ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ՔԱՐՈԶ - 2021 – Գրադարան – Mashtoz.org

ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ՔԱՐՈԶ - 2021

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ
ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ՔԱՐՈԶԸ
 
ՎԱՏԻԿԱՆ, ՍԲ. ՊԵՏՐՈՍԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2021
 
 
Սկսում ենք Քառասնորդաց շրջանի քայլքը։ Այն մեկնարկում է Հովել մարգարեի խոսքերով, որոնցով մատնանշվում է հետևելիք ուղղությունը։ Կա մի հրավեր, որ ծնվում է Աստծո սրտից, Ով լայն բացված ձեռքերով ու աչքերը կարոտով լի՝ աղերսում է մեզ. «Վերադարձեք իմ մոտ ձեր ողջ սրտով» (Հվլ 2, 12)։ Վերադարձեք իմ մոտ։ Քառասնորդացը դա վերադարձի ճամփորդություն է Աստծո մոտ։ Քանի՜ անգամներ – գերզբաղված կամ անտարբեր – ասել ենք Նրան. «Տեր, հետո կգամ Քո մոտ, սպասիր ... ։ Այսօր չեմ կարող, բայց վաղվանից կսկսեմ աղոթել և ինչ որ մի բան անել ուրիշների համար»։ Եվ այսպես՝ օր օրի ետևից։ Արդ Աստված կոչ է ուղղում մեր սրտին։ Կյանքում միշտ էլ անելիք բաներ ենք ունենալու և ներկայացնելիք չքմեղանքներ, բայց, եղբայրներ և քույրեր, այսօր ժամանակն է վերադառնալու Աստծո մոտ։
Վերադարձեք իմ մոտ, ասում է, ձեր ողջ սրտով։ Քառասնորդացը մի ճամփորդություն է, որ վերաբերվում է մեր ողջ կյանքին, մեր ողջ էությանը։ Ժամանակն է ստուգելու ճանապարհները, որոնցով ընթանում ենք, վերագտնելու համար ճանապարհը, որ վերադարձնում է մեզ մեր տուն, վերստին բացահայտելու համար կենսական կապն Աստծո հետ, որից ամեն ինչ կախված է։ Քառասնորդացը արժանիքներ կուտակելու համար չէ, այլ՝ հասկանալու, թե դեպի ո՛ր կողմ է կողմնորոշված մեր սիրտը։ Սա՛ է Քառասնորդացի կենտրոնը. դեպի ո՞ւր է կողմնորոշված իմ սիրտը։ Փորձենք հարցնել ինքներս մեզ. ո՞ւր է ինձ տանում իմ կյանքի ուղեցույցը, դեպի Աստվա՞ծ, թե՞ դեպի սեփական եսս։ Ապրում եմ Տիրոջը հաճելի լինելու համա՞ր, թե՞ մարդկանց երևալու, գովասանքներ լսելու, նախասիրված լինելու, առաջին տեղը գրավելու և նման բաների համար։ ''Պար բռնած'' սիրտ ունե՞մ, որ մի քայլ առաջ է գնում, ապա մի քայլ ետ, սիրում է մի քիչ Տիրոջը և մի քիչ աշխարհին, թե՞ սիրտս խարսխված է Աստծո մեջ։ Ինձ հարմարավետ եմ զգո՞ւմ իմ կեղծավորությունների գրկում, թե՞ պայքարում եմ ՝ ազատելու համար սիրտս երկվություններից ու կեղծիքներից, որոնք այն շղթայված են պահում։
Քառասնորդացի ճամփորդությունը մի ելք է, մի ելք՝ ստրկությունից դեպի ազատություն։ Քառասուն օրեր են, որ հիշեցնում են այն քառասուն տարիները, որոնց ընթացքում Աստծո ժողովուրդը քայլեց անապատի մեջ՝ վերադառնալու համար իր ծննդավայրը։ Բայց որքա՜ն դժվար եղավ Եգիպտոսից կտրվելը։ Ավելի դժվար եղավ կտրվել Աստծո ժողովրդի սրտի միջի Եգիպտոսից, այն Եգիպտոսից, որ միշտ կրում էին իրենց ներսում, քան Եգիպտոսի երկրից հեռանալը ... ։ Շա՜տ դժվար է կտրվել Եգիպտոսից։ Միշտ, ճանապարհի ընթացքում, փորձությունը կա կարոտով ցանկանալու Եգիպտոսի սոխերը, ետ դառնալու, կառչելու անցյալի հուշերին, ինչ որ մի կուռքի։ Մեր համար էլ է այդպես. Աստծո մոտ վերադառնալու ճամփորդությունը հանդիպում է անառողջ կապվածությունների խոչընդոտներին, կասեցվում է մոլությունների խաբեական հրապույրների, դրամի ու ցուցամոլության կեղծ ապահովությունների պարաններով, սեփական անձը միշտ իբրև զոհ ներկայացնելու ջլատող լացով։ Քայլել կարողանալու համար հարկավոր է դիմակազերծել այս խաբկանքները։
Բայց հարցնում ենք ինքներս մեզ. ուրեմն ինչպե՞ս պետք է առաջ ընթանանք Աստծո մոտ վերադառնալու ճանապարհի վրա։ Մեզ դա հասկանալու օգնում են վերադարձի այն ճամփորդությունները, որոնք Աստծո Խոսքը մեզ պատմում է։
Մեր հայացքն ուղղենք անառակ որդուն և կհասկանանք, որ մեր համար նույնպես ժամանակն է վերադառնալու Հոր մոտ։ Այդ որդու նման, մենք էլ ենք մոռացել տան բույրը, թանկարժեք բարիքներ ենք վատնել անարժեք բաների համար, և մնացել ենք դատարկ ձեռքերով ու դժգոհ սրտով։ Ընկել ենք. որդիներ ենք, որ անդադար ընկնում են, փոքրիկ երեխաների նման ենք, որ փորձում են քայլել, բայց ընկնում են գետնին, և ամեն անգամ կարիքն ունեն, որ հայրիկը վեր բարձրացնի իրենց։ Հոր ներումն է, որ մեզ միշտ ոտքի է կանգնեցնում. Աստծո ներումը, Խոստովանանքը, վերադարձի մեր ճամփորդության առաջին քայլն է։ ––– Խոսելով Խոստովանանքի մասին, քահանաներին հանձնարարում եմ. եղեք ինչպես հայրը, ո՛չ մտրակով, այլ՝ գրակախառնումով։
Ապա կարիքն ունենք վերադառնալու Հիսուսի մոտ, վարվելու այն բժշկված բորոտի նման, ով վերադարձավ Նրան իր երախտագիտությունը հայտնելու։ Տասը հոգի էին բժշկվել, բայց միայն նա նաև փրկվեց, որովհետև վերադարձել էր Հիսուսի մոտ (հմմտ. Ղկս 17, 12-19)։ Բոլորս, բոլո՛րս մեր հոգևոր հիվանդություններն ունենք, միայնակ չենք կարող բժշկվել. բոլորս մեր արմատացած մոլություններն ունենք, միայնակ չենք կարող դրանք արմատախիլ անել. բոլորս մեզ անդամալույծ դարձնող վախերն ունենք, միայնակ չենք կարող դրանք փարատել։ Կարիքն ունենք նմանվելու այդ բորոտին, որ վերադարձավ Հիսուսի մոտ և Նրա ոտքերին փարվեց։ Հիսուսի պարգևած բժշկության կարիքն ունենք, կարիքն ունենք Իր առաջ ներկայացնելու մեր վերքերն ու ասելու Իրեն. «Հիսուս, այստեղ եմ, Քո առաջ, իմ մեղքով, իմ խեղճություններով։ Դու բժիշկն ես, Դու կարող ես ազատել ինձ։ Բժշկիր իմ սիրտը, բժշկիր իմ բորոտությունը»։
Տակավին. Աստծո Խոսքը կանչում է մեզ վերադառնալու Հորը, կանչում է մեզ վերադառնալու Հիսուսին, և կանչված ենք՝ վերադառնալու Սուրբ Հոգուն։ Որպես զղջման ու ապաշխարության նշան մեր գլխին ցանված մոխիրը մեզ հիշեցնում է, որ հող ենք և հող ենք դառնալու։ Բայց մեր այս հողեղեն էության վրա Աստված փչել է կյանքի Իր Հոգին։ Ուստի չենք կարող ապրել՝ հետապնդելով հողը, վազելով բաների ետևից, որ այսօր կան, իսկ վաղն անհետ կորչելու են։ Վերադառնանք Հոգուն, Կյանք Պարգևողին, վերադառնանք Կրակին, որի հուրը վերարծարծում է մեր մոխիրները, այն Կրակին, որ մեզ սովորեցնում է սիրել։ Շարունակելու ենք հող մնալ, բայց – ինչպես ասում է ծիսական տաղերից մեկը – սիրահարված հող։ Վերադառնանք աղոթելու Սուրբ Հոգուն, վերստին բացահայտենք փառաբանության հուրը, որն այրում է ողբի ու համակերպության մոխիրները։
Եղբայրներ և քույրեր, դեպի Աստված մեր այս վերադարձի ճամփորդությունը հնարավոր է միայն այն պատճառով, որ նախ տեղի է ունեցել Իր ճամփորդությունը դեպի մենք։ Ա՛յլ կերպ դա հնարավոր չէր լինի։ Նախքան մեր գնալը Իր մոտ, Ինքն է, որ իջել է դեպի մեզ։ Կանխել է մեզ, ընդառաջ է եկել մեզ։ Մեր համար իջել է ավելի ցածր, քան որքան կարող էինք երևակայել. ինքնակամ դարձել է մեղք, ինքնակամ դարձել է մահ։ Այն է, ինչի մասին մեզ հիշեցրեց Պողոս Առաքյալը. «Նրան, Ով մեղք չէր ճանաչել, Աստված մեղք դարձրեց մեզ ի նպաստ» (2Կր 5, 21)։ Մեզ միայնակ չթողնելու և ճանապարհին մեզ ընկերակցելու համար իջավ մեր մեղքի ու մեր մահվան մեջ, հպվեց մեղքին, հպվեց մեր մահվանը։ Մեր ճամփորդությունն, ուստի, կայանում է նրանում, որ թույլ տանք, որ Նա բռնի մեր ձեռքը։ Հայրը, որ մեզ կանչում է վերադառնալու, Նա է, Ով տնից դուրս է գալիս, որպեսզի գա մեզ փնտրելու. Տերը, որ մեզ բժշկում է, Նա է, Ով ինքնակամ թույլատրեց, որ Իրեն գամեին խաչին. Հոգին, որ օգնում է մեզ փոխելու մեր կյանքը, Նա է, Ով զորությամբ ու քաղցրությամբ փչում է մեր հողեղեն էության վրա։
Ահա՛ ուրեմն Առաքյալի աղերսանքը. «Թույլ տվեք հաշտեցնել ձեզ Աստծո հետ» (2Կր 5, 20)։ Թույլ տվեք հաշտեցնել. հաշտության ընթացքը չի հիմնվում մեր ուժերի վրա. ոչ ոք չի կարող հաշտվել Աստծո հետ սեփական ուժերով, չի կարող։ Սրտի դարձը, իրեն արտահայտող ժեստերով ու գործերով, հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեկնում է Աստծո ներգործության գերագահությունից։ Մեզ Նրա մոտ վերադարձնողները ի ցույց դրվելիք մեր կարողություններն ու մեր արժանիքները չեն, այլ՝ Իր շնորհը, որ հարկավոր է ընդունել։ Մեզ փրկում է շնորհը, փրկությունը ամբողջովին շնորհ է, լիակատար ձրիություն։ Հիսուսը մեզ դա հստակ կերպով ասել է Ավետարանում. մեզ արդար դարձնողն այն արդարությունը չէ, որ գործադրում ենք մարդկանց առաջ, այլ՝ անկեղծ հարաբերությունը Հոր հետ։ Առ Աստված վերադարձի սկիզբը ճանաչելն ու ընդունելն է, որ Իր կարիքն ունենք, ողորմության, Իր շնորհի կարիքն ունենք։ Սա է ուղիղ ճանապարհը, խոնարհության ճանապարհը։ Ես ինձ զգո՞ւմ եմ կարիքավոր, թե՞ զգում եմ ինձ ինքնաբավ։
Այսօր մեր գլուխները խոնարհում ենք, որպեսզի մոխիր ցանվի մեր գլխին ի նշան ապաշխարության։ Երբ Քառասնորդացն ավարտվի, կրկին կխոնարհենք մեր գլուխները՝ լվանալու համար եղբայրների ոտքերը։ Քառասնորդացը խոնարհ էջք է մեր մեջ և դեպի ուրիշները։ Հասկանալ է, որ փրկությունը դա մի ընտրություն չէ ի նպաստ փառքի, այլ՝ մի ինքնախոնարհեցում հանուն սիրո։ Փոքրանալ է։ Այս ճամփորդության մեջ, կողմնորոշումը չկորցնելու համար, դնենք մեզ Հիսուսի խաչի դիմաց. Խաչը Աստծո լուռ ամբիոնն է։ Ամեն օր դիտենք Իր վերքերը, վերքերը, որոնք Նա տարել է Իր հետ երկինք և ցույց է տալիս Հորը, ամեն օր, Իր միջնորդական աղոթքի մեջ։ Ամեն օր դիտենք Իր վերքերը։ Գամերով բացված անցքերի մեջ ճանաչենք մեր դատարկությունը, մեր պակասությունները, մեղքի պատճառած վերքերը, հարվածները, որ մեզ ցավ են պատճառել։ Եվ սակայն, ճիշտ այդտեղ տեսնում ենք, որ Աստված մատ չի տնկում մեր դեմ, այլ՝ բացում է Իր գիրկը մեր առաջ։ Իր վերքերը բացվել են մեր համար, և այդ վերքերով է, որ մենք բժշկվել ենք (հմմտ. 1Պտ 2, 25; Ես 53, 5)։ Համբուրենք Իր վերքերը և կհասկանանք, որ հենց այդտեղ, կյանքի ամենացավալի խոցերի մեջ, Աստված սպասում է մեզ Իր անսահման ողորմությամբ։ Որովհետև այնտեղ, որտեղ մենք ամենաշատն ենք խոցելի, որտեղ ամենաշատն ենք ամաչում, Նա հենց այդտեղ ընդառաջ է եկել մեզ։ Եվ այժմ, որ մեզ ընդառաջ է եկել, կանչում է մեզ՝ վերադառնալու Իր մոտ, վերագտնելու համար սիրված լինելու բերկրանքը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։