« ՎԿԱՅԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎԿԱՅԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 25, Կարդինալ Պիետրո Դի Լունային ».

 

[...] Քրիստոսի՝ քաղցր Հիսուսի մեջ պատվագույն և շատ սիրելի Հայր, ես՝ Կատարինես, Հիսուս Քրիստոսի ծառաների աղախինս ու ստրկուհիս, գրում եմ Ձեզ Իր թանկարժեք Արյան մեջ, փափագելով տեսնել, որ Դուք անկեղծորեն սիրում եք քաղցր ճշմարտությունը։ [...]

Այդ Արյան մեջ է, որ ճանաչում ենք ճշմարտությունը՝ Ամենասուրբ Հավատքի լույսի ներքո, որով լուսավորվում է մտքի տեսողությունը։ Այնժամ հոգին բոցավառվում ու սնվում է այս ճշմարտության սիրո մեջ. և ի սեր ճշմարտության՝ կնախընտրեր մեռնել, քան թե մոռացության մատնել ճշմարտությունը։

Այն չի լռում ճշմարտությունը, երբ խոսելու ժամանակն է, քանի որ չի վախենում աշխարհի մարդկանցից. չի վախենում կյանքը կորցնելուց, քանի որ տրամադիր է տալու այն հանուն ճշմարտության սիրո։

Միայն Աստծուց է վախենում։ Ճշմարտությունը բարձր ձայնով է հանդիմանում, որովհետև ճշմարտությունն իրեն որպես ընկեր ունի սուրբ արդարությանը, որը մի թանկարժեք մարգարիտ է, որ պետք է փայլի յուրաքանչյուր բանավոր արարածի մեջ։ [...] Ճշմարտությունը լռում է, երբ լռելու ժամանակն է. և լռելով՝ աղաղակում է համբերության ձայնով, քանի որ գիտի, չի անգիտանում, այլ՝ կշռադատում և ճանաչում է, թե որտե՛ղ է գտնվում Աստծո պատիվն ու հոգիների փրկությունը։ Ո՜վ հույժ թանկագին Հայր, բոցավառ սիրով հետևեցեք այս ճշմարտությանը։ [...]

Խնդրում եմ Ձեզ, ի սեր Խաչյալ Հիսուսի և հանուն անուշ Արյան՝ հոգու այդքա՜ն ջերմ մղմամբ հեղված, որ դառնաք ճշմարտության փեսան, կատարելու համար Աստծո կամքը Ձեր մեջ և իմ հոգու իղձը, որ ուզում է տեսնել, թե ինչպե՜ս եք իսպառ սիրում ճշմարտությունը։

Ավարտելով. մնացե՛ք Աստծո սուրբ ու անուշ սիրո մեջ։

Ո՜վ քաղցր Հիսուս, ո՜վ սեր Հիսուս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։