Միության պարգևը – Գրադարան – Mashtoz.org

Միության պարգևը

Առաքյալների ծառայության միջոցով՝ Եկեղեցին, որ մարմնացած Աստծո Որդու կողմից հավաքված համայնքն է, ապրելու է հետագա դարերում՝ ստեղծելով և ամրացնելով միությունը՝ Քրիստոսի և Սուրբ Հոգու մեջ. այս նպատակին են կանչված բոլորը և այդ միության շնորհիվ բոլորը կարող են մտնել Հոր կողմից շնորհված փրկության մեջ: Ըստ Կղեմես Պապի, ով Սուրբ Պետրոսի երրորդ հաջորդն է եղել և ապրել է Առաջին դարավերջին, Տասներկու Առաքյալները պետք է նշանակեին իրենց արժանի հաջորդներին[1], որպեսզի իրենց վստահված առաքելությունը շարունակվեր նաև իրենց մահվանից հետո: Եկեղեցին, որ ժամանակի ընթացքում օրինական Հովիվների առաջնորդությամբ դարձել էր մի օրգանական կառույց, դրա շնորհիվ դարձավ միության Խորհուրդ և ինչ-որ չափով արտացոլում էր Ամենասուրբ Երրորդության միությունը, Ինքնին Աստծո Խորհուրդը:

Պողոս Առաքյալը տևապես մատնացույց է անում միության բարձրագույն, երրորդութենական աղբյուրը՝ քրիստոնյաներին մաղթելով հետևյալը. «Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող որ ձեր հետ լինեն» (2Կր 13, 13): Այս խոսքերը, որ, ըստ երևույթին, նոր ծնվող Եկեղեցու պաշտամունքից քաղված արձագանք են, ցույց են տալիս, որ Հոր սիրո անհատույց պարգևը՝ տրված Հիսուս Քրիստոսով, իրականանում և դրսևորվում է Սուրբ Հոգու հաղորդության մեջ: Այսպիսի մեկնաբանությունը՝ հիմնված տեքստում սեռական հոլովով դրված երեք գոյականների խիստ զուգահեռականության վրա («Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող որ ձեր հետ լինեն»), ներկայացնում է «հաղորդությունը, միությունը»՝ որպես Հոգու յուրահատուկ պարգև, պտուղ սիրո՝ ընծայված Հայր Աստծուց, և պտուղ շնորհի՝ տրված Հիսուս Քրիստոսի կողմից:

Եղբայրական միության ընդգծումը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգու «հաղորդության» («koinonia»-ի) մեջ յուրաքանչյուր ոք աստվածային կյանքին «մասնակցում» է ո՛չ մեկուսացված կերպով՝ ինքն իր համար, այլ՝ տրամաբանորեն, մյուս հավատացյալների հետ «միության» մեջ. այն միության, որը ստեղծում է Ինքը՝ Աստված, որպես Արարիչ և գլխավոր Դերակատար (հմմտ. Փլպ 2, 1): Կարելի է ասել, որ համապատասխանաբար Քրիստոսի, Հոր և Հոգու շնորհը, սերը և միությունը տարբեր կողմերն են՝ միևնույն աստվածային գործողության՝ հանուն մեր փրկության, մի գործողության, որը ստեղծում է Եկեղեցին և այն դարձնում, ինչպես Երրորդ դարում գրում էր Սուրբ Կիպրիանոսը, «մի ժողովուրդ՝ միավորված Հոր, Որդու և Սուրբ Հոգու միությամբ»[2]:

Միության գաղափարը՝ որպես մասնակցություն Սուրբ Երրորդության կյանքին, մանրամասն լուսաբանված է Հովհաննեսի Ավետարանում. միության սերը, որ կապում է Որդուն՝ Հոր և մարդկանց հետ, մի տիպար է և, միաժամանակ, եղբայրական հաղորդության մի աղբյուր, որ պետք է աշակերտներին կապի միմյանց. «Սիրեցե՛ք միմյանց՝ ինչպես ես ձեզ սիրեցի» (Հվհ 15, 12; հմմտ. 13, 24), «Որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք» (Հվհ 17, 21-22): Ուրեմն, խոսքը վերաբերվում է մարդկանց միությանը՝ Աստծո հետ, որ Մեկ է՝ Երրորդության մեջ, և մարդկանց միությանը՝ միմյանց միջև: Աստծո Որդու հետ իր միության շնորհիվ աշակերտն իր երկրային ճամփորդության ժամանակ արդեն կարող է հաղորդվել Որդու և Հոր աստվածային կյանքին. «Ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ» (1Հվհ 1, 3): Կյանքը՝ Աստծո հետ և միմյանց միջև միության մեջ, ինքնին իմաստն է՝ Ավետարանի հռչակման, իմաստն է՝ Քրիստոնեությունն ընդունելու. «Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք Նրան՝ մեր հետ» (նույն տեղում): Այսպիսով, մեր այդ կրկնակի միությունը՝ Աստծո հետ և միմյանց միջև, անքակտելի է: Այնտեղ, որտեղ քանդվում է միությունը՝ Աստծո հետ, այսինքն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, ոչնչացվում է նաև նրանց՝ միմյանց միջև հաղորդության արմատն ու աղբյուրը: Իսկ, ինչպես ասվեց վերևում, միմյանց միջև միության մեջ չապրելով՝ հնարավոր չէ հաղորդվել Երրորդության մեջ Մեկ Աստծո հետ ճշմարիտ միությանը:

Հիմա կատարենք վերջին քայլը: Սուրբ Հոգու պտուղը՝ միությունը, սնվում է Սուրբ Հաղորդության Հացով (հմմտ. 1Կր 10, 16-17) և մարմնանում է եղբայրական հարաբերությունների մեջ՝ կարծես ապագա աշխարհի կանխաճաշակման մեջ: Սուրբ Հաղորդության մեջ Հիսուսը կերակրում է մեզ, միացնում է Իրեն, Հորը, Սուրբ Հոգուն և միմյանց, և միության այդ ցանցը, որն ընդգրկում է ողջ աշխարհը, ապագա աշխարհի կանխաճաշակումն է՝ մեր ժամանակներում: Հենց այդպես, միությունը – լինելով ապագա աշխարհի կանխաճաշակումը – ի հայտ է գալիս որպես պարգև, որ ունի շատ իրական հետևանքներ. օգնում է մեզ հաղթահարել մեր միայնությունը, ինքներս մեր մեջ փակվածությունը, մեզ դարձնում է մասնակիցներ սիրո, որը մեզ միացնում է Աստծո հետ և միմյանց միջև: Դժվար չէ հասկանալը, թե որքա՜ն մեծ է այդ պարգևը. բավական է միայն մտածել բաժանումների և վեճերի մասին, որ հատուկ են անհատ մարդկանց, հասարակությունների և ամբողջական ժողովուրդների հարաբերություններին: Առանց Սուրբ Հոգու մեջ միության ընծայի՝ անխուսափելի է մարդկության բաժանումը: «Միությունը, հաղորդությունը» այն ճշմարիտ ավետիսն է, Աստծուց մեզ տրված միջոց՝ միայնության դեմ, որ սպառնում է այսօր բոլորին, մի թանկարժեք պարգև, որ մեզ զգացնել է տալիս, որ Աստված ընդունում և սիրում է մեզ՝ Իր Ժողովրդի միության մեջ. ժողովուրդ, որն ի մի է հավաքվել Սուրբ Երրորդության Անունով: Նրա շնորհիվ Եկեղեցին դառնում է լույսի նշան՝ բարձրացված ժողովուրդների մեջ. «Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործում: Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ» (1Հվհ 1, 6-7): Եկեղեցին, չնայած մարդկային տկարություններին, որոնք բնորոշ են Եկեղեցու պատմական կողմին, ներկայանում է որպես սիրո մի հրաշալի ստեղծագործություն, որը Քրիստոսին մոտեցնում է յուրաքանչյուր մեկին, ով իսկապես ուզում է հանդիպել Նրան: Եվ այդպես կլինի մինչև ժամանակների վախճանը: Եկեղեցու շնորհիվ Տերը մնում է մեր ժամանակակիցը: Սուրբ Գիրքը անցյալին չի պատկանում: Տերը խոսում է ո՛չ թե անցյալում, այլ՝ ներկայում, Նա մեր հետ խոսում է այսօր, լուսավորում է, ցույց է տալիս կյանքի ճանապարհը, մեզ շնորհում է միություն և դրանով մեզ պատրաստում և տրամադիր է դարձնում համաձայնությանը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 29 Մարտ 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

[1] Տե՛ս Կղեմես Հռոմեացու առաջին նամակը Կորնթացիներին, 42, 4.

[2] Հմմտ. Սբ. Կիպրիանոս, Տերունական աղոթքի մասին, 23 (PL 4, 553; Hartel, III A, 285; հղումը՝ ըստ Lumen Gentium, 4).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։