ՍԲ. ԷԼՐԵԴՈՒՍ ՌԻՎՈՅԱՑԻ (1110-1167). « ԿԱԶԴՈՒՐՈՒՄ ԿԳՏՆԵՔ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԷԼՐԵԴՈՒՍ ՌԻՎՈՅԱՑԻ (1110-1167). « ԿԱԶԴՈՒՐՈՒՄ ԿԳՏՆԵՔ »

Սբ. Էլրեդուս Ռիվոյացի (1110-1167). « Սիրո հայելին », I, 30-31.

 

[...] Նրանք, ովքեր տրտնջում են, թե ծանր է Տիրոջ լուծը, թերևս ամբողջովին դեն չեն նետել աշխարհի ցանկությունների շա՜տ ծանր լուծը։ [...]

Ասացեք ինձ, ի՞նչ կա ավելի քաղցր, ավելի հանգստացնող, քան մարմնի չկանոնակարգված գրգիռների կողմից ալեկոծված չլինելն այլևս։ [...] Ի՞նչ կա աստվածային հանգստությանն այդքա՜ն մոտիկ, որքան չազդվելն այլևս այն հակառակությունների կողմից, որ հասնում են մեզ, սարսափահար չլինելը ոչ մի տանջանքից, հալածանքից, այլ՝ պահպանել միևնույն հանդարտությունը ուրախության ու հակառակության մեջ, միևնույն աչքով նայել թշնամուն և ընկերոջը, նման լինել Նրան, Ով «իր արևը ծագեցնում է չարերի ու բարիների վրա, և անձրևել է տալիս արդարների ու անարդարների վրա» (Մտթ 5, 45)։

Բոլոր այս բաները գտնվում են սիրո մեջ, և ոչի՛նչ՝ սիրուց դուրս։ Հավասարապես, նրա մեջ է գտնվում ճշմարիտ անդորրը, ճշմարիտ քաղցրությունը, որովհետև նա է Տիրոջ լուծը։ Եթե ընդունենք Տիրոջ հրավերը, կազդուրում կգտնենք մեր հոգիների համար, քանի որ «Տիրոջ լուծը քաղցր է, և իր բեռը՝ թեթև» (հմմտ. Մտթ 11, 28֊30)։ Որովհետև «սերն համբերատար է, բարի է սերը. նախանձոտ չէ սերը, չի պարծենում, չի փքվում, հարգանքի մեջ չի թերանում, իր շահը չի փնտրում, չի զայրանում, ստացած չարիքը հաշվի չի առնում» (1Կր 13, 4֊5)։

Մյուս առաքինությունները մեր համար կարծես փոխադրամիջոց են՝ հոգնած մարդու համար, կամ սնունդ՝ ճամփորդի համար, կամ լույս՝ խավարի մեջ մոլորված մարդկանց համար, կամ զենքեր՝ մարտիկի համար։ Սերը, մինչդեռ, – որ պետք է գտնվի բոլոր առաքինությունների մեջ, որպեսզի դրանք առաքինություններ լինեն, – ինքնըստինքյան, մի յուրահատուկ ձևով, կազդուրում է՝ ուժասպառ եղածի համար, տունն է՝ պանդուխտի համար, անստվեր լույսն է՝ նրա համար, ով հասնում է վերջին կետին, և կատարյալ թագն է՝ նրա համար, ով հաղթանակում է։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։