« ՊՈՂՈՍԸ ԶԳԵՍՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԽԱՉՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՊՈՂՈՍԸ ԶԳԵՍՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԽԱՉՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՈՎ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Քրիստոսին կերպարանակից լինելու պարգևը », LIII, 83.

 

[...] [Սրբուհի Կատարինեն լսում է Աստծո ձայնը, որն իրեն ասում է.] «Պողոսը, կավե անոթի նման, թույլատրեց, որ իմ Բարությունը կաղապարի ու ձևավորի իրեն, առանց որևէ դիմադրության։ Երբ հարվածեցի իրեն, ա՛յլ խոսքեր չունեցավ, եթե ո՛չ միայն՝ ասելու համար. "Տե՜ր, ի՞նչ ես կամենում, որ ես անեմ։ Ասա՛ ինձ, թե ի՛նչ ես կամենում, որ ես անեմ, և կանեմ"։ Եվ այսպես՝ ուսուցանեցի նրան, նրա աչքերի առաջ դնելով Խաչված Քրիստոսին, նրան իմ Ճշմարտության վարդապետությամբ զգեստավորեցի. կատարյալ կերպով լուսավորեցի նրան ճշմարիտ զղջման լույսով, որ հիմնված է իմ սիրո վրա, որը և ջնջեց նրա մեղքը։ Այդուհետև, նա ա՛յլ վարդապետություն չճանաչեց, եթե ո՛չ միայն՝ Խաչված Քրիստոսինը (հմմտ. 1Կր 2, 2)։

Նրանից կառչեց այնքա՜ն սերտ կերպով, որ ոչինչ չկարողացավ բաժանել նրան դրանից, ո՛չ սատանայի հարձակումները, ո՛չ մարմնի փորձությունները, որոնց ենթակա մնաց իմ Բարության թույլտվությամբ, որն այդ պայքարների միջոցով կամենում էր նրան է՛լ ավելի աճել տալ արժանիքի ու շնորհի մեջ և պահպանել նրան խոնարհության մեջ, նրան իմ Երրորդության վսեմությունը վայելել տալուց հետո։

Նա այլևս երբեք իր վրայից չհանեց այս զգեստը, նրանից չբաժանվեց և ո՛չ իսկ մի վայրկյանով։ Հալածանքներ, տանջանքներ, նեղություններ, ամեն ինչ կրեց, նախընտրելով դրանք, Խաչի Վարդապետությունից հրաժարվելու փոխարեն։ Այնքա՜ն լավ էր յուրացրել այն, որ նախընտրեց իր կյանքը զոհընծայել, քան թե դրանից մերկանալ, և այդ զգեստով է, որ վերադարձավ իմ՝ Հավիտենական Հոր մոտ»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։