ՍԲ. ՔՐՈՄԱՑԻՈՒՍ ԱՔՈՒԻԼԵՅԱՑԻ (? ֊ 407). « ՍԱ ՀՍԿՄԱՆ ԳԻՇԵՐ ԿԼԻՆԻ Ի ՊԱՏԻՎ ՏԻՐՈՋ, ՆՐԱՆՑ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՔՐՈՄԱՑԻՈՒՍ ԱՔՈՒԻԼԵՅԱՑԻ (? ֊ 407). « ՍԱ ՀՍԿՄԱՆ ԳԻՇԵՐ ԿԼԻՆԻ Ի ՊԱՏԻՎ ՏԻՐՈՋ, ՆՐԱՆՑ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ »

Սբ. Քրոմացիուս Աքուիլեյացի (? ֊ 407). « Ավագ Գիշերվա Առաջին Ճառ » (SC 154).

 

[...] Տիրոջն ի պատիվ կատարված բոլոր հսկումները հաճո են Աստծուն և ընդունելի են Նրան, բայց այս հսկումը մյուս բոլորից առավել վեր է։ Ահա՛ թե ինչո՛ւ այս գիշերը մասնավոր կերպով կրում է «Տերունական հսկում» տիտղոսը։ Իրոք, կարդում ենք. «Սա հսկման գիշեր կլինի ի պատիվ Տիրոջ, բոլոր իսրայելացիների համար սերնդե սերունդ» (Ել 12, 42)։

Այս գիշերն իրավամբ է կրում իր տիտղոսը, որովհետև Տերը վերարթնացավ ողջ, որպեսզի մենք քնած չմնայինք մահվան մեջ։ Իրոք, Նա մեր համար կրեց մահվան քնի տառապանքը՝ Իր Չարչարանքների խորհրդի մեջ. բայց Տիրոջ քունը ողջ աշխարհի վերազարթոնքը դարձավ, որովհետև Քրիստոսի մահը մեզնից հեռու քշեց հավիտենական մահվան քունը։ Դա Ինքն իսկ հռչակում է Մարգարեի միջոցով. «Ես պառկում եմ և քուն մտնում, արթնանում եմ, իմ քունն ինձ անուշ է թվում» (Սղմ 3, 6; Երմ 31, 26)։ Անշուշտ, Քրիստոսի քունը, որը մեզ ետ կանչեց մահվան դառնությունից կյանքի քաղցրությանը, ա՛յլ կերպ չէր կարող լինել, քան միայն՝ անուշ։ [...]

Սողոմոնը գրել է. «Ես քնում եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ 5, 2)։ Այս խոսքերն ամենայն ակնհայտությամբ բացահայտում են Տիրոջ աստվածության ու մարմնի խորհուրդը։ Նա ննջեց(1) ըստ մարմնի, բայց Իր աստվածությունն արթուն էր, քանի որ աստվածությունը չէր կարող քնել(2)։ «Չի ննջի, քուն չի մտնի Իսրայելի Պահապանը» (Սղմ 121, 4)։ [...] Ննջեց ըստ մարմնի, բայց Իր աստվածությունն [այդ ընթացքում] այցելում էր դժոխքները՝ այնտեղից դուրս հանելու համար դժոխքի ստրուկը դարձած մարդուն։

Մեր Տերն ու Փրկիչը կամեցավ այցելել բոլոր վայրերը՝ բոլորին ողորմություն շնորհելու նպատակով։ Երկնքից իջավ երկրի վրա՝ այցելելու համար աշխարհը. տակավին, երկրից իջավ դժոխքները՝ լույս տանելու համար նրանց, ովքեր այնտեղ բանտարկված էին, Մարգարեի խոսքի համաձայն. «Խավարի մեջ քայլող ժողովուրդը մի մեծ լույս տեսավ. խավարապատ երկրում բնակվողների վրա մի լույս շողաց» (Ես 9, 1)։

Ահա՛ թե ինչո՛ւ հրեշտակները երկնքում, մարդիկ երկրի վրա, և հավատացյալների հոգիները մեռյալների օթևանում, հանդիսավոր կերպով ծիսակատարում են Տիրոջ այս հսկումը։ [...] Եթե միայն մեկ մեղավորի զղջումը, ինչպես կարդում ենք Ավետարանում, ուրախության պատճառ է հրեշտակների համար երկնքում (Ղկս 15, 7.10), որքա՜ն ավելի՝ ողջ աշխարհի փրկությունը։ [...] Այս հսկումը, հետևաբար, սոսկ մի տոնակատարություն չէ մարդկանց և հրեշտակների համար, այլ նաև՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու համար, որովհետև աշխարհի փրկությունը Երրորդության ուրախությունն է։ [...]

(1) Ի նկատի ունի մահվան քունը։
(2) Այսինքն՝ մեռնել։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։