ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՄԻԱԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՄԻԱԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ

Տե՜ր Հիսուս իմ, այս կյանքիս ընթացքում դեպի ո՞ւր ուղղեմ վստահությունս, կամ որտե՞ղ գտնեմ մխիթարությունս այս աշխարհում: Մի՞թե Դու չես, Աստվա՜ծ իմ, անթիվ ու անքանակ ողորմությունների Տերը: Որտե՞ղ կարողացա ապահով լինել առանց Քեզ, և ընդհակառակն՝ որտե՞ղ ապերջանիկ եղա Քո հետ: Նախընտրում եմ աղքատ լինել ի սեր Քո, քան հարուստ՝ առանց Քեզ: Նախընտրում եմ պանդուխտ լինել Քո հետ երկրի վրա, քան դրախտը վայելել առանց Քեզ: Ուր Դու ներկա ես, այնտե՛ղ է Երկինքը, մինչ՝ ուր բացակա ես, մահն է տիրում ու դժոխքը: Դո՛ւ ես փափաքներիս միակ առարկան, ոչ ոք չի կարող կարիքներիս մեջ ավելի լավ օգնություն ընծայել ինձ, քան միայն Դու, Աստվա՜ծ իմ, Քո Սուրբ Սրտի սիրով: «Դո՛ւ ես իմ հույսը» (Սղմ 141, 6), իմ վստահությունը, մխիթարիչս ու ամեն ինչում հավատարիմ Ընկերս: Դո՛ւ ես միայն, որ մտածում ես փրկությանս ու հավիտենական օգուտիս մասին, և որ ամեն բան ծառայեցնում ես իմ բարիքին:

Դո՛ւ ես, ուրեմն, Տե՜ր, իմ հույսն ու ապավենը. Քե՛զ եմ վստահում իմ բոլոր նեղություններն ու տրտմությունը, որովհետև Քեզնից դուրս ամեն բան տեսնում եմ սասանելի ու անհաստատ: Չեն կարող օգնել բազում ընկերները, չեն կարող պաշտպանել հզոր թիկնապահները, չեն կարող գործնական պատասխան տալ խորագետ խորհրդականները, չեն կարող սփոփել իմաստունների գրությունները, չեն կարող ազատել թանկարժեք առարկաները, և ո՛չ էլ գաղտնածածուկ անձավները կարող են ապահովություն խոստանալ, եթե Դու զորավիգ չլինես, չօգնես, չմխիթարես, չսփոփես, չուսուցանես ու չպաշտպանես: Այն բոլոր իրողությունները, որ թվում է թե հայթայթում են մեզ անդորր ու երջանկություն, ոչի՛նչ են առանց Քեզ, և ոչնչով չեն ծառայում խաղաղությանը: Դու Ինքդ ես, հետևաբար, նպատակակետը բոլոր բարիքների, լիությունը կյանքի և խոսքի խորքը: Եվ ծառաներիդ միակ վիթխարի մխիթարությունը ամեն ինչից վեր Քեզ հուսալու մեջ է կայանում:

«Աչքերս դեպի Քեզ են սևեռված, Քեզ եմ վստահում, Աստվա՜ծ իմ, Հա՜յր գթությանց» (Սղմ 140, 8; 23, 2; 2Կր 1, 3): Երկնային օրհնությամբդ օրհնի՜ր և սրբի՜ր հոգիս, որպեսզի սուրբ բնակավայր դառնա Քո համար, և գահ՝ հավիտենական փառքիդ: Եվ թող որ ոչինչ չգտնվի լույսիդ տաճարում, որ կարող լինի տհաճություն պատճառել վեհությանդ հայացքին: Դեպի ինձ հայի՜ր «ըստ Քո բազում գթության և ըստ Քո մեծ ողորմության» (Սղմ 50, 3): Ընդունի՜ր ծառայիդ աղոթքը, որ արտաքսված նետված է մահվան ստվերներով ծածկված այս հովտի մեջ: Պաշտպանի՜ր և փրկի՜ր հոգին փոքրիկ ծառայիդ՝ ընդմեջ այս անցողիկ կյանքի անդնդային վտանգների, և շնորհիդ գավազանով առաջնորդիր ինձ խաղաղության արահետներով, դեպի հայրենիքն անմայրամուտ լույսի։ Ամեն:

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։