Գլուխ Ե. - Համագործակցությունը մարդկային ընտանիքի ներսում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - Համագործակցությունը մարդկային ընտանիքի ներսում

53. Աղքատության ամենածանր կերպերից մեկը, որի փորձառությունը մարդը կարող է ունենալ, միայնությունն է: Եթե ուշադրությամբ քննենք, կտեսնենք, որ աղքատության մյուս կերպերը եւս, ներառյալ նաև նյութական աղքատությունը, ծնվում են կղզիացումից, մեկուսացումից, սիրված չլինելուց կամ սիրելու դժվարությունից: Աղքատությունները հաճախ ծնվում են Աստծո սիրո մերժումից, մարդու ինքն իր մեջ մի ինքնատիպ ու ողբերգական փակվածությունից, մարդու՝ որ կարծում է՝ թե ինքն իրեն բավական է, կամ էլ՝ թե ինքն աննշան, որևէ կարևորությունից զուրկ ու անցողիկ իրողություն է սոսկ, մի «օտարական», մի տիեզերքում, որ կազմավորվել է պատահականության սկզբունքով: Մարդն ինքն իրենից օտարանում է, երբ հայտնվում է տևական միայնության մեջ կամ երբ անջատվում է իրականությունից, երբ հրաժարվում է մտածել մի Հիմքի մասին և հավատալ Նրան[1]: Ո՛ղջ մարդկությունն է ինքն իրենից օտարանում, երբ ապավինում է լոկ մարդկային ծրագրերի, գաղափարախոսությունների և կեղծ ու անիրագործելի ցնորամիտ երազանքների[2]: Մարդկության զանազան մասերն այսօր կարծես շատ ավելի փոխազդող են, քան անցյալում. այս առավել մերձեցումը հարկավոր է փոխակերպել իրական հաղորդության: Ժողովուրդների զարգացումը կախված է հատկապես ճանաչելուց և ընդունելուց, որ մարդկությունը մեկ միակ ընտանիք է, որ գործակցում է իրական հաղորդությամբ և կազմված է ենթականերից, որոնք չեն ապրում պարզապես մեկը մյուսի կողքին[3]:

Պողոս Վեցերորդը նկատում էր, որ «աշխարհը տառապում է մտքի պակասի պատճառով»[4]: Այդ խոսքն իր մեջ պարունակում է մի հաստատում, բայց հատկապես՝ մի մաղթանք. հարկավոր է մտքի մի նոր սլացք՝ լավագույնս ըմբռնելու համար մեր մի ընտանիք լինելու բովանդակությունն ու հետևանքները. երկրագնդի ժողովուրդների միջև փոխազդեցությունը անհապաղ մղում է մեզ դեպի այդ սլացքը, որպեսզի համարկումն իր վրա կրի համերաշխության և ո՛չ թե մեկուսացման կնիքը[5]: Նման միտքը մեզ պարտադրում է քննական և արժեքային խորացված ուսումնասիրություն կատարել հարաբերության կատեգորիայի շուրջ: Խոսքը վերաբերվում է մի գործի, որը չեն կարող կատարել սոցիալական գիտությունները միայնակ, քանի որ այն պահանջում է նպաստն ու օգնությունը այնպիսի գիտելիքների, ինչպիսիք են մետաֆիզիկան և աստվածաբանությունը, անստվեր կերպով ընկալել կարողանալու համար մարդու վերանցական արժանապատվությունը:

Մարդ արարածը, քանի որ հոգևոր բնություն ունեցող էակ է, իրագործվում է անձերի միջև կայացող փոխհարաբերություններով: Որքան ավելի է դրանք ապրում ճշմարիտ ու վավերական եղանակով, այնքան ավելի է հասունանում նաև իր անձնական ինքնությունը: Մեկուսանալով չէ, որ մարդն արժևորում է իրեն, այլ՝ հարաբերության մեջ մտնելով ուրիշների և Աստծո հետ: Այդ հարաբերությունների կարևորությունն, ուստի, դառնում է հիմնական: Սա վավերական է նաև ժողովուրդների պարագային: Իրենց զարգացման համար, հետևաբար, մեծապես օգտակար է, որ ժողովուրդներն իսկ մետաֆիզիկական տեսություն ունենան անձերի միջև հարաբերության վերաբերյալ: Այս ուղղությամբ, միտքն ու բանականությունը ներշնչում և կողմնորոշում են գտնում քրիստոնեական հայտնության մեջ, որի համաձայն՝ մարդկանց հասարակությունն իր մեջ չի կլանում անձը, ոչնչացնելով նրա ինքնավարությունը, ինչպես պատահում է ամբողջատիրական տարբեր վարչակարգերի մոտ, այլ առավել ևս արժևորում է այն, որովհետև անձի և հասարակության միջև հարաբերությունը դա մի հարաբերություն է երկու ամբողջությունների միջև[6]: Ինչպես որ ընտանեկան հասարակությունն իր ներսում չի արժեզրկում անձանց, որոնցից կազմված է, և ինչպես որ Եկեղեցին ինքը լիովին արժևորում է «նոր արարած»ին (Գղտ 6, 15; 2Կր 5, 17), որը Մկրտությամբ պատվաստվում է իր կենդանի Մարմնին, նմանապես նաև մարդկային ընտանիքի միությունն իր ներսում չի ձուլում և իրենց սեփական ինքնությունից չի զրկում անձանց, ժողովուրդներին և մշակույթներին, այլ նրանց ավելի թափանցիկ է դարձնում մեկը մյուսի նկատմամբ, առավել սերտ կապերով միավորելով նրանց, իրենց օրինավոր տարբերություններով հանդերձ:

 

54. Զարգացման թեման համընկնում է մարդկային ընտանիքի միակ հասարակության մեջ բոլոր անձանց և բոլոր ժողովուրդների ներգրավման թեմայի հետ, – խոսքը վերաբերվում է հարաբերության սկզբունքով կատարված ներգրավմանը – , որը կառուցվում է համերաշխության մթնոլորտում, արդարության և խաղաղության հիմնական արժեքների հիմքի վրա: Այս կարելիությունը վճռորոշ լուսավորություն է գտնում Աստվածային միակ Էության ներսում Երրորդության Անձերի միջև գոյություն ունեցող հարաբերության մեջ: Երրորդությունը բացարձակ միություն է, քանի որ Աստվածային երեք Անձերը զուտ հարաբերություն են: Աստվածային Անձերի միջև փոխադարձ թափանցիկությունն ամբողջական է, իսկ մեկի կապը մյուսի հետ՝ լիակատար, քանի որ կազմում են բացարձակ միություն և միակություն: Աստված կամենում է մեզ նույնպես մասնակից դարձնել հաղորդության այս իրականությանը. «որպեսզի մի լինեն, ինչպես և մենք մի ենք» (Հվհ 17, 22): Եկեղեցին այս միության նշանն է և գործիքը[7]: Մարդկանց միջև հարաբերությունները ևս պատմության ընթացքում կարող են միմիայն օգուտ քաղել Աստվածային այս Նախատիպին կապակցվելուց: Մասնավորապես, Երրորդության հայտնված խորհրդի լույսի ներքո հասկանում ենք, որ ճշմարիտ բացվածությունը չի նշանակում կենտրոնախույս ցրում, այլ՝ խորը ներթափանցում: Սա փաստացի տեսնում ենք նաև սիրո և ճշմարտության մարդկային ընդհանուր փորձառություններից: Ինչպես ամուսինների միջև խորհրդական սերն է նրանց հոգեպես միավորում «մի մարմնի մեջ» (Ծնդ 2, 24; Մտթ 19, 5; Եփ 5, 31) և նախկին երկուսին դարձնում է հարաբերության մեջ ապրող և իրական միություն, նմանապես ճշմարտությունն է միմյանց միացնում հոգիներին և նրանց մտածել է տալիս ներդաշնակ համաձայնությամբ, նրանց դեպի իրեն ձգելով և իրեն միացնելով:

 

55. Մարդկային զարմի միության վերաբերյալ քրիստոնեական հայտնությունը ենթադրում է «մարդկային»ի մի մետաֆիզիկական մեկնաբանություն, ուր հարաբերության մեջ լինելը էական տարր է: Ուրիշ մշակույթներ և ուրիշ կրոններ ևս ուսուցանում են եղբայրությունն ու խաղաղությունը և, հետևաբար, մեծ կարևորություն ունեն մարդկային ամբողջական զարգացման համար: Չեն պակասում, սակայն, կրոնական և մշակութային այնպիսի կեցվածքներ, որոնց մոտ լիարժեք կերպով չի ստանձնվում սիրո և ճշմարտության սկզբունքը և որոնք այդպիսով, վերջնական արդյունքում, արգելակում են մարդկային ճշմարիտ զարգացումը կամ ուղղակի խոչընդոտում են այն: Ներկայումս աշխարհը ոտնատակ է արվում կրոնական հիմք ունեցող որոշ մշակույթների կողմից, որոնք մարդուն չեն առաջնորդում հաղորդության, այլ կղզիացնում են նրան անհատական բարեկեցության փնտրտուքով, նրա հոգեբանական ակնկալիքներին հագուրդ տալու մեջ սահմանափակվելով: Փոքր խմբերի կամ մինչև իսկ անհատ անձանց կողմից առաջարկվող կրոնական ''ուղի''ների որոշակի բազմացումը ևս և կրոնական սինկրետիզմը կարող են մտամոլորության և հանձնառություններից խուսափելու ազդակ հանդիսանալ: Համաշխարհային ընդհանրականացման գործընթացի բացասական հնարավոր հետևանքներից մեկը կարող է լինել այդ սինկրետիզմին նպաստելու հակումը[8], սնուցելով ''կրոնի'' որոշ ձևեր, որոնք փոխանակ անձանց միջև հանդիպման հնարավորություն ստեղծելու, նրանց օտարացնում են մեկը մյուսից և հեռացնում իրականությունից: Միաժամանակ, որոշ միջավայրերում շարունակում են գոյություն ունենալ մշակութային և կրոնական ավանդույթներ, որոնք կաղապարում են հասարակությունը սոցիալական անշարժ դասակարգերի մեջ, անձի արժանապատվության հանդեպ հարգանք չտածող մոգական հավատալիքների մեջ, ծածուկ ուժերի նկատմամբ ստրկական ենթակայության կեցվածքների մեջ: Նման միջավայրերում սերը և ճշմարտությունը դժվարությունների են հանդիպում իրենց հաստատման ճանապարհին, որից վնաս է կրում իրական զարգացումը:

Այս իսկ պատճառով, եթե մի կողմից ճշմարտացի է, որ զարգացումը տարբեր ժողովուրդների կրոնների և մշակույթների կարիքն ունի, այդուհանդերձ մյուս կողմից ճշմարիտ է նաև այն, որ հարկավոր է պատշաճ դատողություն կայացնել այս հարցում: Կրոնական ազատությունը չի նշանակում սկզբունքի վերածված կրոնական անտարբերություն և չի նշանակում նաև, որ բոլոր կրոնները հավասար են[9]: Մշակույթների և կրոնների կողմից մարդկության զարգացմանը բերվող նպաստի շուրջ դատողությունը դառնում է անհրաժեշտություն՝ հասարակաց բարիքի հանդեպ հարգանքի սկզբունքով սոցիալական հասարակության կերտման գործում, հատկապես նրանց համար, որոնց վստահված է քաղաքական իշխանության կիրարկումը: Այդ դատողությունը պետք է հիմնվի սիրո և ճշմարտության չափանիշի վրա: Քանի որ խաղի է դրված անձանց և ժողովուրդների զարգացումը, այն պետք է հաշվի առնի ազատագրման և ընդգրկման հնարավորությունը, մարդկային իրո՛ք ընդհանրական հասարակության կերտման տեսլականով: «Մարդն ամբողջովին և բոլոր մարդիկ». ահա՛ դատանիշը, որով կարող ենք գնահատել նաև մշակույթներն ու կրոնները: Քրիստոնեությունը՝ «մարդկային դեմք ունեցող Աստծո»[10] կրոնը, իրենում կրում է նման չափանիշ:

 

56. Քրիստոնեական կրոնը և մյուս կրոնները կարող են իրենց նպաստը բերել զարգացմանը միմիայն եթե Աստված տեղ է գտնում նաև հանրային կյանքում, մշակութային, հասարակական, սոցիալական, տնտեսական և, հատկապես, քաղաքական ոլորտների հետ հատուկ առընչությամբ: Եկեղեցու սոցիալական ուսմունքը ծնվել է պահանջելու համար քրիստոնեական կրոնի այս «քաղաքացիության կանոնագրի»[11] ճանաչումը: Սեփական կրոնի բացահայտ դավանության իրավունքի մերժումը, ինչպես նաև իրավունքը գործելու, որպեսզի հավատքի ճշմարտություններն իրենցով ձևավորեն ու կերպարանավորեն նաև հանրային կյանքը, բացասական հետևանքներ է թողնում ճշմարիտ զարգացման վրա: Հանրային կյանքից կրոնի բացառումը, ինչպես, մյուս կողմից, կրոնական ֆոնդամենտալիզմը, խոչընդոտում են անձանց միջև հանդիպմանը և մարդկության առաջադիմության համար նրանց համագործակցությանը: Հանրային կյանքն աղքատանում է, իսկ քաղաքականությունը ստանձնում է ճնշիչ ու հարձակողական դիմագիծ: Մարդկային իրավունքները ենթարկվում են չհարգվելու վտանգին, կա՛մ որովհետև զրկվում են իրենց վերանցական հիմքից, կա՛մ էլ՝ որովհետև չի ճանաչվում անձնական ազատությունը: Լայիցիզմի և ֆոնդամենտալիզմի գաղափարախոսություններում կորչում է արգասավոր երկխոսության և բանականության ու կրոնական հավատքի միջև արդյունավետ համագործակցության հնարավորությունը: Միտքն ու բանականությունը շարունակական կարիքն ունեն մաքրագործվելու հավատքի շնորհիվ, և սա վավերական է նաև քաղաքական մտքի համար, որն իրեն չպետք է ամենակարող կարծի: Իր հերթին, կրոնը շարունակական կարիքն ունի մաքրագործվելու մտքի ու բանականության շնորհիվ, ցույց տալու համար իր անաղարտ մարդկային դեմքը: Այս երկխոսության խզումը շատ ծանր վնասներ է հասցնում մարդկության զարգացմանը:

 

57. Հավատքի և բանականության միջև արգասավոր երկխոսությունն ավելի ազդու է դարձնում սիրո գործը սոցիալական ոլորտում և հանդիսանում է ամենահարմար շրջանակը՝ խրախուսելու համար հավատացյալների և ոչ-հավատացյալների միջև եղբայրական համագործակցությունը, որպես ընդհանուր նպատակ ունենալով արդարության և մարդկության խաղաղության համար տարվող աշխատանքը: «Gaudium et spes» Հովվական Սահմանադրության մեջ, Ժողովական Հայրերը հաստատում են. «Հավատացյալներն ու ոչ-հավատացյալներն ընդհանուր առմամբ համաձայն են այն հարցում, որ երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան պետք է կապակցության մեջ դրվի մարդու հետ, որպես իրենց կենտրոնի ու գագաթնակետի»[12]: Հավատացյալների համար, աշխարհը պատահականության կամ անհրաժեշտության արդյունքը չէ, այլ՝ Աստծո ծրագրի: Այստեղից է ծնվում հավատացյալների պարտականությունը՝ միավորելու իրենց ջանքերը բարի կամքի տեր բոլոր արանց և կանանց հետ, լինեն նրանք ուրիշ կրոնների պատկանող կամ ոչ-հավատացյալ, որպեսզի մեր այս աշխարհն իրոք համապատասխանի աստվածային ծրագրին. ապրել մեկ ընտանիքի նման, Արարչի հայացքի ներքո: Սիրո յուրահատուկ դրսևորումներից և հավատացյալների ու ոչ-հավատացյալների միջև եղբայրական համագործակցության համար առաջնորդ չափանիշներից է անշուշտ օժանդակության սկզբունքը[13], որը մարդկային անուրանալի ազատության արտահայտություններից է: Օժանդակությունը նախևառաջ անձին ուղղված օգնություն է, միջանկյալ մարմինների ինքնավարության միջոցով: Այդ օգնությունը տրվում է, երբ անձը և սոցիալական ենթակաները չեն կարողանում միայն իրենց ուժերով լուծել իրենց առաջ ծառացած խնդիրները և իր մեջ միշտ էլ պարունակում է ազատագրման նպատակներ, որովհետև նպաստում է ազատությանն ու մասնակցությանը, քանի որ իր հետ բերում է պատասխանատվության ստանձնում: Օժանդակության սկզբունքը հարգում է անձի արժանապատվությունը, որի մեջ տեսնում է մի ենթակայի, որը միշտ ընդունակ է ինչ-որ մի բան տալու ուրիշներին: Փոխադարձության մեջ ճանաչելով մարդկային էակի ներքին կառուցվածքը, օժանդակության սկզբունքը ամենաարդյունավետ հակաթույնն է ընդդեմ ամեն տեսակ փորձերի՝ խիստ հսկողության տակ պահելու դիմացինի աճի ու զարգացման գործընթացը, զրկելով նրան հարկավոր ինքնուրույնությունից: Այն կարող է հաշիվ տալ թե՛ հարթությունների բազմապիսի հոդավորման և, հետևաբար, ենթակաների բազմաքանակության, թե՛ նրանց համակարգման համար: Խոսքը վերաբերվում է, ուստի, մի սկզբունքի, որն ամբողջովին յուրահատուկ կերպով հարմար է համաշխարհային ընդհանրականացման գործընթացը կառավարելու և այն դեպի մարդկային ճշմարիտ զարգացումը կողմնորոշելու համար: Որպեսզի չձևավորվի միահեծան տիրապետություն ունեցող համաշխարհային մի վտանգավոր ուժ, համաշխարհային ընդհանրականացման գործընթացի կառավարումը պետք է կատարվի օժանդակության սկզբունքի համաձայն, բաժանվելով և հոդավորվելով մեկից ավելի մակարդակների և տարբեր հարթությունների վրա, որոնք պետք է փոխադարձաբար համագործակցեն միմյանց: Ընդհանրականացման գործընթացն անկասկած կարիքն ունի վայելելու որոշակի հեղինակություն և իշխանություն, քանի որ առաջ է քաշում խնդիրը համաշխարհային հասարակաց բարիքի, որին պետք է հասնենք: Այդ հեղինակությունն ու իշխանությունը, սակայն, պետք է կազմակերպված լինի օժանդակության սկզբունքի համաձայն և բազմապետական ձևով[14], և՛ որպեսզի վնասներ չհասցվեն ազատությանը, և՛ որպեսզի այդ իշխանությունն արդյունավետ լինի կոնկրետ գետնի վրա:

 

58. Օժանդակության սկզբունքը պետք է սերտ կապակցումի մեջ պահվի համերաշխության սկզբունքի հետ և հակառակը, որովհետև եթե օժանդակությունն առանց համերաշխության ընկնում է սոցիալական կողմնակալ մասնակիության մեջ, ապա նույնքան ճշմարիտ է, որ համերաշխությունն առանց օժանդակության վերածվում է սոսկ հեղինակություն բանեցնող ներկայության, որ նվաստացնում է կարիքավոր վիճակում հայտնվածին: Հարկավոր է մեծ հարգանք տածել ընդհանուր բնույթ ունեցող այս կանոնի նկատմամբ, նաև երբ քննարկվում են զարգացմանը տրվող միջազգային օգնություններին վերաբերվող թեմաները: Այդ օգնությունները, նվիրատուների մտադրությունից անդին և անկախ, երբեմն կարող են մի ամբողջ ժողովուրդ պահել կախումնավորության վիճակում և մինչև իսկ նպաստել տեղական բռնատիրության իրավիճակներին և օգնություն ստացող Պետության ներսում մարդկանց շահագործմանը: Տնտեսական օգնությունները, իսկապես այդպիսին լինելու համար, չպետք է կողմնակի նպատակներ հետապնդեն: Պետք է բաժանվեն՝ ներգրավելով ո՛չ միայն տվյալ Պետության կառավարական օղակները, այլ նաև տեղական տնտեսության դերակատարներին և քաղաքացիական հասարակության ենթականերին, որոնք մշակույթը կրողներն են, ներառյալ տեղական Եկեղեցիները: Օգնության ծրագրերը միշտ ավելի մեծ չափերով պետք է ստանձնեն համալիր ծրագրերին բնորոշ հատկանիշները, որոնց մասնակցություն պետք է բերվի ներքևից: Արդարև, մշտապես ճշմարտացի է, որ զարգացման գործընթացում օժանդակելի Պետություններում արժևորելիք մեծագույն պաշարը դա մարդկային կենսաուժն է. սա՛ է իրական կապիտալը, որն հարկավոր է աճեցնել, ամենաաղքատ Պետություններին ապահովելու համար իրո՛ք ինքնուրույն մի ապագա: Հարկավոր է նաև հիշել, որ ամենակարևոր օգնությունը, որի կարիքն ունեն զարգացող Պետությունները տնտեսական դաշտում, դա արտոնելն ու նպաստելն է, որ իրենց արտադրանքներն աստիճանաբար մուտք գործեն միջազգային շուկա, այդպիսով հնարավոր դարձնելով միջազգային տնտեսական կյանքին նրանց լիարժեք մասնակցությունը: Շատ հաճախ, անցյալում, օգնությունները ծառայել են ստեղծելու միայն երկրորդական կարևորության շուկաներ այդ Պետությունների արտադրանքների համար: Դրա պատճառն հաճախ այն է, որ իրական պահանջարկ չկա այդ արտադրանքների նկատմամբ: Ուստի հարկավոր է օգնել այդ Պետություններին բարելավելու իրենց արտադրանքները և դրանք ավելի լավ համապատասխանեցնելու գոյություն ունեցող պահանջարկին: Ինչպես նաև, ոմանք հաճախ վախենում են տնտեսապես աղքատ Պետություններից ներմուծվող, սովորաբար գյուղատնտեսական բնույթ ունեցող արտադրանքների մրցակցությունից: Հարկավոր է սակայն հիշել, որ այդ արտադրանքների վաճառքի հնարավորությունն այդ Պետությունների համար շատ հաճախ նշանակում է ապահովել իրենց գոյապահպանումը կարճ կամ երկար ժամանակով: Գյուղատնտեսական բնագավառում միջազգային արդար և հավասարակշռված առևտուրը կարող է օգուտ բերել բոլորին, թե՛ վաճառողին և թե՛ գնորդին: Այս իսկ պատճառով, ո՛չ միայն հարկավոր է վաճառականական գետնի վրա ուղղորդել այդ արտադրանքները, այլ սահմանել առևտրական միջազգային կանոններ, որ նեցուկ լինեն դրանց, և ուժեղացնել զարգացմանը տրվող ֆինանսավորումը, առավել արտադրողական դարձնելու համար այդ տնտեսությունները:

 

59. Զարգացմանն ուղղված համագործակցությունը չպետք է վերաբերվի միայն տնտեսական ոլորտին. այն պետք է դառնա մի մեծ առիթ՝ մշակութային և մարդկային հանդիպման համար: Եթե տնտեսապես զարգացած Պետությունների կողմից համագործակցության պաշտոնատար ենթակաները հաշվի չեն առնում – ինչպես երբեմն իրոք պատահում է – իրենց սեփական և ուրիշների մշակութային ինքնությունը, որ ձևավորված է մարդկային արժեքներով, չեն կարող խորացված երկխոսություն հաստատել աղքատ Պետությունների քաղաքացիների հետ: Իսկ եթե վերջիններն էլ, իրենց հերթին, անխտիր բացվում են մշակութային որևէ առաջարկի դիմաց և ընդունում են դրանք առանց կշռադատումի, ի վիճակի չեն լինում ստանձնելու իրենց ճշմարիտ զարգացման պատասխանատվությունները[15]: Տեխնոլոգիական ոլորտում առաջադիմյալ հասարակությունները չպետք է իրենց տեխնոլոգիական զարգացումը շփոթեն մշակութային կարծեցյալ գերազանցության հետ, այլ պետք է իրենց մեջ վերստին բացահայտեն երբեմն մոռացումի մատնված առաքինություններն ու կարողությունները, որոնց շնորհիվ են իրենք պատմության ընթացքում փարթամացել: Զարգացման ընթացքում գտնվող հասարակությունները, մինչդեռ, պետք է հավատարիմ մնան այն ամենին, ինչն իրոք մարդկային է իրենց ավանդություններում, խուսափելով տեխնոլոգիական ընդհանրականացած քաղաքակրթության մեխանիզմների ներքո դրանք մեքենայաբար թաղելուց: Բոլոր մշակույթներում էլ գոյություն ունեն էթիկական եզակի և բազմակողմանի զուգամերձություններ, որոնք Արարչի կողմից կամեցված մարդկային միևնույն բնության արտահայտություններն են և որոնց մարդկության էթիկական իմաստությունը տվել է «բնական օրենք» անունը[16]: Բարոյական այդ համընդհանուր օրենքն ամուր հիմք է մշակութային, կրոնական և քաղաքական որևէ երկխոսության համար և տարբեր մշակույթների տարաբնույթ բազմակիության համար հնարավորություն է ստեղծում չանջատվելու և չհեռանալու ճշմարիտի, բարիքի և Աստծո համընդհանուր փնտրտուքից: Սրտերի մեջ արձանագրված այդ օրենքին հարումն, ուստի, սոցիալական ոլորտում կառուցողական որևէ համագործակցության նախադրյալն է: Բոլոր մշակույթներում էլ գոյություն ունեն ծանրություններ և ստվերներ, որոնցից հարկավոր է ազատվել: Քրիստոնեական հավատքը, որ մարմնավորվում է մշակույթներում, բայց շարունակում է նրանց նկատմամբ վերանցական մնալ, կարող է օգնել նրանց աճելու տիեզերական համերաշխության և համատեղ ապրելու հարցում, ի շահ համայնքային և համամարդկային զարգացման:

 

60. Տնտեսական ներկա ճգնաժամի համար լուծումներ որոնելիս, աղքատ Պետությունների զարգացմանն ուղղված օգնությունը պետք է նկատվի որպես բոլորի համար հարստություն ստեղծելու իրական միջոց և գործիք: Օգնության ծրագրերից ո՞ր մեկը կարող է ակնկալել արժեքի – նաև համաշխարհային տնտեսության – այսքա՜ն նշանակալի աճ, որքան օգնությունն այն ժողովուրդներին, որոնք տակավին գտնվում են իրենց տնտեսական զարգացման գործընթացի սկզբնական կամ քիչ առաջադիմյալ փուլում: Այս նպատակով, տնտեսապես առավել զարգացած Պետությունները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի իրենց համախառն ներքին արտադրանքից բաժին հանեն զարգացմանն ուղղված օգնությունների համար, առավե՛լ չափով՝ քան ներկայումս է, հարգելով այն հանձնառությունները, որոնք այս հարցի շուրջ որոշվել են միջազգային հասարակության մակարդակով: Դա կարող են անել նաև վերանայելով սոցիալական ապահովության ու համերաշխության քաղաքականություններն իրենց ներսում, կիրառելով օժանդակության սկզբունքը և ստեղծելով սոցիալական ապահովության առավել համալիր համակարգեր, սեփականատեր ենթակաների և քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությամբ: Այս կերպ հնարավոր է անգամ բարելավել սոցիալական և օժանդակող ծառայությունները և, միաժամանակ, միջոցներ խնայել, նաև վերացնելով վատնումներն ու ապօրինի հասույթները, դրանք հատկացնելով միջազգային համերաշխությանը: Ստեղծումը սոցիալական համերաշխության մի այնպիսի համակարգի, որն առավել ընդգծված կերպով հիմնված լինի մասնակցության և բազմամասն կանոնակարգման սկզբունքի վրա, լինի նվազ բյուրոկրատական, բայց ո՛չ նվազ համակարգված, հնարավորություն կտար արժևորելու և գործի դնելու բազմաթիվ ուժեր, որոնք այսօր թմրած վիճակում են, ի շահ նաև ժողովուրդների միջև համերաշխության:

Զարգացմանն ուղղված օգնության մի հնարավորություն կարող է առաջ գալ այսպես կոչված հարկային օժանդակության արդյունավետ կիրառումից, որը քաղաքացիներին հնարավորություն կտա որոշելու՝ թե ինչպիսի օգտագործման պետք է սահմանվի Պետությանն իրենց կողմից վճարված հարկերի որոշակի մասը: Խուսափելով կողմնակալական ուծացումից, այն կարող է հանդիսանալ որպես օգնություն՝ խրախուսելու համար հասարակության ներքևից մեկնող համերաշխության կերպերը, մի բան՝ որն ակնհայտ օգուտ կբերի նաև զարգացմանն ուղղված համերաշխությանը:

 

61. Միջազգային մակարդակով համերաշխության առավել ընդարձակ կերպերից մեկն արտահայտվում է նախևառաջ շարունակելով զարկ տալ, նաև տնտեսական ճգնաժամի պայմաններում, կրթության առավել հասանելիությանը, ինչը որ, մյուս կողմից, էական պայմաններից մեկն է միջազգային համագործակցության իսկ արդյունավետության համար: «Կրթություն» եզրով չի հասկացվում միայն ուսումնառությունը կամ աշխատանքային մասնագիտական նախապատրաստումը, որոնք երկուսն էլ զարգացման կարևոր շարժիչներից են, այլ՝ անձի ամբողջական ձևավորումն ու հասունացումը: Այս առումով, հարկավոր է ընդգծել բարդ տեսանկյուններից մեկը. դաստիարակելու համար հարկավոր է իմանալ՝ թե ո՛վ է մարդկային անձը, ճանաչել նրա բնությունը: Մարդկային բնության վերաբերյալ հարաբերապաշտական տեսության արմատավորումը լուրջ խնդիրներ է առաջացնում դաստիարակության, հատկապես բարոյական դաստիարակության համար, վնասելով նրա համաշխարհային մակարդակով տարածմանը: Նման հարաբերապաշտությանը տեղի տալով, դառնում են բոլորն էլ ավելի աղքատ, բացասական հետևանքներ թողնելով նաև ամենակարիքավոր ժողովուրդներին տրվող օգնության արդյունավետության վրա, ժողովուրդներ՝ որ կարիքը չունեն միայն տնտեսական կամ տեխնիկական միջոցների, այլ նաև մանկավարժական ուղիների ու միջոցների, որոնք համապատասխան լինեն անձերին՝ իրենց մարդկային լիարժեք իրագործման հարցում:

Այս խնդրի ցայտուն օրինակներից մեկն է միջազգային զբոսաշրջության երևույթը[17], որը կարող է տնտեսական զարգացման և մշակութային աճի նշանակալի գործոն հանդիսանալ, բայց որ կարող է նաև բարոյական շահագործման ու այլասերումի առիթի վերածվել: Ներկայիս իրավիճակը եզակի առիթներ է ընծայում, որպեսզի զարգացման տնտեսական մասը, այսինքն՝ դրամի հոսքը և տեղական ձեռնարկատիրության նշանակալի փորձառությունների ծնունդը, հասնի մշակութայինի հետ զուգորդվելու, նախևառաջ՝ կրթական-դաստիարակչական մասի հետ: Շատ դեպքերում սա տեղի է ունենում, բայց բազմաթիվ ա՛յլ դեպքերում միջազգային զբոսաշրջությունը վերածվել է ապադաստիարակող իրականության, և՛ զբոսաշրջիկի համար, և՛ տեղի բնակչության: Վերջիններս հաճախ հայտնվում են անբարոյական կամ մինչև իսկ այլասերված վարքի ու արարքների դիմաց, ինչպես պատահում է այսպես կոչված սեռային զբոսաշրջության դեպքում, որին ահագին թվով մարդկային էակներ են զոհաբերվում, մինչև իսկ երիտասարդ կամ պատանի տարիքում: Ցավալի է տեսնել, որ դա հաճախ կատարվում է տեղական իշխանությունների հովանավորությամբ, զբոսաշրջիկների ծագման Պետությունների իշխանությունների կողմից լռությամբ և զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ աշխատակիցների մեղսակցությամբ: Նաև երբ հարցն այդքանի չի հասնում, միջազգային զբոսաշրջությունը շատ հաճախ ապրվում է սպառողական և հաճոյապաշտական տրամաբանությամբ, որպես ամենօրյա կյանքից ու միջավայրից փախուստ, և կազմակերպչական այնպիսի մեթոդներով, որոնք բնորոշ են իրենց ծագման երկրին, այնպես՝ որ հնարավորություն չեն ստեղծում անձերի և մշակույթների միջև իրական հանդիպման համար: Հարկավոր է, ուստի, խորհել մի տարբեր զբոսաշրջության մասին, որն ընդունակ լինի փոխադարձ իրական ծանոթություն կայացնելու, առանց հանգստից ու առողջ զվարճություններից ինչ-որ մի բան խլելու: Այս տեսակի զբոսաշրջությունն է հարկավոր զարգացնել, նաև միջազգային համագործակցության փորձառությունների և զարգացմանն ուղղված ձեռնարկատիրության հետ առավել սերտ կապի միջոցով:

 

62. Ուշադրության արժանի հարցերից մեկը, երբ քննարկվում է մարդկային ամբողջական զարգացման խնդիրը, գաղթականության երևույթն է: Մի երևույթ է, որ տպավորում է ներգրավված անձանց քանակով, խնդիրներով, որ բարձրացնում է սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային և կրոնական գետնի վրա, ծայր աստիճան լուրջ և երբեմն եղերական մարտահրավերներով, որ հարուցում է ազգային և միջազգային հասարակությունների դիմաց: Կարող ենք ասել, որ գտնվում ենք սոցիալական մի երևույթի դիմաց, որը կարող է դարի ամենամեծղի իրողությունների շարքին դասվել և որը միջազգային համագործակցության զորեղ ու հեռատես քաղաքականություն է պահանջում պատշաճ կերպով դիմագրավվելու համար: Այդ քաղաքականությունը պետք է գործադրվի որպես մեկնակետ ունենալով սերտ համագործակցությունն ընդմեջ այն Պետությունների, որոնցից գաղթականները մեկնում են, և այն Պետությունների, որտեղ նրանք հասնում են. պետք է ընկերակցվի միջազգային համապատասխան կանոններով, ի զորու՝ ներդաշնակեցնելու օրենսդրական տարբեր դասավորումները, որպես նպատակ ունենալով պաշտպանել գաղթող անձերի և ընտանիքների կարիքներն ու իրավունքները և, միաժամանակ, կարիքներն ու իրավունքներն այն հասարակության, որի ներսում այդ գաղթականները մտադիր են հաստատվելու: Պետություններից ոչ մեկն ի վիճակի չէ միայնակ դիմագրավելու մեր ժամանակների գաղթականության խնդիրները: Բոլորս էլ ականատես ենք տառապանքի, զրկանքների ու իղձերի այն բեռին, որն ուղեկցում է գաղթականների հոսքին: Երևույթն, ինչպես հայտնի է, կառավարման տեսակետից բարդ նկարագիր ունի. ստույգ է, սակայն, որ օտարերկրացի աշխատավորները, չնայած դժվարություններին, որոնք կապված են նոր միջավայրի հետ իրենց համարկմանը, իրենց աշխատանքով նշանակալի նպաստ են բերում հյուրընկալ Պետության տնտեսական զարգացմանը, այն օգնությունից բացի, որը դրամական առաքումների շնորհիվ տալիս են իրենց հայրենի Պետությանը: Բնականաբար, այդ աշխատավորները չեն կարող նկատվել որպես վաճառքի ենթակա ապրանք կամ սոսկ բանող ուժ: Նրանց նկատմամբ, հետևաբար, չպետք է այնպիսի վերաբերմունք լինի, ինչպիսին է արտադրության ուրիշ որևէ գործոնի նկատմամբ: Յուրաքանչյուր գաղթական դա մի մարդկային անձ է և, որպես այդպիսին, ունի հիմնական անկապտելի իրավունքներ, որոնք պետք է բոլորի կողմից և որևէ պարագայում հարգվեն[18]:

 

63. Զարգացման խնդիրների քննարկման ժամանակ անհնարին է չընդգծել այն ուղիղ կապը, որ գոյություն ունի աղքատության և գործազրկության միջև: Աղքատները շատ դեպքերում արդյունքն են մարդկային աշխատանքի արժանապատվության ոտնահարման, թե՛ երբ սահմանափակվում են աշխատանքի հնարավորությունները (գործազրկություն, աշխատանքի ո՛չ լիարժեք կերպեր), թե՛ երբ արհամարհվում են «աշխատանքից բխող իրավունքները, հատկապես իրավունքը արդար աշխատավարձի, աշխատողի անձի և նրա ընտանիքի ապահովության»[19]: Այս պատճառով էր, որ 2000 թվականի Մայիսի 1ին, Աշխատավորների Հոբելյանի առթիվ, իմ երջանկահիշատակ նախորդ Հովհաննես Պողոս Երկրորդը մի կոչ հղեց բոլոր մարդկանց, ձևավորելու «համաշխարհային մի դաշինք, ի նպաստ վայելուչ աշխատանքի»[20], քաջալերելով Աշխատանքի Միջազգային Կազմակերպության ռազմավարությունը: Այդպիսով, նա բարոյական ամուր հիմք հաղորդեց այդ նպատակին, որպես ընտանիքների բաղձանք աշխարհի բոլոր Պետություններում: Ի՞նչ է նշանակում «վայելուչ» բառը, երբ այն գործածում ենք աշխատանքի հետ առընչությամբ: Նշանակում է մի աշխատանք, – որևէ հասարակության ներսում – , որ կարող է լինել յուրաքանչյուր տղամարդու և յուրաքանչյուր կնոջ էական արժանապատվության արտահայտությունը. ազատակամ ընտրված մի աշխատանք, որ կարող է աշխատավորներին՝ արանց և կանանց արդյունավետ կերպով մասնակից դարձնել իրենց հասարակության զարգացմանը. մի աշխատանք, որն այսպիսով կարող է աշխատավորների համար հնարավորություն ստեղծել՝ լինելու հարգված, առանց որևէ տեսակի խտրականության. մի աշխատանք, որ հնարավորություն կտա բավարարելու ընտանիքների կարիքները և երեխաների կրթությունը, առանց որ նրանք էլ ստիպված լինեն աշխատելու. մի աշխատանք, որ աշխատավորներին հնարավորություն կտա ազատորեն կազմակերպվելու և իրենց ձայնը լսելի դարձնելու. մի աշխատանք, որ բավարար ժամանակ կթողնի՝ վերագտնելու համար սեփական արմատներն անձնական, ընտանեկան և հոգևոր գետնի վրա. մի աշխատանք, որ թոշակի անցած աշխատավորներին կապահովի վայելուչ կյանքի պայմաններով:

 

64. Աշխատանքի թեմայի շուրջ խորհրդածելիս տեղին է կոչ ուղղել նաև այն ուղղությամբ, թե որքան անհետաձգելի է կարիքը, որ Եկեղեցու կողմից մշտապես խրախուսված և նեցուկ ու պաշտպանություն գտած աշխատավորական արհեստակցական կազմակերպությունները բացվեն աշխատանքային բնագավառում առաջ եկող նոր հեռանկարների դիմաց: Գերազանցելով մասնագիտական յուրաքանչյուր ոլորտի արհեստակցական միությանը բնորոշ սահմանափակումները, այդ կազմակերպությունները կանչված են ստանձնելու մեր հասարակություններին հուզող նոր խնդիրները. խոսքս վերաբերվում է, օրինակի համար, հարցերի այն փաթեթին, որը սոցիալական գիտությունների մասնագետները նույնացնում են անձ-աշխատավորի և անձ-սպառողի միջև առկա ընդհարման հետ: Առանց անհրաժեշտորեն որդեգրելու այն տեսությունը, ըստ որի՝ տեղի է ունեցել մի անցում աշխատավորի կենտրոնականությունից դեպի սպառողի կենտրոնականություն, համենայն դեպս թվում է, որ սա նույնպես հող է արհեստակցական նորագույն փորձառությունների համար: Համընդհանուր միջավայրը, որից ներս կատարվում է աշխատանքը, պահանջում է նաև, որ արհեստակցական տեղական կազմակերպությունները, որոնք մեծ մասամբ սահմանափակվում են իրենց անդամակցողների շահերի պաշտպանությամբ, իրենց հայացքն ուղղեն նաև իրենց շարքերում չգրանցվածներին և, մասնավորապես, զարգացող Պետությունների աշխատավորներին, այնտեղ՝ ուր սոցիալական իրավունքները հաճախ ոտնահարվում են: Այդ աշխատավորների պաշտպանությունը – դեպի նրանց ծագման Պետություններն ուղղված նպաստավոր նախաձեռնությունների միջոցով ևս խրախուսվելով – արհեստակցական կազմակերպություններին հնարավորություն կտա ակներև դարձնելու էթիկական և մշակութային այն անաղարտ պատճառները, որոնց շնորհիվ իրենք, սոցիալական և աշխատանքային տարբեր միջավայրերում, կարողացան լինել և հանդիսանալ որպես մի վճռորոշ գործոն զարգացման համար: Շարունակում է մշտապես վավերական մնալ Եկեղեցու ավանդական ուսուցումը, որն առաջարկում է միմյանցից հստակ կերպով բաժանել արհեստակցական կազմակերպության և քաղաքականության դերերն ու պաշտոնները: Այս տարբերակումը արհեստակցական կազմակերպություններին հնարավորություն կտա քաղաքացիական հասարակության ներսում գտնելու այն ասպարեզները, որոնք ամենից ավելի են համապատասխանում աշխատանքի աշխարհի պաշտպանության ու խթանումի իրենց կարևոր գործունեությանը, հատկապես շահագործված և հասարակության վերնախավի մոտ ներկայացուցիչներ չունեցող աշխատավորներին ի նպաստ, որոնց դառն իրավիճակը հաճախ անտեսված է մնում հասարակության ցրված հայացքի դիմաց:

 

65. Հարկավոր է, ապա, որ ֆինանսը, որպես այդպիսին, իր սխալ ու չարաչար գործածումից հետո, որի պատճառով ծանր կերպով վնասվեց իրական հիմքերի վրա հիմնված տնտեսությունը, անհրաժեշտորեն բարենորոգված կառույցներում ու կիրառման կերպերում վերադառնա լինելու մի գործիք և միջոց, որ սահմանված է զարգացմանը և հարստության առավել լավ արտադրմանը: Ամբո՛ղջ տնտեսությունը և ֆինանսական ամբո՛ղջ աշխարհը, և ո՛չ թե նրանց որոշ մասերը, քանի որ գործիքներ են և միջոցներ, պետք է գործածվեն էթիկայի կանոնների համաձայն, այնպես՝ որ ստեղծեն համապատասխան պայմաններ մարդու և ժողովուրդների զարգացման համար: Անշուշտ օգտակար է, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհրաժեշտ է, կյանքի կոչել ֆինանսական նախաձեռնություններ, որոնց մեջ իշխող լինի մարդասիրական տարրը: Դա, սակայն, չպետք է նպաստի մոռանալու, որ ֆինանսական ո՛ղջ համակարգը պետք է նպատակամղվի ճշմարիտ զարգացմանը նեցուկ լինելուն: Ամեն ինչից ավելի հարկավոր է, որ բարիք գործելու դիտավորությունը հակադրության մեջ չդրվի բարիքներ արտադրելու գործնական կարողության հետ: Ֆինանսական ոլորտի աշխատակիցները պետք է վերստին բացահայտեն իրենց գործունեության բուն էթիկական հիմքը, որպեսզի անիրավաբար չգործածեն այն գերկատարելագործված միջոցները, որոնք կարող են ծառայել՝ խնայողներին դավաճանելու համար: Ուղղամիտ դիտավորությունը, թափանցիկությունը և լավ արդյունքների որոնումը միմյանց հաշտ ու համաձայն իրականություններ են և երբեք չպետք է անջատվեն միմյանցից: Եթե սերը խելամիտ է, ընդունակ է գտնելու ձևեր՝ կանխատես ու արդարացի շահավետության համաձայն գործելու համար, ինչպես բավական նշանակալի ձևով ցույց են տալիս վարկային համագործակցության բնագավառում կայացած բազաթիվ փորձառությունները:

Ինչպես ոլորտի կանոնակարգումը, որը պետք է այնպիսին լինի, որ երաշխավորի ամենաթույլ ենթականերին և արգելք հանդիսանա գայթակղեցուցիչ խարդախությունների դիմաց, այնպես էլ ֆինանսական գործունեության նոր ձևերի փորձարկումը, որոնք սահմանված պետք է լինեն նպաստելու զարգացման ծրագրերին, դրական փորձառություններ են, որոնք հարկավոր է խորացնել և քաջալերել, ներգրավելով ինքնին խնայողի պատասխանատվությունը: Միկրոֆինանսների փորձառությունը ևս, որն իր արմատները գտնում է քաղաքացիական հումանիստների մտքի ու գործունեության մեջ, – մտաբերում եմ, հատկապես, Վարկային Բարեգործական Հիմնադրամների ծնունդը – , հարկավոր է ամրապնդել և ճշգրտել, հատկապես այս ժամանակներում, երբ ֆինանսական խնդիրները կարող են ողբերգական դառնալ բնակչության բազմաթիվ ամենախոցելի հատվածների համար, որոնց հարկավոր է պաշտպանել վաշխառուների ձեռքն ընկնելու կամ հուսահատվելու վտանգներից: Ամենաթույլ ենթականերին հարկավոր է կրթել, ուսուցանելով պաշտպանվել վաշխառությունից, այնպես՝ ինչպես աղքատ ժողովուրդներին հարկավոր է կրթել, ուսուցանելով իրական օգուտ քաղել միկրովարկերից, այդ կերպ խոչընդոտելով այս երկու ասպարեզներում հնարավոր շահագործման ձևերի տարածմանը: Քանի որ հարուստ Պետություններում ևս գոյություն ունեն աղքատության նոր կերպեր, միկրոֆինանսը կարող է կոնկրետ օգնություններ տալ նոր նախաձեռնությունների ու աշխատանքի նոր ասպարեզների ստեղծման համար, ի նպաստ հասարակության թույլ խավերի, նաև ինքնին հասարակության հնարավոր աղքատացման ժամանակներում:

 

66. Համաշխարհային փոխկապակցվածությունը ծնունդ տվեց քաղաքական մի նոր ուժի, այն է՝ սպառողների և նրանց ընկերակցությունների քաղաքական կշիռը: Խոսքը վերաբերվում է մի երևույթի, որն հարկավոր է խորապես ուսումնասիրել, որը պարունակում է դրական տարրեր, որոնք հարկավոր է խրախուսել, և չափազանցություններ, որոնցից հարկավոր է խուսափել: Լավ է, որ մարդիկ գիտակցեն, որ գնելը միշտ էլ մի բարոյական արարք է, տնտեսական արարք լինելուց բացի: Առկա է, ուստի, սպառողի սոցիալական մի հստակ պատասխանատվություն, որ ընկերանում է ձեռնարկության սոցիալական պատասխանատվությանը: Սպառողները պետք է մշտապես կրթվեն[21] այն դերին, որը կատարում են ամեն օր և որն իրենք կարող են կատարել հարգելով բարոյական սկզբունքները, առանց թուլացնելու տնտեսական տրամաբանության դատողությունը, որն անբաժանելի է գնելու գործողությունից: Գնումների ասպարեզում ևս, հենց այնպիսի ժամանակներում, ինչպիսիք ներկա ժամանակներն են, երբ գնողունակությունը կարող է նվազել և կարող է զգացվել առավել ժուժկալությամբ սպառելու կարիքը, հարկավոր է ա՛յլ ուղիներ փնտրել, ինչպես, օրինակի համար, գնումներ կատարելու գործում համագործակցության ձևերից են սպառողական կոոպերատիվները, որոնք Տասնիններորդ դարից ի վեր գործում են նաև կաթողիկեների նախաձեռնությամբ: Ինչպես նաև օգտակար է խրախուսել երկրագնդի առավել ընկճված տարածաշրջաններից ներմուծվող արտադրանքների վաճառքի նոր ձևեր, որպես նպատակ ունենալով հատուցել արտադրողին պատշաճ վճարներ, պայմանով, որ խոսքը վերաբերվի շուկայական այնպիսի հարաբերությունների, որոնք կլինեն իսկապես թափանցիկ, որ արտադրողները չեն ստանա սոսկ շահի ավելի մեծ մասնաբաժիններ, այլ նաև՝ մասնագիտական և տեխնոլոգիական առավել լուրջ կրթություն, և, ի վերջո, որ զարգացմանն ուղղված տնտեսական այդ փորձառությունները չեն կապակցվի կուսակցությունների գաղափարախոսական տեսությունների հետ: Սպառողների առավել ազդու դերակատարությունը, – երբ նրանք ևս չեն խաբվում այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք իրականում չեն ներկայացնում հարցի մեջ ներգրավված կողմերը – , մաղթելի է որպես տնտեսական ժողովրդավարության գործոն:

 

67. Համաշխարհային փոխկախումնավորության անարգելակելի աճի դիմաց, ուժգին կերպով զգալի է, – նաև հետքայլի պայմաններում, որը նույնքան համաշխարհային բնույթի է, – անհետաձգելի անհրաժեշտությունը՝ բարենորոգելու թե՛ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը և թե՛ միջազգային տնտեսական և ֆինանսական գործունեության կանոնները, որպեսզի հնարավոր լինի իրական կոնկրետություն հաղորդել Ազգերի ընտանիք հասկացողությանը: Զգալի է նաև անհետաձգելի անհրաժեշտությունը՝ գտնելու բարենորոգման ձևեր՝ իրագործելու համար պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը[22] և որպեսզի ամենաաղքատ Պետություններին նույնպես ազդեցիկ ձայն տրվի հավաքական որոշումներ կայացնելիս: Այս ամենի անհրաժեշտությունը զգացվում է ճիշտ երբ որպես նպատակ է դրվում քաղաքական, իրավական և տնտեսական այնպիսի կարգավորման ստեղծումը, որն ընդունակ կլինի զարգացնելու և կողմնորոշելու միջազգային համագործակցությունը դեպի բոլոր ժողովուրդների համերաշխ զարգացումը: Համաշխարհային տնտեսության կառավարման, ճգնաժամից տուժած տնտեսությունների վերականգնման և ճգնաժամի վատթարացումից ու դրան որպես հետևանք հանդիսացող առավել ծանր ու անհավասարակշիռ տատանումներից խուսափելու, պատշաճ ու ամբողջական զինաթափում, սննդի ապահովում ու անվտանգություն և խաղաղություն իրականացնելու, բնական միջավայրի պահպանումն ապահովելու և գաղթականների հոսքերը կանոնավորելու համար որպես անհապաղ անհրաժեշտություն է ներկայանում գոյությունն ու ներկայությունը մի իրական համաշխարհային քաղաքական Հեղինակության, ինչպես արդեն պատկերվել էր իմ նախորդ Երանելի Հովհաննես Քսաներեքերորդի կողմից: Այդ Հեղինակությունը պետք է կանոնակարգված լինի օրենքի և իրավունքի համաձայն, պետք է հետևողականորեն գործադրի օժանդակության և համերաշխության սկզբունքները, որպես նպատակ պետք է ունենա հասարակաց բարիքի իրագործումը[23], պետք է գործի լծվի մարդկային ամբողջական և իրական զարգացմանն ի նպաստ. մի զարգացում, որ ճշմարտության մեջ ապրված սիրո արժեքների մեջ պետք է գտնի իր ներշնչումը: Այս ամենից բացի, այդ Հեղինակությունը պետք է բոլորի կողմից ճանաչված լինի, վայելի գործնական արդյունավետ իշխանություն, որպեսզի ի զորու լինի յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր ժողովրդի համար երաշխավորելու ապահովությունն ու անվտանգությունը, արդարության գործադրումը, իրավունքների հանդեպ հարգանքը[24]: Բնականաբար, այն պետք է իրավասությունն ու կարողությունն ունենա կողմերին հարգել տալու իր վճիռները, ինչպես նաև միջազգային տարբեր ատյաններում միասնաբար կայացված որոշումները: Այսպիսի իշխանության բացակայության դեպքում, արդարև, միջազգային իրավունքը, չնայած տարբեր բնագավառներում կատարած մեծ առաջադիմությանը, ենթակա կլինի ամենաուժեղների միջև ուժի հավասարակշռություններից պայմանավորված լինելու վտանգին: Ժողովուրդների ամբողջական զարգացումը և միջազգային համագործակցությունը պահանջում են, որ համաշխարհային ընդհանրականացման գործընթացի կառավարման համար հաստատվի միջազգային համակարգման մի ավելի բարձր աստիճան, որն ունենա օժանդակող բնույթ[25], և որ վերջապես գործադրվի բարոյական կարգավորությանը համապատասխանող սոցիալական կարգավորության ստեղծումը և այն հաղորդակցությունը, որ պետք է գոյություն ունենա բարոյական ոլորտի և սոցիալականի, քաղաքականության և տնտեսական ու քաղաքացիական աշխարհի միջև, ինչը որ արդեն ներկայացված է Միացյալ Ազգերի Կանոնագրում:

[1] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 41: AAS 73 (1981), 843-845.
[2] Հմմտ. Նույնը:
[3] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Evangelium vitae», 20: AAS 87 (1995), 422-424.
[4] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 85: AAS 59 (1967), 298-299.
[5] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Պատգամ 1998 թվականի Խաղաղության Միջազգային Օրվա կապակցությամբ», 3: AAS 90 (1998), 150; Նույն, «Ճառ "Centesimus annus" Հիմնադրամի Անդամներին» (9 Մայիս 1998), 2: Insegnamenti XXI, 1 (1998), 873-874; Նույն, «Ճառ Քաղաքացիական և Քաղաքական Իշխանություններին և Դիվանագիտական Մարմնին "Wiener Hofburg"ում հանդիպման ժամանակ» (20 Հունիս 1998), 8: Insegnamenti XXI, 1 (1998), 1435-1436; Նույն, «Պատգամ Սուրբ Սրտի Կաթողիկե Համալսարանի Ուսուցչապետին իրենց ուսումնական հաստատության տարեկան տոնի կապակցությամբ» (5 Մայիս 2000), 6: Insegnamenti XXIII, 1 (2000), 759-760.
[6] Սբ. Թովմաս Աքվինացու համաձայն, «մարդը քաղաքական հասարակությանը ենթակա չէ իր ամբողջ էությամբ և իր ամեն ինչով» (Summa Theologiae I-II, q. 21, a. 4, ad 3um):
[7] Հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Վարդ. Սահմ. «Lumen gentium», 1.
[8] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, «Ճառ Աստվածաբանության և Սբ. Թովմաս Աքվինացու անվան Քահանայապետական Համալսարանների հանրային նիստի մասնակիցներին» (8 Նոյեմբեր 2001), 3: Insegnamenti XXIV, 2 (2001), 676-677.
[9] Հմմտ. Հավատքի Ուսմունքի Քահանայապետական Հանձնաժողով, Հիսուս Քրիստոսի և Եկեղեցու կողմից իրականացվող փրկագործության միակության և ընդհանրականության մասին Հայտարարություն «Dominus Jesus» (6 Օգոստոս 2000), 22: AAS 92 (2000), 763-764; Նույն, Ուսմունքային Ծանուցում որոշ հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են քաղաքական կյանքում քրիստոնյաների գործունեությանն ու պահվածքին (24 Նոյեմբեր 2002), 8: AAS 96 (2004), 369-370.
[10] Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Spe salvi», 31: AAS 99 (2007), 1010; Նույն, «Ճառ Իտալիայի Եկեղեցու Ազգային Եկեղեցային Չորրորդ Համագումարի մասնակիցներին» (19 Հոկտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 465-477.
[11] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 5: AAS 73 (1981), 798-800; հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Իտալիայի Եկեղեցու Ազգային Եկեղեցային Չորրորդ Համագումարի մասնակիցներին» (19 Հոկտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 471.
[12] Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 12.
[13] Հմմտ. Փիո ԺԱ, Կոնդակ «Quadragesimo anno»: AAS 23 (1931), 203; Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 48: AAS 73 (1981), 852-854; Կաթուղիկե Եկեղեցու Քրիստոնեական, 1883.
[14] Հմմտ. Հովհաննես ԻԳ, Կոնդակ «Pacem in terris»: AAS 55 (1963), 274.
[15] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 10.41: AAS 59 (1967), 262.277-278.
[16] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Աստվածաբանական Միջազգային Հանձնաժողովի Անդամներին» (5 Հոկտեմբեր 2007): Insegnamenti III, 2 (2007), 418-421; Նույն, «Ճառ ''Բարոյական բնական Օրենքը'' խորագրով Լաթերանյան Քահանայապետական Համալսարանի կողմից կազմակերպված միջազգային Գիտաժողովի մասնակիցներին» (12 Փետրվար 2007): Insegnamenti III, 1 (2007), 209-212.
[17] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Թայլանդիայի Եպիսկոպոսական Ժողովի Անդամներին» (16 Մայիս 2008): Insegnamenti IV, 1 (2008), 798-801.
[18] Հմմտ. Գաղթականների և Պանդուխտների հարցերով զբաղվող Քահանայապետական Հովվական Հանձնաժողով, Ուսուցում «Erga migrantes caritas Christi» (3 Մայիս 2004): AAS 96 (2004), 762-822.
[19] Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Laborem exercens», 8: AAS 73 (1981), 594-598.
[20] Հովհաննես Պողոս Բ, «Ճառ Աշխատավորների Հոբելյանի առթիվ ծիսակատարված Սուրբ Պատարագի ավարտին» (1 Մայիս 2000): Insegnamenti XXIII, 1 (2000), 720.
[21] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 36: AAS 73 (1981), 838-840.
[22] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ ՄԱԿ-ի Ընդհանուր Համագումարի մասնակիցներին» (18 Ապրիլ 2008): Insegnamenti IV, 1 (2008), 618-626.
[23] Հմմտ. Հովհաննես ԻԳ, Կոնդակ «Pacem in terris»: AAS 55 (1963), 293; Արդարության և Խաղաղության Քահանայապետական Հանձնաժողով, «Եկեղեցու սոցիալական Ուսմունքի համառոտ ամփոփում», թիվ 441.
[24] Հմմտ. Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 82.
[25] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 43: AAS 80 (1988), 574-575.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։