Պետրոս ձկնորսը – Գրադարան – Mashtoz.org

Պետրոս ձկնորսը

Հիսուսից հետո Պետրոսը ամենահայտնի անձնավորությունն է. նրա անունը Նոր Կտակարանի գրքերում ավելի հաճախ է գործածվում, քան մյուս Առաքյալներինը: Նրա անունը 154 անգամ հանդիպում ենք «Petros»` «վեմ», «ժայռ» անվանման հետ միասին, որը հունարեն թարգմանությունն է արամայերեն «Kefa» անվան (այս անվանը հանդիպում ենք 9 անգամ, հիմնականում Պողոսի Նամակներում), որը նրան շնորհեց Ինքը՝ Հիսուսը: Այդ անվանը պետք է ավելացնենք նաև տարածված «Սիմոն» անունը (որ հիշատակվում է 75 անգամ), որը հունական տարբերակն է նրա սկզբնական «Սիմեոն» անվան (վերջինս հանդիպում է 2 անգամ. Գրծ 15, 14 և 2Պտ 1, 1): Պետրոսը նաև անվանվում է Հովնանի որդի (Հվհ 1, 42), կամ արամայերեն՝ բար-Յոնա (Մտթ 16, 17): Սիմոնը Բեթսաիդա քաղաքից էր (Հվհ 1, 44), որ գտնվում էր Գալիլեական ծովի արևելյան ափին, որտեղից էին ծնունդով նաև Փիլիպպոսը և, իհարկե, Պետրոսի եղբայր Անդրեասը: Նա ուներ գալիլեական խոսվածք: Եղբոր նման, ինքն էլ ձկնորս էր, և Զեբեդեոսի և նրա որդիների՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ միասին, ձկնորսություն էր անում Գեննեսարեթյան լճի վրա (Ղկս 5, 10): Ըստ երևույթին, Սիմոնը որոշ չափով նյութապես ապահովված էր, հոգևոր հետաքրքրասիրություն և Աստծո ծարավն ուներ, և փափագում էր, որ Տերն աշխարհ գա: Հենց այդ ցանկությունն էլ նրան եղբոր հետ միասին տարավ Հուդեա՝ լսելու Հովհաննես Մկրտչի քարոզները (Հվհ 1, 35-42):

Սիմոնը հավատքով լի և խանդավառ հրեա էր. հույսով լի էր, որ Աստված գործնական ներկայություն կունենա Իր ժողովրդի պատմության մեջ, և խռովվում էր այն բանի համար, որ չէր տեսնում Աստծո զորավոր գործերն՝ այն իրադարձությունների մեջ, որոնց ականատեսն էր լինում իր օրերում: Սիմոնն ամուսնացած էր. նրա զոքանչը, որին մի օր Հիսուսը բժշկելու էր, ապրում էր Կաֆառնաումում, և երբ Սիմոնը լինում էր այդ քաղաքում, մնում էր նրա տանը (Մտթ 8, 14; Մրկ 1, 29; Ղկս 4, 38): Հնագիտական վերջին պեղումների ժամանակ, մի փոքրիկ բյուզանդական եկեղեցու հատակի տակ, որ զարդարված էր ութանկյուն խճանկարով, գտնվեցին ավերակները մի առավել հին եկեղեցու, որը, ինչպես վկայում են պատի վրա գտնված գրությունները՝ ուղղված Պետրոսին, կառուցված է եղել հենց Պետրոսի զոքանչի տան մեջ: Ավետարանները հայտնում են, որ Պետրոսը Նազովրեցու առաջին չորս աշակերտներից մեկն է (Ղկս 5, 1-11): Նրանց շուտով միացավ հինգերորդը. սովորաբար, յուրաքանչյուր ռաբբի ունենում էր հինգ աշակերտ (Ղկս 5, 27. Ղևիի կոչումը): Երբ Հիսուսը կանչեց ա՛յլ աշակերտների ևս և նրանց թիվը դարձավ տասներկու (Ղկս 9, 1-6), ակնհայտ դարձավ Նրա առաքելության նորությունը. Հիսուսը բազմաթիվ ռաբբիներից մեկը չէր, այլ՝ եկել էր ի մի հավաքելու վախճանաբանական Իսրայելը, որի խորհրդանիշն էր տասներկու թիվը՝ Իսրայելի ցեղերի թիվը:

Սիմոնն Ավետարաններում ի հայտ է գալիս որպես վճռական և տաքարյուն բնավորությամբ անձնավորություն. նա պատրաստ է ուժով ստիպելու, որպեսզի մարդիկ լսեն իր դատողությունները (հիշե՛ք սրի մասին դրվագը՝ Գեթսեմանիի այգում. Հվհ 18, 10): Բայց երբեմն նա միամիտ և վախկոտ էր, թեև նույն ազնիվ մարդն էր, որ ընդունակ էր անկեղծ զղջման (Մտթ 26, 75): Ավետարանները թույլ են տալիս քայլ առ քայլ հետևել Պետրոսի հոգևոր ճանապարհին: Մեկնարկի կետը Հիսուսի կողմից նրա կանչվելն էր: Դա տեղի ունեցավ մի սովորական օր, երբ Պետրոսը զբաղված էր առօրյա գործով: Հիսուսը գալիս է Գեննեսարեթյան լճի ափին, նրա շուրջը խմբվում է ունկնդիրների բազմություն: Նրանց թիվը որոշակի անհարմարություններ է ստեղծում: Ուսուցիչը տեսնում է ափին կապված երկու նավակ, որոնցից ձկնորսները դուրս են եկել և մաքրում են ուռկանները: Եվ այդ պահին Նա խնդրում է, որ մտնի Սիմոնի նավակի մեջ և փոքր-ինչ հեռանա ափից: Նստելով այդ հնարովի «ամբիոնի» մեջ՝ Հիսուսը սկսում է նավակից ուսուցանել բազմությանը (Ղկս 5, 1-3): Այդպես, Պետրոսի նավակը դառնում է Հիսուսի ամբիոնը: Խոսքը վերջացնելով՝ Նա դառնում է դեպի Սիմոնը. «Վարի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք՝ որսալու համար»: Սիմոնը պատասխանում է. «Վարդապետ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք» (Ղկս 5, 4-5): Հիսուսը հյուսն էր, ուստի հմուտ չէր ձկնորսության մեջ, բայց այնուամենայնիվ՝ ձկնորս Սիմոնը վստահում է Վարդապետին, Ով նրան պատասխան չի տալիս, այլ՝ կոչ է անում վստահել: Տեսնելով հրաշալի որսը՝ Սիմոնը ապշում և վախենում է. «Ինձնից հեռու գնա, Տե՜ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղկս 5, 8): Ի պատասխան, Հիսուսը նրան հորդորում է ապավինել և բացվել նոր ծրագրի առջև, որ գերազանցում էր բոլոր սպասումները. «Մի՛ վախեցիր, որովհետև այսուհետև դու մարդկանց պիտի որսաս՝ կյանքի համար» (Ղկս 5, 10): Պետրոսը չէր կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի Հռոմում և այստեղ կլինի «մարդկանց որսորդ»՝ Աստծո համար: Նա ընդունում է այդ զարմանալի կանչը՝ թույլ տալու, որ Տերն իրեն ներգրավի այդ մեծ արկածի մեջ. նա անշահախնդիր է, գիտակցում է իր թուլությունը, բայց հավատում է Նրան, Ով կանչել է իրեն և հետևում է Նրան՝ երազանքը սրտում: Նա արիաբար և մեծահոգաբար պատասխանում է «այո՛» և դառնում է Հիսուսի աշակերտը:

Պետրոսն իր հոգևոր ճանապարհին մեկ ա՛յլ կարևոր շրջափուլ է ապրում Ֆիլիպպյան Կեսարիայի մոտ, որտեղ Հիսուսն անմիջական եղանակով հարցնում է աշակերտներին. «Ի՞նչ են ասում մարդիկ իմ մասին, ո՞վ եմ ես» (Մրկ 8, 27): Բայց Հիսուսը չի գոհանում իր լսած պատասխանով: Ով համաձայնվել է անձամբ մասնակցել Հիսուսի կյանքին, պետք է անձնական դիրքորոշում ունենա, ուստի Տերը չի նահանջում. «Իսկ դո՛ւք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ ես» (Մրկ 8, 29): Եվ այդ պահին բոլորի անունից պատասխանում է Պետրոսը. «Դու ես Քրիստոսը», այսինքն՝ Մեսսիան: Պետրոսի այդ պատասխանը, որն իրեն հայտնել է ո՛չ թե «իր մարմինն ու արյունը», այլ՝ Հայրը, որ երկնքում է (Մտթ 16, 17), իր մեջ կրում է Եկեղեցու ապագա հավատքի դավանության սաղմը: Սակայն Պետրոսը դեռ չի հասկացել Հիսուսի մեսսիական ծառայության խորը բովանդակությունը և «Մեսսիա» բառի նոր իմաստը: Նա շուտով բացահայտելու է դա՝ հասկանալով, որ այն «մեսսիան», ում նա հետևում է իր երազանքներում, ամբողջությամբ տարբերվում է Աստծո իսկական ծրագրից: Լսելով տառապանքի մասին կանխասացությունը՝ նա գայթակղվում և ընդդիմանում է՝ հարուցելով Հիսուսի կտրուկ արձագանքը (Մրկ 8, 32-33): Պետրոսն ուզում է, որ Մեսսիան լինի «Աստվածամարդ», Ով ի կատար է ածում ժողովրդի սպասումները և իշխում է բոլորի վրա. մենք էլ ենք ուզում, որ Տերը հայտնի Իր ամենակարողությունը և անհապաղ կերպարանափոխի աշխարհը: Իսկ Հիսուսը ներկայանում է որպես «Աստվածամարդ»՝ Աստծո Ծառա, Ով գլխիվայր շուռ է տալիս ամբոխի ակնկալիքները և գնում է խոնարհության ու չարչարանքի ճանապարհով: Հենց այդ լուրջ երկընտրանքի առջև ենք մենք կանգնում նորից ու նորից. նախընտրել սեփական սպասումները՝ մերժելով Հիսուսին, կամ ընդունել Հիսուսին՝ Իր ճշմարիտ առաքելությամբ և խլացնել զուտ մարդկային հույսերը: Տաքարյուն Պետրոսը, առանց տատանվելու, Հիսուսին մի կողմ է տանում և ուզում է տարհամոզել Նրան: Հիսուսի պատասխանը քանդում է նրա բոլոր կեղծ պատկերացումները, թեև կոչ է անում դարձի գալ և հետևել Իրեն. «Ետևս անցիր, սատանա, որովհետև դու մտածում ես ո՛չ թե այն, ինչ Աստված է անում, այլ՝ այն, ինչ մարդիկ են անում» (Մրկ 8, 33): Ինձ ճանապարհ ցույց մի՛ տուր, ես գնում եմ իմ ճանապարհով, իսկ դու արի՛ իմ հետևից:

Պետրոսն այդպիսով հասկանում է, թե իրականում ի՛նչ է նշանակում՝ հետևել Հիսուսին: Դա Պետրոսի երկրորդ կոչումն է, որ նման է Աբրահամի կրկնակի կոչմանը՝ նկարագրված Ծննդոց գրքի 22-րդ գլխում, և որը տեղի է ունենում Ծննդոց 12-րդ գլխի իրադարձություններից հետո. «Եթե մեկն ուզում է գալ իմ ետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը՝ Ավետարանի համար, կփրկի այն» (Մրկ 8, 34-35): Այդպիսին է հետևորդության պահանջկոտ օրենքը. հարկավոր է կարողանալ հրաժարվել ամբողջ աշխարհից, եթե անհրաժեշտ է, որպեսզի փրկենք իսկական արժեքները, փրկենք հոգին, փրկենք Աստծո ներկայությունն աշխարհի մեջ (Մրկ 8, 36-38): Թեև դժվարությամբ, բայց Պետրոսն ընդունում է այդ կոչը և շարունակում է իր ուղին՝ Վարդապետի հետքերով:

Ինձ թվում է, որ Սուրբ Պետրոսի այդ զանազան դարձերը և նրա անհատականությունը մեր համար մեծ մխիթարություն և կարևոր դաս են: Մենք ևս երազում ենք Աստծո մասին, երազում ենք լինել անշահախնդիր, սպասում ենք, որպեսզի Աստված աշխարհին հայտնի Իր զորությունը, անմիջապես փոխակերպի աշխարհն այնպես, ինչպես մենք ենք դա պատկերացնում և ըստ այն պահանջների, որ մենք ենք տեսնում: Բայց Տերն ընտրում է ա՛յլ ճանապարհ: Աստված ընտրում է սրտերի փոխակերպման ճանապարհը՝ չարչարանքի ու խոնարհության միջոցով: Եվ մենք, Պետրոսի նման, պետք է նորից ու նորից դարձի գանք: Մենք պետք է հետևենք Հիսուսին և ո՛չ թե առաջ ընկնենք Նրանից. հենց Նա՛ է մեզ ցույց տալիս ճանապարհը: Պետրոսը մեզ հետևյալն է ասում. Կարծում ես, թե դու ունես մի դեղատոմս և պետք է փոխես Քրիստոնեությունը, բայց Տերը գիտի ճանապարհը: Հենց Տերն է ասում ինձ ու քեզ. Արի՛ իմ ետևից: Հարկավոր է ունենալ արիությունն ու խոնարհությունը՝ հետևելու Հիսուսին, որովհետև Նա է Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 17 Մայիսի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։