« ՀԻՍՈՒՍՆ ԻՐ ԱՆՁՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԼԻՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍՆ ԻՐ ԱՆՁՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԼԻՈՒԹՅՈՒՆԸ »

Զատկական անանուն ճառ (Հիպողիտոսի «Զատկի մասին» գրությունից ներշնչված), 50; 51, 1-3.5.9; 53, 1-4; 55, 1-3; 56-57; 62, 1-4 (SC 27, pp. 177-185, 189-191).
 
 
[...] Հիսուսն Իր անձում ցույց տվեց կյանքի ամբողջ լիությունը, որ տրվում է [խաչի] ծառից:
[...] Այս ծառն իմ համար հավիտենական կյանքի բույս է. նրանով եմ ես սնվում, նրա արմատներով եմ ես արմատավորվում և նրա ճյուղերով եմ ես տարածվում, նրա ցողն իմ բերկրանքն է և նրա ճյուղերի օրորվելն ու սոսափյունը արգասավորում է ինձ: [...] Ազատորեն վայելում եմ նրա պտուղները, որոնք սկզբից ևեթ սահմանվել էին ինձ: Այն իմ սնունդն է, երբ քաղցած եմ, իմ աղբյուրն է, երբ ծարավ եմ, իմ հագուստն է, որովհետև նրա տերևները կյանքի Հոգին են: [...] Երկնային ծավալներ ունեցող այս ծառը երկրից բարձրանում է դեպի երկինք, փաթաթվելով – որպես հավիտենական բույս – երկնքի ու երկրի սրտին, դառնալով ամեն ինչի հենարանը, տիեզերքի հիմքը, որ միավորում է մարդկության տարբեր ցեղերին, Հոգու անտեսանելի սեպերով գամված, այնպես, որ աստվածայինին միացած, նրանից այլևս երբեք չբաժանվի: [...]
Քանի որ համընդհանուր ճակատամարտը, ուր [Հիսուսը] կռվում էր, հաղթանակի ճակատամարտն էր, Նա նախևառաջ պսակվեց փշերով, երկրի երեսից ջնջելու համար որևէ անեծք, Իր աստվածային գլխով արմատախիլ անելով մեղքից ծնված նրա փշերը: Ապա, Վիշապի դառը մաղձը խմելուց հետո, դրա փոխարեն մեր առաջ ընդարձակագույնս բացեց քաղցրության աղբյուրները, որոնք Իրենից բխեցին: [...] Նա բացեց Իր կողը, որից բխեցին սրբազան արյունն ու ջուրը, որոնք նշաններն են հոգևոր հարսանիքի, որդեգրության և միստիկական նոր ծնունդի: Արդարև, ասված է. «Նա ձեզ մկրտելու է Սուրբ Հոգով և կրակով» (Մտթ 3, 11). ջուրը՝ որպես «Սուրբ Հոգով», արյունը՝ որպես «կրակով»: [...]
Երբ ավարտեց տիեզերական ճակատամարտը, [...] Նա հաստատուն մնաց տիեզերքի սահմանին, հաղթական կեցվածքով Իր անձի մեջ ցույց տալով հաղթանակի նշանը: Հայնժամ, Նրա երկարատև դիմադրության դիմաց, տիեզերքն այլայլվեց: [...] Քիչ էր մնացել, որ աշխարհն ամբողջ կործանվեր, [...] եթե մեծն Հիսուսը չփչեր աստվածային Հոգին, ասելով. «Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղկս 23, 46): Եվ երբ աստվածային Հոգին բարձրացավ, կենագործված ու ամրապնդված տիեզերքը գտավ մի նոր կայունություն:
Ո՜վ աստվածային տարածում ամենի մեջ և ամենուր, ո՜վ խաչելություն, որ ընդարձակվում է բոլորի միջով: Ո՜վ միակների միակ, որ ճշմարտապես դարձել ես ամեն բան ամենքի մեջ, թող որ երկինքն ունենա քո շունչը, թող որ դրախտն ունենա քո հոգին, [...] բայց քո մարմինը թող որ լինի երկրի մեջ: Անբաժանելին բաժանվեց, որպեսզի ամեն բան փրկվեր, որպեսզի մինչև իսկ դժոխքները ճանաչեին աստվածային գալուստը: [...] Այս պատճառով է, որ ամբողջովին տրվեց մահվանը, որպեսզի անհագորեն լափող գազանը ծածուկ կերպով սպանվեր: Մահը Նրա անմեղ մարմնում ամենուր փնտրում էր իր կերակուրը: [...] Բայց երբ Նրա մեջ ոչինչ չգտավ, որ կկարողանար ուտել, ինքն իր մեջ բանտարկված, սովահար, ինքն իր համար դարձավ իր իսկ սեփական մահը: [...]
Ո՜վ աստվածային Զատիկ, [...] քո շնորհիվ կործանվեց խավարային մահը և կյանքը տարածվեց ամեն ինչի վրա, երկնքի դռները բացվեցին, Աստված երևաց իբրև մարդ և մարդը բարձրացավ՝ դառնալով Աստված, քո շնորհիվ խորտակվեցին դժոխքի դռները: [...] Քո շնորհիվ հարսանեկան վիթխարի սրահը լցվեց, ամենքը հագել են հարսանեկան զգեստներ և ոչ ոք դուրս չի նետվի հարսանեկան զգեստ չունենալու համար: [...] Քո շնորհիվ բոլորի մեջ բորբոքվել է սիրո կրակը, հոգու և մարմնի մեջ, և այդ կրակը սնունդ է առնում Քրիստոսի ձեթից: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։