« ԴԺՈԽՔԻ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԱՆԳԱՄ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԴ ՇՈՂՈՒՄ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԴԺՈԽՔԻ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԱՆԳԱՄ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԴ ՇՈՂՈՒՄ Է »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Մարդացյալ Բանի(*) պարգևը », գլուխ ԺԴ, թիվ 30.
 
 
[...] Ո՜վ հավիտենական Ողորմություն, որ ծածկում ես Քո արարածների հանցանքները։ Այլևս չեմ զարմանում, որ նրանց, ովքեր մահացու մեղքի միջից դուրս են գալիս՝ Քո մոտ վերադառնալու համար, Դու ասում ես. «Չեմ հիշում, թե դու ինձ երբևէ անարգել ես»։ Ո՜վ անճառելի Ողորմություն, այլևս չեմ զարմանում, որ Դու այս խոսքն ես ասում նրանց, ովքեր դուրս են գալիս մեղքի միջից, երբ լսում եմ, թե ինչպես ես Դու նրանց, ովքեր հալածում են Քեզ, ասում. «Կամենում եմ, որ դուք աղոթեք ինձ նրանց համար, որպեսզի ես ողորմեմ նրանց»։ [...]
Քո ողորմությունը տալիս է կյանքը, և տալիս է լույսը, որը մեզ ճանաչել է տալիս Քո ողորմությունը, որ սնում ես յուրաքանչյուր արարածի՝ արդարների ու մեղավորների հանդեպ։ Երկնային բարձունքներում ողորմությունդ շողարձակ փայլում է Սրբերիդ մեջ։ Եթե նայում եմ երկրին, ողորմությունդ հորդում է։ Դժոխքի խավարի մեջ անգամ ողորմությունդ շողում է, դատապարտվածներին կրել չտալով այնքան մեծ տվայտանքներ, որքան որ մեծ են նրանց հանցանքները։ Ողորմությունդ առավել քաղցր է դարձնում Քո արդարությունը։ Ողորմությամբ է, որ լվացիր մեզ Արյան մեջ, ողորմությամբ է, որ կամեցար զրուցել արարածներիդ հետ։ [...]
Ո՜վ Ողորմություն։ Սիրտս բոցավառվում է, երբ մտածում եմ Քո մասին։ Դեպի ո՛ր կողմ էլ միտքս պտտվի, միայն ողորմություն եմ գտնում։ Ո՜վ Հավիտենական Հայր, ների՜ր իմ անգիտությունը, եթե այնքա՜ն հավակնոտ եմ, որ համարձակվում եմ խոսել Քո առաջ։ Ողորմությանդ սերը կլինի իմ արդարացումը Բարությանդ առջև։ [...]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։