« ՇՆՈՐՀԸ, ՈՐ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՀԻՍՈՒՍՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՇՆՈՐՀԸ, ՈՐ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՀԻՍՈՒՍՆ Է »

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՔԱՐՈԶԸ
 

Վատիկան, Սբ. Պետրոսի տաճար
Երեքշաբթի, 24 Դեկտեմբեր 2013
 
1) «Խավարի մեջ քայլող ժողովուրդը մի մեծ լույս տեսավ» (Եսայի 9, 1)։
Եսայի Մարգարեի այս խոսքը երբեք չի դադարում հուզել մեզ, մանավանդ երբ այն լսում ենք Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սբ. Պատարագի ժամանակ։ Եվ սա միայն հուզական, զգացական իրողություն չէ. այլ՝ մեզ հուզում է, որովհետև արտահայտում է ամենախորին իրականությունն այն բանի, ինչ որ ենք մենք. մենք քայլքի մեջ գտնվող ժողովուրդ ենք, իսկ մեր շուրջը – ինչպես նաև մեր ներսում – կա խավար և լույս։ Եվ այս գիշերվա մեջ, մինչ խավարի ոգին պատում է աշխարհը, վերանորոգվում է այն իրադարձությունը, որը միշտ հիացնում է մեզ և անակնկալ մատուցում. քայլող ժողովուրդը տեսնում է մի մեծ լույս։ Մի լույս, որը մեզ խորհրդածել է տալիս այս խորհրդի՝ քայլելու և տեսնելու խորհրդի շուրջը։
Քայլել։ Այս բայը մեզ մտորել է տալիս պատմության ընթացքի մասին, այն երկարատև քայլքի մասին, որ է փրկության պատմությունը, սկսած հավատքի մեջ մեր հայրը հանդիսացող Աբրահամից, որին Տերը մի օր կանչեց մեկնելու, դուրս գալու իր հայրենի երկրից, գնալու համար դեպի մի երկիր, որն Ինքն էր նրան ցույց տալու։ Այդ օրից ի վեր, հավատացյալների մեր ինքնությունը բնորոշվում է հենց սրանով. մենք ուխտագնաց մի ժողովուրդ ենք, որ քայլում է դեպի խոստացված երկիրը։ Այս պատմության ընթացքին միշտ ընկերակցում է Տերը։ Նա միշտ հավատարիմ է Իր ուխտին և Իր խոստումներին։ Քանի որ հավատարիմ է, «Աստված լույս է, և Նրանում խավար չկա» (1 Հովհաննես 1, 5)։ Ժողովրդի կողմից, մինչդեռ, միմյանց հերթափոխում են լույսի ու խավարի, հավատարմության ու անհավատարմության, հնազանդության ու ապստամբության պահերը. պահեր ուխտագնաց ժողովրդի և պահեր մոլորված ժողովրդի։
Նաև մեր անձնական պատմության մեջ միմյանց հերթափոխում են լուսավոր ու խավար պահեր, լույսեր ու ստվերներ։ Եթե սիրում ենք Աստծուն և եղբայրներին, քայլում ենք լույսի մեջ, իսկ եթե մեր սիրտը փակվում է, եթե մեր մեջ գերիշխում են հպարտությունը, կեղծիքը, բացառապես սեփական շահի փնտրտուքը, այդ ժամանակ խավարը պատում ու ծածկում է ամեն բան մեր ներսում և մեր շուրջը։ «Ով ատում է իր եղբորը», գրում է Հովհաննես Առաքյալը, «խավարի մեջ է, խավարի մեջ է ընթանում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը» (1 Հովհաննես 2, 11)։ Քայլող ժողովուրդ ենք, բայց ուխտագնաց ժողովուրդ, որ չի ցանկանում լինել մոլորված ժողովուրդ։
 
2) Այս գիշերվա մեջ, ճաճանչափայլ լույսի ճառագայթման նման, վերստին հնչում է Առաքյալի ավետիսը. «Հայտնվել է Աստծո շնորհը, որ փրկություն է բերում բոլոր մարդկանց» (Տիտոս 2, 11)։
Շնորհը, որ հայտնվել է աշխարհում, Հիսուսն է, Կույս Մարիամից ծնված, ճշմարիտ մարդ և ճշմարիտ Աստված։ Նա եկել է մեր պատմության մեջ, ընկերակցում է մեր քայլքին։ Եկել է մեզ խավարից ազատելու և լույսը պարգևելու համար։ Հանձինս Նրա հայտնվել է Հոր շնորհը, ողորմությունը, գորովը. Հիսուսը մարմնացած Սերն է։ Սոսկ իմաստության վարդապետ չէ, մի գաղափարական չէ, որին ձգտում ենք և որից գիտենք, որ անհասանելի կերպով հեռու ենք։ Կյանքի ու պատմության իմաստն է, որ Իր վրանը խփել և Իր բնակությունը հաստատել է մեր մեջ։
 
3) Հովիվներն առաջինները եղան, որ տեսան այդ «վրանը», որ ստացան Հիսուսի ծննդյան ավետիսը։ Առաջինները եղան, որովհետև վերջիններից էին, անտեսվածներից։ Եվ առաջինները եղան, որովհետև արթուն էին, հսկում էին գիշերվա մեջ, իրենց հոտերի պահպանությունն անելով։ Ուխտավորի օրենքն է հսկելը, և նրանք հսկում էին։ Նրանց հետ կանգ առնենք Մանկան առաջ, կանգ առնենք լռության մեջ։ Նրանց հետ մեր երախտագիտությունը հայտնենք Տիրոջը Հիսուսին մեզ պարգևած լինելու համար, և նրանց հետ միասին մեր սրտի խորքից բարձրացնենք Նրա հավատարմությանն ուղղված գովքը. օրհնում ենք Քեզ, Տեր, Բարձրյալ Աստված, որ մեր համար խոնարհվեցիր։ Դու անբովանդակելի ես, բայց մեր համար փոքրացար. Դու ամենահարուստ ես, բայց մեր համար աղքատացար. Դու ամենակարողն ես, բայց մեր համար զգեստավորվեցիր տկարությամբ։
Այս գիշերվա մեջ մերը դարձնենք Ավետարանի բերկրանքը. Աստված սիրում է մեզ, մեզ այնքան է սիրում, որ Իր Որդուն պարգևեզ մեզ որպես մեր եղբայրը, որպես լույս մեր խավարի ներսում։ Տերը մեզ կրկնում է. «Մի՛ վախեցեք» (Ղուկաս 2, 10)։ Ինչպես հրեշտակներն ասացին հովիվներին. «Մի՛ վախեցեք»։ Եվ ես էլ կրկնում եմ ձեզ բոլորիդ. Մի՛ վախեցեք։ Մեր Հայրը համբերատար է, սիրում է մեզ, Հիսուսին պարգևում է մեզ, որպեսզի առաջնորդի մեզ դեպի խոստացված երկիրը տանող ճանապարհի վրա։ Նա է լույսը, որ լուսավորում է մեր խավարը։ Նա ողորմությունն է. մեր Հայրը մեզ միշտ ներում է։ Նա մեր խաղաղությունն է։ Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։