4. Արդյոք ի՞նչ գտա Եկեղեցում – Գրադարան – Mashtoz.org

4. Արդյոք ի՞նչ գտա Եկեղեցում

Հետևյալ վկայությունը տրվել է 1987 թվականին, Հռոմում: Վկայությունը պատկանում է քույր Լաուրա ֆրանչիսկյան մայրապետին, որը Եհովայի Վկաներին թողնելուց հետո որոշեց ամբողջովին նվիրվել Աստծո, Եկեղեցու և ճշմարտության ծառայությանը: Վկայությունը տրվել է բանավոր. այստեղ ներկայացնում ենք ձայնագրությունից քաղված իր խոսքերը:

 

Արդյոք ի՞նչ գտա Եկեղեցում: Կեղծիքը մերժելը կարևոր է, բայց եթե հետո մարդ չի քայլում ճշմարտության ճանապարհով, շատ չի առաջադիմում:

Նախևառաջ ուզում եմ նշել, որ ես չեմ կարող ասել, թե “վերադարձել եմ” Եկեղեցու գիրկը, քանի որ Եկեղեցի երբեք չէի հաճախել, ոչ մի առիթով: Տառացիորեն, երբեք ոտք չէի դրել Եկեղեցի: Ուրեմն, ի՞նչ գիտեի նրա մասին: Միայն այն, ինչ լսել էի Եհովայի Վկաներից, հետևաբար՝ այնքանը, որքանը որ բավական է այն հավիտյան մերժելու համար: Եկեղեցին նրանք ինձ ներկայացրել էին որպես ոչ մի հմայք չունեցող մի բան և ուր չէր կարող լինել ճշմարտությունը: Այս տեսանկյունից դիտված, կարող եք լավ հասկանալ, թե ինչպես է որոշ Եհովայի Վկաների համար վերադարձը ահավոր դժվար, որովհետև սովորել են հանձինս Եկեղեցու տեսնել Բաբելոնը, որը ժողովուրդներին քաշում է դեպի կորուստ:

Եհովայի Վկաներին անդամակցելուցս հազիվ մի տարի էր անցել, երբ ինքս ինձ թույլատրեցի “սուրբ անխոհեմությունս”, որը կայանում էր կաթողիկե վեղարավոր վանականներից մեկի հետ նամակագրական կապ ստեղծելու մեջ: Այսպիսի հարաբերությունները լավ աչքով դիտված չէին, ինձ սակայն չարգելեցին: Կարող եմ ասել, որ կյանքիս ընթացքում հանդիպածս առաջին կաթողիկե քրիստոնյան էր: Իմ մանկությունն անցել է Ֆրանսիայում, ամբողջովին անհավատ միջավայրում, հետևաբար՝ երբեք առիթը չէի ունեցել քրիստոնեական վկայություն ստանալու. երբեք չէր պատահել:

Այն, ինչը որ կամաց-կամաց տարավ ինձ դեպի փրկարար ճգնաժամը, եղավ Տիրոջ հանդեպ իր սիրո վկայությունը, որը կասեի՝ որակական հատկանիշներով ամբողջովին տարբեր էր: Նաև որպես Եհովայի Վկա ես ապրում էի ամբողջովին Աստծո համար. նվիրումի ձև էր նաև այն, ըստ իս: Բայց այդ վանականի հոգում զգում էի ամբողջովին տարբեր մի բան, ավելի խիզախ ու հանճարեղ, և հատկապես՝ շատ ավելի անձնական: Գրեթե կուզենայի ասել, որ իմ ունեցած հավատքը, նրա հետ համեմատած, թվում էր «տպագիր թուղթ», որովհետև չափազանց կախումնավոր էր Կազմակերպության գրքերից, քարոզներից: Մինչդեռ այդ վանականի պարագային զգում էի ամբողջովին նվիրված կյանքի վկայությունը, նվիրագործումը: Եվ հետո, թե ինչպես էր ընդունում ինձ որպես քույր. սա շատ կարևոր եղավ: Մինչ ես հստակ կերպով ասում էի, որ իրեն չէի նկատում որպես եղբայր, որովհետև իմ համար եղբայր կարող էր լինել ... միմիայն Եհովայի Վկա եղող մեկը: Եվ այստեղ ուզում եմ ասել, որ սերը ուղղափառ քրիստոնյա հավատքի լավագույն պաշտպանությունն է:

Եհովայի Վկաների հետ անցկացրեցի չորս տարի: Սկզբնական ոգևորիչ օրերից հետո, կամաց-կամաց մտքումս ձևացել էին խոշոր կասկածներ նրանց ուսմունքի վերաբերյալ: Իրենց ուսուցումներին որպես վկայություն մեջբերված աստվածաշնչյան հատվածները շատ հաճախ թվում էին սխալ հասկացված: Կարող եմ վստահորեն ասել, որ երբեք չկարողացա միմյանց նույնացնել այն, ինչ ընթերցում էի Աստվածաշնչում, և այն, ինչը Եհովայի Վկաները ներկայացնում էին որպես Աստվածաշնչի մեկնաբանություն:

Ես Տիրոջից մի մեծ շնորհ եմ ստացել. անզսպելի սեր ճշմարտության նկատմամբ: Եվ ճիշտ սա եղավ պատճառը, որից մղված՝ ստիպված եղա լրջությամբ մոտենալ ունեցածս կասկածներին, քննել, լուսաբանել, մտածել, որ թերևս ամբողջովին սխալ ճանապարհի վրա էի: Սա շատ կարևոր էր իմ համար, որովհետև արդեն պատրաստ էի նվիրվելու որպես Եհովայի Վկաների քարոզչուհի օտար երկրներում, այդ գործին հատկացնելով ամբողջ ժամանակս:

Այդպես սկսվեց իսկապես սարսափելի ճգնաժամը, որը տևեց մոտավորապես մեկ տարի: Այնքան էի տառապում, որ հասա նույնիսկ աստվածայինը նախատելուն. այսինքն՝ մտածելու, որ նույնիսկ եթե տառապանքի այդ ճանապարհը տանում էր ինձ դեպի ճշմարտությունը, չարժեր շարունակել, որովհետև ես ինձ լավ էի զգում միայն Եհովայի Վկաների հետ և չէի ուզում մի ա՛յլ ճանապարհ ճանաչել:

Եհովայի Վկաների շարքերը թողնելը պարզապես կրոն փոխել չէ: Նրանցից հեռանալը նման է մոլորակ կամ ուղղակի համաստեղություն փոխելուն: Խորագույն ճեղքվածք է առաջանում տվյալ անձի հոգում, որովհետև հոգեբանական-զգացմունքային կախվածությունը  չափազանց ուժեղ է: Եվ ճիշտ այդ կախվածությունն է, որ սովորաբար արգելում է Եհովայի Վկաներին կասկածներ ունենալ: Բայց Քրիստոսի սերը մղում է մեզ, հաստատում է Աստվածաշունչը (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 5, 14), և ինձ նույնպես մղեց անդամակցելու այն Եկեղեցուն, որի մեջ սովորեցրել էին ինձ տեսնել սատանայի իշխանությունը: Անդամակցեցի առանց ճշգրիտ իմանալու, թե ի՛նչ կարող էի գտնել. միակ զգացումս ու համոզումս այն էր, որ ունենալու էի շա՜տ ավելի մեծ և շա՜տ ավելի իրական սեր գտնելու հնարավորությունը: Եհովայի Վկաների Երեցն ինձ ասել էր. «Եկեղեցին քեզ հուսախաբ է թողնելու և դու վերադառնալու ես: Մենք սպասում ենք քեզ»: Բայց ո՛չ, Եկեղեցին և իր Տերը հուսախաբ չթողեցին ինձ, որովհետև Եկեղեցում գտա Աստված-Երրորդությունը: Երրորդության խորհուրդը հատուկ կերպով թշնամանված է Եհովայի Վկաների կողմից և ես նույնպես, սկզբում, մեծ դժվարություններ ունեցա այն հասկանալու և ընդունելու, թեև սիրտն ինքնըստինքյան ձգտում է սիրելու Որդուն այնքան, որքան Հորը, և հարկավոր է հատուկ բռնություն գործադրել ինքներս մեր վրա՝ չերկրպագելու համար Որդուն այնպես, ինչպես Հորը: Հիսուսն ասում է. «Ոչ ոք չի կարող գալ իմ մոտ, եթե Հայրը չի կանչում նրան» (Հովհաննեսի Ավետարան 6, 44): Եվ ես կարող եմ ասել, որ Հայրը գրեթե իմ կամքին հակառակ քաշեց ինձ դեպի

Սուրբ Հոգին անանձնական ուժ չէ, ինչպես հաստատում են Եհովայի Վկաները, այլ՝ կենդանի անձ է: Նա է, որ տվեց ինձ ճշմարտության քաջությունը: Սուրբ Հոգու գործն է: Սուրբ Հոգին նաև միության սկզբունքն է: Եհովայի Վկաների մոտ ամեն բան փշրանք է: Սա մի զգացում է, որ բավական ուժեղ կերպով զգացի. Աստվածաշնչի փշրանքներ, սիրո փշրանքներ, ժողովրդի փշրանքներ, ուսմունքի փշրանքներ. գոյություն չունի միավորող մի տարր: Եկեղեցում էապես միաբանված գտա կյանքի հացը:

Այստեղ պարտավոր եմ մի քանի խոսք ասել նաև Պատարագի ու Ամենասուրբ Հաղորդության մասին, որն իմ համար մի սքանչելի գանձի հայտնաբերում եղավ: Ամենասուրբ Հաղորդությունը Հիսուսի ներկայությունն է, որին կարող ենք սիրել “այժմ”: Սպասման, հսկման զգացումը տակավին ներկա է, բայց մի իրականության իրականացման սպասումն է, որն արդեն ներկա է. Արքայությունը: Հիսուսը՝ Էմմանուելն է, «Աստված մեր հետ»: Կան քրիստոնեական կյանքի որոշ էական կետեր, որոնք ամբողջովին բացակայում են Եհովայի Վկաների մոտ, ինչպես օրինակ՝ արարողությունները, պաշտամունքն ու երկրպագությունը, հայեցողական աղոթքը: Նրանց մոտ ամեն բան վերածվել է Աստվածաշնչի անընդունակ ուսումնասիրության: Բոլոր ժողովների նյութը սա է և վերջանում է այդ պահին հորինված աղոթքով, որն ավելի ներկաներին է ուղղված, քան Աստծուն: Առաջին անգամ, որ մասնակցեցի Ամենասուրբ Հաղորդության երկրպագությանը, հիացած էի Տիրոջ հետ մեր այդ մնալու ձրիության, պարզության ու գեղեցկության առաջ. Տիրոջ առջև էինք՝ Նրան սիրելու, Նրա հետ խոսելու, Նրա համար օրհնություններ եղանակելու համար: Հիացած էի Տիրոջ հետ «ժամանակ կորցնելու» գիտակցության առաջ, առանց հաշվելու քարոզչության ժամերը, ինչպես սովորական է Եհովայի Վկաների համար: Աղոթքն ու օրհնությունները, այնպես՝ ինչպես դրանք ապրում է Եկեղեցին, ամբողջովին անհայտ են Եհովայի Վկաների աշխարհում:

Միակ տոնը, որ կատարում են, Քրիստոսի մահվան հիշատակումն է: Այդ երեկոյան, ներկաների միջով անցկացնում են բաղարջ հաց և գինի. դրանք համարում են Քրիստոսի մարմնի ու արյան “խորհրդանշանները”: Դրանցից, սակայն, ոչ ոք չի ճաշակում, այլ միայն նրանք, ովքեր համոզված են, թե մաս են կազմում 144.000 ընտրյալներին (ես երբեք չտեսա այդպիսի մեկին): Շատ դժվար է երևակայել մի ա՛յլ արարողություն, որն այդ աստիճան լցված լինի ... դատարկությամբ:

Եկեղեցին, մինչդեռ, պարգևեց ինձ Զատիկը, տոնակատարությունների, կյանքի խոր իմաստը. Զատիկը որպես կյանքի գաղափարական: Պարգևեց ինձ նաև այդքան փնտրածս ու սիրածս ճշմարտությունը, որը փնտրել էի տառապանքների միջով: Մի ճշմարտություն, որ չի փոփոխվում, երբ փոխվում են Բրուքլինի «Դիտարան» Ընկերության նախագահները, այլ՝ մի ճշմարտություն, որ մարմնավորված է Տիրոջ ողորմության և Տիրոջ մեջ ապրված երկու հազար տարիների կյանքում: Եհովայի Վկաները չեն սիրում նայել իրենց թիկունքի ետևը, որովհետև իրենց ետևում կա մի վիթխարի ու անբացատրելի անդունդ: Եհովայի Վկաները պատմություն չունեն: Ունեն մի դատարկություն, որն աշխատում են լցնել Եկեղեցու մեղքերով:

Բայց իրենց առջևում նույնպես գտնում են միևնույն դատարկությունը, որի համար որոշում են միշտ չիրականացած վախճաններ: Որպես հույս՝ Եհովայի Վկաներն ունեն նյութական բարօրությունը. ո՛չ թե Տերը, այլ՝ այն հարստությունները, որոնք Տերը կարող է տալ իրենց: Եկեղեցու գրկում գտա ազատությունը, յուրաքանչյուր մարդու անձում մի եղբայր տեսնելու ազատությունը, մի ազատություն, որ զերծ է վախից ու եսապաշտությունից (ինչը որ Եհովայի Վկաների գլխավոր զգացումներից մեկն է): Գտա նաև անկեղծ ու բարերար քննադատության ազատությունը: Բայց հատկապես, Տիրոջ ճանապարհներում աճելու ազատությունը:

Եհովայի Վկաների մոտ անցկացրածս սակավ տարիներից հետո ինձ արդեն կատարյալ էի զգում: Առջևս ճանապարհներ չկային այլևս, չունեի աճելու հնարավորությունը: Եհովայի Վկաների Երեցն ինձ ասում էր. «Մեր կազմակերպության հիմնասյուներից մեկն ես դառնալու, կասկած չունեմ»: Այս խոսքերը նույնպես օգնեցին աչքերս բացելուն. մի՞թե արդեն տեղ էի հասել: Ներաշխարհումս զգում էի անսահմանորեն ավելի մեծ աճման հնարավորությունը, բայց եթե մնայի Եհովայի Վկաների մոտ, այդ աճը կվերածվեր պարզապես քարոզչության ժամերը բազմապատկելուն:

Եկեղեցու գրկում գտա Աստվածաշունչը, ո՛չ թե կտրտված նախադասությունների մի վանդակ, այլ՝ Խոսքը, մարդու հետ Աստծո ճանապարհորդակցության կենդանի հիշատակը, մի վկայություն, որ աճում է Եկեղեցու հետ: Հատկապես հասկացա, որ Աստվածաշունչը Եկեղեցունն է և Եկեղեցում է միայն, որ Խոսքը մարմնավորվում և դառնում է մեր կյանքը:

Եկեղեցու աստվածաշնչյան աստվածաբանության մեջ գտա լուրջ ու խորացված ուսումնասիրություն, որը չի վախենում քննադատություններից, ավելին՝ փնտրում է դրանք, որովհետև անկեղծորեն փնտրում է ճշմարտությունը: Եկեղեցում, ապա, գտա Շնորհը: «Շնորհ» բառն ինքնին գոյություն չունի Եհովայի Վկաների մոտ: Հավատքի աճը թողնված է անձնական կամքին ու ընդունակությանը, սերտ հպատակությամբ Ղեկավար Մարմնին: Նրանց բարոյականությունը “անմեղանչելի” է, գեթ ըստ իրենց բարոյականության. աճում են շատ շուտ, բայց աճում են քիչ և վատ:

Եկեղեցում գտա ՄԱՐԴՈՒՆ, մասնակցությունը նրա ուրախություններին ու հույսերին, նրա վշտին ու մտահոգություններին: Եկեղեցու գրկում վերջապես կարող եմ չուրախանալ մարդկությանը պատահող աղետներով ու դժբախտություններով: Երբ լսում են երկրաշարժերի կամ ինչ-որ մի ուրիշ աղետի մասին, Եհովայի Վկաները ցավ չեն զգում այդ մարդկանց համար, այլ ճիշտ հակառակը՝ ուրախանում են, որովհետև կարծում են, թե մոտ են աշխարհի վախճանին: Իսկ եթե կատարվում է ինչ-որ մի լավ բան, ժողովուրդների միջև բարեկամության ու խաղաղության մի ձեռնարկ, դրա համար վշտանում են, որովհետև չի փաստում “մոտ” վախճանը: Այստեղից է բխում նրանց մշտական թշնամությունը մարդկության ուրախությունների հանդեպ, և նրանց մշտական պատրաստակամությունը՝ զվարճանալու մարդկության դժբախտություններով:

Եկեղեցում հանդիպեցի Մարիամին, որ Մայրն է Աստծո և Մայրն է Եկեղեցու: Մարիամը սիրված չէ Եհովայի Վկաների կողմից, որովհետև ... ուղղափառ Քրիստոնեության զորեղ նշաններից մեկն է: Եվ հետո, Եկեղեցում գտա Եկեղեցուն ... , մի դրական ժողովուրդ, որն Աստծո և մարդու համար է:

Հերետիկոսությունները ծնվում և գործում են Եկեղեցու դեմ: Եհովայի Վկաների ուսուցումների մեծամասնությունը կայանում է ուղղափառ Քրիստոնեության ուսուցումների մերժման մեջ: Եկեղեցու դեմ խոսել են տալիս նույնիսկ ... Սրբերին, հատկապես մեջբերումներ են կատարում Սուրբ Օգոստինոսից, իբր թե դրանով փաստում են իրենց դիրքորոշումները: Բայց երբեք չեն մեջբերում այն շատ գեղեցիկ հատվածը, ուր Օգոստինոսն ասում է. «Չէի հավատա Ավետարանին, եթե Եկեղեցին ինքը չասեր՝ ՀԱՎԱՏԱ՛»: Մեջբերումներ են կատարում ուղղափառ Քրիստոնեության թերթերից, աստվածաբանության հատորներից, բայց միշտ՝ ներկայացված փոքրիկ հատվածներն ու նախադասությունները մեծ խնամքով անջատված են իրենց ամբողջական հատվածներից, ենթատեքստից, որը լուսաբանում է այդ փոքրիկ նախադասությունների իմաստը: Ենթատեքստ, որն ինքը Եկեղեցին է:

Բայց կարող եմ նաև ասել, որ Եկեղեցում գտա Եհովայի Վկաներին, բայց գտա նրանց՝ այլևս ճշմարտության մեջ, տեսնելով նրանց կեղծիքը և շա՜տ ու շա՜տ փափաքելով, որ ճանաչեին Եկեղեցին և Եկեղեցու հույսը, որն Աստված Ինքն է:

Ես, անձամբ, Տիրոջից խնդրում եմ այս շնորհը, և մեծապես հուսով եմ, որ այն կպարգևի ինձ. այսինքն՝ շնորհը, որ ես ինքս իմ անձում լինեմ Եկեղեցու հավատալի նշաններից մեկը: Եկեղեցին պետք է ճանաչվի, քանի որ լավ ճանաչված չէ և ո՛չ իսկ իր որդիների կողմից: Եվ կարծում եմ, որ սա՛ է մեզ վստահված գործը, բոլորի՛ս վստահված գործը, լինենք աշխարհական հավատացյալներ, թե վանականներ, բայց հատկապես՝ սա՛ է գործը Եկեղեցու հովիվների:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։