Վերջաբան – Գրադարան – Mashtoz.org

Վերջաբան

78. Առանց Աստծո, մարդը մոլորվում է, կորցնում իր ճանապարհը, և չի կարողանում և ո՛չ իսկ հասկանալ՝ թե ինքն ով է: Ժողովուրդների զարգացման վիթխարի խնդիրների դիմաց, որոնք մեզ գրեթե մղում են վհատության և զենքերը վար դնելով հանձնվելու, մեզ օգնության է հասնում Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, որը մեզ գիտակից է դարձնում. «Առանց ինձ, ոչինչ անել չեք կարող» (Հվհ 15, 5) և քաջալերում է մեզ. «Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 20): Կատարելիք աշխատանքի ընդարձակության դիմաց մեզ նեցուկ և զորավիգ է կանգնում Աստծո ներկայության հանդեպ հավատքը, ներկայություն նրանց կողքին, ովքեր Իր Անվամբ միանում են և աշխատում են արդարության համար: Պողոս Վեցերորդը «Populorum progressio» Կոնդակում մեզ հիշեցնում է, որ մարդն ի զորու չէ միայնակ տնօրինելու իր զարգացումը, որովհետև չի կարող ճշմարիտ հումանիզմ առաջ բերել ինքն իրենից: Միմիայն եթե մտածում ենք, որ կանչված ենք – որպես անհատներ և որպես հասարակություն – մաս կազմելու Աստծո ընտանիքին որպես Իր որդիներ, ընդունակ կլինենք նաև արտաբերելու մի նոր միտք և դրսևորելու նոր ուժեր ի ծառայություն ճշմարիտ ամբողջական հումանիզմի: Զարգացմանը ծառայող հզորագույն ուժը, հետևաբար, քրիստոնեական հումանիզմն է[1], որ վերարծարծում է սիրո հուրը և ընդունում է ճշմարտության առաջնորդությունը, այդ երկու իրողություններն էլ ընդունելով որպես Աստծո մնայուն պարգևներ: Աստծո հանդեպ տրամադրելիությունն առաջնորդում է եղբայրների հանդեպ տրամադրելիության և մի կյանքի, որն այդպիսով ընկալվում է որպես համերաշխ ու բերկրալի առաջադրանք: Ընդհակառակն, Աստծո հանդեպ գաղափարախոսական փակվածությունը և անտարբերության անաստվածությունը, որոնք մոռանում են Արարչին և ենթակա են մարդկային արժեքները նույնպես մոռանալու վտանգին, այսօր հանդիսանում են որպես զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկը: Այն հումանիզմը, որը մերժում է Աստծուն, անմարդկային հումանիզմ է: Միմիայն այն հումանիզմը, որը բաց է Բացարձակի դիմաց, կարող է առաջնորդել մեզ հասարակական և քաղաքացիական կյանքի կերպերի խթանման ու իրագործման հարցում – հասարակական ու պետական կառույցների, հաստատությունների, մշակույթի, բարոյական նկարագրի շրջանակներում – պաշտպանելով մեզ պահի նորաձևությունների բանտարկյալը դառնալու վտանգից: Աստծո անխզելի Սիրո գիտակցությունն է, որ մեզ զորավիգ է կանգնում արդարության, ժողովուրդների զարգացման համար կատարվող տքնաջան, բայց և խանդավառող աշխատանքի մեջ, ընդմեջ հաջողությունների ու անհաջողությունների, մարդկային իրականությունների ճիշտ ու արդարացի կարգավորումների հասնելու անդադար ձգտմամբ: Աստծո սերը հորդորում է մեզ դուրս գալ այն ամենից, ինչը սահմանափակ է և անորոշ, քաջություն է ներշնչում մեզ, որպեսզի շարունակենք գործել և հետամուտ լինենք բոլորի բարիքի որոնմանը, նույնիսկ եթե այն չի իրականանում իսկույն և անմիջապես, նույնիսկ եթե այնքանը, որքանը կարողանում ենք իրագործել – մենք, քաղաքական իշխանությունները և տնտեսական ոլորտի աշխատողները – շարունակ նվազ է այն չափից, որին ուժգին փափագում ենք հասնել[2]: Աստված մեզ տալիս է հասարակաց բարիքի համար պայքարելու և տառապելու ուժը, որովհետև Նա է մեր Ամեն-ինչը, մեր ամենամեծ հույսը:

 

79. Զարգացումը կարիքն ունի քրիստոնյաների, որոնց ձեռքերը վերամբարձված լինեն առ Աստված աղոթքի կեցվածքով. քրիստոնյաների, որոնք մղված լինեն գիտակցությունից, որ ճշմարտությամբ լի սերը, – Սերը Ճշմարտության մեջ – , որից է բխում իրական զարգացումը, մեզնից չի արտադրվում, այլ՝ մեզ պարգևվում է: Հետևաբար, ամենադժվարին ու ամենաբարդ պահերին ևս, գիտակցությամբ հակազդելուց բացի, հատկապես պետք է Իր սիրուց ակնկալենք հնարավոր լավագույն լուծումները: Զարգացումը նշանակում է նաև ուշադրություն հոգևոր կյանքին, լուրջ համարում Աստծո հանդեպ վստահության, ի Քրիստոս հոգևոր եղբայրության, աստվածային Նախախնամությանն ու Ողորմությանն ապավինելու, սիրո ու ներման, սեփական անձից հրաժարվելու, մերձավորի ընդունման, արդարության ու խաղաղության փորձառությունների նկատմամբ: Այս ամենն անհրաժեշտ է «քարեղեն սրտերը մարմնեղեն սրտերի» վերափոխելու համար (Եզկ 36, 26), այնպես՝ որ երկրի վրա ապրված կյանքն «աստվածային» դառնա, և հետևաբար՝ մարդուն առավել արժանի: Այս ամենը մարդունն է, որովհետև մարդն է իր սեփական գոյության ենթական. և միաժամանակ Աստծունն է, որովհետև Աստված Ինքն է սկզբում և վերջում այն ամենի, ինչն արժե և փրկում է. «Աշխարհը, կյանքը, մահը, ներկան, ապագան. ամենը ձերն է: Բայց դուք Քրիստոսինն եք, իսկ Քրիստոս՝ Աստծունը» (1Կր 3, 22-23): Քրիստոնյայի վառ բաղձանքն այն է, որ մարդկային ամբողջ ընտանիքը կարողանա Աստծուն դիմել որպես «Հայր մեր»: Միածին Որդու հետ միությամբ, բոլոր մարդիկ կարողանան սովորել աղոթելու Հորը և Նրանից խնդրել այն խոսքերով, որոնք Հիսուս Ինքն է մեզ ուսուցանել, կարողանալ սրբացնել Նրան ապրելով Իր կամքի համաձայն, և ապա ունենալ հարկավոր հանապազորյա հացը, պարտականների նկատմամբ կարեկցանքն ու վեհանձնությունը, չափից ավելի չենթարկվել փորձությանը և ազատվել չարից (հմմտ. Մտթ 6, 9-13):

Պողոս Առաքյալին նվիրված այս Տարվա ավարտին, հաճո է ինձ այս մաղթանքը հղել՝ գործածելով Առաքյալի միևնույն խոսքերը, որոնք նա գրել է Հռոմեացիներին ուղղված իր Նամակում. «Սերը թող առանց կեղծիքի լինի. ատեցեք չարը, ընթացեք բարու ետևից. սիրեցեք միմյանց եղբայրական գորովով, փոխադարձ հարգանքի մեջ մրցակից եղեք» (12, 9-10): Սուրբ Կույս Մարիամը, որ Պողոս Վեցերորդի կողմից հռչակվել է «Մայր Եկեղեցվո» և քրիստոնյա ժողովրդի կողմից մեծարվում է որպես «Հայելի արդարության» և «Թագուհի խաղաղության», թող որ պաշտպանի մեզ և մեր համար ստանա, իր երկնային բարեխոսությամբ, հարկավոր ուժը, հույսն ու բերկրանքը, որպեսզի շարունակենք վեհանձնորեն նվիրվել «ամբողջ մարդու և բոլոր մարդկանց զարգացումն» իրագործելու հանձնառությանը[3]:

 

Տրված ի Հռոմ, մերձ Սուրբ Պետրոսի, 2009 թվականի Հունիսի 29-ին, Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների տոնի օրը, Քահանայապետությանս հինգերորդ տարում:

Բենեդիկտոս Հ.Հ. Տասնվեցերորդ

[1] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 42: AAS 59 (1967), 278.
[2] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Spe salvi», 35: AAS 99 (2007), 1013-1014.
[3] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 42: AAS 59 (1967), 278.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։