ՊԱՏԳԱՄ « ՀՐԵՇՏԱԿ ՏԵԱՌՆ » ԱՂՈԹՔԻ ԺԱՄԱՆԱԿ - 03.01.2021 – Գրադարան – Mashtoz.org

ՊԱՏԳԱՄ « ՀՐԵՇՏԱԿ ՏԵԱՌՆ » ԱՂՈԹՔԻ ԺԱՄԱՆԱԿ - 03.01.2021

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ
ՊԱՏԳԱՄԸ
« ՀՐԵՇՏԱԿ ՏԵԱՌՆ » ԱՂՈԹՔԻ ԺԱՄԱՆԱԿ
 
Վատիկան,
Առաքելական Պալատի Գրադարանի սրահ
Կիրակի, 3 Հունվար 2021
 
 
Թանկագին եղբայրներ և քույրեր, բարև ձեզ։
Սուրբ Ծնունդից հետո երկրորդ Կիրակի օրը Աստծո Խոսքը մեզ չի ներկայացնում Հիսուսի կյանքի դրվագներից մեկը, այլ՝ մեզ խոսում է Նրա մասին Նրա ծննդից առաջ։ Մեզ տանում է դեպի ետ՝ մեր առաջ բացահայտելու համար Հիսուսի վերաբերյալ ինչ որ մի բան այն ժամանակվա մասին, երբ Նա դեռ չէր եկել մեր մեջ։ Դա անում է հատկապես Հովհաննեսի Ավետարանի Նախաբանում, որ սկսվում է այսպես. «Սկզբում էր Բանը» (Հովհաննես 1, 1)։ Սկզբում. սա Աստվածաշնչի առաջին խոսքն է, այն նույն խոսքը, որով սկսվում է արարչագործության պատմությունը. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1, 1)։ Այսօր Ավետարանն ասում է, որ Նա, ում մենք Իր Սուրբ Ծննդյան մեջ տեսանք որպես Մանուկ, – Հիսուսին, – գոյություն ուներ նաև առաջ. գոյություն ունեցող ամեն ինչի սկզբից առաջ, տիեզերքից առաջ, ամեն ինչից առաջ։ Նա տարածքից ու ժամանակից առաջ է։ «Նրա մեջ էր կյանքը» (Հովհաննես 1, 4), կյանքի ի հայտ գալուց առաջ։
Հովհաննես Ավետարանիչը Նրան անվանում է Բան, այսինքն՝ Խոսք։ Ի՞նչ է կամենում ասել մեզ դրանով։ Խոսքը ծառայում է հաղորդակցությանը. չենք խոսում միայնակ, խոսում ենք ինչ որ մեկի հետ։ Միշտ խոսում ենք ինչ որ մեկի հետ։ Երբ մենք փողոցում տեսնում ենք ինչ որ մեկի, որ խոսում է մենակ, ասում ենք. «Այս մարդու հետ ինչ որ մի բան այն չէ ... »։ Ո՛չ, մենք խոսում ենք միշտ ինչ որ մեկի հետ։ Արդ, փաստը, որ Հիսուսը սկզբից ևեթ Խոսքն է, նշանակում է, որ սկզբից ևեթ Աստված կամենում է հաղորդակցվել մեր հետ, կամենում է խոսել մեզ։ Հոր միածին Որդին (հմմտ. 1, 14) կամենում է հայտնել մեզ Աստծո զավակները լինելու գեղեցկությունը. Նա «ճշմարիտ լույսն է» (1, 9) և կամենում է հեռացնել մեզ չարի խավարից. Նա «կյանքն է» (1, 4), որ ճանաչում է մեր կյանքերը և կամենում է ասել մեզ, որ ի հավիտենից սիրում է մեզ և մեր կյանքերը։ Սիրում է մեզ բոլորիս։ Ահա՛ այսօրվա հիասքանչ պատգամը. Հիսուսը Խոսքն է, Աստծո հավիտենական Խոսքը, որ ի հավիտենից մտածում է մեր մասին և ցանկանում է հաղորդակցվել մեր հետ։
Եվ դա անելու համար՝ Նա գնաց խոսքերից այն կողմ։ Արդարև, այսօրվա Ավետարանի սրտում մեզ ասվում է, որ Խոսքը «մարմին եղավ և եկավ բնակվելու մեր մեջ» (1, 14)։ Մարմին եղավ. ինչո՞ւ է Հովհաննես Ավետարանիչը գործածում այս արտահայտությունը. «մարմին»։ Չէ՞ր կարող ասել, առավել վայելչագեղ կերպով, թե մարդ եղավ։ Ո՛չ, գործածում է մարմին բառը, որովհետև այդ բառը մատնանշում է մեր մարդկային վիճակը իր ողջ տկարությամբ, իր ողջ դյուրաբեկությամբ։ Մեզ ասում է, որ Աստված տկարություն եղավ, որպեսզի մոտիկից հպվի մեր տկարություններին։ Հետևաբար, այն պահից, ինչ Տերը մարմին է եղել, մեր կյանքում ոչինչ օտար չէ Նրան։ Չկա մեր կյանքում ոչինչ, որ Նա արհամարհելով մերժում է, ամեն բան կարող ենք կիսել Իր հետ, ամե՛ն ինչ։ Թանկագին եղբայր, թանկագին քույր, Աստված մարմին է եղել՝ մեզ ասելու համար, քեզ ասելու համար, որ քեզ սիրում է հենց այդտեղ, որ մեզ սիրում է հենց այդտեղ, մեր տկարությունների մեջ, քո տկարությունների մեջ. հենց այդտեղ, ուր մենք ամաչում ենք ավելի, ուր դու ամաչում ես ավելի։ Համարձակ բան է սա, համարձակ բան է Աստծո որոշումը. մարմին եղավ հենց այնտեղ, ուր մենք հաճախ ամաչում ենք. Նա մտնում է մեր ամոթի մեջ, դառնալու համար մեր եղբայրը, կիսելու համար կյանքի ճանապարհը։
Մարմին եղավ և ետ չդարձավ։ Մեր մարդկությունը չվերցրեց հագուստի նման, որ կարելի է հագնել և հանել։ Ո՛չ, Նա այլևս չբաժանվեց մեր մարմնից։ Եվ չի բաժանվելու երբեք. այժմ և ընդմիշտ Նա երկնքում է մարդկային նյութական Իր մարմնով։ Նա ընդմիշտ միացել է մեր մարդկային բնությանը, կարող ենք ասել՝ «ամուսնական միությամբ միացել է նրան»։ Ինձ հաճելի է մտածելը, որ երբ Տերն աղոթում է Հորը մեր համար, չի խոսում միայն, այլ՝ Նրան ցույց է տալիս Իր մարմնի վերքերը, Նրան ցույց է տալիս վերքերը, որոնք ստացել է մեր համար տառապելով։ Սա՛ է Հիսուսը. Իր մարմնով Նա միջնորդն է, կամեցել է կրել նաև տառապանքի նշանները։ Հիսուսն Իր մարմնով Հոր առջև է։ Ավետարանն ասում է, արդարև, որ Նա եկավ բնակվելու մեր մեջ։ Չեկավ մեզ այցելելու և ապա գնալու, այլ՝ եկավ բնակվելու մեր հետ, մնալու մեր հետ։ Ի՞նչ է, ուրեմն, Նա ցանկանում մեզնից։ Ցանկանում է մի մեծ մտերմություն։ Ուզում է, որ Իր հետ կիսենք մեր ուրախություններն ու ցավերը, ցանկություններն ու վախերը, հույսերն ու տրտմությունները, անձանց ու իրավիճակները։ Այդպե՛ս վարվենք, վստահությամբ. Իր առաջ բացենք մեր սրտերը, պատմենք Իրեն ամեն բան։ Լուռ կանգնենք մսուրի առաջ՝ ճաշակելու համար մեզ մոտիկ դարձած, մարմին դարձած Աստծո քնքշանքը։ Եվ անվախ հրավիրենք Նրան մեր մոտ, մեր տուն, մեր ընտանիքի մեջ։ Եվ նաև – յուրաքանչյուր ոք սա լավ գիտի – հրավիրենք Նրան մեր տկարությունների մեջ։ Հրավիրենք, որպեսզի Նա տեսնի մեր վերքերը։ Նա կգա և կյանքը կփոխվի։
Աստծո Սուրբ Մայրը, որի արգանդում Բանը մարմին եղավ, թող որ օգնի մեզ ընդունելու Հիսուսին, որ բախում է մեր սրտի դուռը՝ բնակվելու համար մեր հետ։
 

 
Աղոթքից հետո
 
Թանկագին եղբայրներ և քույրեր,
կրկին մաղթանքներս եմ հղում ձեզ բոլորիդ՝ նոր սկսված տարվա առթիվ։ Որպես քրիստոնյաներ՝ խուսափենք ճակատագրապաշտական կամ մոգական մտայնությունից. գիտենք, որ կյանքի ընթացքն ավելի լավ ուղղություն կստանա այնքանով, որքանով որ մենք, Աստծո օգնությամբ, միասին կաշխատենք հասարակական բարիքին ի նպաստ, մեր ուշադրության կենտրոնում դնելով ամենատկարներին ու անպաշտպաններին։ Չգիտենք, թե ի՛նչ է մեզ սպասվում 2021 թվականին, բայց այն, ինչը որ մեզնից յուրաքանչյուրը և բոլորս միասին կարող ենք անել, դա մի քիչ ավելի հանձնառու լինելն է՝ հոգատար լինելու մեկս մյուսի և արարչության՝ մեր համընդհանուր տան հանդեպ։
Ճիշտ է, կա փորձությունը՝ հոգատար լինելու միայն սեփական շահերի հանդեպ, շարունակել պատերազմելը, օրինակ, կենտրոնանալ միայն տնտեսական խնդիրների վրա, ապրել հաճույքների պաշտամունքին տրված, այսինքն՝ մտահոգվելով միայն սեփական հաճույքների գոհացմամբ ... ։ Կա՛, այդ փորձությունը։ Լրագրերում մի լուր կարդացի, որն ինձ շատ տխրեցրեց. Երկրներից մեկից, այժմ չեմ հիշում որ մեկի մասին էր խոսքը, լոքդաունից խուսափելու և արձակուրները լավ անցկացնելու համար՝ մի կեսօրվա ընթացքում օդ են բարձրացել 40-ից ավելի ինքնաթիռներ։ Մի՞թե այդ մարդիկ – որ վստահ եմ, հոգու խորքում բարի մարդիկ են – չե՞ն մտածել նրանց մասին, ովքեր մնում էին տանը, այն բազմաթիվ մարդկանց տնտեսական խնդիրների մասին, որոնք լոքդաունի պատճառով կորցրել են ամեն ինչ, չե՞ն մտածել հիվանդների մասին։ Միայն, արձակուրդի մեկնել և իրենց հաճույքները գոհացնել։ Սա ինձ շատ մեծ ցավ պատճառեց։
Մասնավոր ողջույն եմ ուղղում նրանց՝ ովքեր նոր տարին սկսում են առավել մեծ դժվարություններով, հիվանդներին, գործազուրկներին, նրանց՝ ովքեր ապրում են ճնշվածության կամ հարստահարության իրավիճակներում։ Եվ ցանկանում եմ սրտի գորովով ողջունել բոլոր ընտանիքներին, հատկապես այն ընտանիքներին, ուր փոքրիկ երեխաներ կան, կամ որտեղ ծնունդներ են սպասվում։ Ծնունդը միշտ հույսի խոստում է։ Ես մոտ եմ այդ ընտանիքներին. Տերը թող օրհնի ձեզ։
Բոլորիդ մաղթում եմ բարի Կիրակի, միշտ մտածելով Հիսուսի մասին, որ մարմին եղավ հենց բնակվելու համար մեր հետ, լավ ու վատ իրավիճակներում, միշտ։ Եվ խնդրում եմ, մի՛ մոռացեք աղոթել իմ համար։
Ցտեսություն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։