Գ. – Եհովայի Վկաների դիրքորոշումը կրոնի նկատմամբ – Գրադարան – Mashtoz.org

Գ. – Եհովայի Վկաների դիրքորոշումը կրոնի նկատմամբ

Ահա թե ինչպես է եհովական հերետիկոսությունը բացատրում կրոնի ծագումը: Արժե մեջբերել իրենց գրքերի խոսքերը: Նախածնողներին ուղղված օձի խոսքերով («Չեք մահանա». Ծննդոց 3, 4-5) սատանան «կրոնի ներմուծման պատասխանատուն եղավ, որպես նպատակ ունենալով թակարդի մեջ նետել մարդկությունը, շեղելով Եհովա Աստծո պաշտամունքից, մատուցված՝ հոգով և ճշմարտությամբ»: Ու մի քանի տող հետո. «Ո՞ր ազնիվ մարդը կարող է մերժել, որ պաշտամունքի ու աստվածացման այդ համակարգը կրոնն է, և որ սատանան է, որ ներմուծել է կրոնը» (La verità vi farà liberi, 86-87; Sia Dio riconosciuto verace, 1952, p. 71): Կարծես այսքանը բավական չէր, անմիջապես հետո շարունակում են. «Կրոնավոր օձի կողմից Աստծո Խոսքի ընդդիմության վրա են հիմնված մարդկային հոգու անմահության, քավարանի, դժոխքի սխալ ուսմունքները»:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ աստվածաշնչյան պատմությունը ընթերցելով երբեք տպավորությունը չենք ստանում, թե սատանան կամենում է հաստատել պաշտամունքային որևէ համակարգ, այլ՝ պարզապես մղում է մեր նախածնողներին անհնազանդության, որպես ազնիվ մարդ կարող ենք և պարտավոր ենք մերժել եհովական այս ապուշությունները: Իսկ թե ի՞նչ է նշանակում «կրոնավոր օձ» արտահայտությունը, որևէ խելացի մարդ չի կարող հասկանալ, այլ միայն եհովական հերետիկոսների ֆանատիկ մտքերում են ծնվում նմանատիպ արտահայտություններ:

Բայց այսպիսով, այսինքն՝ հաստատելով, թե սատանան է կրոնական պաշտամունքների հեղինակը, հասնում են լկտիության ծայր աստիճանին, որովհետև այդպիսով – մեղա՜, քավ լիցի – սատանայական են կոչում նաև Աստծուն: Ինչպե՞ս:

 

ա) Ելից գրքի երկրորդ մասը գրեթե ամբողջովին նվիրված է հրեաների մոտ կրոնական պաշտամունքի կազմակերպմանը. Աստված Մովսեսին հրամայում  է կառուցել ուխտի վրանը, տապանակը, քերովբեները, պաշտամունքի կահկարասիները (Ելից 25-40): Երբ ավարտվում են աշխատանքները, Աստված հանդիսավոր կերպով ծածկում է պաշտամունքի վայրը, հայտնվելով խիտ ամպի կերպարանքով, ցույց տալով իր ամբողջական հաճությունը (Ելից 40, 32-36):

 

բ) Ղևտացվոց գրքի առաջին յոթ գլուխները վերաբերվում են զոհաբերման զանազան եղանակներին: Ութերորդ և իններորդ գլուխներում պատմվում է քահանայության հաստատումը Ահարոնի գլխավորությամբ: Սողոմոնի կողմից կառուցված Երուսաղեմի Տաճարում, ապա, Աստված հայտնվում է պաշտոնական և հանդիսավոր կերպով (Թագավորների Երրորդ Գիրք 8, 10-13):

 

գ) Բաբելոնյան աքսորից հետո նույնպես, Անգեոս և Զաքարիա մարգարեների նախաձեռնությամբ Տաճարը վերականգնվում է և պաշտամունքը վերահաստատվում է ինչպես առաջ (հմմտ. Անգեոս և Եզրաս, գլուխ 3 և 5):

 

դ) Հիսուսը նույնպես մասնակցում էր Երուսաղեմի Տաճարում կատարվող պաշտամունքներին (Հովհաննեսի Ավետարան 2, 13; 5, 1; 6, 4; 7, 14-37; 10, 23): Նույն բանն էին անում նաև առաջին քրիստոնյաները. աղոթում էին Տաճարում (Գործք Առաքելոց 2, 46; 3, 1), մասնակցում էին Ամենասուրբ Հաղորդությանը (Գործք Առաքելոց 2, 42-47; 20, 7-11; 1Կր 11, 17-34):

 

Այսքանը կարծեմ արդեն բավական է տեսնելու համար, որ պաշտամունքը կամեցված է Աստծո կողմից, գերագույն աստիճանի բարի իրականություն է, և իրենց սատանայական լինելը ծածկելու համար է, որ եհովականների ղեկավարները այդ որակավորումը տալիս են կրոնին:

Դեռ կարող էինք անդրադառնալ եհովական որոշ առասպելների, որ վերաբերվում են սատանայի կռիվներին Աստծո դեմ, որոնք կարող ենք կոչել «Բրուքլինի ազգային հեքիաթներ», բայց այսօրինակ մանկամտություններով զբաղվելը մեր գործը չէ: Բոլոր այս խաղերի իմաստը մեկն է. Բրուքլինի Ղեկավար Մարմինը ուզում է համոզել իր հետևորդներին, թե այն կինը, որ ջախջախելու էր օձի գլուխը – չզարմանանք և ո՛չ էլ ծիծաղենք – նույն ինքն Ղեկավար Մարմինն է:

Իսկ Քրիստո՞սը: Քրիստոսը Իր ծնունդով, մկրտությամբ, ուսուցումներով, պայծառակերպությամբ, հրաշքներով, վերջին ընթրիքով, խաչելությամբ, հարությամբ, համբարձմամբ, ապա Սուրբ Հոգու գալուստը, Առաքյալների քարոզչությունը, Ստեփանոսի մարտիրոսությունը, քրիստոնյաների հալածանքները, ... ... ... այս բոլորն ինչի՞ ծառայեց, եթե “խեղճ ու թշվառ” մարդկությունը Ադամի անկումից հետո ստիպված էր սպասելու 1919 թվականին, որում վերապատվելի Ռասըլ Մեդուզայի հաջորդ Ռաթըրֆորդը խորամանկություններով ու դատավարություններով հիմնեց Բրուքլինի Ղեկավար Մարմինը, որի գլուխ անցան հետագայում “հռչակավոր մարգարե” Նաթանը և խեղճ Ֆրանցը, որն իր զարմիկին անգամ չկարողացավ համոզել և եհովական հերետիկոսության շարքերում պահել:

Հարցնում էի. իսկ Քրիստո՞սը: Քրիստոսը, ըստ իրենց, եկավ, ինչ-ինչ բաներ խոսեց, մահացավ ու գնաց (չեն հավատում իրական հարությանը):

Զարմանում եմ, թե չափահաս և մտածելու կարողություն ունեցող մեկը ինչպե՞ս կարող է ուշադրություն դարձնել եհովական տխմարություններին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։