երբեք ամբողջովին չեն լքում մարդուն, որովհետև Աստծո կողմից յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում դրված կոչումն են: Հիսուս Քրիստոսը մեր մարդկային խեղճություններից մաքրագործում ու ազատում է սիրո ու ճշմարտության որոնումը, և մեր առջև լիովին քողազերծում է սիրո նախաձեռնությունն ու ճշմարիտ կյանքի ծրագիրը, որն Աստված նախապատրաստել է մեր համար: Հանձինս Քրիստոսի, Ճշմարտության մեջ գործադրված Սերը դառնում է Իր Անձի Դեմքը: Դառնում է մեր կոչումը՝ սիրելու մեր եղբայրներին Իր ծրագրի ճշմարտության մեջ: Նա Ինքն է, արդարև, Ճշմարտությունը (Հվհ 14, 6):

 

2. Սերը Եկեղեցու սոցիալական ուսմունքի մայր ուղին է: Այդ ուսմունքի կողմից մատնանշված յուրաքանչյուր պարտավորություն և հանձնառություն առընչվում է սիրույն, որը Հիսուսի ուսուցման համաձայն՝ ամբողջ Օրենքի համադրությունն է (հմմտ. Մտթ 22, 36-40): Այն ճշմարիտ տարողություն է հաղորդում Աստծո և մերձավորների հետ ունեցած մեր անձնական հարաբերությանը. ակունքն ու սկզբունքն է ո՛չ միայն նեղ հարաբերությունների, ինչպիսիք կարող են լինել ընկերային, ընտանեկան, փոքր խմբերի հարաբերությունները, այլ նաև՝ ընդարձակ հարաբերությունների. հասարակական, տնտեսական, քաղաքական: Ավետարանի ուսմունքով կրթված Եկեղեցու համար Սերն ամեն ինչ է, որովհետև – ինչպես ուսուցանում է Հովհաննես Առաքյալը (հմմտ. 1Հվհ 4, 8.16) և ինչպես ես ինքս էլ հիշատակել եմ իմ առաջին՝ «Աստված Սեր է» Կոնդակում – Աստծո սիրուց է ամեն ինչ ծնվում, նրանով է ամեն ինչ կերպարանք ստանում, դեպի նրան է ամեն ինչ ձգտում: Սերն ամենամեծ պարգևն է, որ Աստված տվել է մարդկությանը. Նրա խոստումն է և մեր հույսը:

Գիտակից եմ այն շեղումներին և իմաստազրկմանը, որոնց ենթարկվել և ենթարկվում է սերը, ինչպես նաև՝ դրանց որպես արդյունք հետևող վտանգին. սիրո վերաբերյալ թյուրըմբռնումների, էթիկական ապրելակերպից սերն արտաքսելու և, համենայն դեպս, նրա անսխալ արժևորումը խոչընդոտելու վտանգին: Հասարակական, իրավական, մշակութային, քաղաքական, տնտեսական, այսինքն՝ այդ վտանգին ամենաենթակա բնագավառներում, ոմանք ամենայն հեշտությամբ հռչակում են, թե սերն անկարևոր է՝ մեկնաբանելու և ուղղորդելու համար բարոյական պատասխանատվությունները: Ահա այստեղից է ծագում սերը ճշմարտության հետ կապակցելու անհրաժեշտությունը, և ո՛չ միայն Պողոս Առաքյալի կողմից մատնանշված ուղղությամբ, այսինքն՝ «ճշմարտությունը սիրո մեջ» (Եփ 4, 15), այլ նաև հակառակ և լրացուցիչ ուղղությամբ, այսինքն՝ «սերը ճշմարտության մեջ»: Ճշմարտությունը հարկավոր է փնտրել, գտնել և արտահայտել սիրո «տնօրենության» մեջ, բայց սերն իր հերթին պետք է հասկացվի, արժևորվի և գործադրվի ճշմարտության լույսի ներքո: Այսպես վարվելով, մենք ո՛չ միայն ծառայություն մատուցած կլինենք սիրույն, այն ճշմարտությամբ լուսավորելով, այլ նաև նպաստած կլինենք ճշմարտության վարկն աւելացնելու գործին, ցույց տալով հասարակական կոնկրետ կեանքում ունեցած վավերացումի ու համոզումի նրա ուժն ու զորությունը: Սա առավել արժեքավոր է այսօր, հասարակական և մշակութային մի այնպիսի բանակարգում, որն հարաբերական է դարձնում ինքնին ճշմարտությունը, հաճախ նրա նկատմամբ դառնալով անտարբեր և ընդդիմացող:

 

3. Ճշմարտության հետ ունեցած այս սերտ կապի շնորհիվ, սերը կարող է ճանաչվել որպես մարդկայնության անաղարտ արտահայտություն և որպես մարդկային փոխհարաբերություններում, նաև հանրային բնույթի հարաբերություններում հիմնական կարևորություն ունեցող տարր: Միմիայն ճշմարտության մեջ է սերը պայծառորեն փայլում և միմիայն ճշմարտության մեջ սերը կարող է անարատ կերպով ապրվել: Ճշմարտությունը լույս է, որ իմաստ և արժեք է հաղորդում սիրույն: Ճշմարտության այս լույսը միաժամանակ բանականության և հավատքի լույսն է, որի միջոցով միտքը հասնում է սիրո բնական և գերբնական ճշմարտության ճանաչմանը. նրանից քաղում է նվիրման, ընդունման և հաղորդության իմաստն ու նշանակությունը: Առանց ճշմարտության, սերը վերածվում է զգացմունքայնության: Սերն այդպիսի դեպքում վերածվում է դատարկ կեղևի, որի ներսը կարելի է կամայական քմահաճույքով լցնել: Սա է ճակատագրական վտանգը, որին սերը ենթակա է ճշմարտությունից զուրկ մշակույթ դավանող հասարակություններում: Այն դառնում է անհատների զգացմունքների և նրանց ենթակայական գաղափարների ու պատահական կարծիքների զոհը, մի բառ, որը գործածում են չարաշահելով ու խեղաթյուրելով, այն աստիճան, որ ոմանց մտքում հասնում է մինչև իսկ ինքն իր հակառակը նշանակելու: Ճշմարտությունը սիրույն ազատում է զգացմունքայնության խեղդող մթնոլորտից, որը նրան զրկում է հաղորդակցական և հասարակական իր բովանդակությունից: Ազատում է նաև հավատապաշտական նեղ ու անձուկ միջավայրից, որը նրան զրկում է մարդկային և տիեզերական շնչառությունից: Ճշմարտության մեջ, սերն հայելացնում է Աստուածաշնչյան Աստծո հանդեպ հավատքի անձնական և միաժամանակ հանրային տարողությունը. Աստված, որ միաժամանակ «Ագապե» է և «Լոգոս». Սեր և Ճշմարտություն, Սեր և Խոսք:

 

4. Քանի որ լի է ճշմարտությամբ, սերը մարդու կողմից կարող է հասկացվել իր արժեքների հարստությամբ, բաժնեկցվել և հաղորդակցվել: Ճշմարտությունն, արդարև, «խոսք» է, որ ստեղծում է «երկ-խոսություն», և հետևաբար՝ հաղորդակցություն և հաղորդություն: Ճշմարտությունը, մարդկանց դուրս բերելով ենթակայական կարծիքներից ու զգացմունքներից, նրանց համար հնարավորություն է ստեղծում գնալու մշակութային և պատմական սահմանումներից անդին և իրողությունների արժեքի ու էության գնահատման գործում հանդիպելու միմեանց: Ճշմարտությունը բացում և միաւորում է մտքերը սիրո «լոգոս»ի մեջ. և սա՛ է սիրո քրիստոնեական ավետումն ու վկայությունը: Հասարակական և մշակութային արդի բանակարգում, ուր տարածված է ճշմարիտը հարաբերական դարձնելու ձգտումը, ճշմարտության մեջ սիրո ապրումը առաջնորդում է ըմբռնելու, որ Քրիստոնեության արժեքներին հարելը ո՛չ միայն օգտակար, այլ նաև անհրաժեշտ տարր է լավ հասարակության կերտման և մարդկային իսկապես ամբողջական զարգացման համար: Եթե Քրիստոնեությունը վերածենք սիրո գործադրման առանց ճշմարտության, այն կարող է ամենայն հեշտությամբ կարծվել որպես բարի զգացմունքների շտեմարան, որոնք օգտակար են հասարակության ներսում կենակցության համար, բայց՝ երկրորդական: Այդպիսով այլեւս իրական և հատուկ տեղ չի լինի աշխարհում Աստծո համար: Առանց ճշմարտության, սերն արգելափակվում է հարաբերությունների նեղ ու անձնական միջավայրում: Այդպիսով սերը բացառվում է համընդհանուր տարողություն ունեցող մարդկային զարգացում կերտելու ծրագրերից ու գործընթացներից, որն իրականանում է գիտելիքների ու գործողությունների երկխոսությամբ:

 

5. «Ագապե»ն դա ընդունված և նվիրված սեր է: «Շնորհ» է (chàris): Նրա սկզբնաղբյուրը Հորից Որդու համար բխած սերն է հանձինս Սուրբ Հոգու: Սեր է, որ Որդուց իջնում է մեր վրա: Արարիչ սեր է, որի միջոցով ենք ստեղծվել և կանք. փրկարար սեր է, որի միջոցով ենք կրկին արարվել: Քրիստոսի կողմից հայտնված և իրագործված սեր է (հմմտ. Հվհ 13, 1) և «մեր սրտերի մեջ տարածվել է Սուրբ Հոգու միջոցով» (Հռմ 5, 5): Աստծո սիրո առարկան հանդիսանալով, մարդիկ կարգվել են որպես սիրո ենթականեր, որ կանչված են իրենք իսկ շնորհի գործիքներ դառնալու՝ տարածելու համար Աստծո սերը և հյուսելու համար սիրո ցանցեր:

Ընդունված և նվիրված սիրո այս տրամաբանությանն է պատասխանում եկեղեցու սոցիալական ուսմունքը: Այն «սեր է ճշմարտության մեջ, սոցիալական բոլոր հարցերում». Քրիստոսի սիրո ճշմարտության ավետումն է հասարակության մեջ: Այդ ուսմունքը ծառայում է սիրույն, բայց ճշմարտության մեջ: Ճշմարտությունը պահպանում և արտահայտում է սիրո ազատարար ուժը պատմության նորանոր իրադարձություններում: Այն միաժամանակ հավատքի և բանականության ճշմարտությունն է, ճանաչողական երկու ծիրերի զանազանությամբ ու տարբերակմամբ, բայց միաժամանակ՝ միասին ուժակցելով: Հասարակության զարգացումն ու բարեկեցությունը, մարդկությանը տանջող սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների համարժեք լուծումը, այս ճշմարտության կարիքն ունեն: Է՛լ ավելի, կարիքն ունեն, որ այս ճշմարտությունը սիրվի և վկայվի: Առանց ճշմարտության, առանց ճշմարիտի հանդեպ վստահության և սիրո, գոյություն չունի հասարակական գիտակցություն և պատասխանատվություն, իսկ սոցիալական գործողություններն ընկնում են ոմանց սեփական շահերի և իշխանության տրամաբանության քմահաճույքի ձեռքը, պառակտող հետևանքներ թողնելով հասարակության վրա, մանավանդ մի հասարակությունում, որը գտնվում է համաշխարհային ընդհանրականացման գործընթացում, այնպիսի դժվարին ժամանակահատվածում, ինչպիսին է արդի դարաշրջանը:

 

6. «Սերը Ճշմարտության մեջ». սա այն սկզբունքն է, որի առանցքի շուրջն է պտտվում Եկեղեցու սոցիալական ուսմունքը. մի սկզբունք, որ գործնական կերպարանք է ստանում բարոյական վարքի կողմնորոշիչ դատանիշներում: Կամենում եմ հիշատակել դրանցից մասնավորաբար երկուսը, քանի որ հատուկ կերպով բխում են դեպի համաշխարհային ընդհանրականացումը քայլող հասարակության ներսում զարգացմանն ի նպաստ կատարվող հանձնառությունից. արդարությունը և հասարակաց բարիքը:

Նախևառաջ՝ արդարությունը: «Ուր հասարակություն, այնտեղ՝ իրավունք». յուրաքանչյուր հասարակություն մշակում է արդարության իր սեփական համակարգը: Սերը գերազանցում է արդարությանը, որովհետև սիրել՝ նշանակում է պարգևել, նվիրել «իմ»ից ուրիշին. բայց դա երբեք առանց արդարության չէ, որը պարտավորեցնում է տալ ուրիշին այն՝ ինչ «իրենն» է, այն՝ ինչ իրեն պատկանում է կամ հասնում է իր գոյության և իր գործունեության պատճառով: Չեմ կարող ուրիշին «նվիրել» իմ ունեցածից, եթե նախևառաջ չեմ տվել նրան այն՝ ինչը նրան հասնում է և նրա իրավունքն է ըստ արդարության: Ով ճշմարիտ սիրով սիրում է մարդկանց, նախևառաջ արդարությամբ է վարվում նրանց նկատմամբ: Արդարությունը օտար չէ սիրույն, սիրո նկատմամբ այլընտրանքային կամ զուգահեռ ճանապարհ չէ. արդարությունն «անբաժանելի է սիրուց»[1] և սերտորեն առընչվում է նրան: Արդարությունը սիրո առաջին ճանապարհն է, կամ ինչպես Պողոս Վեցերորդն է մի առիթով ասել, սիրո «նվազագույն չափն» է[2], ամբողջացնող մասն է «գործով և ճշմարտությամբ» արտահայտվող այն սիրո, որին հետևելու է հորդորում Հովհաննես Առաքյալը (1Հվհ 3, 18): Մի կողմից, սերը պահանջում է արդարություն. անհատների և ժողովուրդների օրինավոր իրավունքների ճանաչումն ու հարգումը: Այն գործի է լծվում «մարդկանց քաղաքի» կառուցման համար, ըստ իրավունքի ու արդարության: Մյուս կողմից, սակայն, սերը գերազանցում է արդարությանը և այն ամբողջացնում է պարգևի և ներման տրամաբանությամբ[3]: «Մարդկանց քաղաքը» չի զարգանում միայն իրավունքների ու պարտականությունների վրա հիմնված հարաբերություններով, այլ դրանցից ավելի և դրանցից առաջ՝ անհատույց նվիրման, ողորմության և հաղորդության հարաբերություններով: Սերը մարդկային հարաբերություններում ևս միշտ տեսանելի է դարձնում Աստծո սերը, աստվածաբանական և փրկագործական արժեք է հաղորդում արդարության որևէ գործի ու հանձնառության, որ առաջ է տարվում աշխարհում:

 

7. Հարկավոր է, ապա, մեծագույն ուշադրություն դարձնել հասարակաց բարիքին: Ինչ-որ մեկին սիրել՝ նշանակում է նրան բարիք կամենալ և գործնականորեն աշխատել այդ նպատակի համար: Անհատական բարիքի կողքին, գոյություն ունի մի ա՛յլ բարիք ևս, որ կապված է անձանց հասարակական կյանքի բնույթին. «հասարակաց բարիքը»: Դա բարիքն է այն «մենք-բոլորս» հասկացողության, որ կազմվում է անհատներից, ընտանիքներից և միջանկյալ խմբերից, որոնք միավորվում են հասարակական համայնքի ներսում[4]: Դա սեփական անձի համար փնտրվող բարիք չէ, այլ՝ անձանց համար, որոնք մաս են կազմում հասարակական համայնքին և միմիայն նրա ներսում կարող են իսկապես և առավել արդյունավետ կերպով հասնել իրենց բարիքին: Կամենալ հասարակաց բարիքը և գործի լծվել հանուն նրա, սա արդարության և սիրո կողմից պահանջվող իրողություն է: Գործի լծվել հանուն հասարակաց բարիքի՝ նշանակում է մի կողմից հոգատարություն ցուցաբերել այն հաստատությունների նկատմամբ, որոնք իրավաբանական, քաղաքացիական, քաղաքական, մշակութային գետնի վրա կազմակերպում և կարգավորում են հասարակական կյանքը, այդպիսով հաղորդելով նրան «pòlis»ի, «քաղաք»ի կերպարանք, իսկ մյուս կողմից՝ օգտագործել այդ հաստատությունների ընձեռած հնարավորությունները: Մեր մերձավորին այնքան ավելի արդյունավետ կերպով ենք սիրում, որքան ավելի ենք գործի լծվում ի նպաստ հասարակաց բարիքի, որը համապատասխանում է նաև նրա իրական կարիքներին: Յուրաքանչյուր քրիստոնյա կանչված է իրագործելու այս սերը, իր անձնական կոչմանը համահունչ կերպով և «pòlis»ում ազդեցություն ունենալու իր հնարավորությունների սահմաններում: Սա սիրո իստիտուցիոնալ – կարող ենք նաև ասել՝ քաղաքական – ուղին է, որը պակաս որակյալ և ազդու չէ, քան սերը, որը մերձավորին հասնում է ուղղակի ու անմիջական կերպով, «pòlis»ի հիմնարկների ու հաստատությունների միջնորդությունից դուրս: Երբ նրան կենդանացնում և առաջ է մղում սերը, հասարակաց բարիքին ի նպաստ հանձնառությունը մի առավել գերազանց արժեք է ձեռքբերում, քան սոսկ աշխարհական և քաղաքական հանձնառությունը: Ինչպես արդարությանն ի նպաստ կատարվող բոլոր հանձնառությունները, այն արձանագրվում է աստվածային սիրո վկայության ծիրից ներս, որը ժամանակի սահմաններում գործելով՝ նախապատրաստում է հավիտենականը: Մարդու գործունեությունը երկրի վրա, երբ ներշնչված է սիրուց և սիրուց է քաղում իր ուժը, նպաստում է այն տիեզերական «Աստծո քաղաք»ի կառուցմանը, դեպի որն է ընթանում մարդկային ընտանիքի պատմությունը: Դեպի համաշխարհային ընդհանրականացումը քայլող հասարակության ներսում, հասարակաց բարիքը և նրան ի նպաստ կատարվող հանձնառությունը չեն կարող չտարածվել մարդկային ողջ ընտանիքի, այսինքն՝ ժողովուրդների և Ազգերի հասարակության վրա[5], այնպես՝ որ միության ու խաղաղության կերպարանք հաղորդեն «մարդկանց քաղաք»ին և այն որոշակի չափով դարձնեն «Աստծո քաղաք»ը նախապատկերող կանխումը. Աստծո քաղաքը, ուր պատվարներ ու արգելապատնեշներ գոյություն չունեն:

 

8. 1967 թվականին հրատարակելով իր «Populorum progressio» («Ժողովուրդների զարգացումը») վերնագրով Կոնդակը, իմ երանաշնորհ նախորդ Պողոս Վեցերորդը ժողովուրդների զարգացման մեծ հիմնանյութը լուսավորեց ճշմարտության պայծառ փայլով և Քրիստոսի սիրո քաղցր լույսով: Նա հաստատեց, որ Քրիստոսի ավետումը զարգացման առաջին և գլխավոր գործոնն է[6], և մեզ որպես հանձնարարություն թողեց մեր ամբողջ սրտով և մեր ամբողջ մտքով, այսինքն՝ սիրո եռանդով և ճշմարտության իմաստությամբ քայլել ու առաջ ընթանալ զարգացման ճանապարհով[7]: Աստծո սիրո սկզբնական բուն ճշմարտությունն է, որպես մեզ պարգևված շնորհ, որ մեր կյանքը բացում է նվիրումի դիմաց և հնարավոր է դարձնում հուսալ «մարդու և բոլոր մարդկանց ամբողջական զարգացմանը»[8], «նվազ մարդկային վիճակներից ավելի մարդկային վիճակների» անցնելով[9], մի բան, որ կարող ենք ձեռքբերել հաղթահարելով բոլոր այն դժվարությունները, որոնք անխուսափելիորեն հանդիպում են ճանապարհի ընթացքում:

Կոնդակի հրատարակումից քառասուն տարի անց, կամենում եմ մեծարել և հարգանք մատուցել Մեծն Քահանայապետ Պողոս Վեցերորդի հիշատակին, վերարծարծելով մարդկային ամբողջական զարգացման վերաբերյալ նրա ուսուցումները և հետևելով դրանց մեջ ուրվագծված ճանապարհին, դրանք ներկա ժամանակաշրջանում այժմեականացնելու համար: Այժմեականացման այս գործընթացը սկսվեց «Sollicitudo rei socialis» («Եկեղեցու սոցիալական հոգածությունը») Կոնդակով, որով Աստծո Ծառա Հովհաննես Պողոս Երկրորդը կամեցավ հիշատակել «Populorum progressio»ի հրատարակումը նրա քսաներորդ տարեդարձի կապակցությամբ: Մինչ այդ, միայն Լևոն Տասներեքերորդի «Rerum novarum» («Նոր իրողություններ») Կոնդակն էր արժանացել նման հիշատակության: Եվս քսան տարի անց, արտահայտում եմ իմ համոզմունքը, որ «Populorum progressio» Կոնդակն արժանի է համարվելու որպես «ժամանակակից դարաշրջանի "Rerum novarum"ը», որ լուսավորում է միավորման ճանապարհին գտնվող մարդկության ընթացքը:

 

9. Սերը Ճշմարտության մեջ – «Caritas in Veritate» – Եկեղեցու համար մի մեծ մարտահրավեր է աշխարհում, որ գտնվում է համաշխարհային հարաճուն տարածվող ընդհանրականացումի գործընթացում: Մեր դարաշրջանի վտանգը կայանում է նրանում, որ մարդկանց և ժողովուրդների միջև փաստացի փոխկախվածությանը չհամապատասխանի խղճի, գիտակցության և մտքի էթիկական փոխազդեցությունը, որից որպես արդյունք կարող էր ծնվել իսկապես մարդկային զարգացումը: Միմիայն սերը, բանականության և հավատքի լույսով լուսավորված, կարող է հասնել զարգացման այնպիսի նպատակակետերի, որոնք օժտված են ավելի մարդկային և մարդկայնացնող արժեքներով: Բարիքների և պաշարների բաժնեկցությունը, որից է առաջ գալիս իրական զարգացումը, չի կարող ապահովվել միմիայն գիտարվեստի զարգացմամբ և սոսկ պատշաճության կամ շահի վրա հիմնված հարաբերություններով, այլ սիրո զորությամբ, որը չարին հաղթում է բարիով (հմմտ. Հռմ 12, 21) և ճանապարհ է բացում խղճերի և ազատությունների փոխադարձության առաջ:

Եկեղեցին առաջարկելիք մասնագիտական լուծումներ չունի[10] և չի հավակնում «նվազագույն չափով իսկ միջամտելու Պետությունների վարած քաղաքականությանը»[11]: Եկեղեցին, սակայն, բոլոր ժամանակներում և որևէ պարագայի դեպքում, ճշմարտության մի առաքելություն ունի կատարելիք, ի սպաս մի հասարակության, որ լինի մարդուն, նրա արժանապատվությանը, նրա կոչմանը համահունչ և համապատասխան: Առանց ճշմարտության, մարդն ընկնում է կյանքի փորձառապաշտական և սկեպտիկ տեսության մեջ, անկարող՝ բարձրանալու կենցաղից ու նրա ընթացիկ կերպերից վեր, քանի որ հետաքրքրված չէ բացահայտելու և ըմբռնելու արժեքները – երբեմն և ո՛չ իսկ իմաստները – որոնցով կկարողանար դատողությամբ քննել և առաջնորդել այն: Մարդու հանդեպ հավատարմությունը ենթադրում և պահանջում է հավատարմություն ճշմարտության հանդեպ, որը միակ երաշխիքն է ազատության (հմմտ. Հվհ 8, 32) և մարդկային ամբողջական զարգացման հնարավորության: Այս իսկ պատճառով Եկեղեցին այն փնտրում է, անխոնջ ավետում և ճանաչում ամենուր, որտեղ որ այն հայտնվում է: Ճշմարտության այս առաքելությունից Եկեղեցին չի կարող հրաժարվել: Իր սոցիալական ուսմունքն այս ավետման եզակի պահերից է. այն ծառայում է ճշմարտությանը, որն ազատում է: Բաց լինելով ճշմարտության առաջ, գիտության ո՛ր ճյուղից էլ որ այն սերի, Եկեղեցու սոցիալական ուսմունքը ընդունում է այն, համադրելով միավորում է նրա հաճախ ցիրուցան եղած մասնիկները և այն ներածում է մարդկանց և ժողովուրդների հասարակության միշտ նոր կենցաղի մեջ[12]:

[1] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 22: AAS 59 (1967), 268; հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 69.
[2] Քարոզ «Զարգացման Օրվա» կապակցությամբ (23 Օգոստոս 1968): AAS 60 (1968), 626-627.
[3] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Պատգամ 2002 թվականի «Խաղաղության Միջազգային Օրվա» կապակցությամբ: AAS 94 (2002), 132-140.
[4] Հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 26.
[5] Հմմտ. Հովհաննես ԻԳ, Կոնդակ «Pacem in terris»: AAS 55 (1963), 268-270.
[6] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 16: AAS 59 (1967), 265.
[7] Հմմտ. Նույն, թիվ 82: AAS 59 (1967), 297.
[8] Հմմտ. Նույն, թիվ 42: AAS 59 (1967), 278.
[9] Հմմտ. Նույն, թիվ 20: AAS 59 (1967), 267.
[10] Հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 36; Պողոս Զ, Առաք. Նամակ «Octogesima adveniens», 4: AAS 63 (1971), 403-404; Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 43: AAS 83 (1991), 847.
[11] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 13: AAS 59 (1967), 263-264.
[12] Հմմտ. Արդարության և Խաղաղության Քահանայապետական Հանձնաժողով, «Եկեղեցու սոցիալական Ուսմունքի համառոտ ամփոփում», թիվ 76.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։