Գլուխ Գ. - Եղբայրակցություն, տնտեսական զարգացում և քաղաքացիական հասարակություն – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Եղբայրակցություն, տնտեսական զարգացում և քաղաքացիական հասարակություն

34. Ճշմարտության մեջ գործադրվող սերը մարդուն դնում է պարգևի հիասքանչ փորձառության դիմաց: Անհատույց նվիրումը մարդու կյանքում ներկա է բազմազան ձևերով, որոնք հաճախ չեն ճանաչվում գոյության սոսկ արտադրողական և օգտապաշտական տեսության պատճառով: Մարդկային էակը ստեղծված է նվիրման համար, որի միջոցով արտահայտվում և իրագործվում է նրա վերանցական տարողությունը: Երբեմն, սխալվելով, արդի մարդը համոզվածություն է դրսևորում, թե ինքն է իր սեփական անձի, իր կյանքի և հասարակության միակ հեղինակը: Սա մի հավակնություն է, որ հետևանքն է սեփական անձի մեջ եսապաշտաբար փակվելու, ինչն էլ իր հերթին սերում է – հավատքի բառապաշարով ասած – սկզբնական մեղքից: Եկեղեցու իմաստությունը միշտ էլ առաջարկել է ի նկատի ունենալ սկզբնական մեղքը նաև սոցիալական խնդիրների մեկնաբանման և հասարակության կերտման գործում. «Անգիտանալ, որ մարդն ունի վիրավոր, դեպի չարը հակված բնություն, սա պատճառ է հանդիսանում ծանր սխալների՝ կրթության ու դաստիարակության, քաղաքականության, սոցիալական գործունեության և կենցաղային վարքուբարքի ասպարեզում»[1]: Ոլորտների ցանկին, որոնցում տեսանելի են մեղքի վնասակար հետևանքները, վաղուց արդեն ավելացել է նաև տնտեսությունը: Դրա ակնհայտ փաստերից մեկն ունենք նաև այս ժամանակաշրջանում: Համոզվածությունը, թե մարդն ինքնաբավ է և միայն իր սեփական ուժերով ու գործունեությամբ կարող է հաջողության հասնել պատմության մեջ ներկա չարիքը վերացնելու գործում, մարդուն դրդեց երջանկությունն ու փրկությունը նույնացնելու նյութական բարեկեցության և սոցիալական գործողությունների բնածին և ո՛չ վերանցական կերպերի հետ: Տնտեսության ինքնավարության պահանջի վերաբերյալ համոզվածությունն, ապա, այսինքն՝ որ իբր տնտեսությունը չպետք է բարոյական բնույթ կրող ''ազդեցություններ'' կրի, մարդուն մղեց չարաչար գործածելու տնտեսական միջոցները, մինչև իսկ կործանարար եղանակով: Երկար տևելով, այս համոզվածությունները հասցրեցին տնտեսական, սոցիալական և քաղաքական այնպիսի համակարգերի ձևավորմանը, որոնք ոտնակոխ արեցին անհատի և սոցիալական մարմինների ազատությունը, և որոնք, հենց ա՛յս պատճառով, ի զորու չեղան ապահովելու արդարությունը, որ խոստանում էին: Ինչպես հաստատել եմ իմ «Spe salvi» («Հույսով ենք փրկվել») Կոնդակում, այսպիսով պատմությունից հափշտակվում է քրիստոնեական հույսը[2], որը մինչդեռ սոցիալական հզոր ներուժ է՝ ազատության և արդարության մեջ փնտրված մարդկային ամբողջական զարգացմանն ի սպաս: Հույսը քաջալերում է միտքն ու բանականությունը և նրանց ուժ է տալիս՝ կողմնորոշելու համար կամքը[3]: Այն արդեն իսկ ներկա է հավատքի մեջ, որի կողմից էլ, մանավանդ թե, հարուցվում է: Ճշմարտության մեջ գործադրվող Սերը նրանով է սնվում և, միևնույն ժամանակ, բացահայտում է նրան: Աստծո կողմից բացարձակաբար ձրիորեն տրված պարգև լինելով, մեր կյանքից ներս է թափանցում որպես մի բան, որը մեզ ոչ ոք պարտավոր չէ և որը գերազանցում է արդարության բոլոր օրենքները: Պարգևն իր բնույթով իսկ անցնում է արժանիքից անդին, իր կանոնը չափ ու սահման չունենալն է: Այն մեր առջևից է ընթանում մեր իսկ հոգու ներսում, որպես մեր մեջ Աստծո ներկայության և մեր հանդեպ Իր ակնկալիքի նշան: Ճշմարտությունը, որը նույնպես մի պարգև է, ինչպես Սերը, մեզանից ավելի մեծ է, ինչպես ուսուցանում է Սուրբ Օգոստինոսը[4]: Մեզ, մեր անձնական գիտակցությանն իսկ վերաբերվող ճշմարտությունը ևս մեզ, նախևառաջ, «տրված» է: Ճանաչողական որևէ գործընթացում, իրոք, ճշմարտությունը մենք չենք արտադրում, այլ՝ մենք այն միշտ էլ գտնում ենք, կամ ավելի ճիշտը՝ ստանում: Ճշմարտությունը, Սիրո նման, «չի ծնվում մտածելուց և կամենալուց, այլ ինչ-որ կերպ անխուսափելի հառնում է մարդկային էակի առաջ»[5]:

Քանի որ բոլորի կողմից ստացված պարգև է, Ճշմարտության մեջ գործադրվող Սերը ներկայանում է որպես մի ուժ, որ հիմնում և կազմավորում է հասարակությունը, մարդկանց միավորում է ըստ մի ձևակերպման, ուր ո՛չ պատնեշներ կան, ո՛չ էլ սահմաններ: Մարդկանց հասարակությունը կարող է մեզանով ձևավորվել, բայց երբեք չի կարողանա միայն իր ուժերով լինել լիովին եղբայրական համայնք, ո՛չ էլ կարող է մղվել որևէ սահմանից անդին, այսինքն՝ դառնալ իրապես համաշխարհային համայնք. մարդկային զարմի միությունը, որն որևէ բաժանումից անդին հասնող եղբայրական հաղորդություն է, ծնվում է Սեր-Աստծո խոսքի կոչ-հրավերից: Այս վճռորոշ հարցը քննարկելիս պետք է ընդգծենք, մի կողմից, որ պարգևի տրամաբանությունը չի բացառում արդարությունը և հետագայում էլ նրա տեղը չի գրավում դրսից, իսկ մյուս կողմից, որ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումը, եթե կամենում է իսկապես մարդկային լինել, կարիքն ունի տեղ տալու ձրիության սկզբունքին որպես եղբայրության արտահայտություն:

 

35. Շուկան, եթե կա փոխադարձ և ընդհանրացած վստահություն, տնտեսական այն հիմնարկն է, որ հնարավոր է դարձնում հանդիպումը մարդկանց միջև. մարդիկ որպես տնտեսվարողներ, որոնք պայմանագիրը գործածում են որպես իրենց հարաբերությունների կանոն և որոնք փոխանակում են ապրանքներ և միմյանց միջև հնարավոր ծառայություններ, բավարարելու համար իրենց կարիքներն ու փափաքները: Շուկան ենթակա է այսպես կոչված փոխանակիչ արդարության սկզբունքներին, որն էլ հենց կանոնակարգում է տալու և վերցնելու հարաբերությունները հավասարազոր ենթակաների միջև: Եկեղեցու սոցիալական ուսմունքը, սակայն, երբեք չի դադարել ընդգծել բաշխիչ արդարության և սոցիալական արդարության կարևորությունը այդ միևնույն շուկայական տնտեսության համար, ո՛չ միայն որովհետև ներթափանցված է սոցիալական և քաղաքական առավել ընդարձակ միջավայրի հյուսվածքների մեջ, այլ նաև՝ հարաբերությունների այն ոստայնացանցի պատճառով, որոնց մեջ այն իրագործվում է: Շուկան, հիրավի, եթե թողնվում է փոխանակված ապրանքների արժեքի հավասարության սկզբունքին միայն, չի կարողանում ստեղծել հասարակական այն հարակցությունը, որի կարիքն այն ունի լավ գործելու համար: Առանց համերաշխության և փոխադարձ վստահության ներքին ձևերի, շուկան չի կարող լիովին կատարել իր տնտեսական պաշտոնը: Եվ այսօր հենց այդ վստահությունն է, որ պակասում է. իսկ վստահության կորուստը դա ծանր կորուստ է:

Պողոս Վեցերորդն իր «Populorum progressio» Կոնդակում դիպուկ կերպով ընդգծել էր այն փաստը, որ տնտեսական համակարգն ինքնին նպաստավորվելու էր արդարության ընդհանրացած գործադրումից, քանի որ աղքատ Պետությունների զարգացումից օգուտ էին քաղելու առաջին հերթին հենց հարուստ Պետությունները[6]: Խոսքը չէր վերաբերվում օժանդակության միջոցով անկանոնություններն ուղղելուն միայն: Աղքատները չպետք է նկատվեն որպես «բեռ»[7], այլ ընդհակառակն՝ ներուժ, նաև զուտ տնտեսական տեսնակյունից դիտված: Այնուամենայնիվ, հարկավոր է սխալ համարել տեսությունը նրանց, ովքեր կարծում են, թե շուկայական տնտեսությունը համակարգային կարիքն ունի աղքատության և թերի զարգացածության որոշակի չափաբաժնի, որպեսզի կարողանա լավագույնս գործել: Շուկայի շահերից է բխում ազատականացման խրախուսումը, բայց այն իսկապես իրականացնելու համար՝ շուկան չի կարող կռթնել միմիայն իր ուժերի վրա, քանի որ ի զորու չէ ինքնուրույն կերպով ստեղծելու այն՝ ինչը որ անցնում է իր հնարավորություններից անդին: Շուկան բարոյական ուժեր պետք է հայթայթի ա՛յլ ենթականերից, որոնք կարող են անել դա:

 

36. Տնտեսական գործունեությունը չի կարող սոցիալական բոլոր խնդիրները լուծել պարզապես համընդհանուր կերպով տարածելով վաճառականական տրամաբանությունը: Այն պետք է նպատակամղված լինի հասարակաց բարիքի ձեռքբերմանը. մի նպատակ, որին հասնելու ջանքերն իր ուսերին պետք է առնի նաև, և հատկապե՛ս, քաղաքական խավը: Ուստի, հարկավոր է միշտ հիշել, որ ծանր խանգարումների պատճառ է հանդիսանում տնտեսական և քաղաքական գործունեությունների միմյանցից բաժանումը. տնտեսական գործունեության իրավասության ներքո է հարստության միմիայն արտադրումը, մինչդեռ քաղաքական գործունեության իրավասությունն է արդարության ձգտումն ու ձեռքբերումը վերաբաշխումի միջոցով:

Եկեղեցին միշտ էլ համարում է, որ տնտեսական գործունեությունը չպետք է որպես հակա-սոցիալական իրականություն նկատվի: Շուկան ինքնըստինքյան այն վայրը չէ – և չպետք է, ուստի, այդպիսին դառնա – ուր ուժեղը ճնշում ու կեղեքում է թույլին: Հասարակությունը կարիքը չունի պաշտպանվելու շուկայից, կարծես վերջինիս զարգացումը նովին իսկ գործով հանգեցնում է իսկապես մարդկային հարաբերությունների վախճանին: Անշուշտ ճշմարտացի է, որ շուկան կարող է բացասական կողմնորոշում ստանալ, բայց սա ո՛չ որովհետև այդպիսին է նրա էությունը, այլ որովհետև որոշակի մի գաղափարախոսություն կարող է նրան ուղղել այդ ուղղությամբ: Չպետք է մոռանալ, որ շուկան գոյություն չունի անխառն, զուտ գաղափարային վիճակում: Այն իր կերպարանքը ստանում է այն մշակութային կաղապարներից, որոնք իրեն բնորոշում են ու կողմնորոշում: Հիրավի, տնտեսությունը և դրամական միջոցները, քանի որ սոսկ գործիքներ են, կարող են վատ գործածվել, եթե նա՝ ով տնօրինում է դրանք, միայն եսապաշտական հայեցակետ ունի: Այսպես վարվելով, գործիքները, որոնք ինքնին բարի են, հնարավոր է վնասակար գործիքների վերածել: Բայց մարդու մթագնած միտքն է, որ պատճառում է այս հետևանքները, ո՛չ թե գործիքն ինքնըստինքյան: Հետևաբար, գործիքը չէ, որ պետք է դատի ենթարկվի, այլ՝ մարդը, մարդու բարոյական գիտակցությունը և նրա անձնական ու հասարակական պատասխանատվության զգացումը: Եկեղեցու սոցիալական ուսմունքը համարում է, որ կարող են իրո՛ք մարդկային, բարեկամական և ընկերային, համերաշխության և փոխադարձության հարաբերություններ ապրվել նաև տնտեսական գործունեության ներսում և ո՛չ միայն նրանից դուրս կամ նրանից «հետո»: Տնտեսական ոլորտի միջավայրը ո՛չ էթիկապես չեզոք է, ո՛չ էլ իր էությամբ իսկ՝ անմարդկային և հակա-սոցիալական: Այն պատկանում է մարդու գործունեությանը և, հենց որովհետև մարդկային է, պետք է համակարգվի ու կանոնակարգվի էթիկայի կանոնների համաձայն:

Մեր առջև ունեցած մեծ մարտահրավերը, որն ի հայտ է եկել համաշխարհային ընդհանրականացման այս ժամանակներում զարգացմանն առընչվող խնդիների և է՛լ ավելի ստիպողական է դարձել տնտեսա-ֆինանսական ճգնաժամի պատճառով, ցույց տալն է, և՛ մտքի և՛ վարքի մակարդակով, որ սոցիալական էթիկայի ավանդական սկզբունքները, ինչպիսիք են թափանցիկությունը, ուղղամիտ պարկեշտությունը և պատասխանատվության զգացումը, ո՛չ միայն չեն կարող անտեսվել կամ մեղմացվել, այլ նաև՝ վաճառականական հարաբերություններում ևս ձրիության սկզբունքը և պարգևի տրամաբանությունը որպես եղբայրության արտահայտություն կարող են և պետք է տեղ գտնեն տնտեսական բնականոն գործունեության ներսում: Ներկա պահին, սա անհետաձգելի անհրաժեշտություն է մարդու համար, բայց մի անհրաժեշտություն է նաև ինքնին տնտեսական տեսանկյունից դիտված: Խոսքը վերաբերվում է մի անհրաժեշտության, որը բխում է միաժամանակ Սիրուց և Ճշմարտությունից:

 

37. Եկեղեցու սոցիալական ուսմունքը միշտ էլ պաշտպանել է այն տեսակետը, որ արդարությունը վերաբերվում է տնտեսական գործունեության բոլոր փուլերին, քանի որ այն միշտ էլ առընչվում է մարդուն և նրա պահանջներին: Պաշարների հայթայթումը, ֆինանսավորումը, արտադրությունը, սպառումը և տնտեսական շրջանառության մյուս բոլոր փուլերն իրենց մեջ ներգրավում են, անխուսափելիորե՛ն, բարոյական հարցեր: Այսպիսով, տնտեսական բնույթի որևէ որոշում ունենում է բարոյական բնույթի հետևանքներ: Այս ամենն իր փաստարկումն ու հաստատումը գտնում է նաև սոցիալական գիտությունների և ժամանակակից տնտեսության ձգտումների մեջ: Մի ժամանակ թերևս հնարավոր էր մտածել նախևառաջ տնտեսությանը վստահել ու հանձնել հարստության արտադրությունը, հետո նրա բաշխման պարտականությունը քաղաքականությանը տալու մտադրությամբ: Այսօր այդ ամենն ավելի է դժվարացել, քանի որ տնտեսական գործունեություններն այլևս պարտադիր կերպով չեն իրականացվում տարածաշրջանային սահմանների ներսում, մինչդեռ Կառավարությունների հեղինակությունն ու իշխանությունը շարունակում է հիմնականում տեղական բնույթ ունենալ: Այս իսկ պատճառով, արդարության կանոնները պետք է հարգվեն սկզբից ևեթ, մինչ կատարվում է տնտեսական գործընթացը, և ո՛չ թե՝ նրանից հետո կամ կողմնակիորեն: Ինչպես նաև հարկավոր է, որ շուկայում տեղ բացվի տնտեսական այնպիսի գործունեությունների համար, որոնք իրականացվում են ենթակաների կողմից, որոնք ազատակամ ընտրում են իրենց գործունեությանը բարոյական ուղղվածություն տալ այնպիսի սկզբունքների համաձայն, որոնք տարբերվում են սոսկ շահ ստանալու ցանկությունից, առանց այդ պատճառով հրաժարվելու տնտեսական արժեք արտադրելուց: Տնտեսության այն բազմաթիվ արտահայտությունները, որոնք ծնունդ են առել կրոնական և աշխարհական նախաձեռնություններից, փաստում են, որ դա գործնականորեն հնարավոր է:

Համաշխարհային ընդհանրականացման դարաշրջանում, տնտեսությունը կրում է հետևանքները միմյանց միջև մրցակցող տիպարների, որոնք կապված են միմյանցից շատ տարբեր մշակույթների: Սրանից առաջ եկող տնտեսական-ձեռնարկատիրական բարքերն իրենց հանդիպման կետը հիմնականում գտնում են փոխանակիչ արդարությունը հարգելու մեջ: Տնտեսական կյանքն անպայման կարիքն ունի պայմանագրի, կանոնավորելու համար փոխանակման հարաբերությունները համահավասար արժեքների միջև: Բայց նույնքան կարիքն ունի նաև արդար օրենքների և քաղաքականության կողմից ղեկավարված վերաբաշխման կերպերի, ինչպես նաև՝ գործերի ու նախաձեռնությունների, որոնք դրոշմված լինեն պարգևի ոգով: Համաշխարհային մակարդակով ընդհանրականացած տնտեսությունը թվում է՝ թե նախասիրում է առաջին՝ պայմանագրային փոխանակման տրամաբանությունը, բայց ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցույց է տալիս, որ կարիքն ունի նաև մյուս երկուսի. քաղաքական տրամաբանության և անհատույց պարգևի տրամաբանության:

 

38. Իմ երանաշնորհ նախորդ Հովհաննես Պողոս Երկրորդը ազդանշել էր այս խնդիրը, երբ իր «Centesimus annus» Կոնդակում ընդգծել էր երեք ենթականեր ունեցող համակարգի անհրաժեշտությունը. շուկան, Պետությունը և քաղաքացիական հասարակությունը[8]: Հանձինս քաղաքացիական հասարակության նա ճանաչել էր անհատույց տնտեսության և եղբայրության ամենաինքնահատուկ և սեփական միջավայրը, բայց մտադրությունը չէր ունեցել այն բացառելու մյուս երկու միջավայրերից: Այսօր կարող ենք ասել, որ տնտեսական կյանքը պետք է հասկացվի որպես բազմաթիվ հարթություններ ու տարածաչափություններ ունեցող իրականություն. բոլոր այդ հարթություններում, տարբեր չափերով և յուրահատուկ ձևաչափերով, պետք է ներկա լինի եղբայրական փոխադարձության գաղափարականը: Համաշխարհային ընդհանրականացման դարաշրջանում, տնտեսական գործունեությունը չի կարող անտեսել ձրիության գաղափարականը, որն իր տարբեր ենթակաների ու գործակատարների հոգում սերմանում և սնուցում է համերաշխությունը և արդարությանն ու հասարակաց բարիքին ի սպաս գործող պատասխանատվության զգացումը: Խոսքը, վերջին հաշվով, վերաբերվում է տնտեսական ժողովրդավարության մի գործնական և խորը ձևի: Համերաշխությունը նախևառաջ կայանում է նրանում, որ բոլորն իրենց պատասխանատու զգան բոլորի համար[9], հետևաբար՝ այն չի կարող միայն Պետության հոգածությանը թողնվել: Մինչ անցյալում կարելի էր համարել, որ նախ հարկավոր է արդարությանը հետամուտ լինել և որ անհատույց համերաշխությունը հետո պետք է գործընթացին մասնակցի որպես լրացուցիչ հավելում, այսօր հարկավոր է ասել, որ առանց անհատույց համերաշխության հնարավոր չի լինում իրագործել և ո՛չ իսկ արդարությունը: Հարկավոր է, ուստի, մի շուկա, ուր կարող են ազատորեն գործել, հավասար հնարավորությունների պայմաններում, ձեռնարկություններ, որոնք իստիտուցիոնալ տարբեր նպատակներ են հետապնդում: Շահի ձեռքբերմանը նպատակամղված սեփական ձեռնարկության և տարբեր տեսակի հանրային ձեռնարկությունների կողքին պետք է հնարավորությունն ունենան հաստատվելու և լիակատար գործելու արտադրողական այնպիսի կազմակերպությունները ևս, որոնք հետապնդում են փոխօգնության և սոցիալական նպատակներ: Շուկայում նրանց փոխադարձ մրցակցությունից ու համեմատությունից է, որ կարելի է ակնկալել ձեռնարկության գործելաոճի ու վարքուբարքի մի տեսակ պատվաստում և, հետևաբար, տնտեսության քաղաքակրթման նկատմամբ մի զգայուն ուշադրություն: Սեր ճշմարտության մեջ, այս դեպքում, նշանակում է, որ հարկավոր է ձևավորել և կազմակերպել տնտեսական այն նախաձեռնությունները, որոնք, շահը չմերժելով հանդերձ, մտադիր են գնալու անդին, քան համահավասար արժեքների փոխանակման կամ ինքնանպատակ շահի տրամաբանությունն է:

 

39. Պողոս Վեցերորդն իր «Populorum progressio» Կոնդակում առաջարկում էր ձևավորել շուկայական տնտեսության մի տիպար, որն ընդունակ լինի ընդգրկելու, կամ գոնե ձգտումն ունենա ընդգրկելու, բոլոր ժողովուրդներին և ո՛չ միայն նրանց, որոնք պատշաճ կերպով զինվել են բոլոր կարևոր միջոցներով: Մաղթում էր, որ բոլորս գործի լծվենք՝ կերտելու մի առավել մարդկային աշխարհ բոլորի համար, մի աշխարհ, ուր բոլորն էլ ունենան «ինչ-որ մի բան տալու և ինչ-որ մի բան վերցնելու, առանց որ մի կողմի զարգացումն արգելք հանդիսանա մյուս կողմի զարգացմանը»[10]: Նա այս կերպ համաշխարհային մակարդակի էր բարձրացնում և տարածում այն միևնույն պահանջներն ու իղձերը, որոնք բովանդակված են «Rerum novarum» Կոնդակում, որը գրվել է այն ժամանակ, երբ առաջին անգամ լինելով, արդյունաբերական հեղափոխությանը որպես հետևանք, հաստատվեց այդ ժամանակվա համար անշուշտ շատ առաջադիմական այն գաղափարը, որ քաղաքացիական կարգը կանգուն մնալու համար կարիքն ուներ նաև Պետության վերաբաշխող միջամտության: Այսօր այս տեսությունը, բացի այն հանգամանքից, որ ճգնաժամի է ենթարկվել շուկաների ու հասարակությունների միջև սահմանների վերացման գործընթացների կողմից, ցույց է տալիս, որ թերի է և չի կարող բավարարել լիովին մարդկային տնտեսության պահանջները: Այն, ինչը որ Եկեղեցու սոցիալական ուսմունքը միշտ պնդել ու պաշտպանել է, սկսած մարդու և հասարակության վերաբերյալ իր տեսությունից, նույնն այսօր պահանջվում է նաև համաշխարհային ընդհանրականացումը բնորոշող գործընթացների կողմից:

Երբ շուկայի և Պետության տրամաբանությունները միմյանց միջև համաձայնվում են՝ շարունակելու մենաշնորհային հայեցակարգով վարվել յուրաքանչյուրի իրավասության ներքո գտնվող ոլորտներում ու շրջանակներում, եթե այդ իրավիճակը երկար է տևում, նվաղում ու վերանում են համերաշխությունը քաղաքացիների միջև հարաբերություններում, մասնակցությունն ու հարումը, անհատույց գործելը, որոնք ամբողջովին ա՛յլ բան են, քան «տալը՝ վերցնելու համար», ինչը որ բնորոշ է փոխանակման տրամաբանությանը, և «տալը՝ պարտականությունից մղված», ինչը որ բնորոշ է հանրային վարքի տրամաբանությանը, որն որպես օրենք պարտադրված է Պետության կողմից: Թերի զարգացածության դեմ հաղթանակը պահանջում է աշխատել ո՛չ միայն փոխանակման սկզբունքի վրա հիմնված առաքումների ու փոխանցումների բարելավման, ո՛չ միայն հանրային բնույթի նպաստ և օժանդակություն ապահովող կառույցների փոխանցումների համար, այլ հատկապես՝ ապահովելու համար մի աստիճանական բացվածություն, համաշխարհայի՛ն համատեքստում, տնտեսական գործունեության այնպիսի ձևերի առաջ, որոնք բնորոշվում են անհատույց պարգևի և հաղորդության չափաբաժիններով: Շուկա-Պետություն բացառիկ երկանունը քայքայում է ընկերականությունը, մինչ համերաշխության վրա հիմնված տնտեսական ձևերը, որոնք իրենց լավագույն հողը գտնում են քաղաքացիական հասարակության մեջ առանց նրան վերածվելու, ստեղծում են ընկերականություն: Անհատույց պարգևի շուկա գոյություն չունի և օրենքով չեն կարող պարտադրվել անհատույց գործեր: Եվ սակայն, թե՛ շուկան և թե՛ քաղաքականությունը կարիքն ունեն անձանց, ովքեր տրամադիր են փոխադարձ պարգևին ու նվիրմանը:

 

40. Ներկայիս միջազգային տնտեսական գործընթացները, որ բնորոշվում են ծանր շեղումներով ու անկանոնություններով, արմատական փոփոխությունների կարիքն ունեն նաև ձեռնարկությունն ու հիմնարկը հասկանալու ձևի մեջ: Ձեռնարկատիրական կյանքի հին ձևաչափերը վերանում են, բայց ուրիշ խոստումնալից ձևաչափեր են ուրվագծվում հորիզոնում: Մեծագույն վտանգներից մեկն անկասկած այն է, որ ձեռնարկությունը գրեթե բացառապես ենթակա լինի նրան, ով այդ գործում կատարել է ներդրումներ, և այդպես ի վերջո նվազեցնի իր սոցիալական արժեքն ու նշանակությունը: Գնալով միշտ ավելի սակավաթիվ են դառնում այն ձեռնարկությունները, որոնք իրենց ծավալների ընդլայնման և ավելի մեծ կապիտալների կարիքն ունենալու պատճառով՝ պատկանում են միայն մեկ ձեռնարկատիրոջ, որն իրեն երկարաժամկետ և ո՛չ միայն կարճատև ժամանակով է պատասխանատու զգում իր ձեռնարկության կյանքի ու արդյունքների համար, և գնալով միշտ ավելի նվազ կախումնավոր են աշխարհագրական մեկ միակ տարածքից: Ինչպես նաև, արտադրական գործունեության այսպես կոչված տեղափոխումները կարող են թուլացնել ձեռնարկատիրոջ պատասխանատվության զգացումը շահակիրների նկատմամբ, ինչպիսիք են աշխատավորները, մատակարարողները, սպառողները, բնական միջավայրն ու շրջակա ամենաընդարձակ հասարակությունը, հօգուտ միայն բաժնետերերի, որոնք կապված չեն հատուկ մի տարածքի և, հետևաբար, մի արտասովոր շարժականություն են վայելում: Կապիտալների միջազգային շուկան, իրոք, գործելու մեծ ազատություն է ընձեռում այսօր: Ճշմարտացի է, սակայն, նաև այն փաստը, որ գնալով ընդլայնվում է ձեռնարկության «սոցիալական ավելի լայն պատասխանատվության» անհրաժեշտության գիտակցությունը: Թեև էթիկական ուրվագծումները, որոնք այսօր ուղղորդում են ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության վերաբերյալ քննարկումները, բոլորն էլ ընդունելի չեն Եկեղեցու սոցիալական ուսմունքի տեսակետների համաձայն, փաստ է, որ միշտ ավելի է տարածվում այն համոզումը, որի համաձայն՝ ձեռնարկության տնօրինումը չի կարող հաշվի առնել միայն ու միայն սեփականատերերի շահերը, այլ պետք է հոգատարությամբ մոտենա ենթակաների մյուս բոլոր դասակարգերին ևս, որոնք նպաստում են ձեռնարկության կյանքին. աշխատավորներին, հաճախորդներին, արտադրության տարբեր գործոնները մատակարարողներին, հասարակությանը, որի ներսում գործում է և որի հետ առընչվում է: Վերջին տարիներին նկատվում է «manager»ների մի տեսակ կոսմոպոլիտ դասակարգի աճ, որոնք հաճախ ենթարկվում են միմիայն իրենց վարձած բաժնետերերի թելադրանքներին, իսկ այդ բաժնետերերն ընդհանրապես անձնավորվում են հանձինս անանուն դրամագլուխների, որոնք փաստացի որոշում ու սահմանում են իրենց եկամտային հասույթները: Այնուամենայնիվ, այսօր ևս կան բազմաթիվ «manager»ներ, որոնք հեռատես վերլուծությամբ միշտ ավելի ու ավելի են գիտակցում այն խորը կապերը, որոնք իրենց ձեռնարկությունն ունի տվյալ տարածաշրջանի կամ տարածաշրջանների հետ, որոնց սահմաններից ներս գործում է: Պողոս Վեցերորդը հրավիրում էր լրջորեն գնահատելու այն վնասը, որ հասցվում է սեփական Ազգին, երբ բացառապես անձնական օգուտի նպատակով արտասահման են տեղափոխվում կապիտալները[11]: Հովհաննես Պողոս Երկրորդը հիշեցնում էր, որ ներդրումներ կատարելը, տնտեսական նշանակությունից բացի, միշտ նաև բարոյական նշանակություն ունի[12]: Այս ամենը – հարկավոր է պնդել ու կրկին հաստատել – վավերական է նաև այսօր, չնայած որ կապիտալների շուկան ուժգին ազատականացվել է և տեխնոլոգիական արդի մտածելակերպերը կարող են մտածել տալ, թե ներդրում կատարելը միայն տեխնիկական իրողություն է և ո՛չ նաև մարդկային ու էթիկական: Պատճառ չկա ժխտելու, որ որոշակի կապիտալներ կարող են բարիք գործել, եթե դրանց միջոցով ներդրումներ են կատարվում արտասահմանում և ո՛չ թե հայրենի երկրում: Դրանով, սակայն, չպետք է խզվեն արդարության կապերը, հաշվի առնելով նաև, թե ինչպե՛ս է ձևավորվել այդ կապիտալը և թե ի՛նչ վնասներ կարող է հասցնել անձանց դրա չօգտագործումն այն վայրերում, որտեղ այն ձևացել է[13]: Հարկավոր է խուսափել այն բանից, որ ֆինանսական պաշարների գործածության պատճառը լինի շահադիտական և տեղի տա միայն կարճաժամկետ շահ որոնելու փորձությանը, առանց մտահոգվելու ձեռնարկության երկարաժամկետ պաշտպանվածության, իրական տնտեսությանն ի նպաստ իր ճշտապահ ծառայության և զարգացման կարիք ունեցող Պետություններում նույնպես տնտեսական նախաձեռնությունների խրախուսմանն ուղղված ուշադրության խնդիրներով, այս վերջինն անշուշտ հարմար ու պատշաճ եղանակով: Պատճառ չկա նաև ժխտելու, որ արտադրության տեղափոխումը մի տեղից մյուսը, երբ իր հետ բերում է նաև ներդրումներ և մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանցում, կարող է բարիք գործել հյուրընկալ Պետության բնակչությանը: Աշխատանքն ու տեխնիկական գիտելիքները համընդհանուր կարիքներ են: Օրինավոր չէ, սակայն, արտադրությունը տեղափոխել միմիայն վայելելու համար յուրահատուկ կերպով նպաստավոր պայմաններ, կամ ավելի վատը՝ շահագործելու մտադրությամբ, առանց տեղական հասարակությանը իրական նպաստ բերելու՝ արտադրական և սոցիալական մի ամուր համակարգի ստեղծման համար, որը կայուն զարգացման անփոխարինելի գործոններից մեկն է:

 

41. Այս հարցի համատեքստում օգտակար է ի նկատի առնել, որ ձեռնարկատիրությունն ունի և պետք է միշտ ավելի ստանձնի բազմարժեք նշանակություն: Շուկա-Պետություն երկանվան տևական գերակշռությունը մեզ սովորեցրել է մտածել բացառապես կապիտալիստական տիպի սեփականատեր ձեռնարկատիրոջ մասին մի կողմից, իսկ մյուս կողմից՝ որպես պետական պաշտոնյա հանդիսացող վարիչ-տնօրենի մասին: Իրականում, ձեռնարկատիրությունը հարկավոր է հասկանալ բազմամասն և հոդավորված եղանակով: Դա բխում է տնտեսազանցական (մետա-էկոնոմիկ) մի շարք պատճառներից: Ձեռնարկատիրությունը, նախքան մասնագիտական նշանակություն ունենալը, ունի մարդկային նշանակություն[14]: Այն ներարձանագրված է որևէ աշխատանքի սրտում, աշխատանքը նկատված որպես «անձի գործ»[15] կամ գործողություն, ուստի լավ է, որ յուրաքանչյուր աշխատավորի հնարավորություն ընձեռնվի իր նպաստն ու մասնակցությունը բերելու գործին այնպիսի եղանակով, որ ինքն իսկ «այն զգացումն ունենա, թե աշխատում է ''իր սեփական'' ձեռնարկությունում»[16]: Պատահական չէ, որ Պողոս Վեցերորդն ուսուցանում էր, որ «յուրաքանչյուր աշխատող մի արարիչ է»[17]: Հենց աշխատողների պահանջներին ու արժանապատվությանը և հասարակության կարիքներին պատասխանելու համար է, որ գոյություն ունեն ձեռնարկությունների տարբեր տեսակներ, շատ ավելի անդին՝ քան «սեփական»ի ու «հանրային»ի պարզ տարբերակումն է: Դրանցից յուրաքանչյուրը պահանջում և արտահայտում է ձեռնարկատիրական ինքնահատուկ ունակություն: Մի տնտեսություն ստեղծելու նպատակով, որը մոտակա ապագայում ընդունակ լինի ծառայելու ազգային և միջազգային հասարակաց բարիքին, նպաստավոր է հաշվի առնել ձեռնարկատիրության այս ընդլայնված նշանակությունը: Այս առավել ընդարձակ հասկացողությունը նպաստում է փոխանակմանն ու մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանցմանը ձեռնարկատիրության տարբեր տեսակների միջև, իրավասությունների ու կարողությունների փոխանցումով «շահ չհետապնդող» աշխարհից «շահ հետապնդող» աշխարհին և ընդհակառակը, հանրայինից՝ քաղաքացիական հասարակությանը բնորոշին, առաջադիմյալ տնտեսություններից՝ զարգացող Պետություններին:

«Քաղաքական իշխանությունը» ևս բազմարժեք նշանակություն ունի, որը չի կարող մոռացության մատնվել, մինչ ձեռնարկվում է ստեղծմանը տնտեսական-արտադրողական մի նոր համակարգի, որը պետք է սոցիալական գետնի վրա պատասխանատու լինի և պետք է համապատասխանի մարդու բնությանը: Ինչպես որ մտադրություն կա մշակելու համաշխարհային մակարդակով տարբերակված ձեռնարկատիրություն, նմանապես հարկավոր է խթանել ձևավորումը քաղաքական մի իշխանության, որը բաշխված է և գործում է բազմաթիվ հարթություններով: Մերօրյա փոխլրացնող տնտեսությունը չի վերացնում Պետությունների դերը, այլ ավելի՝ նրանց Կառավարություններին պարտավորում է փոխադարձ ավելի սերտ գործակցություն ունենալու: Իմաստության և խոհեմության պատճառները հուշում են չափազանց աճապարանքով չհռչակել Պետության վախճանը: Ներկա ճգնաժամի լուծման առընչությամբ, Պետության դերը թվում է՝ թե սահմանված է աճելու, վերստանալով իր իրավասություններից շատերը: Կան ապա Ազգեր, որոնց մոտ Պետության կառուցումը կամ վերակառուցումը շարունակում է հանդիսանալ որպես նրանց զարգացման առանցքային տարրերից մեկը: Տնտեսական ներկա խնդիրների լուծմանը նպատակամղված համերաշխության ծրագրի շրջանակներում իսկ հատկացվող միջազգային օգնությունը ավելի շուտ պետք է նպաստեր սահմանադրական, իրավական և գործադիր-վարչական համակարգերի ամրապնդմանը այն Պետություններում, որոնք դեռևս լիովին չեն վայելում այդ բարիքները: Տնտեսական օգնությունների կողքին, պետք է լինեն նաև օգնություններ, որոնք նպատակաուղղված են հզորացնելու այն երաշխիքները, որոնք բնորոշ են իրավունքի Պետությանը. հանրային կարգի և բանտարկության մի արդյունավետ համակարգ՝ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի մթնոլորտում, իսկապես ժողովրդավարական հաստատություններ: Անհրաժեշտ չէ, որ Պետությունն ամենուր միևնույն հատկանիշներն ունենա. սահմանադրական թույլ համակարգերին տրվող օգնությունը, որպեսզի նրանք հզորանան, շատ լավ կարող է ընկերակցվել քաղաքական ա՛յլ ենթակաների զարգացմամբ – մշակութային, սոցիալական, տարածքային կամ կրոնական բնույթի – Պետության կողքին: Քաղաքական իշխանության հոդավորումը տեղական, ազգային և միջազգային մակարդակով, այն գլխավոր ճանապարհներից մեկն է, ի միջի այլոց, որով հնարավոր է հասնել ի զորու լինելու կողմնորոշել տնտեսական ընդհանրականացումը: Նաև այն կերպն է, որով հնարավոր է խուսափել այն բանից, որ այդ ընդհանրականացումը փաստացիորեն կործանի ժողովրդավարության հիմքերը:

 

42. Համաշխարհային ընդհանրականացման վերաբերյալ երբեմն նկատվում են ճակատագրապաշտական դիրքորոշումներ, կարծես թե ներկա գործընթացներն առաջացած լինեին ինչ-որ անանուն անանձնական ուժերից և մարդկային կամքից անկախ կառույցներից[18]: Այս առումով տեղին է հիշել, որ ընդհանրականացումն անշուշտ հարկավոր է ընկալել որպես սոցիալ-տնտեսական գործընթաց, բայց սա իր միակ տարողությունը չէ: Գործընթացի ամենատեսանելի մակերեսի ներքո ներկա է միշտ ավելի փոխկապակցված դարձող մարդկության իրականությունը. այն բաղկացած է անձերից ու ժողովուրդներից, որոնց համար այդ գործընթացը պետք է օգտակարություն և զարգացում բերի[19], որքան անհատների՝ այնքան էլ հավաքական հասարակության կողմից պատասխանատվության իրենց հասանելիք մասի հանձնառության շնորհիվ: Սահմանների գերազանցումը միայն նյութական իրողություն չէ, այլ նաև մշակութային, լինի՛ իր պատճառներում, թե՛ իր արդյունքներում ու հետևանքներում: Եթե ընդհանրականացումն ընկալվում է ճակատագրապաշտական եղանակով, կորսվում են այն գնահատելու և կողմնորոշելու դատանիշները: Ընդհանրականացումը մարդկային իրականություն է և որպես իրեն սնուցող ակունքներ կարող է ունենալ մշակութային տարբեր կողմնորոշվածություններ, որո՛նց նկատմամբ է հարկավոր դատողություն կիրարկել: Ընդհանրականացման ճշմարտությունը որպես գործընթաց և իր հիմնական էթիկական դատանիշը բխում են մարդկային ընտանիքի միությունից և բարու մեջ նրա զարգացումից: Ուստի հարկավոր է անդադար գործի լծվել, համաշխարհային փոխշաղկապման գործընթացում նպաստելու համար մշակութային մի այնպիսի կողմնորոշման ձևավորմանը, որը լինի միաժամանակ անհատը և համայնքը կերտող, բաց՝ դեպի վերանցականը:

Չնայած իր կառուցվածքային մի քանի ուղղվածություններին, որոնք հարկավոր չէ ժխտել, բայց ո՛չ էլ բացարձականացնել, «ընդհանրականացումը, սկզբունքայնորեն, ո՛չ բարի իրողություն է, ո՛չ էլ՝ չար: Կլինի այն, ինչ մարդիկ կդարձնեն այն»[20]: Չպետք է նրա զոհերը լինենք, այլ՝ դերակատարները, բանականորեն ու տրամաբանորեն առաջ քայլելով, սիրո և ճշմարտության կողմից առաջնորդվելով: Կուրորեն հակառակվելը սխալ դիրքորոշում կլիներ, նախապաշարում, որի արդյունքում անգիտության կմատնվեր մի գործընթաց, որ հատկանշվում է նաև դրական երևույթներով, կորցնելու վտանգի ենթարկելով մի մեծ առիթ՝ մասնակցելու զարգացման այն բազմապիսի հնարավորություններին, որոնք այն ընծայում է: Ընդհանրականացման գործընթացները, նպաստավոր կերպով մտահղացվելով և ղեկավարվելով, հնարավորություն են ընձեռում իրականացնելու հարստության մի մեծ վերաբաժանում, ինչպիսին երբեք դեռ չէր պատահել նախկինում: Իսկ եթե վատ ղեկավարվեն, դրանք կարող են, ընդհակառակն, ավելացնել աղքատությունն ու անհավասարությունները, ինչպես նաև՝ ճգնաժամով վարակել համայն աշխարհը: Հարկավոր է ուղղել անկանոնությունները, նաև ծանրերը, որոնք նոր բաժանումներ են մտցնում ժողովուրդների միջև և ժողովուրդների ներսում, և այնպես անել, որ հարստության վերաբաշխումը տեղի չունենա աղքատության վերաբաշխումով, կամ մինչև իսկ՝ նրա ավելի ծանրացմամբ, ինչպես ներկա իրավիճակի սխալ ղեկավարումը կարող է երկյուղի ու մտահոգության առիթ տալ: Երկար ժամանակ տիրել է այն կարծիքը, թե աղքատ ժողովուրդները պետք է խարսխված մնային զարգացման մի նախասահմանված փուլին և պետք է գոհանային զարգացած ժողովուրդների մարդասիրության դրսևորումներով: Այս մտածելակերպի դեմ խոսել է Պողոս Վեցերորդն իր «Populorum progressio» Կոնդակում: Այսօր, այդ ժողովուրդներին չքավորությունից դուրս բերելու համար գործածելի նյութական ուժերը պոտենցիալ գետնի վրա ավելի շատ են, քան մի ժամանակ, բայց արդյունքում տեսնում ենք, որ այդ ուժերից առավել օգուտ են քաղում միևնույն հարուստ Պետությունների ժողովուրդները, որոնք կարողացան լավագույնս շահագործել կապիտալների շարժումների և աշխատանքի ազատականացման գործընթացը: Բարեկեցության միջոցների տարածումը համաշխարհային մակարդակով չպետք է, ուստի, կասեցվի եսապաշտական, միայն ազգային արտադրանքը հովանավորող կամ մասնավոր շահերից թելադրված ծրագրերով: Հիրավի, նոր զարգացող կամ որոշակի չափով զարգացած Պետությունների ներգրավումը տնտեսական գործընթացներում, այսօր հնարավորություն է ստեղծում ավելի լավ տնօրինելու ճգնաժամը: Ընդհանրականացման գործընթացի անցումային բնածին նկարագիրը մեծ դժվարություններ է ներկայացնում և վտանգներ, որոնք կարող են հաղթահարվել միմիայն եթե ընդունակ լինենք գիտակցելու մարդաբանական և էթիկական այն հոգին, որն ինքնին ընդհանրականացմանը խորքից մղում է հասնելու համերաշխ մարդկայնացման նպատակակետերի: Դժբախտաբար, այդ հոգին հաճախ ճնշվում ու ընկճվում է էթիկական-մշակութային այնպիսի տեսակետների կողմից, որոնք անհատապաշտական և օգտապաշտական դիմագիծ ունեն միայն: Ընդհանրականացումը մի բազմաբովանդակ և բազմարժեք ու բազմանշանակ երևույթ է, որ պահանջում է ընկալվել իր բոլոր տարածաչափությունների տարբերությամբ և միությամբ, ներառյալ՝ աստվածաբանականը: Ինչը որ հնարավորություն կստեղծի մարդկության համաշխարհային ընդհանրականացումն ապրելու և կողմնորոշելու մարդկային հարաբերությունների մշակման, հաղորդության և մասնակցության ուղեգծով:

[1] Կաթուղիկե Եկեղեցու Քրիստոնեական, 407; հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 25: AAS 73 (1981), 822-824.
[2] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Spe salvi», 17: AAS 99 (2007), 1000.
[3] Հմմտ. Նույն, թիվ 23: AAS 99 (2007), 1004-1005.
[4] Սուրբ Օգոստինոսն իր այս ուսուցումը մանրամասնորեն ներկայացնում է «Ազատ կամքի մասին» իր երկասիրության էջերում (De libero arbitrio II 3,8...): Նա մարդկային հոգու ներսում մատնանշում է գոյությունը մի ներանձնական, «ներքին իմաստի»: Այդ իմաստը կայանում է մի գործողության մեջ, որ կատարվում է մտքի ու բանականության բնականոն գործառույթներից դուրս, որպես չմտածված և գրեթե բնազդային գործողություն, որի պատճառով էլ միտքն ու բանականությունը, փաստացի տեսնելով իրենց անցողիկ և սխալական վիճակը, խոստովանում և ընդնունում են գոյությունն ինչ-որ մի բանի, որն իրենցից վեր է ու հավիտենական, բացարձակապես ճշմարիտ, վստահ ու ապահով: Անունը, որ Սուրբ Օգոստինոսը տալիս է ներանձնական այդ ճշմարտությանը, երբեմն «Աստված» (Confessioni X,24,35; XII,25,35; De libero arbitrio II 3,8), ավելի հաճախ՝ «Քրիստոս» անունն է (De magistro 11,38; Confessioni VII,18,24; XI,2,4):
[5] Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Deus caritas est», 3: AAS 98 (2006), 219.
[6] Հմմտ. Նույն, թիվ 49: AAS 98 (2006), 281.
[7] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 28: AAS 73 (1981), 827-828.
[8] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 35: AAS 73 (1981), 836-838.
[9] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 38: AAS 80 (1988), 565-566.
[10] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 44: AAS 59 (1967), 279.
[11] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 24: AAS 59 (1967), 269.
[12] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 36: AAS 73 (1981), 838-840.
[13] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 24: AAS 59 (1967), 269.
[14] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 32: AAS 73 (1981), 832-833; Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 25: AAS 59 (1967), 269-270.
[15] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Laborem exercens», 24: AAS 73 (1981), 637-638.
[16] Նույն, թիվ 15: AAS 73 (1981), 616-618.
[17] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 27: AAS 59 (1967), 271.
[18] Հմմտ. Հավատքի Ուսմունքի Քահանայապետական Հանձնաժողով, Ուսուցում քրիստոնեական ազատության և ազատագրման մասին «Libertatis conscientia» (22 Մարտ 1987), 74: AAS 79 (1987), 587.
[19] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կաթողիկե «La Croix» օրաթերթին տրված հարցազրույցը, 20 Օգոստոս 1997.
[20] Հովհաննես Պողոս Բ, «Ճառ Սոցիալական Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայում» (27 Ապրիլ 2001): Insegnamenti XXIV, 1 (2001), 800.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։