ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ԱՌԱՋԻՆ ՊԱՊԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԶԱՐՄԱՑՆԵԼ – Գրադարան – Mashtoz.org

ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ԱՌԱՋԻՆ ՊԱՊԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԶԱՐՄԱՑՆԵԼ

Պետրոս Առաքյալի գահին ընտրվելու առաջին պահից ի վեր, Ֆրանցիսկոս Պապը բազմաթիվ առիթներով հաճելիորեն զարմացնում է համայն Եկեղեցուն, տալով քրիստոնեական սիրո և համեստության պայծառ օրինակներ։ Ահա՛ դրանցից վերջին երկուսը։
 
Սրբազան Քահանայապետը գրկախառնվել ու համբուրել է հիվանդության պատճառով տձևացած մի մարդու. – Պատկերն ավելին արժե, քան հազարավոր խոսքերը։ Հավատացյալ ժողովրդի հետ երեկ Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը նկատել, մոտեցել, գրկել ու համբուրել է նյարդաֆիբրոմատոզով հիվանդ մի մարդու։ Այդ հիվանդությունը մարդու մարմնում առաջացնում է սուր ցավեր, խլություն, կուրություն, բայց հատկապես՝ սոցիալական խտրականության պատճառով առաջացող հոգևոր մեծ տառապանք, քանի որ սրված վիճակում պատճառում է նաև հիվանդի մարմնի տձևացում, կարող է մինչև իսկ հասցնել լիակատար անդամալուծության։ Սույն հիվանդության դեպքում բժշկական միջամտությունը խիստ դժվարին է ու բարդ։ Հիվանդությունը վարակիչ չէ, քանի որ գենետիկական բնույթ ունի, բայց հիվանդի արտաքին տեսքի պատճառով նրան գրեթե լիովին կղզիացնում է հասարակությունից։ Սրբազան Քահանայապետը խզեց այս նախապաշարումը ևս, մի քանի րոպե շարունակ խոսեց նրա հետ, քաջալերեց, բայց որ ամենակարևորն է՝ գրկեց ու համբուրեց, արարքներ, որոնք հիվանդի համար (նաև մեր համար) հազար անգամ ավելին արժեն, քան դատարկ խոսքերը։
 
 
 
Սրբազան Քահանայապետի աղքատասիրության օրինակին սկսել են հետևել նաև Վատիկանի բարձրաստիճան հոգևորականները. – Իր պապական ընտրության առաջին իսկ օրից սկսած, Ֆրանցիսկոս Պապը հրաժարվեց գործածել թանկարժեք ավտոմեքենաները, որոնք ավտոմեքենաներ արտադրող մեծ գործարանների կողմից նվիրվել էին Վատիկանին և մինչ այդ գործածվում էին բարձրաստիճան հոգևորականների կողմից։ Ֆրանցիսկոս Պապը չի բավարարվում միայն խոսքերով։ Առաջին իսկ օրից հայտարարել էր, որ ինքը երազում է ո՛չ թե պետական Եկեղեցու, այլ՝ աղքատ Հիսուսի աղքատասեր Եկեղեցու մասին։ Առաջին քայլը այն եղավ, որ հրաժարվեց բնակություն հաստատել Առաքելական Պալատի պապական սենյակներում, և մինչև օրս էլ բնակվում է Վատիկանի հյուրանոցում։ Հաջորդ քայլերից նշանավորվեց նաև այս մեկը, երբ հրաժարվեց գործածել թանկարժեք ավտոմեքենաները, որոնք կան Վատիկանի ավտոպարկում։ Եվ իր օրինակն արդեն սկսել է տալ առաջին պտուղները. արդեն մոտ քսան բարձրաստիճան հոգևորականներ Վատիկանում հրաժարվել են թանկարժեք մեքենաներից և նախընտրել են հետևել Քահանայապետի օրինակին։ Երիտասարդ քահանայացուների հետ հանդիպման ժամանակ Սրբազան Քահանայապետն ասել էր. «Իմ սիրտը ցավում է, երբ մի քահանա կամ մի մայրապետ եմ տեսնում վերջին մոդելի մեքենայի մեջ։ Մեքենան շատ կարևոր է, պետք է ծառայի որպես փոխադրամիջոց, քահանան շատ գործ ունի կատարելու մեքենայի միջոցով։ Բայց կարող եք դա անել ավելի համեստ մեքենայով, մտածեցեք, թե քանի՜ քանի՜ երեխաներ են մահանում սովից։ Բերկրանքը մեր հոգում չի ծնվում մեր տիրապետության տակ ունեցած առարկաներից»։ Քահանայապետի խոսքերն անպտուղ չմնացին։ Վերջերս տեղի ունեցած ժողովներից մեկին Կարդինալներից ոմանք ժամանեցին բավականին համեստ մեքենաներով, իսկ Լիոնի Արքեպիսկոպոս Կարդինալ Ֆիլիպ Բարբարինը ընդհանրապես թողել է մեքենան և աշխատավայր է եկել հեծանիվով։ Նկարում այն համեստ մեքենան է, որն հիմա գործածում է Հռոմի Պապը։
 
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։