« ԹՈՂ ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԼԻՆԵՔ ՀԱՐԱՏԵՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԹՈՂ ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԼԻՆԵՔ ՀԱՐԱՏԵՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒՄ »

9֊րդ դարի Անհայտ Հեղինակ (Իտալիա). « Չորրորդ ճառ, Բարեկենդանի Կիրակի օրվա », 4-7 (SC 161).

 

[...] Թանկագիններս, թող որ ձեզնից ոչ ոք իրեն ապահով չզգա՝ այն պատրվակով, որ մկրտված է, քանի որ ինչպես նրանք, որ վազում են մարզադաշտում, բոլորը չեն ստանում հաղթանակի մրցանակը, այլ՝ միայն նա, ով վազքի մեջ առաջինն է [ավարտին] հասնում, նմանապես՝ չեն փրկվում բոլոր նրանք, ովքեր հավատում են, այլ՝ միայն նրանք, ովքեր հարատևում են բարի գործերի մեջ, որ սկսել են (հմմտ. Հկբ 2, 26)։ [...]

Ոչ ոք չպետք է իրեն ապահով համարի սոսկ իր հավատքի պատճառով, այլ ավելի շուտ՝ պետք է երկնչի ասված խոսքի պատճառով, թե. «Շատերն են կանչված, բայց քչերն՝ ընտրված» (Մտթ 22, 14)։ Գիտենք մեր կանչված լինելը հավատքի, բայց մեր ընտրված լինելն անգիտանում ենք։ Յուրաքանչյուր ոք, հետևաբար, պետք է այնքան ավելի խոնարհ լինի, որքան ավելի անգիտանում է, թե արդյո՞ք ընտրված է։

Ամենակարողն Աստված թող որ շնորհ անի ձեզ՝ չլինելու նրանցից, ովքեր ոտքով անցան Կարմիր Ծովի միջով, մանանան կերան անապատում, խմեցին հոգևոր խմիչքը և, այդուհանդերձ, մեռան՝ անապատում հնչեցրած իրենց տրտունջների պատճառով, այլ՝ նրանցից, ովքեր մտան խոստացված երկիրը և Եկեղեցու խաղողի այգում կատարած իրենց հավատարիմ աշխատանքով ստացան(*) հավիտենական երջանկության փողը, այնպես՝ որ Քրիստոս Գլխի հետ, դուք՝ որ [Իր] անդամներն եք, կարողանաք թագավորել հավիտյանս հավիտենից։ [...]

 

(*) Բնագրում բառացի այսպես է. «ձեռքբերեցին ստանալու», կարծես հեղինակն ուզում է ասել՝ ձեռքբերեցին հետագայում ստանալու իրավունքը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։