« ՈՒՌԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՏՔԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ԳՑԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՒՌԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՏՔԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ԳՑԵԼ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Ողորմության նախախնամությունը », 12, 146.

 

[...] [Սրբուհի Կատարինեն լսեց, թե ինչպե՛ս էր Աստված իրեն ասում.] Շատ թանկագին դուստր, Ավետարանում պատմվում է, որ երբ իմ Ճշմարտությունը փառավոր առաքյալ Պետրոսին հրամայեց ուռկանները ծովը գցել, Պետրոսը պատասխանեց, որ ամբողջ գիշեր ջանք էին թափել և ոչինչ չէին որսացել (Ղկս 5, 5), բայց – հավելեց – դրանք Քո խոսքի վրա կրկին ծովը կգցեմ։ Եվ արե՛ց. և այնպիսի՜ մեծ քանակությամբ ձկներ որսաց, որ չէր կարողանում ուռկանը միայնակ ջրից դուրս քաշել և կարիքը զգաց մյուս աշակերտներին էլ օգնության կանչել։ Դիտի՛ր Պետրոսի այս արարքը։ Հենց նոր նկարագրված իրականության մեջ մի այլաբանական պատկեր կբացահայտես, և կհասկանաս, – այն ամենի օգնությամբ, որ ասացի քեզ, – որ այդ պատկերը վերաբերվում է քեզ։ [...]

Պետրոսը, ասացի քեզ, Բանի(*) հրամանով է ուռկանը գցում. հետևաբար՝ հնազանդ լինելով, կենդանի հավատքով է, որ ձուկ էր որսալու, և իրոք՝ շատ ձկներ որսաց. բայց դա գիշերվա մեջ չեղավ։ Գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում այդ գիշեր ժամանակը։ Դա մահացու մեղքի խավարաշատ գիշերն է, որի մեջ գտնվող հոգին զրկված է շնորհի լույսից։ Այդ գիշերվա մեջ գտնված ժամանակ հոգին ոչինչ չի կարողանում որսալ, որովհետև ցանկության ուռկանները գցում է ո՛չ թե կյանքի օվկիանոսի մեջ, այլ՝ մեռյալ ծովի, ուր ա՛յլ բան չի գտնում, եթե ո՛չ միայն՝ սխալը, որը ոչի՛նչ է։ Ապարդյուն կերպով է հոգնում, իր բոլոր ջանքերն ի զուր են։ Նրանք, ովքեր նման հոգնություններ են իրենց վրա վերցնում, մարտիրոսներն են դառնում դևի, և ո՛չ թե՝ խաչված Քրիստոսի։

Բայց, երբ հասնում է ցերեկը, երբ հոգին դուրս է գալիս մեղքի գիշերվա միջից՝ վերստին ստանալու համար շնորհի լույսը, իր հոգու մեջ միաժամանակ վերագտնում է օրենքի հրամանը, որն ասացի. ոռկաններն իմ Որդու խոսքի վրա գցելու, սիրելով ինձ ամեն ինչից վեր և մերձավորին սեփական անձի պես։ Այդ պահից սկսած, հպատակվելով՝ հավատքի լույսի ներքո, հաստատուն վստահությամբ ուռկանները գցում է Նրա խոսքի վրա և հետևում է սիրո անույշ Բանի ու Նրա աշակերտների ուսուցմանն ու օրինակին։ [...]

 

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։