« ՈՂՈՐՄԱԾ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՈՂՈՐՄԱԾ Է ՁԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀԱՅՐԸ » (Ղկս 6, 36) – Գրադարան – Mashtoz.org

« ՈՂՈՐՄԱԾ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՈՂՈՐՄԱԾ Է ՁԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀԱՅՐԸ » (Ղկս 6, 36)

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Դու մշտավառ հուրն ես » գրությունից.

 

[...] Ո՜վ անճառելի սեր։ Ո՜վ քաղցր սեր։ Ո՜վ հավիտենական սեր։ Դու մշտավառ հուրն ես։ Ո՜վ գերապանծ և հավիտենական Երրորդություն, արդարությունն ես անսխալ, պարզությունն ես անստվեր. անկեղծությունն ես առանց հնարավոր դիմակի։ Ողորմությանդ հայացքն ուղղի՜ր Քո արարածների վրա։ Հասկանում եմ, որ ողորմությունը բնորոշ կերպով Քոնն է, և ո՛ր կողմ էլ շրջվելու լինեմ, ա՛յլ բան չեմ գտնում, եթե ո՛չ միայն՝ Քո ողորմությունը։ Ահա՛ թե ինչո՛ւ դիմում եմ Քեզ, ողորմությանդ առաջ գոչում եմ. Ո՜վ Աստված, ողորմությո՜ւն արա աշխարհին։

Դու կամենում ես, ո՜վ Հայր հավիտենական, որ ծառայենք Քեզ Քո կամքի համաձայն, և Դու Ինքդ սահմանում ես ճանապարհները Քո ծառաների։ Մեր գործն է ուսուցանելը, որ ոչ մի կերպ չենք կարող դատել արարածներից որևէ մեկի ներքին վիճակը՝ իր արտաքին գործերից մեկնելով, այլ՝ որ պետք է հիմնվենք Քո կամքի վրա, հատկապես Քո ծառաների դեպքում, որոնք միացած են Քո այս կամքին և նրա մեջ փոխակերպված են։

Նաև երջանիկ է քրիստոնյան, որը Քո լույսի մեջ դիտում է Քո ծառաների անսահմանորեն տարբեր ճանապարհներն ու գործերը. ի՛նչ արահետ էլ որ բռնելու լինեն, բոլորն էլ սրընթաց ընթանում են Քո սիրո կրակի ճանապարհի վրա, այլապես՝ իսկապես հետևած չէին լինի Քո ճշմարտությանը։ [...]

Ո՜վ հավիտենական Աստվածություն։ Որքա՜ն ճշմարիտ է, որ ողորմությունը բնորոշ կերպով Քոնն է։ [...] Ողորմությամբ, այսօր իսկ, մի՞թե չկամեցար ճանաչել տալ ինձ, ինձ՝ թշվառիս, որ ոչինչ չենք կարող դատել բանական արարածի դիտավորությունների հարցում։ Որովհետև անսահմանության չափ տարբեր են ճանապարհները, որ նրանց համար գծում ես Քո կողմից հաստատված չափի համաձայն, ինչպես որ ցույց տվեցիր ինձ իմ իսկ անձնական օրինակով։

Թող որ երախտագիտություն մատուցվի Քեզ, ի՜մ Աստված։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։