ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Ամենասիրելիդ իմ Հիսուս, այսօրվա սրտիցս բխած առաջին հառաչանքը Քեզ եմ ուղղում, և աղերսում եմ Քեզ, որ արժանացնես ինձ Քո փառքի համար ընդունել իմ այսօրվա բոլոր գործերը, և դրանք Քո ամենասուրբ Սրտի մեջ ուղղելով, մաքրելով ու սիրելով՝ միացնես դրանք Քո անթիվ արդյունքներին, և բոլորը միասին երկնավոր Հորդ մատուցես՝ Իր հավիտենական փառաբանության համար։

Ո՜վ ամենաքաղցր Սիրտ իմ Հիսուսի,
Երանի՜ թե բնավ խոցած չլինեի քեզ.
Քեզ եմ ընծայում սիրտն իմ զղջացած,
Որպեսզի սիրի քեզ միշտ և հավիտյան։

Ո՜վ Սուրբ Սիրտ իմ Հիսուսի, պաշտում եմ քեզ հոգուս ողջ կարողությամբ, և անձս քեզ եմ նվիրաբերում ՝ բոլոր մտքերիս, խոսքերիս, գործերիս և իմ ողջ էությանս հետ միասին։ Ո՜վ երկնային Սիրտ, կամենում եմ մատուցել քեզ սիրո ու փառքի այն բոլոր իղձերը, որոնք դու ինքդ մատուցում ես քո հավիտենական Հորը։ Ո՜վ զարմանահրաշ Սիրտ, դու եղիր քավիչն իմ անթիվ մեղքերի, պաշտպանն իմ կյանքի, հովանի ու ապավեն՝ մահվանս պահին։ Փոխանակ այն վշտերի ու դառնությունների, որոնք Հիսուսի կյանքի ամբողջ ընթացքին կրեցիր ի սեր իմ, ինձ կատարյալ զղջում շնորհիր գործածս մեղքերի համար, մինչև կյանքիս վերջին շունչը, վերջնական հարատևություն՝ շնորհներիդ մեջ, բոլոր տեսանելի իրողությունների հանդեպ կապվածությունից ազատում, հավիտենական փառքի հանդեպ եռանդուն փափաք, և դրան հասնելու անսասան վստահություն՝ քո անսահման արժանիքների զորությամբ։

Ո՜վ ամենասիրելի Սիրտ Հիսուսի, այս խոնարհ ու եռանդուն խնդրանքս ո՛չ թե միայն իմ անձի համար եմ քեզ մատուցում, այլ՝ նաև նրանց, ովքեր իմ հետ միացած են քեզ հարգելու և մեծարելու։ Ընդունի՜ր նրանց, լսի՜ր նրանց՝ քո անհուն գթությամբ, և մանավանդ՝ ողորմիր այն անձին, ով մեր միջից առաջինն է հասնելու հավիտենական Հայրենիք։ Ո՜վ ամենաքաղցր Սիրտ Հիսուսի, այդ երանելի հոգուն պարգևի՜ր մահվան հետին դառնությունների մեջ քո անսպառ շնորհների անբավելի քաղցրությունը։ Մտցրո՜ւ նրան տիգախոց կողիդ վերքի մեջ, որպեսզի այդ սիրո հնոցի մեջ մեղքի բոլոր աղտեղություններից սրբվելով՝ թռիչք առնի դեպի երկինք և քո առաջ բարեխոսի մեր՝ մնացողներիս համար։

Այս հարգանքս ու աղոթքս կամենում եմ կրկնել քեզ, ո՜վ ամենագթած Սիրտ, իմ և բոլոր ջերմեռանդ հոգիների համար, յուրաքանչյուր շնչիս հետ, մինչև մահվանս վերջին օրը։

Քեզ եմ հանձնում դարձյալ, ո՜վ ամենագութ Սիրտ իմ Հիսուսի, Սուրբ Եկեղեցին՝ քո երջանիկ Հարսդ և մեր սիրելի Մայրը, արդարներին, մեղավորներին, և մանավանդ հոգեվարքի մեջ գտնվողներին և բոլոր մարդկանց. դու ինքդ շնորհիր, որ ապարդյուն չկորի այն աստվածային Արյան անհուն գինը, որ Խաչի վրա հեղվեց բոլորի փրկության համար. դու ինքդ շնորհիր դարձյալ, հավիտենական հանգիստը՝ քավարանի հոգիներին, և մանավանդ՝ քո հանդեպ ջերմեռանդ եղողներին։

 

Ամենասիրելի Սիրտ Մարիամի, որ բոլորի սրտերից ավելի ես նմանվում Հիսուսի Սրտին, և նրա չափ գթառատ ես մեղավորների նկատմամբ, աղաչում եմ քեզ, դու կատարիր իմ խնդրանքը։

Ո՜վ ամենասիրելի Մայր իմ Մարիամ, ամենաքաղցր Սրտիդ միայն մի ակնարկը, միայն մի հառաչանքը՝ ուղղված Հիսուսի Սուրբ Սրտին, մեզ լիովին կմխիթարի։ Աղաչում ենք քեզ, մի՛ մերժիր մեզ, որովհետև անհնարին է, որ Նա Ինքը կարենա մերժել քո մայրական խնդրանքիդ։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։