Գլուխ Զ. - Ժողովուրդների զարգացումը և գիտարվեստը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - Ժողովուրդների զարգացումը և գիտարվեստը

68. Ժողովուրդների զարգացման թեման սերտորեն կապված է յուրաքանչյուր անհատ մարդու զարգացման թեմայի հետ: Մարդկային անձն, իր բնությամբ իսկ, դինամիկ կերպով ձգտում է իրականացնելու իր զարգացումը: Խոսքը չի վերաբերվում մի զարգացման, որն երաշխավորված է բնական մեխանիզմների կողմից, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ ունակ է կատարելու ազատ և պատասխանատու ընտրություններ: Խոսքը չի վերաբերվում և ո՛չ իսկ մի զարգացման, որն ենթակա է մեր քմահաճույքին, քանի որ բոլորս էլ գիտենք, որ պարգև ենք և ո՛չ թե ինքնածնության արդյունք: Մեզնում, ազատությունն ինքնատիպ կերպով հատկանշվում է մեր էությամբ և նրա սահմաններով: Ոչ ոք չի ձևավորում սեփական խիղճը կամայականորեն, այլ ամեն ոք կերտում է իր սեփական «ես»ը մի «ինքն»ության հիմքի վրա, որը մեզ տրվել է: Ո՛չ միայն մյուս անձինք մեր տրամադրության ներքո չեն, այլ մենք ինքներս էլ մեր տրամադրության ներքո չենք: Անձի զարգացումն աստիճանական փլուզում է ապրում, երբ նա հավակնում է լինել ինքն իր միակ արտադրողը: Նմանապես, ժողովուրդների զարգացումը ուծանում է, երբ մարդկությունը համարում է, թե կարող է վեր-ստեղծել ինքն իրեն, գործի դնելով գիտարվեստի տեխնոլոգիական «հրաշալիքները»: Այնպես, ինչպես տնտեսական զարգացումն է կեղծ ու վնասակար դառնում, երբ ապավինում է ֆինանսների «հրաշալիքներին», նեցուկ կանգնելու համար ոչ-բնական և սպառողապաշտական աճերին: Անհեռանկար մարտահրավերների մեջ նետվող այս հավակնության դիմաց, պետք է ամրապնդենք և հաստատահիմն դարձնենք սերը ոչ-կամայական ազատության հանդեպ, ազատության, որն իրոք մարդկային է դարձել, քանի որ ճանաչել և ընդունել է բարին, որն իրենից առաջ է: Այդ նպատակի համար հարկավոր է, որ մարդը վերադառնա ինքն իր մեջ, ճանաչելու համար հիմնական կանոնները բարոյական բնական օրենքի, որն Աստված արձանագրել է իր սրտում:

 

69. Զարգացման խնդիրն այսօր սերտորեն կապված է տեխնոլոգիական առաջընթացին, կենսաբանական ոլորտում ունեցած իր հիանալի ու արտակարգ կիրառումներով: Գիտարվեստը, – լավ է ընդգծել սա, – խորապես մարդկային իրողություն է, որ կապված է մարդու ինքնուրույնությանն ու ազատությանը: Գիտարվեստի մեջ արտահայտվում և հաստատվում է հոգու տերությունը նյութի վրա: Հոգին, այդպիսով դառնալով «առարկաներին նվազ ստրկացած, կարող է հեշտությամբ վերամբառնալ Արարչի երկրպագությանն ու հայեցողությանը»[1]: Գիտարվեստը հնարավորություն է տալիս տիրապետելու նյութին, պակասեցնելու վտանգները, խնայելու ջանքեր, բարելավելու կյանքի պայմանները: Այն համապատասխանում է մարդկային աշխատանքի կոչմանն իսկ. գիտարվեստի մեջ, այն դիտելով որպես իր հանճարի գործը, մարդը ճանաչում է ինքն իրեն և իրագործում է իր սեփական մարդկայնությունը: Գիտարվեստը մարդկային գործունեության առարկայական կողմն է[2], որի ծագումն ու գոյապատճառը ենթակայական տարրի մեջ է. մարդը, որ գործում է: Այս իսկ պատճառով է, որ գիտարվեստը երբեք միայն գիտարվեստ չէ: Այն բացահայտում և դրսևորում է մարդուն և զարգացման նրա բաղձանքը, արտահայտում է մարդկային հոգու ձգտումը՝ աստիճանաբար հաղթահարելու նյութական որոշակի սահմանափակումները: Գիտարվեստն, ուստի, Աստծոյ կողմից մարդուն հանձնված ու վստահված «երկիրը մշակելու և պահպանելու» պատգամի մի մասն է (հմմտ. Ծնդ 2, 15) և պետք է կողմնորոշվի ամրապնդելու մարդկային էակի և բնական միջավայրի միջև գոյություն ունեցող այն դաշինքը, որը պետք է լինի Աստծո արարիչ սիրո հայելին:

 

70. Տեխնոլոգիական զարգացումը կարող է առաջնորդել ինքնին տեխնիկայի ինքնաբավության գաղափարին, երբ մարդը, իր առջև միայն «ինչպես»ի վերաբերյալ հարցեր դնելով, քննության չի առնում այն բազմաթիվ «ինչու»ները, որոնցից մղված է ինքը գործում: Այս պատճառով է, որ տեխնիկան անորոշ ու երկդիմի կերպարանք է ստանձնում: Մարդկային ստեղծագործական կարողությունից ծնված լինելով որպես անձի ազատության գործիք, այն կարող է ընկալվել որպես բացարձակ ազատության տարր, այն ազատության, որը կամենում է հաշվի չառնել սահմանները, որոնք առարկաները և ստեղծված ամեն բան կրում են իրենց մեջ: Համաշխարհային ընդհանրականացման գործընթացը կարող է գաղափարախոսությունները փոխարինել տեխնիկայով[3], հենց տեխնիկան ինքը դարձնելով գաղափարախոսական մի ուժ, որը մարդկությանը կարող է ենթարկել ինչ-ինչ սկզբունքների մեջ բանտարկվելու վտանգին, որտեղից չի կարող դուրս գալ՝ հանդիպելու համար էությանն ու ճշմարտությանը: Այդպիսի դեպքում, մենք բոլորս կկարողանանք մեր կյանքի իրավիճակները ճանաչել, գնահատել և դրանց շուրջ որոշումներ կայացնել մշակութային մի տեխնոկրատիկ հորիզոնի ներսից, որին կպատկանենք մեր ամբողջ էությամբ, առանց երբևէ կարողանալու գտնել մի իմաստ, որը մեզնից արտադրված չլինի: Այս տեսությունն այսօր այնքան է սաստկացրել տեխնիկային ապավինող մտայնությունը, որ ճշմարիտը նույնացվել է իրագործելիի հետ: Բայց երբ որպես ճշմարտության միակ դատանիշ ընդունվում է արդյունավետությունն ու օգտակարությունը, զարգացումն ինքնաբերաբար ժխտվում է: Հիրավի, ճշմարիտ զարգացումն առաջնակարգ կերպով չի կայանում գործելու մեջ: Զարգացման բանալին դա միտքն է, որն ի զորու է մտածելու տեխնիկայի մասին և ընկալելու մարդու գործելու լիովին մարդկային իմաստը, անձի իմաստի հորիզոնի ներսում, անձն իր էության ամբողջությամբ վերցված: Նաև երբ գործում ու աշխատում է արբանյակի կամ էլեկտրոնային հեռազդակների միջոցով, իր գործերը շարունակում են մնալ մարդկային արարքներ, պատասխանատու ազատության արտահայտություններ: Տեխնիկան ուժգին հրապուրում է մարդուն, քանի որ նրան դուրս է հանում ֆիզիկական սահմանափակումներից և ընդարձակում է նրա հորիզոնը: Բայց մարդկային ազատությունը լիովին ինքն իր համաձայն է գործում միմիայն այն ժամանակ, երբ տեխնիկայի հմայքին պատասխանում է այնպիսի որոշումներով, որոնք պտուղն են բարոյական պատասխանատվության: Այստեղից էլ բխում է տեխնիկայի գործածման մեջ էթիկական պատասխանատվության կրթելու անհապաղ անհրաժեշտությունը: Որպես մեկնակետ ունենալով հմայքը, որով տեխնիկան առինքնում է մարդկային էակին, հարկավոր է վերականգնել ազատության ճշմարիտ իմաստը, որը չի կայանում բացարձակ ինքնավարության պատճառած գինովության մեջ, այլ՝ էության կոչին տրվող պատասխանի մեջ, սկսելով այն էությունից, որը մենք ինքներս ենք:

 

71. Իր սկզբնաղբյուրը հանդիսացող հումանիտար հունից տեխնիկական մտածելակերպի այս հնարավոր խոտորումն այսօր ակնհայտ է թե՛ զարգացման և թե՛ խաղաղության տեխնիկականացման երևույթներում: Ժողովուրդների զարգացումը հաճախ համարվում է ֆինանսական ճարտարագիտության, շուկաների բացման, մաքսերի կրճատման կամ ուղղակի վերացման, արտադրողական ներդրումների, կառավարական և սահմանադրական բարեփոխումների, վերջնական արդյունքում՝ սոսկ տեխնիկական խնդիր: Բոլոր այս բնագավառներն էլ մեծապես կարևոր են, բայց պետք է ինքներս մեզ հարց ուղղենք, թե ինչո՞ւ տեխնիկական բնույթի ընտրությունները մինչև հիմա միայն հարաբերականորեն են գործել: Պատճառն ավելի խորքում է հարկավոր փնտրել: Զարգացումը երբեք չի կարող ամբողջովին երաշխավորված լինել որոշ չափով ինքնաշխատ և անանձնական ուժերի կողմից, լինեն դրանք շուկայի կամ թե միջազգային քաղաքականության ուժերը: Զարգացումն անհնարին է առանց ուղղամիտ մարդկանց, առանց տնտեսական ոլորտի այնպիսի աշխատակիցների և քաղաքականությամբ զբաղվող այնպիսի մարդկանց, ովքեր իրենց խղճի ու գիտակցության մեջ լրջորեն ապրում են հասարակաց բարիքի պահանջները: Հարկավոր են թե՛ մասնագիտական պատրաստվածությունը, թե՛ բարոյական հետևողականությունը: Երբ գերակշռում է տեխնիկայի բացարձակացումը, շփոթություն է կատարվում նպատակների ու միջոցների միջև, ձեռնարկատերը որպես գործելու միակ չափանիշ է համարում արտադրության առավելագույն եկամտաբերությունը, քաղաքական գործիչը՝ իշխանության ամրապնդումը, գիտնականը՝ իր հայտնագործությունների արդյունքը: Այսպես է պատահում, որ հաճախ տնտեսական, ֆինանսական կամ քաղաքական հարաբերությունների ցանցի ներքո շարունակում են տևել անհասկացողությունները, զրկանքներն ու անարդարությունները. բազմապատկվում են տեխնիկական գիտելիքների հոսքերը, բայց հօգուտ իրենց սեփականատերերի միայն, մինչ ժողովուրդների իրական վիճակը, որոնք ապրում են այդ հոսքերից ներքև և, գրեթե միշտ, դրանց մասին անտեղյակ, մնում է անփոփոխ, առանց այդ ծանր վիճակից ազատվելու իրական հնարավորությունների:

 

72. Խաղաղությունը նույնպես երբեմն ենթարկվում է որպես տեխնիկական արտադրանք նկատվելու վտանգին, համարվելով սոսկ Կառավարությունների միջև կնքված համաձայնությունների կամ տնտեսական բավարար օգնություններ ապահովելուն նպատակամղված նախաձեռնությունների արդյունք: Ճիշտ է, որ խաղաղության կերտումը պահանջում է դիվանագիտական շփումների տևական աշխատանք, տնտեսական և տեխնոլոգիական փոխանակումներ, մշակութային հանդիպումներ, միասնաբար իրագործվելիք ծրագրերի վերաբերյալ համաձայնություններ, ինչպես նաև համաձայնեցված պարտավորությունների ստանձնում՝ պատերազմական տիպի սպառնալիքների դիմաց պատվարներ դնելու և ահաբեկչական հաճախակի փորձություններն արմատախիլ անելու համար: Այնուամենայնիվ, որպեսզի այդ ջանքերը կարողանան մնայուն արդյունքներ հասունացնել, հարկավոր է, որ հենվեն կյանքի ճշմարտության մեջ արմատացած արժեքների վրա: Հարկավոր է, այսինքն, լսել հարցի մեջ ներգրավված ժողովուրդների ձայնը և ուշադրություն դարձնել նրանց վիճակին, որպեսզի ընդունակ լինենք պատշաճ կերպով մեկնաբանելու նրանց ակնկալիքները: Պետք է ինքներս մեզ դնենք, այսպես ասած, այն հոսանքի մեջ, որը բազմաթիվ անձինք ձևավորել են իրենց անանուն ջանքով, լիակատար նվիրումով աշխատելով ժողովուրդների միջև հանդիպմանն ի նպաստ և ուժ հաղորդելով զարգացմանը՝ որպես մեկնակետ ընտրելով փոխադարձ սերն ու ըմբռնումը: Այդ անձանց շարքերում կան նաև քրիստոնյա հավատացյալներ, որ ներգրավված են զարգացմանն ու խաղաղությանը լիովին մարդկային իմաստ հաղորդելու մեծ հանձնառության մեջ:

 

73. Տեխնոլոգիական զարգացման հետ առընչության մեջ է հասարակական հաղորդակցության միջոցների համատարած սփռվածության առավել ընդլայնումը: Մարդկային ընտանիքի գոյությունն այլևս գրեթե անհնարին է պատկերացնել առանց այդ միջոցների: Իրենց դրական և բացասական ազդեցությամբ, այդ միջոցներն այնպես են մարմնացել աշխարհի կյանքում, որ իրոք անտրամաբանական է թվում նրանց կարծիքը, ովքեր պաշտպանում են այդ միջոցների չեզոքությունը, հետևաբար պահանջելով դրանց ինքնուրույնությունը բարոյականության նկատմամբ, որը վերաբերվում է անձանց: Նման տեսակետները, որ չափազանց կարևորում են հաղորդակցության միջոցների սերտորեն տեխնիկական նկարագիրը, գործնականում հաճախ նպաստում են դրանց ստորադասմանը տնտեսական հաշվարկներին, շուկաներին տիրելու նպատակներին և, – ո՛չ վերջին տեղում – , մշակութային այնպիսի աշխարհայացք պարտադրելու ցանկությանը, որը կարող է ծառայել գաղափարախոսական և քաղաքական իշխանության ծրագրերին: Քանի որ հասարակական հաղորդակցության միջոցները հիմնական կարևորություն ունեն ճշգրտման ու որոշման հարցում այն փոփոխություների, որոնք տեղի են ունենում իրականությունը և ինքնին մարդկային անձն ընկալելու և ճանաչելու կերպի մեջ, հարկավոր է դառնում ուշադիր կերպով քննել նրանց ազդեցությունը հատկապես համաշխարհային ընդհանրականացման էթիկական-մշակութային տարողության և ժողովուրդների համերաշխ զարգացման վրա: Ընդհանրականացման և զարգացման անսխալ տնօրինման համար պահանջված իրողությունների նմանությամբ, հաղորդակցության միջոցների իմաստն ու նպատակը հարկավոր է փնտրել մարդաբանական հիմքի մեջ: Դա նշանակում է, որ հաղորդակցության միջոցները կարող են մարդկայնացման գործիք դառնալ ո՛չ միայն երբ տեխնոլոգիական զարգացման շնորհիվ ընծայում են հաղորդակցության և տեղեկատվության առավել հնարավորություններ, այլ հատկապես՝ երբ կազմակերպվում և կողմնորոշվում են անձի և հասարակաց բարիքի մի այնպիսի պատկերի լույսի ներքո, որն արտացոլում է նրանց համաշխարհային մակարդակով վավերական արժեքը: Հասարակական հաղորդակցության միջոցները չեն նպաստում ազատությանը, ո՛չ էլ զարգացումն ու ժողովրդավարությունը համատարած ընդհանրականացնում են բոլորի համար պարզապես նրանով, որ բազմացնում են փոխկապվածության և գաղափարների շրջանառության հնարավորությունները: Նման նպատակների հասնելու համար հարկավոր է, որ հաղորդակցության այդ միջոցները կենտրոնացված լինեն անձանց և ժողովուրդների արժանապատվության խրախուսման վրա, բացահայտորեն կենագործված լինեն սիրուց և ծառայեն ճշմարտությանը, բարուն և բնական ու գերբնական եղբայրությանը: Արդարև, ազատությունը մարդկության մեջ սերտորեն կապված է այս գերազանց արժեքների հետ: Հաղորդակցության միջոցները կարողանում են արդյունավետ օգնություն ցուցաբերել՝ զարգացնելու համար մարդկային ընտանիքի հաղորդությունը և հասարակությունների բարոյական նկարագիրը, երբ դառնում են համընդհանուր մասնակցությանը զարկ տվող գործիք, մասնակցություն միասնաբար կատարվող փնտրտուքին այն բանի, որն արդար է ու ճշմարիտ:

 

74. Տեխնիկականության բացարձակատիրության և մարդու բարոյական պատասխանատվության միջև մշակութային պայքարի առաջնակարգ և վճռական դաշտն այսօր բիոէթիկան է, որի մեջ արմատական կերպով խաղի է դրված մարդկային ամբողջական զարգացման հնարավորությունն իսկ: Խոսքը վերաբերվում է ծայր աստիճան նուրբ և որոշիչ բնագավառի, որի ներսում խիստ սաստիկ ուժով դուրս է ցայտում հիմնական հարցը. մարդն արտադրվել է ինքն իրենի՞ց, թե՞ կախումնավոր է Աստծուց: Այս բնագավառում գրանցված գիտական հայտնաբերումները և տեխնիկական միջամտության հնարավորությունները այնքան առաջադիմյալ են թվում, որ ուղղակի պարտադրում են ընտրություն կատարել երկու բանականությունների միջև. վերանցականի դիմաց բաց մտքի և ներմնայնության մեջ փակված մտքի: Գտնվում ենք մի վճռորոշ «կամ, կամ»ի դիմաց: Տեխնիկական գործելաոճի ինքն իր վրա կենտրոնացած տրամաբանությունը, սակայն, բացահայտում է իր անտրամաբանական լինելը, որովհետև իր հետ բերում է իմաստի և արժեքի վճռական ժխտում: Պատահական չէ, որ վերանցականության դիմաց փակվածությունը բախվում է մտածելու դժվարությանը, թե ինչպես է ոչնչից առաջացել գոյությունը և թե ինչպես է պատահականությունից ծնվել բանական միտքը[4]: Այս մեծապես լուրջ ու ծանր խնդիրների դիմաց, միմյանց փոխադարձ օգնություն են ընծայում բանական միտքն ու հավատքը: Միմիայն միասին նրանք կփրկեն մարդուն: Սոսկ տեխնիկական գործելակերպից հրապուրված բանական միտքն առանց հավատքի սահմանված է իր ամենակարողության պատրանքի մեջ մոլորվելու: Հավատքն առանց բանական մտքի ենթարկվում է անձանց կոնկրետ կյանքից օտարանալու վտանգին[5]:

 

75. Պողոս Վեցերորդն արդեն ճանաչել, զանազանել ու մատնանշել էր հասարակական հարցի համաշխարհային հորիզոնները[6]: Մտքի այս ուղու վրա նրան հետևելով, այսօր հարկավոր է հաստատել, որ հասարակական հարցը դարձել է արմատապես մարդաբանական հարց, այն իմաստով, որ իր մեջ ներառել և ընդգրկել է կյանքը ո՛չ միայն ընբռնելու, այլ նաև նրա օրինաչափություններից ներս ձեռք մխելու կերպն իսկ, որը բիոտեխնոլոգիաների կողմից միշտ ավելի է հանձնվում մարդու ձեռքերին: Արհեստական բեղմնավորումը փորձանոթներում, սաղմերի վրա կատարվող փորձարկումները, մարդկային կրկնօրինակման և խառնածնման հնարավորությունը. սրանք առաջանում ու խրախուսվում են զմայլվելու դյութանքից ամբողջովին զուրկ արդի մշակույթի մեջ, որը կարծում է, թե քողազերծել է ամեն խորհուրդ, որովհետև արդեն հասել է կյանքի արմատին: Այստեղ է տեխնիկայի բացարձակատիրության ձգտումը գտնում իր մեծագույն արտահայտությունը: Նմանատիպ մշակույթում, գիտակցությունը կոչված է պարզապես գրանցելու սոսկ տեխնոլոգիական հնարավորությունները: Կարելի չէ, սակայն, թերագնահատել մարդկության ապագային վերաբերվող վրդովմունք ու մտատանջություն պատճառող տեսարանները և այն նոր ու հզոր գործիքները, որոնք «մահվան մշակույթն» ունի իր տրամադրության ներքո: Կամովին գործադրվող վիժումի տարածված, ողբերգական պատուհասին ապագայում կարող է ավելանալ, – բայց արդեն իսկ գաղտնածածուկ կերպով գոյություն ունի – , ծնունդների համակարգված էուգենետիկ ծրագրավորումը: Հակառակ կողմում, իր առջև ճանապարհ է հարթում կամովին պատճառված մահվան մի տրամաբանություն, որը նույնպես կյանքի հանդեպ տիրապետության նույնքան զեղծարար ու անիրավ դրսևորումներից է, կյանք, որը որոշակի պայմաններում համարվում է ապրվելու ոչ այլևս արժանի: Այդ տեսարանների ետևում կանգնած են մշակութային այնպիսի դիրքորոշումներ, որոնք ժխտում են մարդկային արժանապատվությունը: Այդ գործերն, իրենց հերթին, սահմանված են սնուցելու մարդկային կյանքի սոսկ նյութական և մեքենայական ընկալումը: Ո՞վ կարող է չափել նման մտածելակերպի բացասական հետևանքները զարգացման վրա: Ինչպե՞ս կարող ենք զարմանալ մարդկային իրավիճակների վատթարացման դիմաց անտարբերությամբ, եթե անտարբերությունն է բնորոշում մեր դիրքորոշումը մինչև իսկ այն ամենի նկատմամբ, ինչը մարդկային է և ինչը մարդկային չէ: Ապշեցնում է կամայական ընտրությունն այն ամենի, ինչը որ այսօր առաջարկվում է որպես հարգանքի արժանի: Պատրաստ լինելով գայթակղվելու անկարևոր բաների համար, շատերը թվում է, որ հանդուրժում են չլսված անարդարություններ: Մինչ աշխարհի աղքատները կրկին բախում են մսխող հարուստների դռները, ինչքերով առատացած աշխարհը ենթարկվում է իր դուռը բախողների ձայնն իսկ այլևս չլսելու վտանգին, իր թմրած խղճի ու գիտակցության պատճառով, որն այլևս անկարող է ճանաչելու և ընդունելու մարդկայինը: Աստված մարդու առաջ բացահայտում է մարդու էությունը. բանական միտքն ու հավատքը գործակցում են, ցույց տալու համար նրան բարին, միայն թե նա կամենա տեսնել. բնական օրենքը, որի մեջ մեծապայծառ շողարձակմամբ փայլում է արարիչ Միտքը, ցույց է տալիս մարդու մեծությունը, բայց նաև նրա խեղճությունը, երբ նա չի ընդունում բարոյական ճշմարտության կանչը:

 

76. Տեխնոլոգիական արդի մտածելակերպի դիմագծերից մեկն է հակումը՝ հոգևոր կյանքին կապված խնդիրներն ու ներքին շարժումները քննության վերցնելու սոսկ փսիխոլոգիական տեսակետից դիտված, մինչև լոկ նյարդաբանական մակարդակի հասցնելը: Այսպիսով դատարկվում է մարդու ներաշխարհը, իսկ մարդկային հոգու էաբանական ստույգ հիմքի գիտակցությունը, այն խորություններով, որոնք Սրբերն ի զորու եղան քննելու, աստիճանաբար կորում է: Զարգացման խնդիրը սերտորեն կապված է նաև մարդու հոգու վերաբերյալ մեր ունեցած գաղափարին, քանի որ մեր եսը հաճախ նվազեցվելով վերածվում է «փսիխե»ի, իսկ հոգու առողջությունը շփոթվում է զգացական բարօրության հետ: Այս նվազեցումների հիմքը հոգևոր կյանքը հասկանալու լիակատար անկարողությունն է. նման մոտեցումներն առաջնորդում են ժխտելու այն ճշմարտությունը, որ մարդու և ժողովուրդների զարգացումը, մինչդեռ, կախված է նաև հոգևոր բնույթի խնդիրների լուծումից: Զարգացումը, նյութական աճից բացի, պետք է պարունակի նաև հոգևոր աճ, որովհետև մարդկային անձը «հոգու և մարմնի միություն» է[7], Աստծո արարիչ սիրուց ծնված և հավիտենական կյանքին սահմանված: Մարդկային էակը զարգանում է, երբ աճում է հոգով. երբ իր հոգին ճանաչում է ինքն իրեն և ճշմարտությունը, որն Աստված որպես բողբոջ տպավորել է իր մեջ. երբ երկխոսում է ինքն իր և իր Արարչի հետ: Աստծուց հեռու՝ մարդն անհագիստ է ու հիվանդ: Փսիխոլոգիական և հասարակական օտարացման զգացումը և նյարդային բազմաթիվ հիվանդությունները, որոնք բնորոշ են հարուստ հասարակություններին, սերում են նաև հոգևոր բնույթի պատճառներից: Բարեկեցությամբ ճոխացած մի հասարակություն, որը նյութականապես զարգացած է, բայց հոգու համար ճնշող է, ինքնին կողմնորոշված չէ դեպի իրական զարգացումը: Ստրկության նոր կերպերը, ինչպիսիք են թմրամոլությունն ու հուսահատությունը, որոնց ցանցի մեջ բազմաթիվ անձինք են ընկնում, գտնում են ո՛չ միայն սոցիոլոգիական և փսիխոլոգիական, այլ՝ հիմնականում հոգևոր բացատրություններ: Դատարկությունը, որի մեջ հոգին իրեն զգում է լքված, մարմնի և փսիխեի համար գոյություն ունեցող բազմաթիվ դարմանումների ու բուժումների ներկայությամբ հանդերձ, տառապանք է պատճառում: Լիակատար զարգացում և համընդհանուր հասարակաց բարիք գոյություն չունեն առանց անձանց հոգևոր և բարոյական բարիքի, անձինք նկատված հոգու և մարմնի իրենց ամբողջության մեջ:

 

77. Տեխնիկայի բացարձակատիրական ձգտումը հակված է առաջ բերելու մի անկարողություն՝ ընկալելու այն, ինչը չի բացատրվում պարզապես նյութի միջոցով: Եվ սակայն, բոլոր մարդիկ էլ իրենց կյանքի աննյութական և հոգևոր բազմաթիվ երևույթների փորձառությունն են ունենում: Ճանաչելը սոսկ նյութական գործ չէ, քանի որ ճանաչվածն իր մեջ միշտ էլ ինչ-որ մի բան է թաքցնում, որն անցնում է փորձառական տվյալից անդին: Յուրաքանչյուր մեր ճանաչում, նաև ամենապարզը, միշտ էլ մի փոքրիկ հրաշք է, քանի որ երբեք ամբողջովին չի բացատրվում նյութական միջոցներով, որոնք գործածում ենք: Ամեն մի ճշմարտության մեջ կա ավելին, քան որքան մենք սպասում էինք. սիրո մեջ, որ ստանում ենք, միշտ էլ ինչ-որ մի բան կա, որ մեզ զարմացնում է ու հիացնում: Երբեք չպետք է դադարենք այս սքանչելիքների առաջ զարմանալուց: Յուրաքանչյուր ճանաչումի և սիրո յուրաքանչյուր գործի մեջ մարդու հոգին փորձառությունն է ունենում մի «ավելի»ի, որը շատ է նմանվում ստացված մի ընծայի, մի բարձունքի, որին մեզ զգում ենք բարձրացված: Մարդու և ժողովուրդների զարգացումը նույնպես նման մի բարձունքի վրա է գտնում իր տեղը, եթե քննության ենք առնում հոգևոր տարողությունը, որ պետք է անհրաժեշտորեն լինի այդ զարգացումը բնորոշող հատկանիշը, որպեսզի այն իրական լինի: Այն պահանջում է նոր աչքեր և նոր սիրտ, ընդունակ՝ գերազանցելու մարդկային իրադարձությունների նյութապաշտական տեսությունը և զարգացման մեջ նշմարելու մի «անդին», որը տեխնիկան չի կարող տալ: Այս ուղիով ընթանալով հնարավոր կլինի ձգտել հասնելու մարդկային այն ամբողջական զարգացմանը, որն իրեն որպես կողմնորոշիչ դատանիշ ունի մղիչ ուժը ճշմարտության մեջ գործադրվող սիրո:

[1] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 41: AAS 59 (1967), 277-278; հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 57.
[2] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Laborem exercens», 5: AAS 73 (1981), 586-589.
[3] Հմմտ. Պողոս Զ, Առաք. Նամակ «Octogesima adveniens», 29: AAS 63 (1971), 420.
[4] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Իտալիայի Եկեղեցու Ազգային Եկեղեցային Չորրորդ Համագումարի մասնակիցներին» (19 Հոկտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 465-477; Նույն, «Քարոզ Ռեգենսբուրգի ''Իզլինգեր Ֆելդ''ում ծիսակատարված Սուրբ Պատարագի ընթացքում» (12 Սեպտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 252-256.
[5] Հմմտ. Հավատքի Ուսմունքի Քահանայապետական Հանձնաժողով, Ուսուցում բիոէթիկայի որոշ հարցերի վերաբերյալ «Dignitas personae» (8 Սեպտեմբեր 2008): AAS 100 (2008), 858-887.
[6] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 3: AAS 59 (1967), 258.
[7] Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 14.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։