Զ. – Մարդու ճակատագիրը մահից հետո – Գրադարան – Mashtoz.org

Զ. – Մարդու ճակատագիրը մահից հետո

Բուն նյութին անցնելուց առաջ, պարտավոր եմ մի քանի տողով բացատրել, թե քրիստոնյաներս ի՛նչ ենք հասկանում, ասելով «ճակատագիր»: Այս եզրը, որ սովորաբար նշանակում է սկզբից ևեթ հաստատված մի բան, որն անպատճառ պատահելու է, որը քեզնից ամբողջովին անկախ է և որից դու խուսափելու ոչ մի հնարավորություն չունես (սրա համար էլ ասվում է ճակատագիր, ճակատին գրված), քրիստոնեական աստվածաբանության մեջ ոչնչով չի համապատասխանում այս գաղափարին, այլ՝ ստանում է ամբողջովին ուրիշ իմաստ: Բայց քանի որ գոյություն ունեցող եզրերը բոլորն էլ ունեն իրենց նախնական իմաստները, ավելի հարմար ենք գտնում «ճակատագիր» եզրի գործածությունը: Կարելի է գործածել նաև «բախտ» եզրը, բայց սա չափազանց գնչուական տպավորություն է թողնում: Շատ ավելի հարմար կլիներ «վախճան» եզրի գործածումը, «վերջում պատահելիք»ի իմաստով, բայց այս եզրի «վերջ», «վերջակետ» իմաստը նույնպես բավական արմատացած է և առիթ կարող է հանդիսանալ շփոթումների համար:

«Մարդու ճակատագիրը մահից հետո» արտահայտությամբ հասկանում ենք այն, ինչը որ պատահելու է մարդուն մահից հետո, բայց որի շուրջ մարդն ինքն ունի իր պատասխանատվությունը: Այսինքն, այն, ինչ պատահելու է մարդուն մահից հետո (վարձատրում կամ դատապարտում), ո՛չ թե անխուսափելի, մարդու կամքից անկախ և նախապես որոշված մի բան է, այլ՝ մարդն ինքն է, որ ներկա կյանքում գործած իր արարքներով, որոնք բարոյապես որակավորելի են (բարի կամ չար), արժանանում է երանության կամ դատապարտության: Եթե կարելի է խոսել ճակատագրի մասին որպես նախապես որոշված մի բան, ապա պետք է ասենք, որ Աստծո կողմից մարդու համար որոշված «ճակատագիրը» երկնքի երանավետ Արքայությունն է: Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ բարի ապրեն և հավիտյան վայելեն Իր երանությունն ու փառքը: Աստված ոչ ոքի չի դատապարտում դժոխքի: Մարդն ինքն է, որ ազատակամ ընտրելով չարը, ինքն իրեն հեռացնում է հավիտենական երանությունից և ինքն իրեն նետում է հավիտենական դատապարտության մեջ:

Եհովականությունը ժխտում է այս կարևորագույն բարոյական ճշմարտությունները, ամբողջովին հակառակվելով Աստվածաշնչի պատգամին: Այժմ միասին տեսնենք մի քանի աստվածաշնչյան հատվածներ, որոնք վերաբերվում են հավիտենական երանությանը Աստծո երկնային Արքայությունում և Աստծո շնորհը չընդունած չարագործների հավիտենական դատապարտությանը դժոխքում:

 

ա) Երկնքի հավիտենական երանությունը:

«Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեր համար պատրաստված արքայությունը: [...] Եվ (պիտի գնան) արդարները դեպի հավիտենական կյանք» (Մատթեոս 25, 34.46):
«Երբ աղքատը [=Ղազարոսը] մահացավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գիրկը. մեծահարուստն էլ մեռավ ու թաղվեց: Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած» (Ղուկաս 16, 22-23):
«Հայր, կամենում եմ, որ նրանք, որոնց ինձ տվեցիր, ուր որ ես եմ, նրանք էլ լինեն իմ հետ միասին, որպեսզի տեսնեն իմ փառքը, որը դու ինձ տվեցիր» (Հովհաննես 17, 24):
«Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ, բայց այն ժամանակ տեսնելու ենք դեմառդեմ: Այժմ թերի է ճանաչողությունս, բայց այն ժամանակ ճանաչելու եմ կատարյալ կերպով, այնպես, ինչպես որ Նա ճանաչում է ինձ» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 13, 12):
«Մեր նեղությունների առժամանակյա, թեթև բեռը մեր համար ստանում է անչափելի ու հավիտենական մի փառք» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 4, 17):
«Մեր հայրենիքը, սակայն, երկնքում է և այնտեղից ենք որպես Փրկիչ սպասում Տեր Հիսուս Քրիստոսին, որը կերպարանափոխելու է մեր թշվառ մարմինը՝ կերպարանակից դարձնելու համար իր փառավոր մարմնին, այն զորությամբ, որով կարող է ամեն բան հպատակեցնել իր իշխանությանը» (Պողոս Առաքյալի Նամակը Փիլիպեցիներին 3, 20-21):
«Իսկ երբ հայտնվի Քրիստոսը՝ ձեր կյանքը, այնժամ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 3, 4):
Պողոս Առաքյալը հորդորում է Թեսաղոնիկեցիներին «ապրել Աստծուն արժանի կերպով, որը կանչում է ձեզ իր արքայությանը և փառքին» (Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Թեսաղոնիկեցիներին 2, 12):
«Այս իսկ պատճառով, ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք էլ հասնեն փրկությանն ու երկնային փառքին, որը Քրիստոս Հիսուսի միջոցով է» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Տիմոթեոսին 2, 10):
«Սիրելիներ, այժմ իսկ արդեն Աստծո որդիներ ենք, բայց այն, ինչ որ լինելու ենք, դեռևս ամբողջովին հայտնված չէ: Սակայն գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, որովհետև նրան տեսնելու ենք այնպես, ինչպես որ է» (Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը 3, 2):
 

Այս հատվածների ամբողջականության համաձայն՝ դրախտը կամ հավիտենական երանավետ կյանքը կայանում է մահից հետո Աստծո և Քրիստոսի հետ ամբողջական ու երանացուցիչ հաղորդության մեջ: Առանց Աստծո դեմառդեմ տեսության՝ չկա կյանք կամ երանություն: Քրիստոսը շատ հստակ բառերով հաստատում է. «Ես Ինքս եմ Հարությունը և Կյանքը» (Հովհաննես 11, 25): Մեջբերված հատվածներում հանդիպեցինք այնպիսի արտահայտությունների, ինչպիսիք են. հավիտենական կյանք, տեսնել Աստծո փառքը, տեսնել Աստծուն դեմառդեմ, տեսնել Աստծուն այնպես, ինչպես որ է, և այլն: Արդ, թող եհովական հերետիկոսներին միամիտ սրտով անդամակցած անկեղծ հավատացյալը բացի եհովական հրատարակությունները, մի րոպե նայի նրանց ներկայացրած դրախտի գունավոր պատկերները, որոնցով խաբում են պարզամիտներին, և ինքնուրույն կերպով տեսնի, թե այդտեղ ինչ-որ մի բան կա՞, որ համապատասխանում է Աստվածաշնչի պատգամին: Այս պահին առջևս են այդպիսի պատկերներից մի քանիսը. տեսնում եմ գեղեցիկ լեռներ ու լճեր, տեսնում եմ միշտ ժպտացող երիտասարդ դեմքեր տարբեր ազգություններից, տեսնում եմ ջրվեժ, թռչուններ, միմյանց հետ հաշտված անասուններ, լոլիկով, սմբուկով, վարունգով, ելակով և զանազան ուրիշ պտուղներով ու բանջարեղեններով լի զամբյուղներ, և այլն, բայց այդ բոլոր պատկերներից ոչ մեկում չեմ տեսնում էականը, այն, ինչը որ Աստվածաշունչը ներկայացնում է որպես էությունը հավիտենական երանավետ կյանքի կամ դրախտի. ԱՍՏՎԱԾ: Եհովականների դրախտում տեղ չկա Աստծո համար: Եհովականները կարող են վայելել իրենց դրախտն առանց Աստծո ներկայության, որովհետև Աստված եհովականների համար ոչինչ չի նշանակում, որովհետև եհովականների համար կարևորն իրենց ստամոքսները լցնելն է: Բայց մոռանում են, որ Աստված իրենց դեմ է. «Շատերն ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստն է. նրանց աստվածն իրենց որովայնն է, և նրանց փառքը՝ իրենց ամոթույքը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում» (Պողոս Առաքյալի Նամակը Փիլիպեցիներին 3, 18-19):

Կարծում եմ, որ անկեղծ որևէ հավատացյալի համար շատ պարզ է, որ եհովական ուսուցումներն այս կետում նույնպես հակասում են Աստծո Խոսքին ու ճշմարտությանը:

 

 

բ) Դժոխքի հավիտենական դատապարտությունը:

Եհովականներն, իրենց խելացնոր մտքերն ու խղճերը հանգստացնելու համար, մերժում են դժոխքի գոյությունը, ինչպես միշտ՝ արհամարհելով Աստվածաշնչի բազմաթիվ վկայությունները: Այդ վկայությունները մենք՝ քրիստոնյաներս չենք հիշում ու հիշեցնում՝ ինքներս մեզ և մարդկանց սարսափեցնելու, այլ՝ սթափեցնելու համար, ինչպես նաև հավատարիմ մնալու համար Աստծո Խոսքին, որը վկայում է դժոխքի գոյությանը: Այդ դժոխքի սպառնալիքը մեր բոլորի՛ս առջև է և մեզ բոլորի՛ս հրավիրում է գիտակից պատասխանատվության: Ինչպես նաև հարկ է նշել, որ դժոխքն ա՛յլ բան չէ, քան միայն՝ Աստծո Արքայությունից և Աստծո տեսությունից դուրս մնալը: Ինչպես որ լույսի բացակայության դեպքում տիրում է խավարը, ջերմության բացակայության դեպքում՝ ցուրտը, ջրի բացակայության դեպքում՝ երաշտը, այնպես էլ դժոխքն ա՛յլ բան չէ, քան միայն՝Աստծո երանացուցիչ ներկայությունից հեռացումը, որևէ հաղորդության հավիտենական ու անհետսկոչելի խզումն է մարդու և Արարչի միջև: Հետևաբար, Աստվածաշնչի կողմից ներկայացվող պատկերները նույնպես (կրակ, ատամների կրճտում, լաց, և այլն) հարկավոր է հասկանալ այլաբանական իմաստով, որով Աստվածաշունչը կամենում է հասկացնել տառապանքի ծանրությունը, այլ ո՛չ թե տալ նրա մանրամասն նկարագրությունը:

Այժմ մեջբերում եմ աստվածաշնչյան երեք հատվածներ, պարզապես օրինակներ տալու համար: Ընթերցողն ինքը թող շարունակի Աստվածաշնչի ամբողջական ընթերցումը և անձամբ գտնի ուրիշ հատվածներ ևս, որոնք բազմաթիվ են:

«Նրանցից, ովքեր ննջում են հողի փոշու տակ, շատերը հարություն են առնելու, ոմանք հավիտենական կյանքի համար, իսկ ոմանք՝ հավիտենական նախատինքի ու ամոթի համար» (Դանիել 12, 2):
ՙԵթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, կտրիր այն և հեռացրու քեզնից. լավ է քո համար մի ձեռքով կամ մի ոտքով մտնել կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենալ և հավիտենական կրակի մեջ ընկնել» (Մատթեոս 18, 8):
«Անիծյալներ, ինձնից հեռու գնացեք դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակների համար [...] : Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք» (Մատթեոս 25, 41.46):

 

Եզրակացությունն, ինչպես միշտ, մեկն է. եհովականների համար Աստվածաշունչը ոչինչ չարժե: Պարզապես մեղքս են գալիս այն խեղճ շարքային Վկաները, որոնք խաբված ու մոլորված, դռնե դուռ ընկած կամ փողոցներում ժամերով կանգնած՝ տարածում են Բրուքլինի սրիկա Ղեկավար Մարմնի մարդկային (չասելու համար՝ սատանայական) ուսմունքները: Ավելի լավ կանեին, եթե նստեին տանը և սերտեին իրական Աստվածաշունչը, այդպիսով ճանաչելով Աստծո Խոսքը և իրենց կյանքը վստահելով աստվածային ճշմարտությանը, որը հուսախաբ չի թողնում: Լավ կանեին, եթե իրենց տներից հեռու վռնդեին եհովական հերետիկոսություն քարոզողներին, որովհետև դրանք «կույրեր են, կույրերի առաջնորդներ: Իսկ երբ կույրը առաջնորդում է կույրին, սխալվում է և երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթեոս 15, 14): Մաղթում եմ եհովականներին միամիտ սրտով անդամակցած բոլոր ազնիվ հոգիներին՝ սթափվել և կույրերի ձեռքը չվստահել սեփական կյանքը, հոգին ու հավատքը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։