Պետրոս առաքյալը – Գրադարան – Mashtoz.org

Պետրոս առաքյալը

Քրիստոնեական սույն ուսուցման զրույցներում մենք խորհրդածում ենք Եկեղեցու մասին: Մենք ասացինք, որ Եկեղեցին ապրում է մարդկանց մեջ, ուստի նախորդ անգամ սկսեցինք խորհրդածել Առաքյալների կյանքի մասին՝ սկսելով Սուրբ Պետրոսից: Մենք ուսումնասիրեցինք նրա կյանքի երկու վճռական շրջափուլերը՝ նրա կոչումը Գալիլեական լճի ափին և հավատքի դավանությունը. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: Այդ դավանությունը, ինչպես նշեցինք, դեռևս մակերեսային էր, նախնական, բայց և այնպես, բաց էր: Սուրբ Պետրոսը սկսում է ծառայության մի ճանապարհ: Ուստի, հավատքի այդ նախնական դավանության մեջ, ինչպես սերմի մեջ, արդեն կա Եկեղեցու ապագա հավատքը: Այսօր կուզենայինք դիտարկել Սուրբ Պետրոսի կյանքի երկու ա՛յլ կարևոր իրադարձություններ. հացի բազմացումը (քիչ առաջ ընթերցված հատվածում լսեցինք Տիրոջ հարցը և Պետրոսի պատասխանը), և Տիրոջ կանչն՝ ուղղված Պետրոսին, լինելու Տիեզերական Եկեղեցու Հովիվ:

Սկսենք հացի բազմացման նկարագրությունից: Այսպես, ժողովուրդը մի քանի ժամ լսում է Տիրոջ ուսուցումները: Ի վերջո, Հիսուսն ասում է. «Մարդիկ հոգնել են, մենք պետք է կերակրենք նրանց»: Առաքյալները շփոթված են. «Բայց ինչպե՞ս»: Պետրոսի եղբայր Անդրեասը Հիսուսի ուշադրությունը հրավիրում է մի տղայի վրա, ով ուներ հինգ նկանակ հաց և երկու ձուկ: Բայց ի՞նչ է այդքանը՝ այդպիսի մեծ բազմության համար: Այնուամենայնիվ, Տերը հրահանգում է նստեցնել մարդկանց և բաշխել նրանց այդ հինգ նկանակներն ու երկու ձկները: Եվ բոլորը կերան, հագեցան: Ավելին, Տերը հրամայում է Առաքյալներին, այդ թվում և Պետրոսին, հավաքել մնացորդները, և նրանք հավաքում են տասներկու զամբյուղ լի (Հվհ 6, 12-13): Ժողովուրդը, տեսնելով այդ հրաշքը, որը նրանց թվում էր այդքա՜ն երկար սպասված «մանանայի» շնորհում, հացի պարգև՝ Երկնքից, ուզում են Հիսուսին իրենց համար առաջնորդ կարգել: Բայց Հիսուսը չի համաձայնվում, այլ՝ հեռանում է դեպի լեռը՝ միայնակ աղոթելու համար: Հաջորդ օրը Հիսուսը լճի բարձրադիր ափին՝ Կաֆառնաումի ժողովարանում, բացատրում է այդ հրաշքը՝ որպես ո՛չ թե Իսրայելի և աշխարհի նկատմամբ իշխանության նշան, այլ՝ ինքնազոհաբերության նշան. «Հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ աշխարհի կյանքի համար» (Հվհ 6, 51): Հիսուսը հռչակում է Խաչը և Խաչի հետ միասին՝ հացի իսկական բազմացումը՝ Ամենասուրբ Հաղորդության Հացի բազմացումը, որը նոր և մարդկային ակնկալիքներին հակադրվող տիրապետություն է:

Հասկանալի է, որ Վարդապետի այդ խոսքերը, Ով չի ուզում ամեն օր բազմացնել հացը և Իսրայելին իշխանություն տալ ամբողջ աշխարհի վրա, ժողովրդի համար դժվար ընկալելի էին, նույնիսկ անընդունելի: «Կտա իր մարմինը». ի՞նչ է դա նշանակում: Այդ րոպեին Հիսուսի խոսքերն անընդունելի թվացին նաև աշակերտների համար: Այդ խոսքը «դյուրին չէ» նաև մեր սրտի համար, մեր ընկալունակության համար, որովհետև փորձության է ենթարկում մեր հավատքը (հմմտ. Հվհ 6, 60): Բազմաթիվ աշակերտներ հեռացան: Նրանց հարկավոր էր մեկը, ով իսկապես կնորոգեր Իսրայելը, Իսրայելի ժողովրդին, և ո՛չ թե մեկը, ով ասում է. «Ես կտամ իմ մարմինը»: Կարող ենք ենթադրել, որ Հիսուսի խոսքերը բարդ էին թվում նաև Պետրոսի համար, ով Ֆիլիպպյան Կեսարիայում հակադրվել էր Խաչի մասին մարգարեությանը: Բայց երբ Հիսուսը հարցնում է Տասներկուսին. «Արդյոք դո՞ւք էլ եք ուզում հեռանալ», Պետրոսը, Սուրբ Հոգու կողմից ուղղորդվելով, պատասխանում է երախտագիտության անկեղծ մղումով: Բոլորի անունից նա արտաբերում է անմահ բառեր, որ դարձել են նաև մերը. «Տեր, ո՞ւմ մոտ գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, և մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» (Հվհ 6, 66-69):

Այստեղ, ինչպես Կեսարիայում, Պետրոսն իր խոսքերով սկիզբ դրեց Եկեղեցու քրիստոսաբանական հավատքի դավանությանը, դարձավ մյուս Առաքյալների և մեր՝ բոլոր ժամանակների հավատացյալներիս, «բերանը»: Բայց դա չի նշանակում, որ նա արդեն հասկացել էր Քրիստոսի խորհուրդը՝ իր ողջ խորությամբ: Խոսքն այստեղ սկսնակ, զարգացող հավատքի մասին է. իսկական լրմանն այդ հավատքը հասնում է միայն շնորհիվ այն փորձառության, որը Պետրոսն ունեցավ զատկական իրադարձությունների ժամանակ: Բայցևայնպես, նրա հավատքը մեծ իրողությունների հանդեպ արդեն բաց է հենց այն պատճառով, որ նա հավատում է ո՛չ թե ինչ-որ մի բանի, այլ՝ ինչ-որ Մեկի. Նրան՝ Քրիստոսին: Այդպես, մեր հավատքն էլ կարելի է համարել դեռևս սկսնակ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք հարթելու: Այստեղ կարևորն այն է, որ հավատքը լինի բաց, և մենք Հիսուսին թույլ տանք ուղղորդել մեզ, որովհետև Նա ո՛չ թե պարզապես գիտի ճանապարհը, այլ՝ հենց Ի՛նքն է Ճանապարհը:

Բայց Պետրոսի ազնիվ մղումը նրան չի պաշտպանում վտանգներից, որոնց ենթակա ենք մեր մարդկային տկարության պատճառով: Ի վերջո, մեզ էլ է դա ծանոթ՝ մեր կենսափորձով: Պետրոսը հետևեց Հիսուսին՝ ներքին մղմամբ, անցավ հավատքի փորձության միջով, ինքն իրեն հանձնեց Հիսուսին: Եվ ահա՛ գալիս է պահը, երբ Պետրոսը վախեցած նահանջում և ընկնում է. նա ուրանում է Վարդապետին (Մրկ 14, 66-72): Հավատքի դպրոցը հաղթական քայլերթ չէ, այլ՝ մի ճանապարհ է՝ լի տառապանքով և սիրով, հավատարմության փորձություններով. հավատարմության, որն հարկավոր է ամեն օր նորացնել: Պետրոսը, որ խոստացավ բացարձակ հավատարմություն, ճանաչեց ուրացման դառնությունն ու ստորացումը. հպարտը, վնասվածքներ ստանալով, սովորում է խոնարհություն: Պետրոսը պետք է սովորի լինել տկար և ներման կարիք ունեցող մարդ: Դիմակը վերջնականապես պատռված է, նա կիմանա ճշմարտությունը սեփական սրտի մասին՝ հավատացյալ մեղավորի թույլ սրտի մասին, և կարտասվի ապաշխարության թեթևացնող լացով: Արտասուք հեղելով՝ նա պատրաստվում էր իր առաքելությանը:

Մի օր, գարնանային մի առավոտ, այդ առաքելությունը նրան հանձնարարեց Հարուցյալ Հիսուսը: Հանդիպումը տեղի ունեցավ Տիբերիական լճի ափին: Հովհաննես Ավետարանիչը մեզ է փոխանցում Հիսուսի և Պետրոսի երկխոսությունը՝ ընդգծելով բառերի շատ արտահայտիչ խաղը: Հունարեն «ֆիլէօ» բայը նշանակում է ընկերական սեր՝ նուրբ, բայց ո՛չ համընդգրկուն, իսկ ահա՛ «ագապաօ» բայը նշանակում է սիրել անմնացորդ կերպով, ամբողջությամբ և անպայմանական կերպով: Առաջին անգամ Հիսուսը Պետրոսին հարցնում է. «Սիմոն, սիրո՞ւմ ես ինձ («ագապաս-մէ»)», այդպիսի կատարյալ ու անպայմանական սիրով (Հվհ 21, 15): Անցյալում, երբ Պետրոսին դեռևս անծանոթ էր ուրացման փորձառությունը, նա անշուշտ կպատասխաներ. «Այո՛, ես սիրում եմ Քեզ («ագապօ-սէ») անվերապահորեն»: Իսկ հիմա, ճաշակած լինելով անհավատարմության, սեփական թուլության ողբերգության դառն տխրությունը, նա խոնարհաբար պատասխանում է. «Տե՜ր, ես սիրում եմ Քեզ («ֆիլօ-սէ»)», այսինքն՝ «սիրում եմ Քեզ իմ խեղճուկրակ սիրով, ինչքան որ հնարավոր է մարդու համար»: Քրիստոսը պնդում է. «Սիմո՜ն, սիրո՞ւմ ես ինձ բացարձակ՝ իմ համար ընդունելի սիրով»: Պետրոսը կրկնում է իր՝ մարդկային խոնարհ սիրով լի պատասխանը. «Կյուրիէ՛, ֆի՛լօ-սէ՛», այսինքն՝ «Տե՜ր, սիրում եմ Քեզ՝ ինչպես կարող եմ»: Երրորդ անգամ Հիսուսը Սիմոնին ասում է միայն. «Ֆիլէ՞իս-մէ» - «Սիրո՞ւմ ես ինձ»: Սիմոնը հասկանում է, որ Հիսուսի համար բավական է իր տկար սերը, որի՛ն է միայն ընդունակ ինքը, բայց տխրում է, որ Տերը ստիպված եղավ այդպես ասել: Եվ այստեղ նա պատասխանում է. «Տե՜ր, դու ամեն ինչ գիտես. Դու գիտես, որ սիրում եմ Քեզ («ֆիլօ-սէ»)»: Սա նշանակում է, որ ավելի շուտ Հիսուսն Ինքն էր հավասարվում Պետրոսին, քան Պետրոսը՝ Հիսուսին: Հենց այսպիսի աստվածային հավասարությունն էր, որ պետք է հույս ներշնչեր աշակերտին, ով տառապում էր սեփական անհավատարմության զգացումից: Այստեղից ծնվում է ապավինումը, որի շնորհիվ նա կարողացավ հետևել Տիրոջը մինչև վերջ. «Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորեր Աստծուն: Եվ երբ այս ասաց, հավելեց. Արի՛ իմ ետևից» (Հվհ 21, 19):

Այդ օրվանից Պետրոսը «հետևում էր» Վարդապետին՝ հստակ գիտակցելով իր տկարությունը, սակայն այդ զգացումը նրա համար արգելք չէր: Չէ՞ որ նա գիտեր. Հարուցյալը իր կողքին էր, և Նրան կարելի էր ապավինել: Պետրոսը, ուրացման ցավոտ փորձառությամբ և ապաշխարության արտասուքներով, հրաժարվելով Տիրոջը հետևելու իր սկզբնական օրերի միամիտ խանդավառությունից, կարողացավ վստահել Հիսուսին, Ով խոնարհվեց դեպի իր սիրելու խեղճուկրակ ունակությունը: Դրանով Տերը մեզ ևս ցույց է տալիս ճանապարհը՝ չնայած մեր անզորությանը: Մենք գիտենք, որ Հիսուսը խոնարհվում է դեպի մեր տկարությունը: Մենք հետևում ենք Նրան՝ սիրելու մեր խեղճուկրակ ունակությամբ, և գիտենք, որ Հիսուսը բարի է և ընդունում է մեզ: Պետրոսը երկար ճանապարհ անցավ և դարձավ վստահելի վկա, Եկեղեցու «Վեմ», որովհետև միշտ բաց էր Հիսուսի Հոգու ներգործության առջև: Պետրոսն իրեն անվանելու էր «Քրիստոսի չարչարանքների վկա և մասնակից գալիք փառքի հայտնությանը» (1Պտ 5, 1): Նա այս խոսքերը գրելու էր արդեն առաջացած տարիքում՝ կյանքի մայրամուտին, որն ավարտվելու էր մարտիրոսությամբ: Այդ ժամանակ նա կարողանալու էր նկարագրել իսկական բերկրանքը և ցույց տալ, թե որտեղի՛ց կարելի է այն քաղել. աղբյուրը Քրիստոսն է, Ում մենք հավատում ենք և սիրում ենք մեր տկար, բայց անկեղծ հավատքով, չնայած մեր տկարությանը: Այդ պատճառով Պետրոսն իր համայնքի քրիստոնյաներին, և նաև մեզ, գրում է հետևյալ խոսքերը. «[Քրիստոսին], որին չեք տեսել, բայց սիրում եք, և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք Նրան, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ձեռքբերելով ձեր հավատքի թագադրումը՝ հոգիների փրկությունը» (1Պտ 1, 8-9):

 

Ընդհանուր ունկնդրություն, 24 Մայիսի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։