« ԲԱՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՉԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԱՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՉԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ »

Հայրախոսական շրջանի մի Անանուն Հեղինակի « Մատթեոսի Ավետարանի անավարտ մեկնություն » (« Opus imperfectum in Matthaeum ») աշխատությունից, Ճառ ԻԶ. (PG 56)
 

[...] Կա մի բարի խաղաղություն և կա մի չար խաղաղություն։ Բարի խաղաղությունն իրականանում է բարի ու արդար հավատացյալների միջև, այնպես՝ որ նրանք, որոնց մեջ առկա է մեկ միակ հավատքի պարգևը, առկա լինի նաև կյանքի մեկ միակ համերաշխություն։ Հավատքը ծնվում է Աստծո խոսքի զորությամբ, բայց պահպանվում է խաղաղության միջոցով, և սնուցվում՝ սիրո, Առաքյալի խոսքերի համաձայն. « Հավատքն է, որ գործում է սիրո միջոցով » (Գղտ 5, 6)։ Հավատքը, որ զուրկ է սիրուց, չի կարող բարի գործերի որևէ պտուղ հասունացնել։ Եթե, հետևաբար, հավատացյալները բաժանվել են ինչ որ մի անհամաձայնության պատճառով, սա չար պառակտում է, ինչպես որ ասում է Տերը. « Ինքն իր մեջ բաժանված տունը չի կարող կանգուն մնալ » (հմմտ. Մտթ 12, 25)։ Եթե եղբայրները միմյանց միջև բաժանված են, կործանում ու ավերում են իրենք իրենց, ինչպես ասում է Առաքյալը. « Իսկ եթե փոխադարձաբար կծում եք միմյանց ու հոշոտում, գոնե զգույշ եղեք, որ մեկդ մյուսիդ ամբողջովին չոչնչացնեք » (Գղտ 5, 15)։

Չար խաղաղությունը անհավատների ու չարագործների միջև տիրող խաղաղությունն է, քանի որ նրանց մեջ, ովքեր մեկ միակ չարագործ մտադրություն ունեն, մեկ միակ է նաև համերաշխությունը չարիք գործելու մեջ։ Արդարև, անհավատությունն ու ամբարշտությունը ծնվում են դիվային դրդմամբ, բայց պահպանվում են խաղաղության միջոցով։ Եթե ինչ որ մի պարագայի բերմամբ անհավատներն ու չարագործները բաժանվում են միմյանց միջև, սա բարի պառակտում է։ Հիրավի, ինչպես այն դեպքում, երբ բարիների միջև իշխում է խաղաղությունը, հավատքն ու արդարությունը ոտքի են մնում, իսկ անարդարությունն ու հավատքի պակասը տապալված են մնում գետնին, իսկ երբ վրա է հասնում պառակտումը, հավատքն ու արդարությունը ընկնում են, և ընդհակառակը՝ ոտքի են կանգնում հավատքի պակասն ու չարությունը. միևնույն ձևով, երբ չարագործների միջև տիրում է խաղաղությունը, ոտքի են մնում անարդարությունն ու հավատքի պակասը և գետնին տապալված են մնում հավատքն ու արդարությունը, բայց երբ վրա է հասնում պառակտումը, ընկնում են առաջինները և ոտքի են կանգնում վերջինները։

Այս պատճառով է, որ Տերը երկրի վրա բարի պառակտում ուղարկեց, չարագործ միությունը խզելու համար։ Բոլորն, արդարև, անխտիր կերպով, և՛ բարիները, և՛ չարերը, չարի տիրապետության տակ էին, և՛ նրանք, ովքեր սիրում էին չարիքը, և՛ նրանք, ովքեր չէին ճանաչում բարին, և բոլորն էլ գտնվում էին կարծես փակված հավատքի պակասի միակ տան մեջ. սրանց մոտ Աստված ուղարկեց բաժանման սուրը, այսինքն՝ ճշմարտության խոսքը, որի մասին Առաքյալն ասել է. « Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր. այն ներթափանցում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման կետը, և քննում է սրտի զգացումներն ու մտքերը » (Եբր 4, 12)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։