« ԼԵՌՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԻՋՈՑՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԼԵՌՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԻՋՈՑՈՎ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 125, Եղբայր Յ. Փադովացուն », 79.

 

[...] Մեր անուշ Փրկիչն ասել է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենայիք, կկարողանայիք այս լեռանը ասել. "Տեղափոխվի՛ր", և այն կտեղափոխվեր» (հմմտ. Մտթ 17, 19)։

Այո՛, իմ շատ թանկագին Հայր, կարծում եմ, որ սա ճշմարտությունն է, քանի որ, երբ հավատարիմ հոգին իր ողջ հավատքն ու հույսը դնում է Սրբազնասուրբ Խաչի փայտի վրա, ուր գտնում ենք Աստվածային Սիրո հրով սպառված Գառանը, ձեռք է բերում մի այնքա՜ն մեծ հավատք, որ չի լինի ո՛չ մի լեռ, այսինքն՝ մեղք, լեռ՝ հպարտության, անգիտության, կամ ծուլության, որ նա չկարողանա տեղափոխել Սրբազնասուրբ Խաչի զորությամբ։

Մեր կամքը կտեղափոխի լեռը մոլությունից առաքինության, ծուլությունից՝ ջերմեռանդության, հպարտությունից՝ ճշմարիտ ու կատարյալ խոնարհության։ Դիտելով մինչև մարդու մոտ խոնարհված Աստծուն, տեղից վեր կհանենք անգիտության լեռը և կխոնարհվենք ճշմարիտ ու կատարյալ ինքնաճանաչման մեջ. կտեսնենք, որ ոչինչ ենք և որ ոչինչ չարժեցող գործեր ենք միայն անում։ Այդ ժամանակ հոգին գտնում է իր մեջ Աստծո բարության ու Նրա բոցավառ սիրո փաստերը. տեսնում է, որ այդ բոցավառ սիրով սիրված է եղել ստեղծված լինելուց առաջ արդեն։ [...]

Այսպիսով հոգին փաստում է, որ իր հավատքը կենդանի է և ո՛չ թե մեռած. ցույց է տալիս, որ իր կամքը կերպարանակից է դարձրել Աստծո կամքին։ Լեռներին հրամայել է տեղից վեր կենալ և լեռները վեր են կացել։ Հզորացել է՝ կերպարանակից դառնալով Աստծո սուրբ կամքին։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։