« ՊԻՏԻ ՍԻՐԵՍ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ, ԵՎ ՔՈ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ » – Գրադարան – Mashtoz.org

« ՊԻՏԻ ՍԻՐԵՍ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ, ԵՎ ՔՈ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Հոգևոր կշռադատության մեջ նրբանկատության պարգևը », Երկխոսություն Աստվածային Նախախնամության մասին, գլուխ 6.

 

[...] [Սրբուհի Կատարինեն լսեց, թե ինչպե՛ս էր Աստված իրեն ասում.] Ուզում եմ, որ դու իմանաս, որ բոլոր առաքինություններն ու բոլոր թերությունները գործադրվում են մերձավորի միջոցով։ Ով թշնամական կեցվածք ունի իմ հանդեպ, վնասում է մերձավորին և ինքն իրեն, որ իր գլխավոր մերձավորն է։ Եվ նրան վնասում է ընդհանուր առմամբ և մասնավոր։ Ընդհանուր առմամբ, որովհետև պարտավոր եք սիրել ձեր մերձավորին ինչպես ինքներդ ձեզ, պարտականությունն ունենալով օգնության հասնելու նրան աղոթքով, խոսքով, խորհրդով, և օգնելով նրան հոգեպես ու մարմնապես՝ նրա կարիքների համաձայն։ Իսկ եթե չեք կարող անել դա շոշափելի կերպով, որովհետև միջոցները չունեք, պետք է անեք դա ըղձալով։

Ինձ չսիրելով՝ անհնարին է սիրել մերձավորին։ Նրան չսիրելով՝ մարդն օգնության ձեռք չի երկարում և, միաժամանակ, վնասում է ինքն իրեն։ Ինքնակամ զրկվում է իմ շնորհից, մինչ զրկում է մերձավորին՝ չտալով նրան աղոթքներ ու բարեպաշտ ցանկություններ, որոնք պետք է ընծայվեն նրա համար։ Մերձավորին տրված յուրաքանչյուր օգնություն պետք է բխի նրա հանդեպ սիրուց, հանուն իմ սիրո։

Նմանապես կարելի է ասել, որ չկա մոլություն, որ չհասնի մերձավորին. քանի որ ինձ չսիրելով՝ մարդը հեռանում է սիրուց, որ պարտավոր է տածել մերձավորի հանդեպ։ Եվ բոլոր չարիքները բխում են [այս բանից]. որովհետև հոգին ինքնակամ զրկվում է իմ և մերձավորի հանդեպ սիրուց։ Այլևս բարին չգործելով, դրանից հետևում է, որ գործում է չարը։ Եվ ո՞ւմ դեմ է գործում չարը։ Առաջին հերթին՝ ինքն իր դեմ, ապա մերձավորի։ Ինձ չէ, որ վատություն է անում, քանի որ չարիքը չի կարող հասնել ինձ. հասնում է ինձ [միայն այն պատճառով], որ անձամբ ինձ արված եմ նկատում այն, ինչ արվում է մերձավորին։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։