ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ - 2021 – Գրադարան – Mashtoz.org

ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ - 2021

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՔԱՐՈԶ
 
Չորեքշաբթի, 6 Հունվար 2021
Վատիկան, Սբ. Պետրոսի Մայր Տաճար
 
 
Մատթեոս Ավետարանիչն ընդգծում է, որ Մոգերը, երբ հասան Բեթղեհեմ, «տեսան Մանկանը Մարիամի՝ Նրա մոր հետ, և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին Նրան» (Մտթ 2, 11)։ Տիրոջը երկրպագություն մատուցելը հեշտ չէ, իսկույն գործադրելի իրողություն չէ. պահանջում է որոշակի հոգևոր հասունություն, քանի որ ժամանման կետն է ներանձնական քայլքի, որն երբեմն երկարատև է լինում։ Մեր մեջ ինքնաբուխ չէ Աստծուն երկրպագելու դիրքորոշումը։ Մարդկային էակը կարիքն ունի, այո՛, երկրպագելու, բայց ենթակա է սխալ նշանառության վտանգին. հիրավի, եթե չի երկրպագում Աստծուն, երկրպագում է կուռքերին, – չկա միջանկյալ հնարավորություն, կա՛մ Աստված, կա՛մ կուռքերը, կամ ինչպես ասում էր ֆրանսիացի բանաստեղծներից մեկը. «Ով չի պաշտում Աստծուն, պաշտում է սատանային» (Լէոն Բլուա), – և հավատացյալ դառնալու փոխարեն դառնում է կռապաշտ։ Եվ այսպես է, կա՛մ ... , կա՛մ ... ։
Մեր դարաշրջանում յուրահատուկ կերպով անհրաժեշտ է, որ – և՛ անհատաբար, և՛ հասարակությամբ – առավել ժամանակ ընծայենք պաշտամունքին, սովորելով հոգու հայացքով միշտ ավելի լավ տեսնել Տիրոջը։ Ժամանակի ընթացքում մի քիչ կորել է երկրպագության աղոթքի զգացողությունը, պետք է վերստանանք այն, ինչպես հասարակության մեջ, այնպես էլ անձնական հոգևոր կյանքում։ Այսօր, ուստի, դպրոց գնանք Մոգերի մոտ, նրանցից մի քանի օգտակար ուսուցում ստանալու համար. նրանց նման, մենք էլ ենք ուզում խոնարհվել մինչև գետին և երկրպագել Տիրոջը։ Երկրպագել իսկապե՛ս, ո՛չ ինչպես ասաց Հերովդեսը. «Ինձ լուր տվեք, թե որտե՛ղ է նա ծնվել, և ես էլ կգնամ նրան մեծարելու» (Մտթ 2, 8)։ Ո՛չ, այսպիսի երկրպագությունն անօգուտ է։ Մենք պետք է երկրպագենք իսկապե՛ս։
Այսօրվա Խոսքի Պաշտամունքից քաղում ենք երեք արտահայտություն, որ կարող են օգնել մեզ լավագույն կերպով հասկանալ, թե ի՛նչ է նշանակում լինել Տիրոջը պաշտամունք մատուցողներ։ Այդ արտահայտություններն են. «աչքերը վեր բարձրացնել», «ճանապարհ ընկնել» և «տեսնել»։ Այս երեք արտահայտությունները մեզ կօգնեն հասկանալ, թե ի՛նչ է նշանակում լինել Տիրոջը երկրպագողներ։
Առաջին արտահայտությունը – « աչքերը վեր բարձրացնել » – մեզ ընծայում է Եսայի Մարգարեն։ Երուսաղեմի ժողովրդին, որը քիչ ժամանակ առաջ էր վերադարձել աքսորից և տակավին ճնշված էր բազմաթիվ դժվարությունների պատճառով զգացած հուսալքության ներքո, մարգարեն այս հզոր կոչն է ուղղում. «Աչքերդ վեր բարձրացրու դեպի շուրջբոլորդ և տես» (Ես 60, 4)։ Սա կոչ է մի կողմ թողնելու հոգնածությունն ու բողոքները, դուրս գալու խեղդվող մտայնության նեղ ճանապարհներից, ազատվելու սեփական եսի բռնատիրությունից, որը միշտ հակված է ինքն իր վրա և իր սեփական մտահոգությունների վրա կքվելու։ Տիրոջը պաշտելու համար հարկավոր է նախևառաջ «վեր բարձրացնել աչքերը». այսինքն՝ թույլ չտալ, որ հույսը հանգցնող ներքին ուրվականները բանտարկեն մեզ, և խնդիրներն ու դժվարությունները չդարձնել սեփական գոյության կենտրոնը։ Սա չի նշանակում մերժել իրականությունը՝ ձևացնելով կամ ինքներս մեզ խաբելով, թե ամեն ինչ լավ ընթացքի մեջ է։ Ո՛չ։ Խոսքը վերաբերվում է, մինչդեռ, խնդիրներն ու տագնապները նոր տեսանկյունից դիտելուն, իմանալով, որ Տերը գիտի մեր դժվարին իրավիճակների մասին, ուշադրությամբ լսում է մեր աղերսանքները և անտարբեր չէ արցունքներին, որ մեր աչքերից հոսում են։
Այս հայացքը, որ հակառակ կյանքի պատահարների՝ շարունակում է վստասիրտ լինել Տիրոջ նկատմամբ, ծնում է որդիական երախտագիտությունը։ Երբ սա տեղի է ունենում, սիրտը բացվում է պաշտամունքի առաջ։ Ընդհակառակը, երբ մեր ուշադրությունը սևեռում ենք բացառաբար խնդիրների վրա, մերժելով բարձրացնել մեր աչքերն առ Աստված, վախը ներխուժում է սրտից ներս և ապակողմնորոշում է այն, տեղ տալով զայրույթին, մտքի մոլորվածությանը, տագնապին, ընկճվածությանը։ Նման իրավիճակներում դժվար է երկրպագել Տիրոջը։ Եթե դա տեղի է ունենում, հարկավոր է քաջությունն ունենալ դուրս գալու մեր մարդկային եզրահանգումների շրջանակից, իմանալով, որ իրականությունն ավելի մեծ է, քան մեր մտքերը։ Աչքերդ վեր բարձրացրու և տես. Աստված կոչ է անում մեզ նախևառաջ վստահելու Իրեն, որպեսզի Ինքն իսկապես խնամք դրսևորի բոլորի հանդեպ։ Եթե, ուրեմն, Աստված այսքա՜ն հոգատարությամբ հագցնում է դաշտի բույսերին, որոնք այսօր կան, իսկ վաղը հնոց են նետվելու, որքա՜ն ևս առավել հոգատար կլինի մեր հանդեպ (հմմտ. Ղկս 12, 28)։ Եթե մեր հայացքը բարձրացնում ենք առ Աստված, և իրականությունը դիտարկում ենք Իր լույսի ներքո, բացահայտում ենք, որ Նա մեզ երբեք չի լքում. Բանը մարմին է եղել (հմմտ. Հվհ 1, 14) և միշտ մնում է մեր հետ, ամեն օր (հմմտ. Մտթ 28, 20)։ Մի՛շտ։
Երբ մեր աչքերը բարձրացնում ենք առ Աստված, կյանքի խնդիրները չեն անհետանում, ո՛չ, բայց զգում ենք, որ Տերը տալիս է մեզ հարկավոր ուժը՝ դրանց դիմագրավելու համար։ «Աչքերը վեր բարձրացնելը», հետևաբար, առաջին քայլն է, որ տրամադրում է պաշտամունքին։ Խոսքը վերաբերվում է պաշտամունքին այն աշակերտի, որ Աստծո մեջ բացահայտել է մի նոր ուրախություն, մի տարբեր ուրախություն։ Աշխարհի ուրախությունը հիմնված է ունեցվածքների, հաջողության կամ ա՛յլ նմանատիպ բաների վրա, միշտ սեփական «ես»ը կենտրոնում։ Քրիստոսի աշակերտի ուրախությունը, մինչդեռ, իր հիմքը գտնում է Աստծո հավատարմության վրա, Որի խոստումները երբեք անվավեր չեն դառնում, հակառակ այն ճգնաժամային իրավիճակների, որոնցում կարող ենք հայտնվել։ Ահա՛ այդ ժամանակ է, որ որդիական երախտագիտությունն ու բերկրանքը արծարծում են Տիրոջը երկրպագելու իղձը. Տիրոջը, որ հավատարիմ է և մեզ երբեք միայնակ չի թողնում։
Երկրորդ արտահայտությունը, որ կարող է մեզ օգնել, հետևյալն է. « ճանապարհ ընկնել »։ Աչքերը վեր բարձրացնել. առաջինը։ Երկրորդը. ճանապարհ ընկնել։ Բեթղեհեմում ծնված Մանկանը երկրպագել կարողանալուց առաջ Մոգերը կարիքն ունեցան երկար ճամփորդություն կատարելու։ Մատթեոսը գրում է. «Ահա՛, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և հարցնում էին. Որտե՞ղ է Հրեաների Արքան, որ ծնվել է։ Մենք տեսանք, թե ինչպե՛ս ծագեց Նրա աստղը, և եկել ենք Նրան երկրպագելու» (Մտթ 2, 1-2)։ Ճամփորդությունը միշտ իր հետ բերում է փոխակերպում, մի փոփոխություն։ Ճամփորդություն կատարելուց հետո մարդն այլևս նույնը չէ, ինչ առաջ։ Միշտ ինչ որ մի նոր բան կա նրա մեջ, ով մի քայլք է կատարել. իր ճանաչողություններն ընդարձակվել են, տեսել է նոր անձեր ու իրողություններ, փորձառությունն է ունեցել կամքի ամրապնդման, քանի որ անցել է ճամփորդության դժվարությունների ու վտանգների միջով։ Անհնարին է Տիրոջը երկրպագելուն հասնել առանց նախ անցնելու ներքին հասունացման միջով, որը մեզ տրվում է ճանապարհ անցնելով։
Տիրոջը երկրպագողներ ենք դառնում աստիճանական քայլքի միջոցով։ Փորձառությունը մեզ սովորեցնում է, օրինակ, որ հիսուն տարեկան մարդը պաշտամունքն ապրում է տարբեր հոգիով, քան երբ երեսուն տարեկան էր։ Ով թույլ է տալիս, որ շնորհը ձևավորի իրեն, սովորաբար բարելավվում է՝ ժամանակի ընթացքի հետ. արտաքին մարդը ծերանում է – ասում է Պողոս Առաքյալը –, մինչդեռ ներքին մարդը վերանորոգվում է օրըստօրե (հմմտ. 2Կր 4, 16), միշտ ավելի լավ տրամադրվելով՝ պաշտելու Տիրոջը։ Այս տեսանկյունից դիտված, ձախողումները, ճգնաժամերը, սխալները կարող են ուսուցողական փորձառություններ դառնալ. հազվադեպ չէ, որ դրանք ծառայում են մեզ գիտակից դարձնելու, որ միայն Տերն է արժանի պաշտամունք ստանալու, որովհետև միմիայն Ինքն է գոհացնում կյանքի ու հավիտենության այն փափագը, որ ներկա է յուրաքանչյուր մարդու ներաշխարհում։ Ինչպես նաև, ժամանակի ընթացքում կյանքի նեղություններն ու հոգնությունները, – դրանք հավատքի համաձայն ապրելը, – նպաստում են սիրտը մաքրագործելուն, այն առավել խոնարհ դարձնելուն, և հետևաբար՝ առավել տրամադիր՝ բացվելու Աստծուն։ Նաև մեղքերը, նաև մեղավոր լինելու գիտակցությունը, մեծապես վատ բաներ գտնելը սեփական խղճում։ «Բայց ես այս բանն եմ արել ... , այն բանն եմ արել ... ». եթե դու դրանց մոտենում ես հավատքով ու զղջումով, սրտի դարձով, դրանք կօգնեն քեզ աճելու։ Ամեն ինչ, ամե՛ն ինչ, ասում է Պողոս Առաքյալը, օգտակար է հոգևոր աճին, Հիսուսի հետ հանդիպմանը, նաև մեղքերը, նաև մեղքերը։ Եվ Սբ. Թովմա Աքվինացին հավելում է. « etiam mortalia », նաև մահացու մեղքերը, ամենատգեղ, վատթարագույն մեղքերը։ Եթե դու վերցնում ես դրանք զղջումով, կօգնեն քեզ դեպի Տերն ուղղված քո այս ճամփորդության մեջ, որպեսզի Նրան ավելի լավ պաշտես։
Մոգերի նման, մենք էլ պետք է թույլատրենք, որ կյանքի ընթացքը կրթի մեզ ճամփորդության անխուսափելի դժվարություններով։ Թույլ չտանք, որ հոգնածությունը, անկումներն ու ձախողումները մեզ վհատության գիրկը նետեն։ Դրանք, մինչդեռ, խոնարհությամբ ընդունելով, դրանք պետք է առիթ դարձնենք՝ դեպի Տեր Հիսուսն ավելի՛ առաջադիմելու համար։ Կյանքը հմտությունների ցուցադրություն չէ, այլ՝ մի ճամփորդություն դեպի Նա, Ով մեզ սիրում է։ Մենք չպետք է կյանքի ամեն քայլափոխի ցույց տանք մեր ունեցած առաքինությունների անցագիրը. խոնարհությամբ պետք է գնանք դեպի Տերը։ Տիրոջը նայելով, կգտնենք ուժը՝ նորոգ ուրախությամբ շարունակելու ճանապարհը։
Եվ հասնում ենք երրորդ արտահայտությանը. « տեսնել »։ Վեր բարձրացնել աչքերը, ճանապարհ ընկնել, տեսնել։ Ավետարանիչը գրում է. «Այդ տունը մտնելով՝ տեսան Մանկանը, Մարիամի՝ Նրա մոր հետ, և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին Նրան» (Մտթ 2, 10-11)։ Երկրպագությունը արքաներին, բարձրագույն պաշտոնյաներին վերապահված հարգանքի ընծա էր։ Մոգերն, արդարև, երկրպագեցին Նրան, ում կարծում էին, թե Հրեաների Արքան էր (հմմտ. Մտթ 2, 2)։ Բայց, փաստացի, ի՞նչ տեսան։ Տեսան մի տկար մանուկ՝ իր մոր հետ։ Եվ սակայն, այդ իմաստունները, հեռու երկրներից եկած, ընդունակ եղան անցնելու այդ խոնարհ տեսարանից անդին, ճանաչելով այդ Մանկան մեջ ներկայությունը մի Արքայի։ Այսինքն՝ ընդունակ եղան «տեսնելու» երևույթներից անդին։ Բեթղեհեմում ծնված Մանկան առաջ մինչև գետին խոնարհվելով, մի պաշտամունք արտահայտեցին, որը նախևառաջ ներքին, հոգևոր էր. իրենց հետ որպես նվեր բերված գանձերի մատուցումը եղավ նշանը իրենց սրտերի նվիրաբերման։
Տիրոջը երկրպագելու համար հարկավոր է «տեսնել» տեսանելի երևույթների քողից անդին, որոնք հաճախ ցույց են տալիս իրենց խաբուսիկ բնույթը։ Հերովդեսն ու Երուսաղեմի ազնվականները ներկայացնում են աշխարհայինությունը, որ մշտատև ստրուկ է երևույթներին։ Տեսնում են և ընդունակ չեն տեսնելու, – էլ չեմ ասում, որ չեն հավատում, չափազանց կլիներ, – ընդունակ չեն տեսնելու, որովհետև նրանց կարողությունը ստրուկ է երևույթներին և հրապուրիչ բաներ է որոնում. միայն զգայացունց բաներն է արժևորում, միայն ուշադրությունն առավել գրավող բաները։ Մյուս կողմից, հանձինս Մոգերի տեսնում ենք մի տարբեր դիրքորոշում, որը կարող ենք սահմանել որպես աստվածաբանական ռեալիզմ – չափազանց «բարձրագոչ» բառ է, բայց կարող ենք այսպես արտահայտվել. «աստվածաբանական ռեալիզմ» – . այն առարկայականությամբ է ընկալում իրողությունների իրականությունը, ի վերջո հասնելով ըմբռնմանը, որ Աստված խորշում է որևէ տեսակի ցուցադրականությունից։ Տերը խոնարհության մեջ է, Տերը խոնարհ մանկան նման է, խորշում է ցուցամոլությունից, որը հենց աշխարհայինության արտադրանքն է։ «Տեսնելու» այս կերպը, որ հասնում է տեսանելիից անդին, հնարավորություն է տալիս, որ մենք պաշտենք Տիրոջը հաճախ թաքնված պարզ իրավիճակներում, խոնարհ ու հասարակության լուսանցքներում հայտնված անձանց մեջ։ Խոսքը վերաբերվում է, ուրեմն, մի հայացքի, որը չթողնելով, որ իրեն կուրացնեն ցուցամոլության հրավառությունները, յուրաքանչյուր առիթի մեջ փնտրում է այն, ինչը չի անցնում, փնտրում է Տիրոջը։ Մենք, ուստի, ինչպես գրում է Պողոս Առաքյալը, « մեր հայացքը չենք սևեռում տեսանելի բաների վրա, այլ՝ անտեսանելիների, որովհետև տեսանելի բաները վաղանցուկ են, մինչդեռ անտեսանելիները՝ հավիտենական» (2Կր 4, 18)։
Թող որ Տեր Հիսուսը դարձնի մեզ Իր ճշմարիտ երկրպագողները, որոնք ի վիճակի են կյանքով հայտնի դարձնելու սիրո Իր ծրագիրը, որ փարվում է ողջ մարդկությանը։ Մեզնից յուրաքանչյուրի և ողջ Եկեղեցու համար խնդրենք շնորհը՝ սովորելու երկրպագել, շարունակելու պաշտել, մեծապես կիրառել երկրպագության այս աղոթքը, որովհետև միայն Աստված է, որ պետք է երկրպագություն ընդունի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։