Ա. – Աստված – Գրադարան – Mashtoz.org

Ա. – Աստված

Երանի՜ թե եհովական հերետիկոսների սխալները վերաբերվեին միայն մարդկությանն ու պատմությանը, բայց դժբախտաբար՝ սխալները ծնում են ուրիշ սխալներ, հաջորդները նախորդներից ավելի ծանր: Այդպիսիք են նաև Աստծո վերաբերյալ եհովականների ուսուցումները, սխալներ, որոնց պատճառը հիմնականում նրանց տգիտությունն է Աստվածաշնչի մեկնողական գիտությունների ասպարեզում (չասելու համար՝ տգիտությունը բոլոր ասպարեզներում):

 

ա) Աստվածաշնչում, ներշնչված հեղինակների միջոցով, Աստված խոսում է մարդուն, հետևաբար՝ գործածում է մարդկային լեզուն ու բառապաշարը: Ավելին, գործածում է ա՛յդ դարաշրջանի ասելու ձևերն ու արտահայտչական միջոցները: Սա անում է՝ մարդու սահմանափակ իմացականությանը հասկանալի լինելու համար: Սրանում Աստված բացահայտում է Իր անսահման սերն ու գթությունը, որովհետև մեզ դեպի Ինքը բարձրացնելու համար՝ խոնարհվում է մինչև մեր մակարդակը:

Այս բաները հաշվի չառնելով և տառացի կերպով հասկանալով Աստվածաշնչի խոսքերը, եհովականները հաստատում են, թե իբր Աստված ունի մարմին, հետևաբար՝ աչքեր, ականջներ և այլն, և ամենուր ներկա չէ: Այս պարագային նույնպես, գտնվում ենք Աստվածաշնչի մասնակի և ո՛չ ամբողջական ծանոթության առաջ: Թողնում եմ, որ Աստվածաշունչն ինքը պատասխանի:

 

«Աստված հոգի է» (Հովհաննեսի Ավետարան 4, 24):

«Կարո՞ղ է մի մարդ թաքնվել թաքստոցներում, այնպես, որ չտեսնեմ իրեն: Մի՞թե ինձնով լի չեն երկինքն ու երկիրը: Տիրոջ խոսքը» (Երեմիա 23, 24):

«Դեպի ո՞ւր կարելի է հեռանալ հոգիիցդ, ո՞ւր կարելի է փախչել ներկայությունիցդ [տառացի՝ երեսիցդ]: Եթե բարձրանում եմ երկինք, դու այնտեղ ես: Եթե իջնում եմ մինչև դժոխք, ահա՛ դու: Եթե արշալույսի թևերով սավառնում եմ՝ բնակվելու ծովերից այն կողմ, այնտեղ նույնպես առաջնորդում է ինձ բազուկդ և աջդ բռնում է ինձ» (Սաղմոս 138, 7-10):

«Իրոք, Նրանում (=Աստծո մեջ) ենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործք Առաքելոց 17, 28):

 

Երբ ասում ենք «Հայր մեր, որ երկնքում ես», չենք սահմանափակում Աստծուն միայն երկնքում, այլ՝ արտահայտվելու այդ ձևով իմաստավորում ենք Աստծո սրբությունը, կատարելությունը, զանազանելու համար Նրան մեր երկրային վիճակից: Յուրաքանչյուր ազնիվ հավատացյալ թող ուշադիր կարդա Աստվածաշունչը. հազարավոր են այն վկայությունները, որ խոսում են Աստծո ամենուրեքության, ամենակարողության, հոգևոր լինելիության մասին: Եհովական հերետիկոսները կարողանում են համոզել ճիշտ այն անձանց, որոնք կա՛մ երբեք չեն կարդացել Աստվածաշունչը, կա՛մ էլ երբեք ուշադիր չեն կարդացել այն:

 

բ) Հարցը, որի վրա այժմ կանգ կառնեմ որոշակի ուշադրությամբ, այն է, որ ըստ եհովականների՝ Աստված ունի հատուկ մի անուն – Եհովա – որը «նրան ծառայում է բազում կեղծ աստվածներից տարբերվելու համար» (La verità che conduce alla vita eterna, 17.18): Քիչ հետո մանրամասն կքննենք այս հարցը, բայց անմիջապես ուզում եմ ասել, որ Աստված հարևանիդ ամուսինը չէ, անձնագրի կամ ծննդյան վկայականի կարիք չունի՝ որևէ մեկից տարբերվելու համար: Կա միայն մեկ Աստված, որն Արարիչն է գոյություն ունեցող ամեն ինչի: Իրականում, «Եհովա» անունը ծառայում է Ռաթըրֆորդի հետևորդներին՝ տարբերվելու համար ուրիշներից (ուշադրություն. չեմ ասում Ռասըլի հետևորդներին, այլ՝ Ռաթըրֆորդի, որովհետև ինչպես հիշում եք, այս վերջինը փոխեց սեկտայի անունը): Եվ հետո, իմ կողմից «Եհովա» ասելով չէ, որ Աստված ճանաչում է ինձ իբրև Իր ճշմարիտ երկրպագու, այլ՝ երբ տեսնում է, որ կատարում եմ Իր կամքը:

Աստվածաշնչում, երբ խոսվում է Աստծո անվան գաղափարի շուրջ, հասկացվում և մատնանշվում է Աստծո Անձը: Բայց քանի որ Աստծո անձնականությունն ու ինքնությունը անսահմանորեն հարուստ են, Աստվածաշունչը գործածում է զանազան անուններ՝ միևնույն Աստծուն դիմելու համար: Ահա՛ դրանցից գլխավորները (աստվածաշնչյան պարզ կրթություն ստացած անձանց պարզապես հիշեցնեմ, որ այս անունները չեն գտնվում Աստվածաշնչի արդի հրատարակություններում, այլ՝ հին ձեռագրերում: Արդի հրատարակությունները գործածում են կա՛մ Աստված և Տեր տիտղոսները, կա՛մ էլ թարգմանում են եբրայեցերեն անունը և ներկայացնում տվյալ լեզվում գործածվող համազոր եզրը).

 

– Էլ, որ արտահայտում է զորության իմաստը. «Պաշտպանիր ինձ, Աստված (Էլ), Քեզ եմ ապավինում» (Սաղմոս 16, 1):

– Էլոհիմ, որը քերականորեն նախորդի հարգանք արտահայտող հոգնակին է. «Սկզբում Աստված (Էլոհիմ) ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1, 1):

– Ադոնայ, որ նշանակում է Տեր. «Տեսա Տիրոջը (Ադոնայ) բարձր ու վերացած գահի վրա բազմած» (Եսայի 6, 1):

– Էլոհահ, որն արտահայտում է աստվածային էության գաղափարը: Առավել հաճախականությամբ հանդիպում է Հոբի գրքում. «Աստծո (Էլոհահ) շնչով մահանում են» (Հոբ 4, 9):

– Քաննա՛, որ նշանակում է «Խանդող», այսինքն՝ ամբողջական սեր պահանջող (հմմտ. Ելից 34, 14):

– Յահվէ (կամ՝ Յահվէհ), որն արտահայտում է գործող և ազդող ներկայության գաղափարը: Քերականորեն, սա մի բայ է, hawah բայի արական սեռի ապառնի երրորդ դեմքն է:

– Շադդայ, որն ամենայն հավանականությամբ արտահայտում է ամենակարողության գաղափարը. «Երբ Ամենակարողը (Շադդայ) ցիրուցան էր անում թագավորներին, ձյուն էր տեղում Սաղմոնի վրա» (Սաղմոս 68, 15):

– Էլիոն, արմատից, որ նշանակում է բարձրանալ, հետևաբար՝ Բարձրյալ. «Երբ Բարձրյալը (Էլիոն) բաժանում էր ժողովուրդներին» (Երկրորդումն Օրինաց 32, 8):

 

Հաճախ այս անուններից երկուսը միանում են և ձևացնում են նոր անուններ: Օրինակ, Էլ Շադդայ, Ամենակարող Աստված. Էլ Էլիոն, Բարձրյալ Աստված:

 

Սրանցից, անկասկած, ամենակարևորն է Յահվէ անունը, որը եհովականները սխալվելով կարդում են Եհովա: Այս անունը Աստված հայտնեց Մովսեսին Սինա լեռան վրա (Ելից 3, 14-15): Թեև գործածվում է մեծ հաճախականությամբ, մոտավորապես 6.820 անգամ ամբողջ Հին Կտակարանում (Նոր Կտակարանում լիովին բացակայում է), Յահվէ անունը այնուամենայնիվ միակը չէ, ինչպես տեսանք, որ Հին Կտակարանը գործածում է ճշմարիտ Աստծուն մատնանշելու համար: Բացի սա, այս անվան գործածության հաճախականությունը նույնպես շարունակական չէ. օրինակի համար, Հոբի երկար գրքում հանդիպում է միայն 32 անգամ, իսկ Երգ Երգոցում, Եսթերում և Ժողովողում ամբողջովին բացակայում է:

 

Այս անվան պատմությունը հետևյալն է. երբ Մովսեսը հարցնում է, թե ի՞նչ է պատասխանելու հրեաներին, եթե հարցնեն իրենց հայրերի Աստծո անունը, Աստված պատասխանում է. «Ես նա եմ, ով եմ»: Ապա ավելացնում է. «Այսպես կասես իսրայելացիներին. “ԵՍ ԵՄը առաքեց ինձ ձեր մոտ”» (Ելից 3, 14): Առաջին բանը, որ նկատում ենք, այս անունը («ԵՍ ԵՄ», եբրայեցերեն՝ Յահվէ) իրականում անուն չէ, իրականում՝ որևիցէ մի անուն տալու մերժում է: Կարծես թե Աստված ասեր. «Շատ մի՛ զբաղվեք ձեզ չվերաբերվող գործերով և մի՛ հանդգնեք քննել աստվածությունս: Ես նա եմ, ով որ ես եմ: Բավական է ձեզ իմանալը, որ ես եմ ձեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»: Բայց եթե այսքանը բավական չէ, շարունակեմ այս ոչ-անուն անվան պատմությունը: Ինչպես որ հայտնի է որոշ կրթություն ստացած անձանց, դասական գրավոր եբրայեցերենը (ո՛չ թե արտասանությունը) զուրկ է ձայնավորներից և գրում է բառի միայն բաղաձայնները: «ԵՍ ԵՄ» ոչ-անուն անունը եբրայեցերենում ներկայացվում է չորս տառերով, որոնք եվրոպական տառերով սրանք են. YHWH: Ժամանակի ընթացքում, հրեաները սկսում են հարգանքի համար չարտասանել այս անունը: Երբ Հին Կտակարանի ընթերցման ժամանակ հանդիպում էին սրբազան թեթրագրամմային (աստվածային անունը նշանակող քառատառ նշանին), այն փոխարինում և ընթերցում էին «Ադոնայ», «Տեր» (հունարեն՝ Քիրիոս): Այսպես վարվելով դարեր շարունակ, վերջիվերջո մոռացել են, թե որոնք էին այն ձայնավորները, որոնք հնարավոր էին դարձնում չորս բաղաձայնների արտասանությունը: Ինչպես նաև հիշարժան է, որ Աստծո ոչ-անուն անունը արտասանում էր միայն Քահանայապետը, տարին մեկ անգամ, Քավության տոնի օրը, Տաճարի այն մասում, որ կոչվում էր Սրբություն Սրբոց և ուր միայն ինքը՝ Քահանայապետն էր մտնում տարին մեկ անգամ: Այսինքն, նաև այդ մեկ անգամ, որ արտասանվում էր Աստծո անունը, ոչ ոք չէր լսում, որովհետև բոլորը գտնվում էին դրսում: Երբ զանազան թշնամիների ասպատակությունների հետևանքում Իսրայելի քահանայական ցեղը բնաջնջվում է, այլևս չի մնում ոչ ոք, որ իմանար այդ անվան ճիշտ արտասանությունը: Երբ աքսորից վերադառնալով՝ Մազորեթները ստեղծեցին ձայնավորները և տեղադրեցին դրանք Աստվածաշնչի յուրաքանչյուր բառի տակ, անելանելի վիճակում հայտնվեցին սրբազան թեթրագրամմայի առաջ. ի՞նչ ձայնավորներ պետք է դնեին, երբ 1000 տարուց ի վեր ոչ ոք չէր արտասանել աստվածային անունը: Միակ ելքը եղավ այն, որ վերցնելով EDONAH (Տեր, ըստ շէվա հնչողության) բառի ձայնավորները՝ մազորեթները միացրեցին դրանք YHWH սրբազան թեթրագրամմային, ստանալով YeHoWaH, որն էլ ճիշտ «Եհովա» ձևն է: Սա, ուրեմն, հորինված բառ է և երբեք չի կարող համարվել Աստծո կողմից Մովսեսին հայտնված անունը:

 

Բայց ինչպե՞ս, կարող եք հարցնել, կաթողիկե և բողոքական քրիստոնյաները նույնպես դարեր շարունակ ընդունել ու գործածել են այդ անունը: Պատասխանը շատ պարզ է. որովհետև Եվրոպայում ցրված հրեաներից լսելով, վստահությամբ ընդունել էին որպես ճշգրիտ արտասանություն: Եվ ո՛չ միայն արտասանել են այդ անունը, այլ նաև արձանագրել են եկեղեցիների ճակատներին: Միմիայն աստվածաշնչյան առաջադիմյալ գիտությունները կարողացան փաստել, որ այդ արտասանությունը սխալ է:

Սա գիտեն նաև Եհովայի Վկաները: Կարող եմ փաստել: «Աստվածային անունը, որ մնալու է հավետ» (Il nome divino che durerà per sempre) իրենց գրքույկի յոթերորդ էջում գրում են. «Բայց ճիշտն ասած, ոչ ոք հաստատ չգիտի, թե սկզբում ինչպես էր արտասանվում Աստծո անունը»: Հետևաբար, չգիտեն նաև իրենք: Ուրեմն ինչո՞ւ են այդքան պնդում այդ անվան գործածության վրա: Ուրիշներից տարբերվելո՞ւ համար: Թե՞ հոգեբանական ճնշումներ բանեցնելու համար այն միամիտ ու պարզ հոգիների վրա, որոնց սարսափեցնում են, թե եթե չգործածեք այս անունը, Աստված չի լսի ձեր աղոթքները: Եվ սակայն, այսօրինակ ուսուցումները ո՛չ միայն չեն կարող փաստվել Աստվածաշնչի օգնությամբ, այլ՝ ուղղակի հակառակ են նրա պատգամին: Եթե իմանայի, թե այդ անունը չգործածելով անհնարին է դառնում հաղորդակցությունը իմ և Արարչիս միջև, ես նույնպես կշտապեի գործածել այն: Բայց Հիսուսի առակներից մեկը ցրում է ամեն վախ ու կասկած. փարիսեցու և մաքսավորի առակը (Ղուկասի Ավետարան 18, 9-14): Հասարակական երկու զանազան դիրքի անձինք մտնում են Տաճար աղոթելու. մեկը փարիսեցի է, մյուսը՝ մաքսավոր: Հիսուսը երկուսի շրթունքներին էլ դնում է միևնույն բառը՝ Արարչին դիմելու համար. ԱՍՏՎԱԾ (հունարեն՝ THEÓS): Երկուսն էլ դիմում են միևնույն անունով, այնուամենայնիվ՝ վերադառնում են մեկն արդարացած, իսկ մյուսը՝ մերժված: Եվ Հիսուսն ուսուցանում է, որ հոգևոր ներքին տրամադրվածությունն ու դիրքորոշումն է (տվյալ դեպքում՝ խոնարհությունը), որ հնարավոր է դարձնում հաղորդակցությունը մեր և Արարչի միջև, և ոչ թե՝ հորինված ինչ-որ մի անվան գործածությունը: Նորից կրկնում եմ. բազում աստվածներ գոյություն չունեն և Աստված ինչ-որ մեկից տարբերվելու կարիք չունի:

«Յահվէ» արտասանությունը շատ հավանաբար ճշգրիտն է. բացարձակորեն հաստատ չէ, ամենահավանականն է: Եվ սա գիտի նաև Բրուքլինի Ղեկավար Մարմինը: Կամաց կամաց սկսում է իր հետևորդներին վարժեցնել այս անվանը. Հռոմում կայացած իրենց հավաքներից մեկի ընթացքում, հավաքվածներին բազում անգամներ կրկնել տվեցին «Օրհնեցեք Յահին» արտահայտությունը (Յահը՝ Յահվէի համառոտ ձևն է): Հարցնում եմ ինքս ինձ. արդյոք մոտ ապագայում Եհովայի Վկաները կսկսե՞ն կոչվել Յահվէի Վկաներ: Հնարավոր է: Այսքա՜ն դիմակափոխումներից հետո կրկին փոխել աղանդի անունը՝ զարմանալի չէր լինի, բայց անշուշտ՝ ղեկավարները պետք է շատ զգույշ լինեն այդպիսի պարագային. կարող են նորից կորցնել հարյուր հազարավոր հետևորդներ:

 

Բայց այս բոլոր պատմությունները վերաբերվում են Հին Կտակարանին: Նոր Կտակարանի քննական հրատարակումներից ոչ մեկը, որոնցից եհովականներն ասում են, թե իբր օգտվել են իրենց “թարգմանությունների” ժամանակ (Westcott-Hort, Nestle, Bover, Merk), չի պարունակում Յահվէ (կամ Եհովա) անունը: Նոր Կտակարանում, որը Հնի լրումն է, միակ արամայերեն անունը, որ տրվում է Աստծուն, «Աբբա»ն է, որ նշանակում է «Հայր».

 

«Եվ [Հիսուսն] ասում էր. “Աբբա, Հայր, ամեն բան հնարավոր է քեզ”» (Մարկոսի Ավետարան 14, 36):

«Իսկ որ դուք որդիներ եք, փաստն այն է, որ Աստված ձեր սրտերից ներս առաքեց Իր Որդու Հոգին, որն աղաղակում է. “Աբբա, Հայր”» (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 4, 6):

«Ստացել եք որդեգրության Հոգին, որի միջոցով աղաղակում ենք. “Աբբա, Հայր”» (Պողոս Առաքյալի Նամակը Հռոմեացիներին 8, 15):

 

Նոր Կտակարանը կարևորության միևնույն մակարդակի վրա է դնում «Յահվէ», «Հայր» և «Հիսուս» անունները: Եհովական հերետիկոսները վկայում են հորինված մի անվան, մինչ քրիստոնյաներս մեր Տիրոջ կողմից, Իր Համբարձման հանդիսավոր պահին, ստացել ենք ահա ա՛յս պատվերը. «Երբ Սուրբ Հոգին կիջնի ձեր վրա, զորություն կառնեք և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1, 8): Քրիստոսի Անվանն է, որ պարտավոր ենք վկայել, որովհետև

 

«ուրիշ ոչ մեկում չկա փրկություն: Երկնքի տակ մարդկանց տրված ուրիշ անուն չկա, որում հաստատված լինի, թե կարող ենք փրկվել» (Գործք Առաքելոց 4, 12):

 

Այդ միակ անունը՝ քաղցր անունն է Հիսուսի, որի շուրջ Գործք Առաքելոցի 3-5 գլուխները ներկայացնում են կարևոր աստվածաբանություն: Թող որ Աստծուն անկեղծ սրտով հավատացողները անդադար հիշեն այս խոսքը և իրենց հավատքի կյանքը կառուցեն Հիսուսի հիմքի վրա, որովհետև մյուս բոլորը, նաև Եհովայի Վկաների առաջարկածը, խարխուլ հիմքեր են:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։