Առաքյալները՝ Քրիստոսի Վկաները և Ուղարկվածները – Գրադարան – Mashtoz.org

Առաքյալները՝ Քրիստոսի Վկաները և Ուղարկվածները

Եփեսացիներին ուղղված նամակում Եկեղեցին ներկայացված է որպես մի «կառույց, որի հիմքը Առաքյալներն ու Մարգարեներն են, իսկ անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է» (2, 20): Հովհաննես Աստվածաբանի Հայտնության մեջ Առաքյալների, ավելի ճիշտը՝ Տասներկուսի դերը ավելի հստակ է երևում երկնային Երուսաղեմի վախճանաբանական հեռանկարում, որը պատկերված է որպես մի քաղաք, որի «պարիսպն ուներ տասներկու հիմնաքարեր, նրանց վրա՝ Գառան Տասներկու Առաքյալների անունները» (21, 14): Ավետարանները միաբերան ավանդում են, որ Առաքյալների կոչումը Հիսուսի ծառայության առաջին քայլերից էր՝ Կարապետի ձեռքով Հորդանանի ջրերում Նրա մկրտությունից հետո:

Ըստ Մարկոսի (1, 16-20) և Մատթեոսի (4, 18-22) պատմությունների, առաջին Առաքյալները կանչվեցին Գալիլեայի լճի մոտ: Հիսուսը նոր էր սկսել Աստծո Արքայության մասին Իր քարոզը, և ահա՛ Նրա հայացքն ընկնում է եղբայրների երկու զույգերի՝ Սիմոնի ու Անդրեասի, Հակոբոսի ու Հովհաննեսի վրա: Նրանք իրենց առօրյա գործով զբաղված ձկնորսներ էին. ուռկաններն էին նետում, նորոգում էին: Բայց նրանց սպասում է բոլորովին ա՛յլ մի որս: Հիսուսը վճռականորեն կանչում է նրանց, եւ նրանք պատրաստակամորեն հետևում են Նրան. այդուհետ նրանք լինելու էին «մարդկանց որսորդներ» (հմմտ. Մրկ 1, 17; Մտթ 4, 19): Ղուկասի պատմությունը, թեև նույն ավանդության հունի մեջ է, կազմված է ավելի մանրամասն (5, 1-11): Այն ցույց է տալիս առաջին Առաքյալների ճանապարհը՝ մանրամասնելով, որ Հիսուսին հետևելու կանչը նրանք ընդունեցին՝ լսած լինելով Նրա առաջին քարոզը և տեսած լինելով Նրա առաջին հրաշքները: Մասնավորապես, Առաքյալներին հանձնված «մարդկանց որսորդներ» լինելու առաքելության անմիջական նախադրյալ և խորհրդանիշ եղավ հրաշալի ձկնորսության դեպքը: Այդ ժամանակվանից ի վեր, այդ «կանչվածների» ճակատագիրը սերտորեն պիտի կապվեր Հիսուսի ճակատագրի հետ: Առաքյալը ուղարկվածն է, բայց նախևառաջ՝ Հիսուսի «գիտակն» է, Նրան ճանաչողը, Նրա մտերիմը:

Հենց դա է պնդում Հովհաննես Ավետարանիչը՝ ապագա Առաքյալների հետ Հիսուսի առաջին հանդիպման վայրկյանից սկսած: Այստեղ իրադարձությունները նկարագրված են ա՛յլ կերպ: Հանդիպումը տեղի է ունենում Հորդանան գետի ափին: Ապագա աշակերտները, Հիսուսի նման, եկել են Գալիլեայից, որպեսզի մկրտվեն Հովհաննեսի ձեռքով. այս քայլը լույս է սփռում նրանց հոգևոր ներաշխարհի վրա: Նրանք սպասում էին Աստծո Արքայությանը, ցանկանում էին ճանաչել Մեսսիային, որի ապահով գալստյան մասին մարգարեություններ կային: Հովհաննես Մկրտչի խոսքերը՝ Հիսուսին Աստծո Գառ անվանելու մասին (Հվհ 1, 36), բավարար եղան, որպեսզի նրանց մեջ ցանկություն առաջանար՝ անձամբ հանդիպելու Հիսուսի հետ: Մեծապես արտահայտիչ են ապագա երկու Առաքյալների հետ Հիսուսի զրույցի խոսքերը: Հարցին, թե «Ի՞նչ եք ուզում», նրանք պատասխանում են հետևյալ հարցով. «Րաբբի, որ նշանակում է վարդապետ, ո՞ւր է քո օթևանը»: Ի պատասխան, Հիսուսը հրավիրում է նրանց. «Եկե՛ք և տեսե՛ք» (Հվհ 1, 38-39): Եկե՛ք, որպեսզի կարողանաք տեսնել: Այսպիսով, Առաքյալների արկածը սկսվում է՝ որպես մարդկանց հանդիպում, ովքեր բացվում են միմյանց առջև: Աշակերտները սկսում են ուղղակիորեն ծանոթանալ Վարդապետի հետ: Տեսնում են, թե որտե՛ղ է Նա ապրում, ավելի մոտիկից են ճանաչում Նրան: Չէ՞ որ նրանք դառնալու են ո՛չ թե ինչ-որ գաղափարի մունետիկներ, այլ՝ Անձի վկաներ: Նախքան Ավետարանի քարոզության համար մեկնելու հանձնարարությունը ստանալը, նրանք պետք է լինեն Հիսուսի հետ (հմմտ. Մրկ 3, 14), Նրա հետ հաստատեն անձնական հարաբերություններ: Դրա հիման վրա, ավետարանացումը կդառնա ո՛չ ա՛յլ ինչ, քան՝ ապրված փորձառության հռչակում և Քրիստոսի հետ հաղորդության խորհրդի մեջ խորասուզվելու հրավեր (տե՛ս 1Հվհ 1, 3):

Ո՞ւմ մոտ են ուղակվելու Առաքյալները: Առաջին հայացքից, Ավետարանում Հիսուսն Իր առաքելությունը սահմանափակում է միայն Իսրայելի ժողովրդով. «Ա՛յլ տեղ ուղարկված չեմ, եթե ո՛չ՝ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ (Մտթ 15, 24): Նման ձևով Հիսուսը խոսում է նաև Տասներկուսին վստահված առաքելության մասին. «Հիսուսը Տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. ''Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, այլ՝ նախընտրեցեք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ''» (Մտթ 10, 5-6): Ռացիոնալիստական ուղղվածության ժամանակակից որոշ քննադատներ այս բառերի մեջ նկատել են Նազովրեցու տիեզերական տեսլականի բացակայությունը: Իրականում, Հիսուսի այս խոսքերը հարկավոր է հասկանալ Իսրայելի՝ Ուխտի համայնքի հետ Նրա յուրահատուկ կապի լույսի ներքո, փրկության պատմության զարգացման մեջ: Համաձայն մեսսիական սպասումների, Իսրայելին տրված աստվածային խոստումներն ամբողջությամբ իրականանալու էին, երբ Ինքն Աստված Իր Ընտրյալի միջոցով, որպես մի Հովիվ, Իր ժողովրդին հավաքելու էր մեկ հոտի մեջ. «Փրկելու եմ հոտերս, և այլևս հափշտակության չեն մատնվի: Դատելու եմ խոյ առ խոյ և նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց: Նա է նրանց համար հովիվ լինելու, իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ: Ես՝ Տերս, խոսեցի» (Եզկ 34, 22-24): Հիսուսը վախճանաբանական Հովիվն է: Նա հավաքում և փնտրում է Իսրայելի տան մոլորյալ ոչխարներին, որովհետև գիտի և սիրում է նրանց (տե՛ս Ղկս 15, 4-7 և Մտթ 18, 12-14; հմմտ. Լավ Հովվի կերպարը՝ Հվհ 10, 11): Այսպիսի «հավաքումով» Աստծո Արքայությունը հռչակվում է բոլոր ազգերին. «Եվ իմ փառքը տալու եմ ձեզ, և բոլոր ազգերը տեսնելու են իմ դատաստանը, որ արել եմ, և իմ ձեռքը, որ բերելու եմ նրանց վրա» (Եզկ 39, 21):

Հիսուսը գործում է հենց այդ մարգարեական գծի համաձայն: Առաջին քայլը Իսրայելի ժողովրդին «հավաքելն» է, քանի որ այդպես բոլոր ժողովուրդները, որոնք կանչված են հավաքվելու և հաղորդակցվելու Տիրոջ հետ, կկարողանան տեսնել և հավատալ: Տասներկուսը՝ ընտրված, որպեսզի մասնակցեն Հիսուսի առաքելությանը, համագործակցում են վերջին ժամանակների Հովվի հետ. նրանք ևս, նախևառաջ, գնում են Իսրայելի տան մոլորյալ ոչխարների մոտ՝ դիմելով խոստման ժողովրդին, որի միասնությունը փրկության նշան է՝ բոլոր ժողովուրդների համար, Ուխտի ընդհանրականացման սկիզբ: Բնավ չժխտելով Նազովրեցու մեսսիական գործունեության ընդհանրական բացվածությունը՝ Նրա առաքելության սահմանների և Առաքյալների ծառայության սկզբնական սահմանափակումը ի հայտ է գալիս որպես գործուն մարգարեական նշան: Քրիստոսի Չարչարանքներից և Հարությունից հետո այդ նշանը ակնհայտ կդառնա. կպարզվի առաքյալների տիեզերական առաքելության բնույթը: Քրիստոսն Առաքյալներին կուղարկի «ամբողջ աշխարհով մեկ» (Մրկ 16, 15), բոլոր ժողովուրդների մոտ (Մտթ 28, 19; Ղկս 24, 47), նույնիսկ «մինչև աշխարհի ծայրը» (Գրծ 1, 8): Եվ այդ առաքելությունը շարունակվում է: Շարունակվում է իրականանալ Տիրոջ հանձնարարությունը՝ բոլոր ազգերին միավորել Իր սիրո միության մեջ: Այդպիսին է մեր հույսը, և այդպիսին է մեր հանձնառությունը՝ աջակցելու այդ տիեզերականությանը, այդ ճշմարիտ միասնությանը՝ մշակույթների հարստությամբ, մեր ճշմարիտ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ հաղորդության մեջ:

 
Ընդհանուր ունկնդրություն, 22 Մարտ 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։