« ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՁԱԿ ԽՈՍԵԼՈՒ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՁԱԿ ԽՈՍԵԼՈՒ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱ »

Եկեղեցու ճանապարհը դա «անկեղծ համարձակության» ճանապարհն է, «ասել իրողություններն այնպես, ինչպես որ կան, ամենայն ազատությամբ»։ Այս խոսքերն է արտասանել Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը այսօր առավոտյան Վատիկանի Սրբուհի Մարթա Հյուրատան մատուռում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ։ Սրբազան Քահանայապետն, ապա, ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ -- ինչպես փորձառությունն էին ունեցել Առաքեյալները Հիսուսի Հարությունից հետո -- միմիայն Սուրբ Հոգին է ընդունակ փոխելու մեր դիրքորոշումը, մեր կյանքի պատմությունը, միմիայն Սուրբ Հոգին է ընդունակ քաջություն ներշնչելու մեզ։

Աղբյուր՝ Ռադիո Վատիկան - 2015.04.13

«Մենք չենք կարող լռել այն ամենի մասին, որ տեսել ենք և լսել»։ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապն իր քարոզը սկսել է որպես մեկնակետ ունենալով Գործք Առաքելոց գրքում Պետրոս և Հովհաննես Առաքյալների կողմից արտասանված այս խոսքերը։


Խոսել համարձակ ու անվախ

Սրբազան Քահանայապետը հիշեցրել է, որ Պետրոսն ու Հովհաննեսը, մի հրաշք գործելուց հետո, հրեա քահանաների կողմից բանտ էին նետվել և սպառնալիքների ենթարկվել, որպեսզի այլևս չխոսեին Հիսուսի անունով, բայց նրանք շարունակել էին, առաջ էին գնացել, իսկ երբ վերադարձել էին հավատակից եղբայրների մոտ՝ բոլորին քաջալերել էին հռչակելու Աստծո Խոսքը «համարձակությամբ»։ Եվ Տիրոջից խնդրել էին ուղղել Իր հայացքը «նրանց սպառնալիքների վրա» և պարգևել Իր ծառաներին «չփախչելու շնորհը», Իր Խոսքն «ամենայն համարձակությամբ քարոզելու շնորհը»։
«Այսօր ևս», շարունակել է Սրբազան Քահանայապետը, «Եկեղեցու պատգամը համարձակության քայլքի, քրիստոնեական քաջության քայլքի պատգամն է։ Այդ երկու պարզունակ, ինչպես Աստվածաշունչն է ասում՝ անուս Առաքյալները քաջություն ունեցան։ Մի խոսք, որը կարող ենք թարգմանել որպես «քաջություն», «համարձակություն», «խոսելու ազատություն», «իրողություններն իրենց անունով կոչելու անվախություն»։ ... Բազմաթիվ իմաստներ ու նշանակություններ ունեցող բառ է գործածվում Գործք Առաքելոցի հունարեն բնագրում. «Parrhesia», «անկեղծ համարձակություն»։ ... Եվ Առաքյալները վախից անցան «համարձակության», «իրողություններն ազատությամբ ասելու»։
Սրբազան Քահանայապետն, ապա, մեկնաբանել է Ավետարանական այն հատվածը, ուր պատմվում է «մի քիչ խորհրդավոր երկխոսությունը Հիսուսի ու Նիկոդեմոսի միջև», որի առանցքային նյութն է «երկրորդ ծնունդը», «նոր կյանք ունենալը, առաջինից տարբեր եղանակով»։


Քարոզել Քրիստոսին, առանց «գովազդելու»

Սրբազան Քահանայապետն ընդգծել է, որ այս պատմության մեջ ևս, «համարձակության այդ ճանապարհի ընթացքում», «ճշմարիտ դերակատարն Ինքը՝ Սուրբ Հոգին է», «որովհետև միմիայն Ինքն է ընդունակ տալու մեզ Հիսուս Քրիստոսին քարոզելու քաջության շնորհը»։
«Եվ քարոզելու այդ քաջությունն է այն, ինչը մեզ տարբերում է պարզ մարդորսությունից։ Մենք գովազդ չենք անում, ասում է Հիսուս Քրիստոսը, է՛լ ավելի բազմաթիվ ''բաժնետերեր'' ունենալու համար մեր ''հոգևոր ընկերակցության'' մեջ, այնպես չէ՞։ Սա անիմաստ է։ Ապարդյուն է, քրիստոնեական չէ։ Այն, ինչը քրիստոնյան անում է, քաջությամբ քարոզելն է, և Հիսուս Քրիստոսի ավետումն առաջացնում է, Սուրբ Հոգու շնորհիվ, այն հիացմունքը, որը մեզ ուժ է տալիս առաջ ընթանալու»։
Այս ամենի ճշմարիտ դերակատարը, կրկին ընդգծել է Սրբազան Քահանայապետը, Սուրբ Հոգին է։ Երբ Հիսուսը խոսում է վերստին ծննդյան մասին, հասկացնում է մեզ, որ «Սուրբ Հոգին է, որ փոխակերպում է մեզ, որ գալիս է բոլոր կողմերից, քամու նման. և մենք լսում ենք Իր ձայնը»։ «Միմիայն Սուրբ Հոգին է ընդունակ փոխելու մեր դիրքորոշումը, մեր կյանքի պատմությունը»։


Քաջությունը Սուրբ Հոգուց բխող շնորհ է

«Սուրբ Հոգին է», շարունակել է Սրբազան Քահանայապետը, «որ այդ ուժը հաղորդում է այդ պարզ ու անուս մարդկանց», ինչպիսիք էին Պետրոսն ու Հովհաննեսը, «Հիսուս Քրիստոսին քարոզելու ուժը, մինչև վերջնական վկայությունը. մարտիրոսությունը»։
«Քրիստոնեական քաջության քայլքը մի շնորհ է, որ տալիս է Սուրբ Հոգին։ Բազմաթիվ ճանապարհներ կան, որ կարող ենք ընտրել, [...] բայց եթե Սուրբ Հոգին ներկա չէ, ոչինչ չենք կարող անել և մեր գործերն անարդյունք կլինեն»։
«Եկեղեցին», վերջում ասել է Սրբազան Քահանայապետը, Սուրբ Հարության տոնից հետո «նախապատրաստում է մեզ ընդունելու Սուրբ Հոգին»։ Արդ, «Հիսուսի մահվան ու հարության խորհրդի ծիսակատարության մեջ կարող ենք վերհիշել Փրկության ողջ պատմությունը» և «հայցել Սուրբ Հոգին ստանալու շնորհը, որպեսզի տա մեզ Հիսուս Քրիստոսին քարոզելու քաջությունը»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։