« ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ ՎԵՐՔԵՐԻ ՄԵՋ Է ԳՏՆՎՈՒՄ ԱՆՃԱՌԵԼԻ ՍԻՐՈ ՀՈՒՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ ՎԵՐՔԵՐԻ ՄԵՋ Է ԳՏՆՎՈՒՄ ԱՆՃԱՌԵԼԻ ՍԻՐՈ ՀՈՒՐԸ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 276. Պերուջայում բնակվող մի պոռնկուհու ».

 

Հանուն խաչված Հիսուս Քրիստոսի ու անուշ Մարիամի։

Քրիստոսի՝ քաղցր Հիսուսի մեջ թանկագին դուստր։ Ես՝ Կատարինես, Հիսուս Քրիստոսի ծառաների աղախինս ու ստրկուհիս, գրում եմ քեզ Իր թանկարժեք Արյան մեջ, ըղձալով տեսնել քեզ, որ մասնակցում ես Աստծո Որդյակի Արյանը, քանի որ առանց արյան չես կարող ունենալ կյանքը։ Ովքե՞ր են նրանք, որ մասնակցում են Արյանը։ Նրանք են, ովքեր ապրում են Աստծո սուրբ ու անուշ երկյուղով։ Ով երկնչում է Աստծուց, նախընտրում է մեռնել, քան թե երբևէ անարգել Նրան մահացու կերպով։ Սակայն, դուստր իմ, ես լալիս եմ ու ողբում, որ դու՝ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղվածդ, Իր թանկագին Արյամբ փրկագնվածդ, ոչ մի արժեք չես ընծայում քո արժանապատվությանը, ո՛չ էլ այն վիթխարի գնին, որ վճարվել է քո համար։ Այլ՝ թվում է, որ դու վարվում ես այն խոզի նման, որ թավալվում է ցեխի մեջ. այդ կերպ դու թավալվում ես աղտոտության ցեխի մեջ։ Ինքդ քեզ դարձրել ես մեղքի աղախին և ստրուկ, քեզ որպես տեր ես ընտրել դևին, նրան ես ծառայում գիշեր ու ցերեկ։

Մտածիր, որ տերը ծառային տալիս է այն բաներից, որոնք ինքն ունի։ Եթե դու ծառայում ես դևին, դու մասնակցում ես նրա ունեցվածքին։ Արդ, ի՞նչ ունի դևը, դուստր իմ։ Խավա՛ր, փոթորիկնե՛ր, դառնությո՛ւն, վի՛շտ, տվայտանքնե՛ր ու չարչարանքնե՛ր։ Նրա վայրում կա լաց ու ատամների կրճտում, Աստծո տեսությունից զրկվածություն, մինչդեռ հենց այդ տեսության մեջ է կայանում հոգու երանությունը։ Այդ երանությունից զրկվեցին դևերն իրենց հպարտության պատճառով. և այդպես նաև նրանք, ովքեր հետևում են դևի կամքին, զրկվում են Նրա տեսությունից։ Արդ, սրանք են այն անտանելի տառապանքները, որոնք հայթայթում է հոգին, որ գնում է մահացու մեղքերի անիրավության ետևից։ Ոչ մի լեզու բավական չէ՝ պատմելու համար դա։

Ավա՜ղ, ավա՜ղ, երբ մտածում եմ, որ դու կորցրել ես քո Արարչի հիշատակը, և որ չես տեսնում այլևս, որ դարձել ես մարմնից կտրված անդամի նման, որը, կտրված լինելով, իսկույն չորանում է. այդպես նաև դու, մահացու մեղքի պատճառով Քրիստոսից կտրված ու բաժանված լինելով՝ դարձել ես ցամաքած ու չորացած փայտի նման, առանց և ո՛չ իսկ մեկ պտղի։ Այս կյանքում սկսել ես դժոխքի դաշինքը։ Այժմ դու չես մտածում, դուստր իմ, թե որքա՜ն ծանր է քո այս ստրկությունը, և թե այն որքա՜ն լի է թշվառությամբ. քո, որ այս կյանքում արդեն ունես դժոխքը, և որ խոսակցություն ես վարում զազրելի դևերի հետ։ Դո՛ւրս ելիր, դո՛ւրս ելիր այդ վտանգավոր ստրկությունից ու խավարից, որի մեջ նետել ես ինքդ քեզ։

Ավա՜ղ, եթե այնպես պատահի, որ դու դա չանես Աստծո սիրուց մղված, պետք է անես դա գոնե աշխարհի հանդեպ ամոթից ու խայտառակությունից մղված։ Արդ, դու մի՞թե չես տեսնում, որ դու այն կինն ես, որ տրվում է տղամարդկանց ձեռքը՝ վատնվելով գործածվելու, ստորացվելու, մարմինդ փչացնելու նպատակով։ Արդ, դու մի՞թե չես տեսնում, որ դու սիրված ես և սիրում ես մի առևտրական սիրով, որը քեզ մահ է հայթայթում. որ այնքան ես սիրում և այնքան ես սիրված, որքան որ իրենք քեզնից կամ դու իրենցից հաճույք կամ շահ եք ստանում։ Դեպի ո՛ւր որ ուղղում ես հաճույքդ ու նվիրումդ, դեպի այդտեղ ես ուղղում նաև սերդ, որը սակայն, այդպիսով, չի հիմնվում Աստծո մեջ, այլ՝ դևի։

Մտածիր, դուստր իմ, որ դու մի օր մեռնելու ես, և չգիտես, թե ե՛րբ։ Բայց մեր անուշ Փրկիչն ասել է. «Պատրաստ եղեք, որովհետև դուք չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը, որում դուք կանչվելու եք»։ Եվ Սուրբ Հովհաննեսն ասում է. «Նա կացինն արդեն դրել է ծառի արմատին։ Ինչի՞ համար, եթե ո՛չ՝ հատելու»։ Մտածիր, որ եթե այս պահին Գերագույն Դատավորը կանչի քեզ, դու գտնվում ես դևերի ձեռքում և դատապարտության վիճակում։ Ստիպված ես ներկայանալ, բայց չունես ինչ որ մեկը, որ պատասխանի քո փոխարեն. որովհետև նրանք, որ կարող են պատասխանել, օգնել քեզ և թիկունք կանգնել, – իսկ դրանք առաքինություններն են, – դու դրանք չունես։ Փոխարենը այդ ընկերներիդ ունես, որ մեղադրելու են քեզ ճշմարիտ Դատավորի առաջ. դրանք են աշխարհը, դևը և մարմինը, որոնց դու այդքա՜ն նվիրվածությամբ ծառայեցիր։ Դրանք մեղադրում են քեզ, քո մեծագույն ամոթով ու խայտառակությամբ բացահայտելով վիրավորանքները, որ դու հասցրել ես Աստծուն. դրանք դատապարտում են քեզ հավիտենական մահվան, քաշում են քեզ իրենց մոտ, ուր գտնվում են հրաբորբոք կրակը, ծծմբի գարշելի հոտը, ատամների կրճտումը, ցուրտը, տոթը, և խղճի որդը, որն անդադար խայթում է ու հանդիմանում, որովհետև տեսնում է, որ իր իսկ մեղքով զրկվել է Աստծո տեսությունից և արժանացել է դևերի տեսությանը։

Արդ, սա՛ է արժանիքը, որ դու շահում ես այն ծառայությամբ ու այն հոգնություններով, որոնց ենթարկվում ես՝ ծառայելու համար աշխարհին, դևին ու մարմնին. այս կյանքից իսկ սկսած դու սկսում ես ճաշակել դժոխքը։ Ուրեմն, քանի որ դու տեսնում ես, որ դրանք քեզ դարձնում են արժանի այդքա՜ն չարիքի, և զրկում են քեզ այդքա՜ն բարիքից, սուրբ ուժ գործադրի՛ր և բռնություն ինքդ քո վրա, ոտքի՛ կանգնիր այդքա՜ն թշվառությունից ու աղտոտությունից, դիմի՛ր քո Արարչին, որ կընդունի քեզ, միայն թե դու կամենաս թողնել մահացու մեղքը և վերադառնալ Շնորհի վիճակին։ Ես քեզ ասում եմ, ո՜վ քաղցրագույն դստրիկ իմ, որ եթե դու փսխես մեղքի աղտոտությունը սուրբ խոստովանությամբ, առաջադրանք դնելով քո առաջ՝ այլևս չընկնել և չվերադառնալ փսխածիդ. ասում է Աստծո քաղցր բարեգթությունը. «Ես խոստանում եմ քեզ, որ այլևս չեմ հիշի, որ դու ինձ երբևէ անարգել ես»։ Եվ իրոք այսպես է. որ նրան, ով զղջումով ու սրտի անկեղծ ցավով պատժում է իր մեղքը, Աստված նրան չի կամենում պատժել մյուս կյանքում։

Թող որ ծանր չթվա քեզ։ Շտապի՜ր դիմել այն անուշ Մարիամին, ով գթության ու ողորմության մայր է։ Նա քեզ կծածկի իր Որդյակի ներկայությանը, Նրան քո համար ցույց տալով կուրծքը, որով դիել է Նրան, կքելով Նրան դեպի քեզ՝ ողորմություն անելու։ Դու, իբրեւ դստրիկ ու աղախին՝ Արյամբ կրկին գնված, մտի՛ր այնժամ Աստծո Որդյակի վերքերի մեջ. ուր կգտնես այնքա՜ն հուր անճառելի սիրո, որը կայրի ու կվերացնի քո բոլոր թշվառություններն ու թերությունները։ Կտեսնես, թե ինչպե՛ս քեզ լոգանք կատարել կտա Իր Արյան ավազանի մեջ՝ լվանալու համար քեզ մահացու մեղքի բորոտությունից, ու դրա անմաքրությունից, որի մեջ չափազանց շատ ժամանակ մնացել ես։ Քեզնից չի զզվի քո անուշ Աստվածը։

Քեզ որպես ընկերակից ընտրիր և սովորիր այն քաղցր ու սիրահարված Մագդաղենացուց, ով, հազիվ թե կարողացավ տեսնել իր չարիքն ու թերությունը, և տեսավ իրեն դատապարտության վիճակում, և իսկույն ոտքի կանգնեց՝ Աստծուն անարգող բաների հանդեպ մեծագույն ատելությամբ և առաքինությունների հանդեպ սիրով, գնաց փնտրելու՝ ողորմություն գտնել կարողանալու համար։ Հստակագույն կերպով տեսավ, որ այդ ողորմությունն ա՛յլ տեղ չի կարող գտնել, եթե ո՛չ միայն՝ Քրիստոսի՝ անո՜ւշ Հիսուսի մեջ. և ուստի ինքը գնաց Նրա մոտ։ Եվ ուշադրություն չդարձրեց ո՛չ պատվին, ո՛չ էլ լուտանքներին, այլ՝ խոնարհաբար նետվեց Նրա ոտքերի առաջ։ Ուստի սիրո, վշտի ու դառնության շնորհիվ, կատարյալ խոնարհությամբ ստացավ իր մեղքերի թողությունը։ Եվ արժանացավ այն քաղցր խոսքը լսելու. «Մարիամ, գնա՛ խաղաղությամբ, և այլևս մի՛ մեղանչիր»։ Արդ, դու էլ այսպես վարվիր, դստրիկ իմ քաղցրագույն. շտապի՛ր Նրա մոտ։ Տե՛ս այդ խոնարհ արարքը Մագդաղենացու, որ նետվում է Նրա ոտքերի առաջ, ցույց տալով իր գորովը, ցույց տալով, որ դա անում էր սրտի զղջումով. և իրեն արժանի չի համարում կանգնել իր Վարդապետի հայացքի դիմաց։ Այսպես նաև դու, դո՛ւրս ել սրտով, գորովով ու մարմնով, և ընդարմացած մի՛ մնա այլևս, որովհետև դու ժամանակ չունես։ Քանի որ դու ժամանակ չունես, ժամանակին մի՛ սպասիր։

Պատասխանի՛ր խաչված Քրիստոսին, Ով կանչում է քեզ հեզ ձայնով, վազի՛ր Նրա անուշահոտ օծանելիքի բուրմունքի ետևից։ Ընկղմվի՛ր խաչված Քրիստոսի Արյան մեջ, որովհետև այդ կերպ կմասնակցես Արյանը։ Այսպես է բաղձում իմ հոգին՝ տեսնել քեզ, որ մասնակցում ես Արյանը, և որ դու անդամ լինես՝ շնորհով միացած քո գլխին՝ խաչված Քրիստոսին։

Եվ եթե դու ինձ ասես. «Ապրուստի միջոցներ չունենալն է ինձ ետ պահում», ես քեզ ասում եմ, որ Աստված կհոգա։ Ինչպես նաև լսել եմ քո արյունակից եղբորից, որ ուզում է օգնել քեզ բոլոր հարցերում։ Մի՛ ցանկացիր, ուրեմն, սպասել աստվածային դատաստանին, որը քո վրա կթափվի, եթե դա չանես։ Այլևս մի՛ ցանկացիր անդամ լինել դևին, ով քեզ գործածում է որպես իր թակարդը, որով որսում է մարդկանց։ Բավական չէ, որ դու չարիք ես գործում ինքդ քեզ, մտածիր նաև, թե քանի՜ քանիների համար պատճառ ես հանդիսանում, որ դժոխք ընկնեն։

Ուրիշ բան չեմ ասում։ Սիրի՛ր խաչված Քրիստոսին. և մտածիր, որ մեռնելու ես, և չգիտես ե՛րբ։ Մնա՛ Աստծո սուրբ ու անուշ վայելման մեջ։

Անո՜ւշ Հիսուս, սե՜ր Հիսուս, Մարիամ անո՜ւշ մայր։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։