ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈ ԱԿՈՒՆՔԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈ ԱԿՈՒՆՔԻՆ

Բարությանդ ու մեծ ողորմությանդ վստահելով, Տե՜ր Հիսուս իմ, մոտենում եմ Քեզ, հիվանդս՝ Փրկչիդ, քաղցածս ու պապակս՝ կյանքի Աղբյուրիդ, մուրացիկս՝ երկնքի Թագավորիդ, ծառաս՝ Տիրոջդ, արարածս՝ Արարչիդ, վշտահարս՝ գթառատ Մխիթարչիդ: Որտեղի՞ց է ինձ այս երանությունը, որ Դու գալիս ես դեպի ինձ՝ Սուրբ Սրտիդ անծայրածիր սիրով: Ո՞վ եմ ես, որ նվիրվում ես ինձ: Ինչպե՞ս կարող եմ ես՝ մեղավորս ներկայանալ Քեզ: Իսկ Դու, ինչպե՞ս կարող ես բարեհաճել հյուրընկալվել ինձնից: Դու ճանաչում ես ծառայիդ, և գիտես, որ նրանում չկա բարի ոչինչ, որով արժանի լինի այս շնորհիդ: Այս իսկ պատճառով, չեմ կարողանում ուրիշ ոչինչ անել, եթե ոչ միայն՝ խոստովանել անարժանությունս, ճանաչել բարությունդ, փառաբանել ողորմածությունդ և երախտագիտությունս հայտնել Քեզ այսքա՜ն վիթխարի սիրույդ համար: Այս բոլորը կատարում ես զուտ գթությունիցդ մղված, առանց ուշադրություն դարձնելու գոյություն չունեցող արժանիքներիս, որպեսզի բարությունդ առավել հայտնի լինի, առավել ընդարձակորեն սերը գրավի էությունս, և որպեսզի միշտ ավելի հոգեհարազատ դառնա ինձ խոնարհությունը: Եվ քանի որ Դու այսպես ես կամենում, և այսպես պատվիրեցիր, որ կատարվի, ինձ նույնպես հաճելի է կամքդ:

Ո՜վ քաղցրագույն ու ամենաբարի Հիսուս, ինչպիսի՜ մեծարանք, երախտագիտություն և անդադար փառատրություն ենք պարտական Քեզ, Ամենասուրբ Մարմնիդ հաղորդվելու համար, որի մեծվայելչությունը բացատրելու կարող մարդ չկա: Ի՞նչ լավագույն ու փրկարար զգացում սնուցեմ ինձնում, քան Քո առջև լիովին խոնարհվելն ու փառավորելը Քո անսահման բարությունն իմ հանդեպ: Օրհնո՜ւմ եմ Քեզ, Աստվա՜ծ իմ, և գովում հավիտյան: Ահա՛ Դու Սրբությունն ես Սրբերի: Ահա՛ Դու երկնքից խոնարհվում ես դեպի ինձ: Ահա՛ Դու ընդառաջ ես ելնում ինձ, հրավիրում ես ինձ ճաշկերույթիդ: Փափաքում ես սնել ինձ երկնային կերակուրով, «հրեշտակների հացով» (Սղմ 77, 25), ուրիշ ոչնչով, եթե ոչ՝ Քեզնով միայն, «Հաց կենդանի, երկնքից իջած, կյանք աշխարհի» (Հվհ 6, 33. 51-52):

Ահա՛ թե որքա՜ն բարություն է շողարձակվում այնտեղ, ուր բխում է Սերը: Այս բոլորի համար, երախտագիտության ինչպիսի վա՜ռ զգացումներ, ի՜նչ գոհություններ ենք պարտական Քեզ: Քանի՜ցս անսահման է զորությունդ, քանի՜ցս աննկարագրելի՝ Քո ճշմարտությունը: Միայն մեկ խոսք արտասանեցիր և արարվեցին բոլոր գոյությունները. կատարվեց այն, ինչ հրամայեցիր: Դու, Տե՜ր բոլոր գոյությունների, որ ոչ ոքի կարիքը չունես, բայց որ այնուամենայնիվ կամեցար մեր մեջ բնակվել շնորհիվ Սիրույդ Խորհրդի, անարատ պահիր իմ ողջ էությունը հավիտենական Արքայությանդ համար:

Ցնծա՜, հոգի՜ իմ, և երախտագիտությունդ հայտնիր Աստծուն այս վեհ պարգևի ու այս եզակի մխիթարության համար, որ տրված է քեզ արցունքների այս հովտում, որովհետև մասնակից ես դառնում Փրկչի արժանիքներին: Հիսուսի սերը չի նվազում երբեք, և Նրա քավիչ ներգործության լայնածավալությունը նույնպես՝ անհնարին է սպառել, կարծես Աստված այսօր առաջին անգամ լինելով է իջնում մարդանալու, և մարդկության փրկության համար ճիշտ այս պահին է գամվում Խաչին, չարչարվում ու մահանում քո ու բոլորի համար:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։