ՊԱՏԳԱՄ «ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ», 24 ՀՈՒԼԻՍ 2022 – Գրադարան – Mashtoz.org

ՊԱՏԳԱՄ «ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ», 24 ՀՈՒԼԻՍ 2022

Ծնթ. – Այս Պատգամի ձայնային տարբերակը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
***
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՊԱՏԳԱՄԸ
ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 
24 ՀՈՒԼԻՍ 2022
 
***
 
« Ծերության մեջ տակավին պտուղ են տալու » (Սղմ 92, 15)
 
 
Սիրելի Քույր, Սիրելի Եղբայր,
 
92րդ Սաղմոսի 15րդ տողը – «Ծերության մեջ տակավին պտուղ են տալու» – մի բարի լուր է, մի իսկական «ավետարան», որը կարող ենք աշխարհին ի լուր հռչակել Տատիկ-Պապիկների ու Տարեցների Համաշխարհային Օրվա կապակցությամբ։ Այս խոսքը հակընթաց է այն բանի համեմատ, ինչ աշխարհը մտածում է կյանքի այս տարիքի վերաբերյալ. նաև մեզնից՝ տարեցներից ոմանց համակամված դիրքորոշման համեմատ, որովհետև մեզնից ոմանք էլ իրենց օրերն ապրում են սակավ հույսով և ապագայից այլևս ոչինչ չսպասելով։
 
Շատերին ծերությունը վախեցնում է։ Այն մի տեսակ հիվանդություն են համարում, որի հետ որևէ շփումից ավելի լավ է խուսափել. ծերերը մեր գործը չեն, – մտածում են այսպիսիք, – և պատշաճ է, որ մնան որքան հնարավոր է հեռու, լավ կլինի՝ իրենք իրար մեջ, հաստատություններում, ուր նրանց կխնամեն և մեզ ազատ կարձակեն նրանց հոգսերը մեր ուսերին վերցնելուց։ Սա «խոտանի մշակույթն» է. այն մտայնությունը, մինչ ինքն իրեն տարբեր է համարում ամենատկարներից և ինքն իրեն անմասն է նկատում նրանց դյուրաբեկությանը, ինքն իրեն արտոնում է երևակայել առանձնացված ընթացքներ՝ «նրանց» և «մեր» միջև։ Բայց, իրականում, երկարատև կյանքը – Աստվածաշնչի ուսուցման համաձայն – մի օրհնություն է, և տարեցներն արտաքսվածներ չեն, որոնցից հարկավոր է հեռու մնալ, այլ ընդհակառակը՝ Աստծո բարի կամքի կենդանի նշաններն են. Աստծո, Ով կյանքը շնորհում է առատությամբ։ Օրհնյա՜լ է այն տունը, ուր տարեց մեկը խնամված է։ Օրհնյա՜լ է այն ընտանիքը, ուր տատիկ-պապիկները հարգված ու պատվված են։
 
Ծերությունն, այո՛, կյանքի եղանակներից մեկն է, որն այնքան էլ հեշտ չէ հասկանալ, նաև մե՛ր համար, որ այն արդեն ապրում ենք։ Նույնիսկ երբ վրա է հասնում երկարատև ընթացքից հետո, ոչ ոք մեզ չի պատրաստել դիմագրավելու այն, թվում է, թե այն մեզ միշտ անակնկալի է բերում։ Ամենազարգացած հասարակությունները շատ ծախսեր են կատարում կյանքի այս տարիքի համար, բայց չեն օգնում մեկնաբանելու այն. ընծայում են օժանդակության ծրագրեր, բայց ո՛չ՝ գոյության ծրագրեր[1]։ Ուստի դժվարին է ապագային նայելը և մի հորիզոն նշմարելը, որին կարելի է ձգտել։ Մի կողմից փորձությունն ունենք դիվահալածման ենթարկելու ծերությանը՝ թաքցնելով նրա կնճիռները և ձևացնելով, թե միշտ երիտասարդ ենք լինելու, մյուս կողմից թվում է, թե հնարավոր չէ ա՛յլ բան անել, քան ապրել առանց ինքնախաբեությունների, համակերպված՝ չունենալու այլևս «պտուղներ, որ կարող ենք հասունացնել»։
 
Աշխատանքային գործունեության ավարտը և զավակների այլևս վրա հասած ինքնուրույնությունը դադարել են տալիս այն դրդապատճառներին, որոնց վրա ծախսել ենք մեր կենսական ուժերից շատերը։ Գիտակցությունը, որ ուժերը սկսում են պակասել, կամ ինչ որ մի հիվանդության գլուխ բարձրացնելը, կարող են ճգնաժամի ենթարկել մեր ապահովությունները։ Աշխարհը – իր արագացված տեմպերով, որոնց համեմատ չենք կարողանում համաքայլ մնալ – թվում է, թե մեզ այլընտրանք չի թողնում և մեզ հարկադրում է յուրացնել թափոնի գաղափարը։ Այսպիսով դեպի Երկինք է բարձրանում Սաղմոսի աղոթքը. «Ծերությանս ժամանակ ինձ դեն մի՛ գցիր, / ինձ մի՛ լքիր, երբ ուժերս պակասում են» (71, 9)։
 
Բայց միևնույն Սաղմոսը – որի հեղինակը Տիրոջ ներկայության հետքերն է ուրվագծում գոյության տարբեր եղանակներում – մեզ կոչ է ուղղում շարունակելու հուսալ. երբ վրա կհասնեն ծերությունն ու սպիտակ մազերը, Նա մեզ տակավին կյանք կտա, և չի թողնի, որ չարիքը հաղթի մեզ։ Իրեն ապավինելով՝ ուժ կգտնենք՝ բազմապատկելու համար գովաբանությունը (հմմտ. 14-20 տողերը), և կբացահայտենք, որ տարիքն առնելը մարմնի վիճակի բնական վատթարացումն ու ժամանակի անկասելի ընթացքը չէ միայն, այլ՝ երկար կյանքի պարգևն է։ Ծերանալը դատապարտություն չէ, այլ՝ օրհնություն։
 
Սրա համար պարտավոր ենք հսկել ինքներս մեր վրա և սովորել ապրել մի ակտիվ ծերություն՝ նաև հոգևոր տեսանկյունից դիտված, մշակելով մեր ներանձնական կյանքը Աստծո Խոսքի հանապազօրյա ընթերցումով, ամենօրյա աղոթքով, Խորհուրդների ընդունմամբ և Ծեսին մասնակցելով։ Եվ, Աստծո հետ հարաբերության հետ միասին, մշակել հարաբերությունները ուրիշ մարդկանց հետ. նախևառաջ ընտանիքի հետ՝ զավակների, թոռնիկների, որոնց կարող ենք նվիրել մեր սերը՝ հոգատարությամբ լի. ինչպես նաև աղքատ ու տառապող մարդկանց հետ, որոնց համար կարող ենք մերձավորներ դառնալ՝ կոնկրետ օգնություններով ու աղոթքով։ Բոլոր այս բաները մեզ կօգնեն չզգալ մեզ իբրև սոսկ հանդիսատեսներ աշխարհի թատրոնում, չսահմանափակվել «պատշգամաբնակ» լինելով, պատուհանի մոտ կանգնելով։ Մարզելով, մինչդեռ, մեր զգայարանները՝ ընկալելու Տիրոջ ներկայությունը[2], կլինենք «փարթամ ձիթենիների նման՝ Աստծո տան մեջ» (հմմտ. Սղմ 52, 10), կկարողանանք օրհնություն լինել նրանց համար, ովքեր ապրում են մեր կողքին։
 
Ծերությունն անօգուտ հասակ չէ, որի ժամանակ պետք է մի կողմ քաշվենք՝ թիերը նավակի մեջ դնելով, այլ՝ մի եղանակ է, որի ընթացքում կարող ենք տակավին պտուղներ հասունացնել. կա մի նոր առաքելություն, որ սպասում է մեզ, և մեզ կոչ է անում մեր հայացքն ուղղելու ապագային։ «Մեզ՝ տարեցներիս, ծեր տարիքին բնորոշ զգայականությունը՝ հանդեպ ուշադրության ժեստերի, մտքերի ու գորովների, որոնք մեզ մարդկային են դարձնում, պետք է որ վերստին կոչում դառնար բազմաթիվ անձանց համար։ Եվ դա սիրո մի ընտրություն կլինի տարեցների կողմից՝ նոր սերունդների հանդեպ»[3]։ Դա մեր նպաստն է քնքշանքի հեղափոխությանը[4], որը հոգևոր ու անզեն հեղափոխություն է, և որի դաշտում հրավիրում եմ ձեզ, սիրելի տատիկ-պապիկներ ու տարեցներ, դառնալու ակտիվ դերակատարներ։
 
Աշխարհն ապրում է դժնի փորձության ժամանակներ, նախ համավարակի անսպասելի ու կատաղի փոթորկի պատճառով, ապա պատերազմի, որով խոցվում են խաղաղությունն ու զարգացումը համայն աշխարհում։ Պատահական չէ, որ պատերազմը Եվրոպա վերադարձավ այն պահին, երբ սերունդը, որն այն ապրել է անցյալ դարում, գրեթե անհետացել է։ Եվ այս մեծ ճգնաժամերը վտանգավոր են նաև այն առումով, որ կարող են մեզ անզգա դարձնել փաստին, որ կան ուրիշ «համաճարակներ» և բռնության տարածված ա՛յլ կերպեր ևս, որ սպառնում են մարդկային ընտանիքին ու մեր համընդհանուր տանը։
 
Այս ամենի դիմաց, կարիքն ունենք մի խորը փոփոխության, մի դարձի, որն ապառազմականացնի սրտերը, յուրաքանչյուրի համար հնարավորություն ստեղծելով՝ ճանաչելու մյուսին որպես եղբայր։ Եվ մենք՝ տատիկ-պապիկներս ու տարեցներս, մի մեծ պատասխանատվություն ունենք. մեր ժամանակվա արանց և կանանց սովորեցնել դիտելու մյուսներին հասկացող ու գորովալի այն նույն հայացքով, որը մենք ուղղում ենք մեր թոռնիկներին։ Նրբացրել ենք մեր մարդկայնությունը՝ հոգատար լինելով մերձավորի հանդեպ, և այսօր կարող ենք խաղաղ ապրելակերպի ու ամենատկարների հանդեպ ուշադրության ուսուցիչները լինել։ Մեր դիրքորոշումը, գուցեև, կարող է շփոթվել և տկարություն կամ չափազանց ներողամտություն նկատվել, բայց հեզերն են, ո՛չ թե կռվազաններն ու օրինազանցները, որ ժառանգելու են երկիրը (հմմտ. Մտթ 5, 5)։
 
Պտուղներից մեկը, որ կանչված ենք հասունացնելու, աշխարհը պահպանելն է։ «Բոլորս անցել ենք տատիկ-պապիկների ծնկների վրայով, ովքեր մեզ պահել են իրենց գրկում»[5]. բայց այսօր ժամանակն է մեր ծնկների վրա պահելու – կոնկրետ օգնություններով կամ նաև աղոթքով միայն – մեր թոռների հետ միասին, նաև այն բազմաթիվ սարսափահարներին, որոնց դեռևս չենք ճանաչել և որոնք թերևս փախչում են պատերազմից կամ տառապում են դրա պատճառով։ Պահպանենք մեր սրտում – ինչպես վարվում էր Սուրբ Հովսեփը՝ այդ գորովալի ու հոգատար հայրը – փոքրիկներին Ուկրաինայի, Աֆղանստանի, Հարավային Սուդանի, ... ։
 
Մեզնից շատերը հասունացրել են մի իմաստություն և խոնարհ գիտակցություն, որի կարիքն աշխարհը շա՜տ ունի. մարդիկ միայնակ չեն փրկվում, երջանկությունը դա մի հաց է, որն հարկավոր է միասին ուտել։ Վկայենք սա նրանց, ովքեր ինքնախաբեությամբ կարծում են, թե կարող են անձնական իրագործում և հաջողություն գտնել հակադրության մեջ։ Բոլորը, նաև ամենատկարները, կարող են այդպես վարվել. մեր թույլատրելն իսկ, որ խնամեն մեզ, – հաճախ անձանց կողմից, որ եկել են ա՛յլ Երկրներից, – մի ձև է՝ ասելու, որ միասին ապրելը ո՛չ միայն հնարավոր է, այլ՝ անհրաժեշտ է։
 
Թանկագին Տատիկներ ու թանկագին Պապիկներ, թանկագին Տարեցներ, մեր այս աշխարհում կանչված ենք քնքշանքի հեղափոխությունն իրականացնողները լինելու։ Անե՛նք դա, սովորելով միշտ ավելի՛ և միշտ ավելի լա՛վ գործածելու ամենաարժեքավոր գործիքը, որ ունենք, և որն ամենահարմարն է մեր տարիքի համար. աղոթքի գործիքը։ «Մենք նույնպես մի քիչ բանաստեղծներ դառնանք աղոթքի ոլորտում. հաճույք ստանանք որոնելու մեր խոսքերը, վերստին մերը դարձնենք այն խոսքերը, որոնք մեզ ուսուցանում է Աստծո Խոսքը»[6]։ Մեր վստահասիրտ աղոթքը շատ բան կարող է անել. կարող է ընկերակցել տառապողների ցավից ծնվող աղաղակին և կարող է նպաստել փոխակերպելու սրտերը։ Կարող ենք լինել «հոգևոր մի վիթխարի սրբավայրի մնայուն ''երգչախումբը'', ուր խնդրանքի աղոթքը և գովաբանական երգը թիկունք են կանգնում հասարակությանը, որն աշխատում ու պայքարում է կյանքի դաշտում»[7]։
 
Ահա՛, ուրեմն, Տատիկ-Պապիկների ու Տարեցների Համաշխարհային Օրը մի առիթ է՝ ևս մեկ անգամ ասելու համար, բերկրանքո՛վ, որ Եկեղեցին կամենում է տոն կատարել նրանց հետ, որոնց Տերը – ինչպես ասում է Աստվածաշունչը – «լիացրել է օրերով»։ Միասին տոնակատարենք այս Օրը։ Ձեզ կոչ եմ անում հռչակելու այս Օրը ձեր ծխերում ու համայնքներում. այցելության գնալու միայնակ տարեցներին՝ տներում կամ հաստատություններում, ուր հյուրընկալված են։ Այնպես անենք, որ ոչ ոք այս Օրը չապրի միայնության մեջ։ Ունենալ ինչ որ մեկին, ում կարելի է սպասել, կարող է փոխել օրվա կողմնորոշումը նրա, ով այլևս ոչ մի լավ բան չի ակնկալում ապագայից. և առաջին հանդիպումից կարող է ծնվել մի նոր ընկերություն։ Միայնակ ծերերին տրված այցելությունը մեր ժամանակվա ողորմության գործերից մեկն է։
 
Խնդրենք Աստվածածնին՝ Քնքշանքի Մորը, որ մեզ բոլորիս դերակատարներ դարձնի Քնքշանքի հեղափոխության գործում, միասին ազատելու համար աշխարհը միայնության ստվերից ու պատերազմի դևից։
 
Թող որ ձեզ բոլորիդ և ձեր սիրելիներին հասնի իմ Օրհնությունը, իմ գորովալի մոտիկության հավաստիքով հանդերձ։ Դուք էլ, խնդրում եմ, մի՛ մոռացեք աղոթել իմ համար։
 
 
Տրված՝ Հռոմում, Լաթերանյան Սբ. Հովհաննես տաճարից, Մայիսի 3-ին, Սուրբ Առաքյալներ Փիլիպպոսի ու Հակոբոսի տոնի օրը.
 
ՖՐԱՆՑԻՍԿՈՍ
[1] Ուսուցում Ծերության մասին, 1. Ժամանակի շնորհը և կյանքի տարիքների միջև դաշինքը (23 Փետրվար 2022).
[2] Ուսուցում Ծերության մասին, 5. Հավատարմությունն Աստծո այցելությանը՝ գալիք սերնդի համար (30 Մարտ 2022).
[3] Ուսուցում Ծերության մասին, 3. Ծերությունը՝ պաշար անհոգ երիտասարդության համար (16 Մարտ 2022).
[4] Ուսուցում Սուրբ Հովսեփի մասին, 8. Սուրբ Հովսեփը՝ հայր քնքշանքի (19 Հունվար 2022).
[5] Քարոզ Տատիկ-Պապիկների և Տարեցների Համաշխարհային Օրվա Պատարագի ընթացքում (25 Հուլիս 2021).
[6] Ուսուցում Ընտանիքի մասին. 7. Տատիկ-Պապիկները (11 Մարտ 2015).
[7] Նույն.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։