ՍԱԼՎԻԱՆՈՒՍ ՄԱՐՍԻԼԻԱՑԻ (400-480). « ՈՉ ՈՔ ՍՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԵՐ ՉՈՒՆԻ. ՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԱԼՎԻԱՆՈՒՍ ՄԱՐՍԻԼԻԱՑԻ (400-480). « ՈՉ ՈՔ ՍՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԵՐ ՉՈՒՆԻ. ՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ »

Սալվիանուս Մարսիլիացի (մոտ 400 - մոտ 480). « Աստծո կառավարության մասին ».

 

[...] Աստծո սերը մեր հանդեպ՝ շա՜տ ավելի մեծ է, քան որևէ մի հոր սերը։ Դա փաստում են Փրկչի այս խոսքերը, Ավետարանում. «Աստված, արդարև, այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց՝ աշխարհի կյանքի համար» (Հվհ 3, 16)։ Պողոս Առաքյալն ասում է տակավին. «Նա, որ չխնայեց սեփական Որդուն, այլ՝ տվեց Նրան մեր բոլորիս համար, մի՞թե չի պարգևի ամեն բան Նրա հետ» (Հռմ 8, 32)։

Աստված, ուրեմն, մեզ սիրում է ավելի, քան որքան մի որևէ հայր կարող է սիրել իր զավակին։ Ակնհայտ է, որ Աստված մեզ սիրում է հայրական գորովից անդին, Նա, որ մեր համար չխնայեց Իր Որդուն, – և ինչպիսի՜ Որդու։ Այդ արդար Որդուն, այդ միակ Որդուն, այդ Որդուն, որ Աստված է։ Կարո՞ղ ենք ավելին ասել։ Այո՛։ Մեր համար, այսինքն՝ ամբարիշտներիս, մեղավորներիս համար է, որ Նա չխնայեց Նրան։ [...]

Սրա համար է Պողոս Առաքյալը – որոշակի չափով պատկերացում տալու համար Աստծո ողորմության անծայրածիր մեծության վերաբերյալ – այսպես արտահայտվում. «Մինչ մենք տակավին մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ ամբարիշտների համար, սահմանված ժամանակին։ Արդ, հազիվ թե գտնվի մեկը՝ պատրաստ մեռնելու արդար մեկի համար» (Հռմ 5, 6֊7)։

Հստակ կերպով, միայն այս մի խոսքով ցույց է տալիս մեզ Աստծո սերը։ Քանի որ, եթե դժվար թե մեկը հանձն առնի մեռնել մի արդար մարդու համար, Քրիստոսը փաստեց, թե որքա՜ն ավելի մեծ էր, մեռնելով մեր համար. մեր, որ մեղավորներ ենք։ Բայց ինչո՞ւ Տերն այսպես վարվեց։ Պողոս Առաքյալը դա մեզ իսկույն բացատրում է այն խոսքերով, որ հետևում են. «Աստված ցույց է տալիս մեր հանդեպ ունեցած Իր սերը, որովհետև, մինչ մենք տակավին մեղավոր էինք, Քրիստոսը մեր համար մեռավ։ Առավել ևս այժմ, Իր Արյամբ արդարացված, զայրույթից կփրկվենք Իր միջոցով» (Հռմ 5, 8֊9)։

Ապացույցը, որ դրա վերաբերյալ տալիս է, այն է, որ Նա մեռել է մեղավորների համար. բարիքն առավել արժեք է ստանում, երբ կատարվում է նրա հանդեպ, ով դրան արժանի չէ։ [...] Քանի որ, եթե այն տված լիներ սրբերի և արժանավոր մարդկանց, փաստած չէր լինի, որ Ինքը Նա է, Ով տալիս է [նաև] այն, ինչը պարտավոր չէ տալու, այլ՝ կներկայանար որպես մեկը, որ սահմանափակվում է տալով [միայն] այն, ինչ [յուրաքանչյուրին] հասնում է։ Ինչո՞վ կարող ենք մենք փոխհատուցել Իրեն այս ամենի համար։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։