« ՉՄՈՌԱՆԱՆՔ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՁՐԻՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՉՄՈՌԱՆԱՆՔ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՁՐԻՈՒԹՅՈՒՆԸ »

Ծնթ. – Այս խորհրդածությունը Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ն.Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ
քարոզը առավոտյան
Սուրբ Պատարագի ժամանակ
 
Վատիկան
« Սրբուհի Մարթա » տան մատուռից
Ուրբաթ, 13 Մարտ 2020
 
« ՉՄՈՌԱՆԱՆՔ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՁՐԻՈՒԹՅՈՒՆԸ »
 
 
Այսօրվա երկու Ընթերցումներն էլ մարգարեություններ են Տիրոջ Չարչարանքների մասին։ Հովսեփը, որ ստրկության է վաճառվում 20 արծաթի սիկղ գնով, հանձնվում է հեթանոսներին (հմմտ. Ծնդ 37, 3-28)։ Եվ Հիսուսի պատմած առակը, ուր Նա այլաբանորեն, բայց հստակ կերպով խոսում է Որդու սպանության մասին (հմմտ. Մտթ 21, 33-45)։
Դա պատմությունն է մի մարդու, որ մի հողակտոր ուներ. այդտեղ նա «խաղողի այգի տնկեց» – ուշադրություն դարձնենք խնամքին, որով դա արել էր – «այգին ցանկապատեց, հնձան փորեց և աշտարակ կառուցեց» – իրոք լավ գործ էր արել – ։ «Ապա այգին վարձով տվեց մի խումբ գյուղացիների և հեռու երկիր մեկնեց»։ Խոսքը Աստծո ժողովրդի մասին է։
Տերը այդ ժողովրդին ընտրեց, գործ ունենք այդ ժողովրդի ընտրության հետ։ Ընտրության ժողովուրդն է։ Եվ գործ ունենք նաև խոստման հետ. «Առաջ ընթացեք։ Դու իմ ժողովուրդն ես», Աբրահամին տրված խոստումն էր։ Եվ գործ ունենք նաև Սինա լեռան վրա ժողովրդի հետ կնքված ուխտի, դաշինքի հետ։ Ժողովուրդը պետք է միշտ հիշողության մեջ պահպանի ընտրությունը, որ ինքը ընտրյալ ժողովուրդ է, պետք է պահպանի խոստումը, որպեսզի կարողանա առաջ նայել հույսով, և պետք է պահպանի դաշինքը, որպեսզի կարողանա ամեն օր ապրել հավատարմությունը։
Բայց այս առակում պատահում է, որ երբ հասնում է պտուղները քաղելու ժամանակը, այդ մարդիկ մոռանում են, որ իրենք այգու տերը չեն. «Մշակները բռնեցին տիրոջ ծառաներին, մեկին գավազանով ծեծեցին, մեկին սպանեցին, մյուսին քարկոծեցին։ Հետո ուրիշ ծառաներ ևս ուղարկեց, առաջիններից ավելի շատ, բայց նրանց հետ էլ նույն կերպ վարվեցին»։ Անշուշտ Հիսուսն այստեղ ցույց է տալիս, թե ինչպե՛ս – Իր խոսքը Նա ուղղում էր օրենսգետներին – թե ինչպե՛ս օրենսգետները վարվեցին մարգարեների հետ։
«Վերջում նրանց մոտ ուղարկեց իր որդուն», մտածելով, որ հարգանք կցուցաբերեին իր հարազատ որդու հանդեպ։ Բայց մշակները, որդուն տեսնելով, միմյանց ասացին. «Սա ժառանգն է։ Եկեք սպանենք նրան և ժառանգությունը մերը կլինի»։
Գողացան ժառանգությունը, որն ա՛յլ էր։ Սա անհավատարմության պատմություն է, անհավատարմություն ընտրությանը, անհավատարմություն խոստմանը, անհավատարմություն դաշինքին, որը ձրիապարգև շնորհ է։ Ընտրությունը, խոստումն ու դաշինքը Աստծո ձրիապարգև շնորհն են։ Անհավատարմություն Աստծո շնորհին։ Չհասկանալ, որ դա ձրիապարգև շնորհ է, և տիրանալ իբրև սեփականության։ Այդ մարդիկ յուրացրեցին շնորհը, և տիրացան շնորհին՝ այն սեփականության վերածելու համար։
Եվ շնորհը, որ հարստություն է, բացվածք, օրհնություն, փակվեց, բանտարկվեց, օրենքների, անթիվ օրենքների ուսմունքի վանդակը նետվեց։ Իդեոլոգիայի վերածվեց։ Եվ այդպես շնորհը կորցրեց շնորհ լինելու իր բնույթը, և վերածվեց գաղափարախոսության։ Հատկապես բարոյապաշտական իդեոլոգիայի, որ լի է պարտադրանքներով, նաև ծիծաղաշարժ է, որովհետև ամեն հարցի մեջ իջնում է մինչև մանրուքները։ Յուրացրեցին շնորհը։
Սա՛ է մեծ մեղքը։ Սա մեղքն է մոռանալու, որ Աստված Ինքը ձրիապարգև շնորհ դարձավ մեր համար, որ Աստված այս ամենը տվեց մեզ որպես շնորհ, և մոռանալով սա՝ դառնալ սեփականատեր։ Նման իրավիճակում խոստումն այլևս խոստում չէ, ընտրությունն այլևս ընտրություն չէ, դաշինքը մեկնաբանվում է ըստ «իմ» կարծիքի, վերածվում է իդեոլոգիայի։
Այստեղ, այս դիրքորոշման մեջ, ես կարծես թե տեսնում եմ, Ավետարանում, կղերապաշտության սկիզբը, որը որ այլասերում է, որ միշտ մերժում է Աստծո ձրիապարգև ընտրությունը, Աստծո ձրիապարգև դաշինքը, Աստծո ձրիապարգև խոստումը։ Մոռանում է Հայտնության ձրիությունը, մոռանում է, որ Աստված հայտնվել է որպես շնորհ, դարձել է շնորհ մեր համար, և մենք պարտավոր ենք տալ Նրան, տեսանելի դարձնել Նրան ուրիշներին որպես շնորհ, ո՛չ որպես մեր սեփականություն։ Կղերապաշտությունը միայն այս ժամանակների խնդիր չէ, կարծրասրտությունը միայն այս ժամանակների խնդիր չէ. Հիսուսի ժամանակ արդեն կար։
Եվ Հիսուսն հետո առաջ է գնում առակների բացատրության մեջ, – սա 21րդ գլուխն է, – առաջ է գնում, մինչև որ հասնում է 23րդ գլխին, ուր մի դատավճիռ է կարդում, որի մեջ տեսնում ենք Աստծո զայրույթը նրանց դեմ, ովքեր ձրիապարգև շնորհը վերցնում են իբրև սեփականություն և նրա հարստությունը աղքատացնելով հասցնում են իրենց մտքի իդեոլոգիական քմահաճույքների մակարդակին։
Այսօր Տիրոջից խնդրենք շնորհը՝ ընդունելու շնորհը որպես շնորհ և փոխանցելու շնորհը որպես շնորհ, ո՛չ որպես սեփականություն, ո՛չ աղանդավորական ձևով, ո՛չ կարծրասրտությամբ, ո՛չ կղերապաշտական դիրքորոշմամբ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։