« ԱՄՈԹԻ ՇՆՈՐՀԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄՈԹԻ ՇՆՈՐՀԸ »

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի
քարոզը առավոտյան
Սուրբ Պատարագի ժամանակ
 
« Սրբուհի Մարթա » տան մատուռից
երկուշաբթի, 9 Մարտ 2020
 
« ԱՄՈԹԻ ՇՆՈՐՀԸ »
 
 
Այսօրվա առաջին Ընթերցումը, Դանիել Մարգարեի գրքից (Դն 9, 4-10), մեղքերի մի խոստովանություն է։ Ժողովուրդն ընդունում է, որ մեղանչել է։ Ընդունում է, որ Տերն հավատարիմ է եղել մեր հետ, բայց մենք «մեղանչեցինք, իբրև չարագործներ ու ամբարիշտներ վարվեցինք։ Ապստամբեցինք, հեռացանք Քո պատվիրաններից ու Քո օրենքներից։ Չհնազանդվեցինք Քո ծառաներին՝ Մարգարեներին, որոնք Քո Անունով խոսեցին մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր հայրերին և երկրի ողջ ժողովրդին» (Դն 5-6)։ Կա մի խոստովանություն մեղքերի, մի ընդունում, որ մեղանչել ենք։
Եվ երբ մենք պատրաստվում ենք ստանալու Ապաշխարության Խորհուրդը, պետք է անենք այն, ինչը որ կոչվում է «խղճի քննություն», և տեսնենք, թե ի՛նչ եմ արել ես Աստծո առաջ. մեղանչել եմ։ Ընդունել մեղքը։ Բայց այս մեղքն ընդունելը չի կարող լինել միայն այն, որ մտքով ցանկ կազմենք գործված մեղքերի, ասել «մեղանչել եմ», հետո կասեմ քահանային ու քահանան ինձ կարձակի։ Չպետք է այսպես վարվենք, այսպես անելը ճիշտ չէ։ Դա նման է ցուցակ կազմելու՝ բաների, որ պետք է անեմ կամ պետք է ունենամ կամ որ վատ եմ արել, բայց մնում է գլխում։ Մեղքերի ճշմարիտ խոստովանությունը պետք է հաստատվի սրտում։ Խոստովանանքի գնալ չի նշանակում սոսկ կարդալ քահանայի առաջ այդ ցանկը, թե «արել եմ սա, սա, սա, սա ... », ու հետո գնում եմ, ներված եմ։ Ո՛չ, սա չէ։ Հարկավոր է մի քայլ կատարել, մի քայլ ավելի, որ է խոստովանությունը մեր թշվառությունների, բայց սրտանց. այսինքն, որ սխալների այդ ցանկը, որ կազմել եմ, իջնի սրտի մեջ։
Ահա՛ այսպես է վարվում Դանիելը, Մարգարեն։ «Քեզ, ո՜վ Տեր, վայելում է արդարությունը. մեզ՝ ամոթը» (հմմտ. Դն 9, 7)։ Երբ ես ճանաչում եմ, որ մեղանչել եմ, որ լավ չեմ աղոթել, և սա զգում եմ սրտումս, մեզնում ծնվում է ամոթի այս զգացումը. «Ես ամաչում եմ, որ այդ բանն արել եմ։ Քեզնից ներողություն եմ խնդրում ամոթով»։ Եվ մեր մեղքերի համար զգացված այս ամոթը մի շնորհ է, պետք է հայցենք այն. «Տեր, պարգևիր ինձ ամոթի շնորհը»։ Մի մարդ, որ կորցրել է ամոթը, կորցնում է բարոյական հեղինակությունը, կորցնում է այլոց հարգանքը։ Դառնում է անամոթ։ Նույն բանն է պատահում Աստծո հետ հարաբերություններում. «Մեզ՝ ամոթը, Քեզ՝ արդարությունը»։ Մեզ՝ ամոթը։ Ամոթը դեմքի վրա, ինչպես այսօր։ «Տեր», շարունակում է Դանիելը, «ամոթ մեր երեսին, մեր թագավորների, մեր իշխանների, մեր հայրերի, որովհետև մեղանչեցինք Քո դեմ» (Դն 9, 8)։
«Տիրոջը՝ մեր Աստծուն» – նախ ասել էր «արդարությունը», հիմա ասում է – «ողորմությունը» (Դն 9, 9)։ Երբ մենք ունենում ենք գործված մեղքերի ո՛չ միայն հիշողությունը, այլ՝ նաև ամոթի զգացումը, սա դիպչում է Աստծո սրտին և Նա պատասխանում է ողորմությամբ։ Աստծո ողորմությանն ընդառաջ գնալու քայլքը ամաչելն է այն տգեղ բաների համար, այն վատ բաների համար, որ արել ենք։ Այսպիսով, երբ ես կգնամ խոստովանվելու, կասեմ ո՛չ միայն մեղքերի ցանկը, այլ՝ նաև ամոթի զգացումները, որ այդ բաներն արել եմ Աստծո դեմ, Ով այսքա՜ն բարի է, այսքա՜ն ողորմած, այսքա՜ն արդար։
Խնդրենք այսօր ամոթի շնորհը. ամաչել մեր մեղքերի համար։ Թող որ Տերը մեզ բոլորիս պարգևի այս շնորհը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։