ԿԱՐՈՏԱԼԻ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԿԱՐՈՏԱԼԻ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Աստծո Սուրբ Սրտի սիրով մշտապես հագեցած ո՜վ երանավետ բնակավայր վերին Արքայության, ո՜վ շողարձակ օր հավիտենության, անմայրամուտ, գերագույն ճշմարտությունից ճառագայթված. օր հարազվարթ, միշտ ապահով ու անփոփոխ: Ա՜հ, երանի՜ թե արդեն իսկ ծագած լիներ այդ օրը, և այս բոլոր վաղանցուկ իրողությունները մայր մտած լինեին: Այդ գեղեցիկ օրն արդեն փայլում է Սրբերի համար հավիտենական պայծառությամբ: Երկրաբնակ աքսորականներս ենք միայն, որ նշմարում ենք այն հեռվից, հայելային ցոլացմամբ կարծես:

Երկնաքաղաքացիները ճաշակում են քաղցրությունն այդ օրվա։ Ա՜հ, ե՞րբ են վերջանալու այս կյանքի չարիքները, ե՞րբ եմ ես էլ ազատվելու կրքերի թշվառ ստրկությունից. ե՞րբ եմ, Տե՜ր, կատարելապես երջանիկ լինելու Քեզնում. ե՞րբ եմ ունենալու խաղաղություն կայուն, անխռով ու ապահով, խաղաղություն ներքուստ և արտաքուստ. ե՞րբ վերջիվերջո կտեսնեմ Քեզ, Հիսո՜ւս, և Սուրբ Սրտիդ սիրո մեջ ընկղմված՝ կհիանամ Արքայությանդ փառքով. ե՞րբ կլինես իմ համար ամեն ինչ ամեն ինչում. ե՞րբ կլինեմ Քո հետ Արքայությանդ մեջ:

Մխիթարի՜ր աքսորս, դարմանի՜ր վիշտս, Սուրբ Սիրտ Հիսուսի, որովհետև բոլոր փափաքներս դեպի Քեզ են ուղղված միայն: Աստվա՜ծ իմ, «մի՛ հեռացիր ինձնից» (Սղմ 70, 12) և «բարկանալով մի՛ լքիր ինձ՝ ծառայիդ» (Սղմ 26, 9): Զորավի՜գ եղիր ինձ, Ճշմարտությո՜ւն հավիտենական, որպեսզի ոչ մի ունայնություն չկարողանա հմայել ինձ կամ հրապուրել: Ե՜կ, երկնային Քաղցրությո՜ւն, ների՜ր ինձ և գթառատ եղիր իմ հանդեպ:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։